Տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը

011Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին:

«Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական և պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ,  պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում:  Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին:

008 (1)«Երևանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա Սեբաստիան: Երկրորդ և երրորդ հորիզոնակնները համապատասխանաբար զբաղեցրել են Շենգավիթ և Նորք Մարաշ  վարչական շրջանները: Գավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշագավաթներով են պարգևատրվել բոլոր թիմերը:  Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական:

Կիսվելով միջոցառման մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարևորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլև Երևան քաղաքի միասնությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ

001 (8)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը Զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման, մասնավորապես, հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների ուղղությամբ: Զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Մայրաքաղաքում մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն ոչ բավարար: Այստեղ մեր մոտեցումն ու դիրքորոշումը պետք է լինի առավել կոշտ: Հրավիրեք սանմաքրման կազմակերպությունների պատասխանատուներին և պահանջեք աշխատանքների պատշաճ կազմակերպում: Ի դեպ, տեղեկացնեմ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ բանակցություններ է տանում մայրաքաղաքում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ և մինչև տարեվերջ, կարծում եմ, բանակցություններն ըստ ամենայնի ավարտված կլինեն, և արդեն հաջորդ տարի այս ուղղությամբ կիրականացնենք առավել կոնկրետ քայլեր, որոնց շնորհիվ առաջիկա տարիներին քրոնիկ այս խնդիրը ևս կվերանա մայրաքաղաքում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում բնակիչների կողմից համատիրությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված դժգոհություններին և հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել այդ աշխատանքների նկատմամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին նաև հանձնարարել է բնակիչների հետ միասին քննարկել և, անհրաժեշտության դեպքում, վերանայել համատիրությունների նախագահների հետագա  աշխատանքի նպատակահարմարությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

001 (3)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:  

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած վեց ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը` Դավթաշեն վարչական շրջանները: 2014թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով` ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով վարչական շրջանների գրանցած արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատկանշելով Արաբկիր վարչական շրջանի գրանցած ցուցանիշը, ընդգծել է, որ այն լավագույնս ապացուցում է գնահատման համակարգի ներդրման արդյունավետությունը. «Բոլորդ եք հիշում, որ դեռևս երկու տարի առաջ Արաբկիրը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը: Բայց հետևողական և սրտացավ աշխատանքի արդյունքում վարչական շրջանի ողջ թիմը հասավ ցանկալի այն արդյունքին, որն ունի այսօր, ինչի համար և իմ շնորհակալությունն ու գոհունակությունն եմ փոխանցում Արաբկիրի ողջ թիմին: Անշուշտ, գովելի է նաև այն ակնհայտ մրցակցային ոգին, որ ձևավորվել է վարչական շրջանների միջև: Եվ, այս ամենը հաշվի առնելով, ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում փորձել շտկել նկատված բացթողումները: Ըստ այդմ, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին էլ հանձնարարվել է տեղերում աջակցել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերին՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով. «Երևանցիների սպասելիքները մեր թիմից իսկապես մեծ են, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել նրանց սպասելիքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության վերջում, անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված և ընթացիկ աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերով իրականցվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող կանոնակարգված գործունեությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կնորոգվի 13 հենապատ

002Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են թվով  13 հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Երեքական հենապատեր կվերակառուցվեն Նորք-Մարաշում, Աջափնյակում և Արաբկիրում, երկուսը`Էրեբունիում, մեկը`Ավանում և ևս մեկը`Կենտրոն վարչական շրջանում: Ըստ անհրաժեշտության փոխարինվում կամ լրացվում են վնասված կամ բացակայող քարերը, սվաղվում ու թարմացվում  վնասված երկաթբետոնե կառուցվածքները, վերականգնվում է արտաքին տեսքը: Աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն