Ակնհայտ է, որ խաբեցին մեզ…Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյան

“Ռուսաստանը ներեց Կուբայի 30 միլիարդը, բայց հիշեցի, որ երբ Հայաստանն էր Ռուսաստանին 100 միլիոն դոլլար պարտք, սկսեցին վերցնել մեր գործարանները”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Կուբայի պարտքը ներելը քաղաքագետը լավ լուր է համարում, քանի որ մեր հասարակությանն այս դեպքը կսթափեցնի, կհասկացնի, որ նույն Ռուսաստանը պատրաստ է Կուբային ներել 30 միլիարդ, մեզ` ոչինչ:

“Մինչև սեպտեմբերի 3-ը Ռուսաստանը մեր իշխանություններին համոզում էր չստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, խոստանում լուրջ գումարներ /խոսվում էր12-15 միլիարդ դոլլարի մասին/, իսկ Արգենտինայում իր ելույթի ժամանակ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր մտահոգությունը հայնտնեց Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ. սա ցույց տվեց, որ մեզ խաբեցին”,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանը նման իրավիճակում հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանում է. “Կարծում եմ` Հայաստանը Ռուսաստանի պես պրագմատիկ պետք է լինի: Պետք է վերադառնալ ԵՄ ասոցացման պայմանագրի քննարկմանը, ի պաշտոնե պետք է հայտարարել, որ Հայաստանը վերականգնում է հարաբերությունները Եվրոպայի հետ”:

“Անկախի” այն հարցին՝ ունի՞ այսօր Հայաստանը լծակներ որևէ ազդեցություն ունենալու այս գործընթաների վրա ստեղծված իրավիճակում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. “Իրական լծակն այլընտրանքն է` էներգետիկ և այլ քաղաքականության հարցում: Եթե չուենք այլընտրանք, մենք հետաքրքիր չենք: Պետք է զարգացնել այլընտրանքները, օրինակ` Իրանի գազամուղի միջոցով էներգետիկ այլընտրանքային աղբյուր ստեղծել, ՄԱԿ-ում, ԵԱԿՀ-ում Հայաստանի քվեարկության իրավունքն օգտագործել որպես լծակ և այլն”:

Ըստ բանախոսի՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ ճիշտ չեն աշխատում, այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի նաև ընդդիմությունը:  “Մեզ ասում էին` ԼՂ-ի հետ կապված որևէ արգելք չկա ՄՄ-ին անդամակցության պարագայում, իսկ տեսնում ենք, որ իրականում կա: Իսկ էլիտան, այդ թվում` ընդդիմությունը, լռում է. արդյո՞ք սա այն պահն, որ էլիտան լռի”: Քաղաքագետի գնահատմամբ այս պահին լռությունը վտանգավոր է, իսկ խնդիրը էլիտայի ընդհանուր մակարդակի մեջ է:

Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրադրության մասին` քաղաքագետը նշեց, որ այսօր նախագահին էլ է մտահոգում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու  փաստը, իսկ Ադրբեջանը ակնհայտ ոգևորվել է իրադրությամբ և սահմանին առկա լարվածությունը դրա վկայությունն է:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով Ադրբեջանը, ճիշտ է, շահագրգռված չէ ԵՏՄ անդամակցմամբ, բայց Ռուսաստանը սպասում է, օգտագործում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանին այս գործընթացներում ներգրավելու համար: Սա խաղ է, որը, սակայն, մեծացնում է Ադրբեջանի պրովակացիաների ինտենսիվությունը:

Tags: , , ,