Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

 Գարեգին Բ , Էլ-ՔուվեյթՔաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատվիրակության անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընձեռված հնարավորության համար և շնորհավորել Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Գարեգին Բ-ի նախագահության կապակցությամբ:

Նահանգապետը նշել է, որ Էլ-Քուվեյթում գործում է հայկական եկեղեցի, և հայկական համայնքն իր ուրույն դերակատարումն ունի Էլ Քուվեյթի հասարակական ու տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը նպատակ ունի էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև առկա կապերը, այդ թվում՝ հատկապես Երևան քաղաքի հետ  համագործակցություն ձևավորելու և խորացնելու տեսքով: Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին երկարակեցություն է մաղթել հայոց հոգևոր առաջնորդին` ի փառս հայ ժողովրդի բարօրության:
Իր հերթին ողջունելով հյուրերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ առաջընթաց են արձանագրում, և կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունն ավելի սերտացնելու համար: Ամենայն հայոց հայրապետը հակիրճ ներկայացրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների համար և ընդգծել, որ Մայր աթոռն ակտիվ գործակցել է նաև արաբական աշխարհի այն երկրների հետ, որոնցում կան հայկական գաղթօջախներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Մայր տաճար, շրջել և ծանոթացել է տաճարի թանգարանի և գանձատան բացառիկ ցուցանմուշներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետարան,Երևան, Էլ-ՔուվեյթԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ–Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  Էլ–Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն. «Հայ-քուվեյթյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ այդ հարաբերությունները կրում են ոչ միայն գործնական, այլև բարեկամական բնույթ, որի խոսուն ապացույցն է արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը, համոզված եմ, որ մենք ևս երկու մայրաքաղաքների միջև կհաստատենք  երկկողմ բարեկամական ու փոխշահավետ կապեր, ինչն էլ ավելի կամրապնդի ու կզարգացնի երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Էլ–Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելուն և ամրապնդելուն: Վստահեցնում եմ, որ արդեն առաջիկայում Երևանն ու Էլ–Քուվեյթը կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որի շրջանակում էլ կծավալվի մեր համագործակցությունը»,- ընդգծել է Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահը:

Հյուրին ներկայացնելով  Երևան քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները, քաղաքապետը կարևորել է նաև գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում. «Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաև Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում պարոն նահանգապետ՝ Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երևանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու և դրանց իրականացմանը ներգրավելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև ստորագրվելիք համաձայնագիրը:   

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Էլ-Քուվեյթի պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Էլ-Քուվեյթ, ՄատենադարանԵրևան ժամանած Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի նահանգապետարանի պատվիրակության անդամները նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Նասեր Տաքի Աբդ Ալհուսեյն Ռաջաբի գլխավորությամբ այցելել են նաև Մատենադարան։

Հյուրերը ծանոթացել են հայկական գրագրության հնագույն նմուշներին, ինչպես նաև Մատենադարանում պահպանվող արաբական ձեռագրերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը

Պաշտոնական այցով Երևան,Էլ-Քուվեյթ,Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը   Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել և ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին:

Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝ քաղաքապետը նշել է, որ այն հայ ժողովրդի և աշխարհասփյուռ հայ համայնքների երախտագիտության յուրօրինակ խորհրդանիշ է Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբ ժողովրդին՝ Հայոց Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն