Իրանն Աֆղանստանին էլեկտրաէներգիա և վառելիք կմատակարարի

HashemiՍիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Ավսաթ Խաշեմին   Զաբոլ կատարած այցի ընթացքում   հայտնել է, որ եթե Աֆղանստանը բավարար քանակությամբ ջրի հոսք ապահովի  դեպի Համուն լիճը, ապա այդ երկիրը կստանա էլեկտրաէներգիա:
«Մոտակա օրերս  պատրաստվում եմ այցելել աֆղանական Նիմրուզ նահանգ»,- ասել է նահանգապետը:
Իրանական և աֆղանական այս երկու նահանգները փոխադարձ պահանջներ ունեն միմյանց, և ամենայն հավանականությամբ, կայանալիք  այդ այցի ընթացքում կքննարկվեն դրանք:
Ալի Ավսաթ Խաշեմին   հավելել է, որ Սիստան-Բելուջիստան նահանգը բացի էլեկտրաէներգիայից, հնարավորություն ունի Աֆղանստանին մատակարարել վառելիք` այդպիսով մուտք գործել այդ երկրի վառելիքի շուկա:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 12,5 տոկոսով

էլեկտրաէներգիաԻրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանն ավելի քան 3215 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա է արտահանել հարևան երկրներ:

Ընթացիկ տարվա սկզբից (մարտի 21) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճն այդ ոլորտում կազմել է 12,5 տոկոս:

«Դոտացիաների բարեփոխման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո ոչ միայն կրճատվել է էլեկտրաէներգիայի օգտագործումը երկրի ներսում, այլև դադարել է էլեկտրաէներգիայի պահանաջարկի տարեկան աճը` այդպիսով ճանապարհ հարթելով էլեկտրաէներգիայի արտահանման համար»,- հավելել է Իրանի Էներգետիկայի նախարարը:

Իրանը ներկայումս էլեկտրաէներգիա է տալիս Հայաստանին, Պակիստանին, Թուրքմենստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Նախիջևանին, Իրաքին, Աֆղանստանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Թեժ բանավեճ Հանրային խորհրդում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ

IMG_4347Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովում այսօր բուռն քննարկում էր: Թեման էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն էր, որի վերաբերյալ հանձանժողովի նախագահ, ՀԽ անդամ Արշակ Սադոյանն ու հանձնաժողովի այլ անդամներ պարզաբանումներ էին պահանջում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներից:

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը չէր հասցնում պատասխանել, քանի որ Սադոյանը հարցը հարցի հետևից էր տալիս:

Այնուամենայնիվ, Բաղրամյանը փորձեց բացատրել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Հրազդան ՋԷԿ-ի, ատոմակայանի ո՞ր խնդիրներն են առաջ բերել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը: Սակայն նրա բացատրություններն է՛լ ավելի վրդովեցրին ներկաներին, որոնք հայտարարեցին, որ այդ  ընկերություններն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները և ոչ թե դա անեն ժողովրդի հաշվին. «Թալանի համար ինքնանպատակ թանկացում է, որտեղի՞ց էդ խնդիրները»,-զայրացած հարցրեց Սադոյանը:

Բաղրամյանը փորձեց շարունակել՝ ասելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերում, օրինակ, 2013-14 թթ. ընթացքում առաջացել է 16,3 միլիարդ դրամի ճեղքվածք՝ անցյալ տարվա նոյեմբերին ատոմակայանի մի տուրբինի չաշխատելու հետևանքով: Նա հիշեցրեց, որ տուրբինը վթարի էր ենթարկվել:

Սադոյանը հերթական հարցն ուղղեց. «Ասում եք՝ անհրաժեշտություն կա, որ Երևան ՋԷԿ-ում 3.8 միլիարդ դրամի վերանոգորում կատարվի: Անհասկանալի է՝ այդքան գումարի վերանորոգում նոր կառուցվածքի մեջ դա ի՞նչ է»:

Երբ Բաղրամյանը փորձեց պատասխանել, Սադոյանն ասաց. «Ներողություն, մի հարց էլ տամ, ատոմակայանը կանգնել է ինչ որ մի ժամանակ, վթար է եղել և այլն: Դրա հետ կապված ամեն տարի պետք փոխհատուցում նախատեսվի՞»:

Մինչ Բաղրամյանը կփորձեր մասնագիտական տերմիններով երկար-բարակ բացատրել, թե հարցն ինչումն է, ներկաներից մեկն էլ հետաքրքրվեց, որ եթե այդ ընկերությունների ծախսերի մի մասը երեք տարի անց հետ է գալու, ապա հնարավո՞ր է այդ ժամանակ էլեկտրաէներգիայի սակագինն այդ չափով կրկին նվազեցվի:

«Եթե որևիցե գործոն ընդհանրապես չփոխվի, այսինքն՝ փոխարժեքը մնա նույնը, գազի գինը մնա նույնը, ապա 3.8 միլիարդ դրամով Երևան ՋԷԿ-ի հասույթը կնվազի և էդքանով կեժանանա»,-պատասխանեց Բաղրամյանը:

Սադոյանը պաշտոնապես հայտարարեց. «Այդ դեպքում եկող տարվա հունիսից հետո գները պետք է էապես էժանանան, որովհետև ատոմակայանի հետ կապված կորուստները վերանալու են, Երևան ՋԷԿ-ի հետ կապված լրացուցիչ ծախսերը վերանալու են»: Ավելին, նա անգամ առաջարկեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարի, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը ժամանակավոր է:

Սակայն ներկաները նկատեցից, որ միևնույն է՝ նման բան տեղի չի ունենա, քանի որ միշտ էլ կգտնվեն հանգամանքներ, որոնք կարդարացնեն թանկացումը և թույլ չեն տա, որպեսզի սակագնի նվազում տեղի ունենա:

Սադոյանը նաև հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդհանրապես չունի ոլորտի  հեռանկարային զարգացման հաշվարկների պլան և չունենալով այդ պլանը՝ սահմանում  է սակագներ՝ ամեն տարի ավելացնելով:

 

Անկախ

Չի բացառվում, որ մենք բախվենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտի. Աշոտ Եղիազարյան

աշոտ եղիազարյան«Էլեկտրաէներգիայի թանկացումները սպառողների վրա կազդեն մոտ ամիսների ընթացքում։ Շուտով մենք էներգետիկ աղքատության ենք բախվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հավելելով, որ նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում սպառողների բոլոր խմբերի համար 3,8-4,3 դրամի սահմաններում։

Աշոտ Եղիազարյանը անդրադարձավ Հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից հրապարակված հաղորդագրությանը, որը վերաբերում է սակագների բարձրացման խնդրին։ Նա մատնանշեց երկու հետաքրքիր հանգամանք. «Հանձնաժողովը փորձում է հիմնավորել դա այն բանով, որ 2014-2015 թվականներին էներգետիկ համակարգի ձեռնարկությունների գործունեության վրա կարող են ազդել որոշակի գործոններ՝ ներքին և արտաքին, և երկրորդ , որ համակարգի կայունության և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման համար անհրաժեշտ են որոշակի միջոցներ՝ մոտ 20 միլիարդ դրամի չափով։ Այսպիսով, անուղղակիորեն խոստովանվում է, որ համակարգում կան բավական լուրջ հիմնախնդիրներ. էներգետիկ համակարգը հիվանդ է և դա գաղտնիք չէ»։

Եղիազարյանն ասաց, որ հետագայում այս թանկացումների հինավորումները կտան պատկան մարմինները, սակայն նրան թվում է` դրա պատճառները մի քանիսն են, որոնցից կարևորագույնը էներգետիկ համակարգը արդիականացնելու անհրաժեշտությունն է։ Ներկայումս ընկերությունները աշխատում են Խորհրդային Միության տեխնոլոգիաներով։ «Մեր ենթակառուցվածքը շատ հին է։ Նախորդ տարիների ընթացքում լուրջ ներդրումներ չեն կատարվել գեներացնող հզորություններում։ Ոլորտը փրկելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Մինչև 2016 թվականը նախատեսվում է հազար մեգավատտ, իսկ դա մեր հզորությունների մոտավորապես կեսն է, շահագործման չպետք է ենթարկվի։ Ենթադրվում է, որ պլանավորման մեջ են մոտ 1400 մեգավատտ հզորություններ, որից 1100-ը ատոմակայանի նոր բլոկի  շինարարությունն է, որը այսօր կարող ենք ասել, որ չի լինելու մինչև 2016 թվականը, այսինքն՝ չի բացառվում, որ մենք բախվենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտի» , – ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝ սակագների բարձրացման երկրորդ պատճառն այն է, որ ՀՀ էներգետիկ ընկերությունները ռուսական ընկերությունների ճյուղերն են, և սա ևս խնդրի աղբյուր է, քանի որ նրանց նկատմամբ միջազգային կառույցները պատժամիջոցներ են իրականացնում, ինչը ազդում է նրանց ֆինանսական և տնտեսական վիճակի վրա։ «Սրա հետևանքները զգացվելու են նաև Հայաստանում»,- ասաց նա։

Կա նաև 3-րդ պատճառը. Եվրասիական միության նախագծերին մասնակցելով՝ հանրապետության էներգետիկ համակարգը զրկվում է այլընտրանքային տարբերակներից. եթե նախկինում կարելի էր դիտարկել իրանական համապատասխան կառույցների հետ համագործակցությունը, այժմ Հայաստանը այդ հնարավորությունից էլ է զրկվում։

«Այս ամենը շատ մտահոգիչ է, քանի որ էներգետիկ համակարգը տնտեսության ողնաշարն է։ Էներգետիկան ապահովում է  տվյալ ազգային տնտեսության մրցունակությունը, և, բնականաբար, բարձր սակագները հարված են երկրի տնտեսությանը ամբողջությամբ վերցված»,- եզրափակեց Աշոտ Եղիազարյանը։

Անկախ