Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովում այսօր բուռն քննարկում էր: Թեման էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն էր, որի վերաբերյալ հանձանժողովի նախագահ, ՀԽ անդամ Արշակ Սադոյանն ու հանձնաժողովի այլ անդամներ պարզաբանումներ էին պահանջում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներից:
ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը չէր հասցնում պատասխանել, քանի որ Սադոյանը հարցը հարցի հետևից էր տալիս:
Այնուամենայնիվ, Բաղրամյանը փորձեց բացատրել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Հրազդան ՋԷԿ-ի, ատոմակայանի ո՞ր խնդիրներն են առաջ բերել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը: Սակայն նրա բացատրություններն է՛լ ավելի վրդովեցրին ներկաներին, որոնք հայտարարեցին, որ այդ ընկերություններն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները և ոչ թե դա անեն ժողովրդի հաշվին. «Թալանի համար ինքնանպատակ թանկացում է, որտեղի՞ց էդ խնդիրները»,-զայրացած հարցրեց Սադոյանը:
Բաղրամյանը փորձեց շարունակել՝ ասելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերում, օրինակ, 2013-14 թթ. ընթացքում առաջացել է 16,3 միլիարդ դրամի ճեղքվածք՝ անցյալ տարվա նոյեմբերին ատոմակայանի մի տուրբինի չաշխատելու հետևանքով: Նա հիշեցրեց, որ տուրբինը վթարի էր ենթարկվել:
Սադոյանը հերթական հարցն ուղղեց. «Ասում եք՝ անհրաժեշտություն կա, որ Երևան ՋԷԿ-ում 3.8 միլիարդ դրամի վերանոգորում կատարվի: Անհասկանալի է՝ այդքան գումարի վերանորոգում նոր կառուցվածքի մեջ դա ի՞նչ է»:
Երբ Բաղրամյանը փորձեց պատասխանել, Սադոյանն ասաց. «Ներողություն, մի հարց էլ տամ, ատոմակայանը կանգնել է ինչ որ մի ժամանակ, վթար է եղել և այլն: Դրա հետ կապված ամեն տարի պետք փոխհատուցում նախատեսվի՞»:
Մինչ Բաղրամյանը կփորձեր մասնագիտական տերմիններով երկար-բարակ բացատրել, թե հարցն ինչումն է, ներկաներից մեկն էլ հետաքրքրվեց, որ եթե այդ ընկերությունների ծախսերի մի մասը երեք տարի անց հետ է գալու, ապա հնարավո՞ր է այդ ժամանակ էլեկտրաէներգիայի սակագինն այդ չափով կրկին նվազեցվի:
«Եթե որևիցե գործոն ընդհանրապես չփոխվի, այսինքն՝ փոխարժեքը մնա նույնը, գազի գինը մնա նույնը, ապա 3.8 միլիարդ դրամով Երևան ՋԷԿ-ի հասույթը կնվազի և էդքանով կեժանանա»,-պատասխանեց Բաղրամյանը:
Սադոյանը պաշտոնապես հայտարարեց. «Այդ դեպքում եկող տարվա հունիսից հետո գները պետք է էապես էժանանան, որովհետև ատոմակայանի հետ կապված կորուստները վերանալու են, Երևան ՋԷԿ-ի հետ կապված լրացուցիչ ծախսերը վերանալու են»: Ավելին, նա անգամ առաջարկեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարի, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը ժամանակավոր է:
Սակայն ներկաները նկատեցից, որ միևնույն է՝ նման բան տեղի չի ունենա, քանի որ միշտ էլ կգտնվեն հանգամանքներ, որոնք կարդարացնեն թանկացումը և թույլ չեն տա, որպեսզի սակագնի նվազում տեղի ունենա:
Սադոյանը նաև հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդհանրապես չունի ոլորտի հեռանկարային զարգացման հաշվարկների պլան և չունենալով այդ պլանը՝ սահմանում է սակագներ՝ ամեն տարի ավելացնելով:
Tags: էլեկտրաէներգիա, Հանրային խորհուրդ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագների բարձրացում