Ակնհայտ է, որ խաբեցին մեզ…Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյան

“Ռուսաստանը ներեց Կուբայի 30 միլիարդը, բայց հիշեցի, որ երբ Հայաստանն էր Ռուսաստանին 100 միլիոն դոլլար պարտք, սկսեցին վերցնել մեր գործարանները”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Կուբայի պարտքը ներելը քաղաքագետը լավ լուր է համարում, քանի որ մեր հասարակությանն այս դեպքը կսթափեցնի, կհասկացնի, որ նույն Ռուսաստանը պատրաստ է Կուբային ներել 30 միլիարդ, մեզ` ոչինչ:

“Մինչև սեպտեմբերի 3-ը Ռուսաստանը մեր իշխանություններին համոզում էր չստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, խոստանում լուրջ գումարներ /խոսվում էր12-15 միլիարդ դոլլարի մասին/, իսկ Արգենտինայում իր ելույթի ժամանակ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր մտահոգությունը հայնտնեց Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ. սա ցույց տվեց, որ մեզ խաբեցին”,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանը նման իրավիճակում հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանում է. “Կարծում եմ` Հայաստանը Ռուսաստանի պես պրագմատիկ պետք է լինի: Պետք է վերադառնալ ԵՄ ասոցացման պայմանագրի քննարկմանը, ի պաշտոնե պետք է հայտարարել, որ Հայաստանը վերականգնում է հարաբերությունները Եվրոպայի հետ”:

“Անկախի” այն հարցին՝ ունի՞ այսօր Հայաստանը լծակներ որևէ ազդեցություն ունենալու այս գործընթաների վրա ստեղծված իրավիճակում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. “Իրական լծակն այլընտրանքն է` էներգետիկ և այլ քաղաքականության հարցում: Եթե չուենք այլընտրանք, մենք հետաքրքիր չենք: Պետք է զարգացնել այլընտրանքները, օրինակ` Իրանի գազամուղի միջոցով էներգետիկ այլընտրանքային աղբյուր ստեղծել, ՄԱԿ-ում, ԵԱԿՀ-ում Հայաստանի քվեարկության իրավունքն օգտագործել որպես լծակ և այլն”:

Ըստ բանախոսի՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ ճիշտ չեն աշխատում, այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի նաև ընդդիմությունը:  “Մեզ ասում էին` ԼՂ-ի հետ կապված որևէ արգելք չկա ՄՄ-ին անդամակցության պարագայում, իսկ տեսնում ենք, որ իրականում կա: Իսկ էլիտան, այդ թվում` ընդդիմությունը, լռում է. արդյո՞ք սա այն պահն, որ էլիտան լռի”: Քաղաքագետի գնահատմամբ այս պահին լռությունը վտանգավոր է, իսկ խնդիրը էլիտայի ընդհանուր մակարդակի մեջ է:

Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրադրության մասին` քաղաքագետը նշեց, որ այսօր նախագահին էլ է մտահոգում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու  փաստը, իսկ Ադրբեջանը ակնհայտ ոգևորվել է իրադրությամբ և սահմանին առկա լարվածությունը դրա վկայությունն է:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով Ադրբեջանը, ճիշտ է, շահագրգռված չէ ԵՏՄ անդամակցմամբ, բայց Ռուսաստանը սպասում է, օգտագործում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանին այս գործընթացներում ներգրավելու համար: Սա խաղ է, որը, սակայն, մեծացնում է Ադրբեջանի պրովակացիաների ինտենսիվությունը:

Հայաստանը կարող էր կանխել Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական պայքարը

Fotor0313104542

 

 

 

 

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թամրազյանն իր էջում գրառում է կատարել` վերլուծելով Ուկրաինայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը.

“Ուկրաինայի գործող վարչապետ Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի հետ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Թեմային անդրադարձել է նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` ասելով, որ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հաջորդ շաբաթ Եվրամիության խորհրդի նիստի ընթացքում:

Սակայն հարկ է նշել, որ ինչպես ասել են վերը նշված պաշտոնյաները, ստորագրվելուց ստորագրվելու է միայն համաձայնագրի քաղաքական մասը: Այնպես որ, Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագիրը (DCFTA), կարելի է ասել, որոշ ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, անցնում է պատմության գիրկը: Իսկ ինչպես հիշում եք, Յանուկովիչը կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը հենց տնտեսական բաղադրիչի պատճառով, որին հետևեց այն, ինչ մինչ այժմ կատարվում է Ուկրաինայում` քաոսը: Մի՞թե այս ամենը հնարավոր չէր կանխել: Իհարկե, հնարավոր էր: Ասեմ, թե ինչպես:

Մինչ Ուկրաինայի հրաժարվելը Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանը ևս կանգնեց այս խնդրի առջև՝ չնայած որ, փառք Աստծո, մեզ մոտ չեղան այնպիսի զարգացումներ, որպիսիք որ մենք տեսնում ենք այժմ Ուկրաինայում: Հայաստանն այն ժամանակ կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը՝ իր ամբողջ գունապնակով, բայց փոխարենը ամենաբարձր մակարդակներով ԵՄ-ին առաջարկեց ստորագրել այդ համաձայնագրի քաղաքական բաղադրիչը` այդպիսով բալանսավորելով մեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Իսկ ԵՄ-ն այդ առաջարկին արձագանքեց շատ կոշտ և հստակ` ասելով, որ համաձայնագիրը բաղկացած է քաղաքական և տնտեսական բաղադրիչներից և միասին մեկ ամբողջություն է և հետևաբար հնարավոր չէ ստորագրել պայմանագրի ընդամենը մեկ մասը: Կարճ ասած, մեզ կանգնեցրեցին երկընտրանքի առջև, և մենք ստիպված արեցին մենք ընտրությունը և արեցինք դա հօգուտ Մաքսայինի:

Պարզ ասած, ԵՄ-ի «ագահության» պատճառով և աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով` տակնուվրա արվեց շուրջ 50.000.000-անոց մի հսկայական պետություն: Դեռ այսքան զոհողություններից հետո, և այն բոլոր տնտեսական զրկանքներից հետո, որոնք դեռ պետք է կրի Ուկրաինայի ժողովուրդը, ԵՄ-ն այժմ խոսում է համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչի ստորագրման մասին: Բա ո՞ւր մնաց այժմ եվրոպացիների սկզբունքայնությունը, որը դրսևորվեց Հայաստանի նկատմամբ:

Ի վերջո, մի՞թե արժեր, որ Ուկրաինան հայտնվեր այս իրավիճակում մի համաձայնագրի պատճառով, որը ԵՄ-ը ստորագրել է, օրինակ, Եգիպտոսի, Հորդանանի, Թունիսի կամ էլ Ալբանիայի հետ: Կարծում եմ՝ ոչ: Նաև կարծում եմ, որ Հայաստանի առաջարկը պետք է ընդունվեր ԵՄ-ի կողմից և վերջ դրվեր այս աշխարհաքաղաքական հակամարտությանը, բայց փոխարենը Արևմուտքը գերագնահատեց իր ուժերը և ձեռնարկեց տնտեսական էքսպանսիա դեպի Արևելք: Իսկ այժմ ունենք այն, ինչ ունենք:

Հ.Գ. Հետաքրքիր է իմանալ՝ այսքանից հետո արդյո՞ք Հայաստանին ևս կառաջարկվի ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, թե՝ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս կարձագանքի դրան Հայաստանը”:

 

Անկախ