Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

IMG_3134Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ փետրվարի 12-ին բողոքի դուրս ելած մետրոպոլիտենի աշխատակիցներից երեքի վրա ակցիան թանկ նստեց: Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանն ակցիայից երկու օր անց աշխատանքից հեռացվեցին աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով (գործատուի կողմից պայմանագրի խզում` աշխատակցի նկատմամբ անվստահության համար):

Շարժասանդուղքի մեքենավարները, որոնք իրենց երիտասարդության 15 տարիներն են տվել մետրոպոլիտենի աշխատանքին, որոնք երկարամյա աշխատանքի շնորհիվ վայելում էին վերադասի հարգանքն ու վստահությունը, հանկարծ մեկ օրվա մեջ դարձան անվստահելի և աշխատանքին ոչ պիտանի:

Երեքն էլ կատարվածից դեռ «շոկի» մեջ են, ասում են, որ ղեկավարության կողմից նման արձագանքի երբեք չէին սպասում, ուղղակի զարմացած են, որ դա որպես անձնական վիրավորանք է ընկալվել: Իրենք անգամ բողոքի ակցիայի մասին իրենց անմիջական ղեկավարին` Սամվել Մնացականյանին, նախապես տեղեկացրել էին, նա էլ ասել էր` ձեր իրավունքն է: «Մենք մտածում էինք, որ դա մեր ղեկավարության համար էլ է լուրջ խնդիր, նույնիսկ նամակում նշել էինք, որ պատրաստ ենք նրանց աջակցել, եթե իրենք իրենց հերթին վերևներում խնդիրներ ունեն: Նամակում մեր ղեկավարությանը ո՛չ վիրավորել ենք, ո՛չ կոկորդներից բռնել, ընդամենը մեր դիրքորոշումն ենք հայտնել և ասել, որ պատրաստ ենք իրենց կողքին կանգնել»,-ասում է Անդրանիկը, որը նրանցից ամենաավագն է, և որի վրա կուտակայինը չի տարածվում, սակայն նա իր պարտքն է համարել պաշտպանել ընկերների իրավունքները:

IMG_3175

Անդրանիկ Գևորգյան

Անդրանիկն այդ օրն ամենաակտիվն էր, քանի որ կարողանում էր ազատորեն շփվել լրագրողների հետ, արտահայտել բոլորին հուզող խնդիրները: Անդրանիկը նաև «համարձակվել» էր նամակը հանձնել ընդունարան, որպեսզի փոխանցեն ղեկավարությանը: «Որոշեցի` ես նամակը հանձնեմ, որովհետև մտածեցի` այսքան ժամանակ որևէ բիծ չեմ ունեցել, ղեկավարության մոտ հարգանք ունեմ, բացի այդ` ինչ-որ առումով չեզոք եմ, քանի որ իմ վրա կուտակայինը չի տարածվում»,- ասում է նա:

Աշխատանքից հեռացվածների նախկին ղեկավարը` Սամվել Մնացականյանը, «Անկախի» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ աշատողներին աշխատանքից հեռացրել են աշխատանքի ընթացքում իրենց պարտականությունների թերացման պատճառով. «Նրանց գործառույթը եղել է ուղևորների անվտանգ տեղափոխումը և շարժասանդուղքի անխափան աշխատանքը, և նրանք իրենց աշխատանքի ընթացքում թույլ են տվել այնպիսի թերացումներ, որոնք կարող էին հանգեցնել ուղևորների և սարքավորումների համար լուրջ խնդիրների: Իրենց աշխատանքից հեռացումը ակցիայի հետ որևէ կապ չունի, և եթե այդ ակցիան այսօր լիներ, միևնույն է, նրանց մի քանի օր առաջ արդեն ազատած կլինեին»:

Մնացականյանի խոսքով` իրենք պարբերաբար կատարում են ստուգայցեր, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են թերացումները: Հարցին, թե արդյոք տվյալ ստուգայցը ակցիայի օրն է իրականացվել, Մնացականյանը միանգամից պատասխանեց` ոչ: Այնուհետեև, երբ փորձեցինք ստուգայցի կոնկրետ օրը ճշտել, հանկարծ ասաց. «Այո, ակցիայի օրն է եղել: Մեր սովորական ստուգայցն էր, պարզապես համընկավ ակցիայի հետ»: Հարցին, թե նման ազատումներ մետրոպոլիտենում հաճա՞խ են լինում,  պատասխանեց` ոչ:

Նախկին աշխատողների ղեկավարն էլ փաստեց, որ ակցիայից առաջ տղաներն իրեն մոտեցել են, ներկայացրել խնդիրը, ինքն էլ ասել է, որ այդ հարցի պատասխանը չունի, թող դիմում պատրաստեն, ինքը կփոխանցի մետրոպոլիտենի ղեկավարությանը:

Չնայած Մնացականյանը պաշտոնապես ներկայացրեց աշխատողներին աշխատանքից հեռացնելու ոչ իրական պատճառները, հետագա զրույցն ինքնին ապացույց էր, որ աշխատողների նկատմամբ, մեղմ ասած, բավականին վատ տրամադրվածություն կա: Երբ նախկին ղեկավարին հիշեցրինք, որ աշխատանքից ազատվածներից մեկը չորս անչափահաս երեխաների հայր է, այսպես արձագանքեց. «Այդ երիտասարդն ընդհանրապես մեզ մոտ չպետք է աշխատեր: Ինքը չի տեսնում համարյա»:

Ինչպե՞ս են այդ դեպքում չտեսնող աշխատողին վստահել քաղաքացիների անվտանգությունը: «Պահում էի, որովհետև չորս երեխա ուներ,- ասաց Մնացականյանը, հետո էլ ավելացրեց,- դրա համար էլ նրան մենակ չէի թողնում, նրան կցել էի Անդրանիկ Գևորգյանին»:

Այնուհետև Մնացականյանը, ավելի բացվելով, խորհուրդ տվեց տղաներին հիշեցնել, թե երբ դարձան շարժասանդուղքի մեքենավար, ո՞վ էր այն մարդը, որը նրանց պատրաստեց, նրանց վրա այդքան ավանդ ներդրեց, չարչարվեց, որ մարդ դառնան. «Ես նրանց ընտանիքների մասին իրենց հայրերից ավելի եմ մտածել»,- ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, որ աշխատողները որևէ անձնական բողոք չեն ներկայացել, այլ ընդամենն արտահայտվել են կենսաթոշակային համակարգի դեմ, նախկին ղեկավարը չընդունեց. «Ես ամեն օր կարդում եմ մամուլը, գիտեմ, ինչ են խոսել»:

Մնացականյանն անգամ չհերքեց, որ իր նախկին աշխատակիցներից խիստ վիրավորված է և անգամ թշնամաբար է տրամադրված, որ ով էլ լիներ, այդքանից հետո կվիրավորվեր, կնեղանար ու թշնամաբար կտրամադրվեր:

IMG_3180

Սևակ Հովհաննիսյան

Ի դեպ, Սևակ Հովհաննիսյանը չժխտեց, որ աչքերի հետ կապված խնդիր ունի, սակայն ասաց, որ դա իրեն երբևէ չի խանգարել աշխատանքի մեջ: «Հա, ժամանակ առ ժամանակ գնում են բժշկի, ստուգվում, դեղեր ստանում, բայց եթե տեսողության լուրջ խնդիր ունենայի, ինձ ոչ ոք աշխատանքի չէր վերցնի»,- համոզված է նա:

Չորս անչափահաս երեխաների հայրն ընտանիքի միակ կերակրողն է: Կուտակայինը նրա վրա տարածվում է, և 100-110 հազար դրամ աշխատավարձից մի քանի հազար դրամի պահումն էլ լուրջ խնդիր է ընտանեկան բյուջեի համար: Սևակն ասում է, որ շատերն են արդեն օգնության ձեռք մեկնել, աշխատանքային առաջարկներ են արել, և հույս ունի, որ երկար ժամանակ գործազուրկի կարգավիճակում չի մնա:

IMG_3177

Գագիկ Գալստյան

Աշխատանքից հեռացված մյուս երիտասարդը` Գագիկը, որի վրա նույնպես կուտակայինը տարածվում է, երկու անչափահաս երեխա ունի և վարձով է ապրում:  Նա էլ հույս ունի, որ շուտով աշխատանք կգտնի, քանի որ, ինչպես իրենք են ասում, «բազմապրոֆիլ մասնագետ են, ձեռքներից ամեն բան գալիս է»:

Անդրանիկ Գևորգյանն էլ հիշում է, որ 15 տարի առաջ իրեն աշխատանքի է ընդունել նույն Սամվել Մնացականյանը, անգամ երկաթգծի ուսումնարանում դաս է տվել: Այո, չի ուրանում, որ առաջին քայլերը մետրոպոլիտենում արել է Մնացականյանի շնորհիվ: Բայց նաև հիշում է, որ Մնացականյանն իրեն կյանքի դասեր է տվել, որոնցից մեկն էլ եղել է այն, որ եթե ինչ-որ բան ես մտածում, պետք է  երես երեսի ասես, ոչ թե թիկունքից. «Ես կուտակայինին դեմ իմ դիրքորոշումը ասել եմ ոչ թե թիկունքից, այլ նրանց դեմքին նայելով,- ասում է Անդրանիկը,- բա չասեի՞`  ինչու են պահել մարդկանց աշխատավարձը, եթե սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել էր օրենքը, կամ ինչո՞ւ է օրենքը պարտադիր, եթե մարդիկ դեմ են»:

Նախկին աշխատակիցներն ասում են, որ եթե իրենց իրավունքները վերականգնվեն, ճակատները բաց կարող են աշխատանքի գնալ, քանի որ համոզված են, որ որևէ սխալ քայլ չեն կատարել: Նաև հավելում են, որ ակցիան կազմակերպել են բացառապես մետրոպոլիտենի աշխատակիցներով, և դրսից որևէ միջամտություն չի եղել: Ինչ վերաբերում է «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին, որոնք այդ օրը միացել էին ակցիային, և որն էլ խիստ զայրույթ էր առաջացրել ղեկավարության մոտ, ապա նրանց իրենք չեն հրավիրել:

Ինչևէ, մետրոպոլիտենի աշխատողների աշխատանքից հեռացման լուրը ստանալուն պես «Դեմ եմ» շարժումը հանդես եկավ հայտարարությամբ` իր բողոքը հայտնելով դրա դեմ և տղաներին աջակցելու կոչ անելով:

Արձագանքը չուշացավ. երիտասարդների իրավունքները դատարանի միջոցով վերականգնելու համար իր աջակցությունը հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը: Փաստաբան Քրիստինա Գևորգյանն արդեն թղթերն  է պատրաստում, որպեսզի հայց ներկայացնի դատարան` պահանջելով իր պաշտպանյալների աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել նրանց աշխատանքն ու պարապուրդի գումարը փոխհատուցել:

Մնում է, որ դատարանը անաչառ որոշում կայացնի:

 

Անի Գասպարյան

Անկախ

Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարները (տեսանյութ, լուսանկարներ)

IMG_3134Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց այսօր առավոտյան մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում աշխատավարձերից պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ: Երկուշաբթի օրը, ստանալով պահումներով աշխատավարձ, աշխատակիցները միավորվել էին և դիմում գրել մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին` պահանջով, որպեսզի հետ վերադարձնեն իրենցից պահված գումարները: Նամակում նրանք նաև իրենց դժհոգությունն ու անհամաձայնությունն էին հայտնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ:

Նամակը տնօրինությանը հանձնեց մետրոպոլիտենի աշխատակից Անդրանիկ Գևորգյանը, որի վրա, ի դեպ, չի տարածվում համակարգը, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները:

Նրա խոսքով` տնօրինությունից հայտնել են, որ նամակին կպատասխանեն օրվա վերջում:

andranikԱնդրանիկ Գևորգյանը կտրականապես դեմ է պարտադիր բաղադրիչին` գտնելով, որ դա հակասահմանադրական որոշում է. «Պարտադիր չպիտի լինի, մարդու իրավունքները չպետք է սահմանափակվեն, գումարն այստեղ երկրորդական է, մենք չենք ուզում,մ որ մեր իրավունքները սահմանափակվեն»,-ասաց նա:

Չնայած դրան` մետրոպոլիտենի աշխատակիցները դեռևս հստակ չեն որոշել հետագա անելիքները, ասում են` ամեն ինչ կախված կլինի նամակի պատասխանից: Համենայնդեպս, այս պահին նրանք հակված չեն կտրուկ քայլերի` օրինակ, գործադուլի:

IMG_3139Շուտով բողոքի ակցիային միացան նաև «Դեմ եմ» շարժման անդամները: Նրանք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու մետրոպոլիտենի աշխսատակիցներին: Դիմելով նրանց` շարժման ակտիվիստներից մեկը նախ ողջունեց նրանց քայլը, ապա հայտարարեց, որ այդ քայլը հուշում է այն մասին, որ կոլեկտիվում առողջացման գործըթնաց է տեղի ունենում. «Նաև իմացանք, որ ղեկավարության կողմից որոշակի ճնշումներ են եղել, և այսօր այստեղ չեն գտնվում այնքան մարդիկ, որքան սպասելի էր, այսինքն ակնհայտ է, որ մարդկանց վախեցրել են: Սակայն միակ ճանապարհը ձեր հարցի լուծման դա ձեր կոլեկտիվ պայքարն ու բողոքն է: Ձեր կողմից պետք է գործատուի վրա ճնշում լինի, որպեսզի չխախտվեն ձեր իրավունքները»:

Ակտիվիստն իր խոսքում նաև նշեց, որ Սահմանադրական դատարանի վերջին պարզաբանման մեջ հստակ նշվում է, որ գործատուները որևէ իրավունք չունեն պահումներ կատարել աշխատողների աշխատավարձից, և օրենքը ոչ մի կերպ հետադարձ ուժ չի ունենալու` անկախ ՍԴ որոշումից: «Այսինքն, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավասու չի լինելու պահելու ձեր հունվար կամ փետրվար ամսվա աշխատավարձերից որևէ վճարներ»,-պարզաբանեց նա:

IMG_3142«Դեմ եմ» շարժման ակտիվիստներից մեկն էլ խոսքն ուղղեց մետրոպոլիտենի ղեկավարությանը` հիշեցնելով, որ վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ աշխատակցին ճնշում էին աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, և որ դա անգամ քրեորեն պատժելի արարք է: «Կոչ եմ անում ձեր ղեկավարությանը լսել ձեր ձայնը, գալ ձեզ ընդառաջ, որովհետև միայն բավարարված, միայն գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը»:

IMG_3148Վերջում ակտիվիստները հնչեցրին իրենց կոչը` վանկարկելով. «Դեմ ենք, դեմ ենք, դեմ ենք…»:

 

Անկախ

Մետրոպոլիտենը նույնպես դեմ է պարտադիրին

11574_244431722406527_1904434219_n

“Դեմ եմ” շարժումը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ վաղը ժամը 10:00-ին Մետրոպոլիտենի վարչության մոտ տեղի է ունենալու բողոքի ակցիա:

Հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է.

“Հարգելի հայրենակիցներ, հարգելի խմբի անդամներ, մեզ հասած տեղեկություններով` ևս մեկ աշխատանքային կոլեկտիվի ինքնասիրություն և սահմանադրական իրավունք է ոտնահարվել: Եվ ողջունելին այն է, որ մադիկ կարողացել են ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և մեկ մարդու նման պայքարել իրենց իրավունքների համար:

Խոսքը Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մասին է: Վաղը առավոտյան, ժամը 10:00-ին Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ/Մետրո Բարեկամություն/, կհավաքվեն Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որպեսզի իրենց բողոք դիմումը հանձնեն տնօրինությանը, և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիրին:
Կոչ ենք անում բոլորին միանալ Մետրոպոլիտենի աշխատակիցներին, սատարել նրանց ու միահամուռ կերպով պայքարել մեր բոլորիս ոտնահարված իրավունքների համար”:

 

Անկախ