ԵՊԲՀ դասախոսների հետ քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը

DSC_4095

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ բազմաթիվ լսարանների հետ է հանդիպել, և մարդկանց մոտ բարեփոխումների, դրանց տրամաբանության, նպատակների, օրենքի դրույթների վերաբերյալ հավաստի տեղեկատվության պակաս կա։ «Կենսաթոշակային բարեփոխումը ցանկացած երկրում ամենաբարդ ռեֆորմն է։ Եվ պետք է լավ մասնագետ լինել՝ բոլոր ասպեկտներին տիրապետելու համար։ Մենք ունենք խնդիր՝ հասարակության տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիներին հնարավորինս մատչելի ներկայացնելու ճշգրիտ տեղեկատվությունը։ Շատ դեպքերում արվում է մանիպուլյացիա. ոչ մասնագետները խոսում են բարեփոխումներից՝ նույնիսկ իրենք տեղյակ չլինելով դրանց մասին և ապակողմնորոշելով քաղաքացիներին, ինչն անընդունելի է։ Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիան հասցնենք քաղաքացիներին, որպեսզի ամեն ինչ հստակ լինի»,- նշեց նախարարը։

Բժշկական համալսարանի դասախոսներին մտահոգում էր, թե կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը որքանով կանդրադառնա կյանքի որակի վրա, ինչքանով պետությունն իրավունք ունի վերահսկել ֆոնդերը, կարող է արդյոք կենսաթոշակային ֆոնդը սնանկանալ, արդյոք այսօր կատարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումները մոտ ապագայում կօգնեն տնտեսության զարգացմանը, ում կողմից է վերահսկվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեությունը և այլն։

Պետական բժշկական համալսարանի բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Լյուդվիգ Պետրոսյանը հանդիպման ավարտին նշեց, որ իր մտահոգությունները մասամբ փարատվեցին։ Նա կցանկանար, որպեսզի ավելի հստակ ինֆորմացիա ստանար, թե կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչները նախկինում որ երկրներում քանի տարի են աշխատել, ինչ ցուցանիշներ են գրանցել, բնակիչների համար միջինում ինչ եկամտաբերություն են ապահովել։ «Ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այլ տարբերակով մենք չենք լուսաբանվում։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող մուլտիկները չեն կարող համոզիչ լինել։ Մեզ ավելի մանրամասն, հանգամանալի բացատրություն էր պետք, ինչն այսօր փորձում են անել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այլ պաշտոնյաներ»,- ասաց Լյուդվիգ Պետրոսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ նկատեց, որ երիտասարդական հիմնադրամը պատրաստ է նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ցանկացած կազմակերպության հետ, որտեղ քաղաքացիներին հուզող հարցերին պատասխաններ կտրվեն տարբեր գերատեսչությունների ղեկավարների և մասնագետների կողմից։ «Հիմնադրամը քննարկումներ կազմակերպելու առաջարկով դիմել է տարբեր շահագրգիռ խմբերի, այդ թվում «Դեմ եմ» շարժմանը։ Վերջիններից, սակայն, դեռ պատասխան չի ստացվել։ Հուսով ենք, որ նման քննարկում տեղի կունենա նաև նրանց հետ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Անկախ

 

 

Ա. Աշոտյան. «Ներքին կարգերը պետք է դարձնել ավելի ուսանողակենտրոն»

Արմեն-ԱշոտյանԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը և 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ  թեև ԵՊԲՀ-ում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, սակայն  նախարարության ակնկալիքները բուհից  ավելի մեծ են: “Կան որոշակի տեսանելի խնդիրներ, որոնց լուծումը ես համարում եմ առաջնային: Դրանցից կարևոր եմ համարում արդյունավետ կրթական գործընթացի  կազմակերպումն ամբիոններում: Շատ ամբիոններում գործող կարգերը բավարար արդյունավետ չեն, ինչի անուղղակի արտահայտումը կարելի է համարել նաև այն, որ հերթական քննաշրջանի ժամանակ բժշկականի ուսանողները հայտնվում են ամնենաշատ լուծարք ունեցողների շարքում: Սա հարուցում է ուսանողների դժգոհությունը, որը հանրային արձագանք է ստացել նաև մամուլում: Իմ պահանջը հետևյալն է՝ չիջեցնելով կարգապահության նշաձողը՝  ներքին կարգերը դարձնել ավելի ուսանողակենտրոն: Հաջորդ կարևոր խնդիրը, որն ընդհանուր է բոլոր բուհերի, այդ թվում նաև բժշկական համալսարանի համար, դա գիտական բաղադրիչի ծավալային մեծացումն է: Բուհերը չեն ուզում սեփական միջոցները ծախսել գիտության զարգացման վրա՝ դա թողնելով առավելապես պետության վրա: Նախապատրաստվում է օրինագիծ, որով ամրագրվում է, որ բուհական բյուջեների որոշակի տոկոսը պարտադիր պետք է հատկացվի գիտությանը”,- նշել է նախարարը: Ա.Աշոտյանն իր խոսքում շեշտել է նաև, որ ԵՊԲՀ-ն գտնվում է  միջազգային հավատարմագրման փուլում և միջազգային կազմակերպության կողմից անցկացված դիտարկման արդյունքով 10 չափանիշներից 7-ը դրական է գնահատվել:

2013 թվականին ԵՊԲՀ ֆինանսական մուտքերը կազմել են 1 մլրդ 426 մլն դրամ, որից շուրջ  720 մլն դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը: Համալսարանական կլինիկաների մուտքերը ապահովվել են 97 տոկոսով և կազմել  3 մլրդ 311 մլն դրամ՝ նախատեսված 3 մլրդ 400 մլն-ի դիմաց, որի 65 տոկոսը կազմել է բուժհաստատությունների անձնակազմի աշխատավարձը: Կլինիկական հաստատությունների բյուջեները ձևավորվել է պետական պատվերի և վճարովի ծառայությունների մուտքերից:
Նիստի ընթացքում ռեկտորը, ներկայացնելով  2014 թվականի բյուջեի նախահաշիվը, նշել է, որ ֆինանսական հոսքերի կառավարման օպտիմալացում է նախատեսվում և  պատասխանել է նաև կառավարման խորհրդի անդամների հարցերին: Մասնավորապես ուսանողական խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են կլինիկական օրդինատուրայի  ուսումնառությանը վերաբերող  խնդիրներով:
Նիստի ավարտին կառավարման խորհուրդը հավանություն է տվել ԵՊԲՀ 2013 թվականի հաշվետվությանն ու 2014 թվականի բյուջեի նախագծին:

 

Անկախ

Բաց նամակ ԵՊԲՀ թվով 220 ուսանողների կողմից

bjshkakanՍտորև Ձեզ ենք ներկայացնում ԵՊԲՀ մի խումբ ուսանողների բաց նամակ-դիմումը.

Մենք՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի թվով 220 ուսանողներ, այսօր կանգնած ենք բարդագույն խնդրի առջև, որն իրականում ճակատագրական նշանակություն ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Խնդիրը կայանում է նրանում, որ այս ընթացիկ ուսումնական տարում մեզ հատկացված ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է հանձնվեր սահմանված քննությունները, իրականում բավական չի եղել թվով հինգ-վեց առարկայից բարդագույն քննություններ հանձնելու համար: Արդյունքում` քննություն հանձնող ուսանողների գերակշիռ մեծամասնությունը կուտակել է քննական պարտքեր, որոնք հանձնելու համար ունեցել է երկու հնարավորություն: Այդ երկու հնարավորությունները ի օգուտ մեզ օգտագործելու համար քննություն հանձնող ուսանողները փորձել են հնարավորինս պատշաճ նախապատրաստվել քննություններին, սակայն այդ քննությունները հանձնելու համար սահմանված ժամանակային միջակայքը ևս խիստ սահմանափակ էր, իսկ մյուս կողմից էլ մեզ համար անհասկանալի պատճառով յուրաքանչյուր հաջորդ լուծարքի մարման ժամանակ քննական տոմսերի գերակշիռ մասը փոփոխության էր ենթարկվում՝ ըստ էության ավելի բարդանալով: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ լուծարքի մարման յուրաքանչյուր հաջորդ շրջանը ըստ էության պետք է ավելի հեշտ հաղթահարելի լինի:
Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ԵՊԲՀ-ում ևս նման իրավիճակ էր ստեղծվել: Հարյուրավոր ուսանողների խնդրանքին ընդառաջ գնալով՝ Կրթության և գիտության նախարարությունը ընձեռեց ևս մեկ հնարավորություն՝ կուտակված պարտքերը մարելու համար՝ սահմանելով լուծարքային քննությունները հանձնելու մեկից ավելի մուտքի հնարավորություն: Ըստ էության այդ պահից մինչ այսօր բուհում ոչ մի էական փոփոխություն չի եղել, որն անհնար կդարձնի վերը նշված նախադեպի ևս մեկ անգամ կիրառումը, սակայն պատասխանատուները թե բուհում և թե նախարարությունում դեռևս լռում են: Մենք ընդունում ենք այն հանգամանքը, որ որպես ուսանողներ ունեցել ենք նաև որոշակի թերացումներ, սակայն հետայսու վճռական ենք և պատրաստակամ՝ այլևս նման իրավիճակում չհայտնվելու, քանզի այս խնդրի լուծումից է կախված յուրաքանչյուրիս կյանքի հետագա ընթացքը: Հետևաբար խնդրում ենք պատասխանատու մարմիններին՝ ի դեմս Կրթության և Գիտության նախարարության, հետամուտ լինել այս խնդրի լուծմանը՝ ընձեռելով մեզ պարտքերը մարելու ևս մեկ լրացուցիչ հնարավորություն:
Կանխավ շնորհակալ ենք,
Կից ներկայացնում ենք ուսանողների ստորագրությունները`