Վահագն Չախալյանը դատապարտել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակում

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցիՍույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:

Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի:

Արդ, Վրաստանում ազգային եւ կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ եւ քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական եւ ազգային հողի վրա  իրականացված  հանցագործության կազմակերպողների եւ մասնակիցների ինքնությունը եւ օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:

Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում եւ զարգացումներում, հետեւողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության եւ Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների եւ անվտանգության պաշտպանության համար:

 

                                                                                           Վահագն Չախալյան  

 21.07.2014

Թբիլիսիի կենտրոնում ուղտը հարձակվել է քաղաքացու վրա

uxtԹբիլիսիի կենտրոնական թաղամասերից մեկում` Վակեում քաղաքացու վրա ուղտ է հարձակվել: Այս մասին տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարությունը: 70-ամյա տղամարդը իր թոռան հետ զբոսնել է փողոցով, երբ անսպասելիորեն ուղտը հարձակվել է նրա վրա: Տարեց մարդը դեմքին վնասվածք է ստացել: Գազազած ուղտին կարողացել է հանգստացնել միայն նրա տերը: Դեպքի վայր եկած ոստիկանները կարծել են, թե ուղտը փախել է կենդանաբանական այգուց: Սակայն կենդանու սեփականատերը ներկայացրել է ուղտի անձնագիրը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը: Պարզվել է, որ ուղտի սեփականատերը Շվեյցարիայի քաղաքացի է, որը տեղափոխվելով Վրաստան, Թբիլիսիի կենտրոնում ապրում է իր կենդանու հետ: Հայտնի է, որ քաղաքացին տուգանվել է:

Անկախ

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահները

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիա, Վրաստան, ԱդրբեջանՄայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում “Թբիլիսյան գագաթաժողով 2014” խորագրով միջազգային համաժողով կանցկացվի: Միջոցառումը կբացեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կընդունի Իլհամ Ալիևեին և Աբդուլլա Գյուլին:

Գագաթաժողովին կքննարկվեն վերջին 20 տարիներին երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկական համագործակցության արդյունքները:

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամները կքննարկեն ընթացիկ ու հետագայի համար նախատեսված նախագծեր: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում են նախագահների եռակողմ և երկկողմ հանդիպումներ:

“Թբիլիսյան գագաթաժողով 2014”-ի անցկացումը պլանավորվել է Գեորգի Մարգվելաշվիլիի` Բաքու և Անկարա կատարած այցերի ընթացքում:

 Անկախ

Խաչքարի օծման արարողություն Թբիլիսիում

Խաչքարի օծման արարողություն ԹբիլիսիումԱպրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Արարողությունն իրականացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և թեմի հոգևոր դասի ընկերակցությամբ:

Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը բացեցին խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը:

Իր ելույթում դեսպան Մանուկյանը, մասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  հույժ կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է: Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից, սակայն, ցավոք, հայ ժողովրդի դեմ կատարված այդ ոճրագործությունը մինչ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել: Սա ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլև ողջ մարդկության ամոթը, քանզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը և չճանաչումը հետագայում հանգեցրեց նոր ցեղասպանությունների և ոճրագործությունների»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիք ձգտող երկիրը պարտավոր է դրսևորել եվրոպական պետությանը պատշաճ քաղաքավարական մակարդակ, բարոյական ուժ և քաղաքական կամք՝ պատմական անժխտելի փաստերի իրողությունն ընդունելու համար, ինչպես դա արեց Գերմանիան` դատապարտելով Հոլոքոստը:

Դեսպան Մանուկյանը հայտնեց, որ ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Վրաստանում ևս ստեղծվել է հանձնախումբ, որում ընդգրկված են ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի գործիչներ և մտավորականներ: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է հայ ժողովրդի արդար պահանջը հասու դարձնելը նաև մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի հասարակությանն ու իշխանությանը:

Օծման արարողությանը խոսքով հանդես եկան նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ զինված ուժերի Գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, Վրաստանում Բաբտիստական-Ավետարանական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, թբիլիսահայ բանաստեղծ-թարգմանիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանը, ինչպես նաև խաչքարի տեղադրման հովանավոր Հրաչյա Պողոսյանը: Արարողությանը մասնակցեցին նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում և Հայաստանում լատինական դավանանքի կաթոլիկական եկեղեցու առաքելության կառավարիչ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Հանս Յոահիմ Կիդերլենը, թբիլիսահայ մշակութային և հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 Անկախ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահները մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում

Ադրբեջան, Վրաստան,Թուրքիա, նախագահներ, Թբ   Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի, Գևորգի Մարգվելաշվիլիի և Աբդուլահ Գյուլի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Ավելի վաղ այս երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումները տեղի են ունեցել էկոնոմիկայի, ապա և արտգործնախարարների մակարդակով, իսկ այժմ որոշում է կայացվել եռակող հանդիպում կազմակերպել նախագահական մակարդակով: Հանդիպման ամսաթիվն ու օրակարգը կորոշվի երեք երկրների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ:

Նշենք, որ այս երկրների միջև եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ Գյանջայում (Գանձակ) հանդիպեցին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները:

Անկախ

Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը Թբիլիսիում է

Օրհան Փամուկ  Նոբելյան մրցանակի դափնեկիր աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկը երեկ հանրային դասախոսությամբ հանդես է եկել Թբիլիսիի ազատ համալսարանում, իսկ այսօր Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպում տեղի կունենա գրողի հետ: Հանդիպման կազմակերպիչներ են Թբիլիսիի ազատ համալսարանն ու Բաքուր Սուլաքաուրիի հրատարակչությունը:

Օրհան Փամուկը ծնվել է 1952 թվականին Ստամբուլում: Նա հանդիսանում է պոստմոդեռնիստական գրական ուղղության առաջատար գրողներից: Նրա ստողծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 40 լեզուներով: 2006 թվականին Փամուկը ստացավ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում՝ դառնալով այս պարգևին արժանացած առաջին թուրքը:

 Անկախ

Թբիլիսիում պղծել են Սոֆիկո Ճիաուրելու արձանը

o_888856Թբիլիսիում պղծել են  դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելու արձանը, որը կանգնեցվել է 2009-ին:

downloadՀանցագործները գողացել են կոմպոզիցիայի այն հատվածը, որտեղ դերասանուհին պատկերված էր “Ցանկությունների ծառը” կինոֆիլմից Ֆուֆալայի  և “Վերիական թաղամասի մեղեդին” ֆիլմից լվացարարուհի Վարդոյի դերերում:

Ոստիկանությունը պարզում է, թե ով է կանգնած հանցանքի ետևում:

Դերասանուհու բրոնզե արձանը ստեղծել է վրացի ճանաչված քանդակագործ Լևան Վարդոսանիձեն:

Անկախ 

Թբիլիսիի քաղաքապետը մեղադրվում է 28միլիոն դոլար վատնելու համար

թբիլիսիՎրաստանի Գլխավոր դատախազությունը  այսօր պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային  խոշոր չափերի պետական գումարներ վատնելու համար:Ինչպես ասվում է Գլխավոր դատախազության հրապարակած հայտարարության մեջ, Ոգուլավայի նկատմամբ գործ է հարուցվել Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարի  (մոտ 28,2 միլիոն դոլար) վատնելու համար, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Գլխավոր դատախազության տվյալների համաձայն, այդ միջոցները ուղղվել են “Միասնական ազգային շարժում” կուսակցության 2012թ. հոկտեմբերի 1-ի նախընտրական արշավը ֆինասավորելու համար:

Այժմ Ոգուլավան հարցաքննվում է Գլխավոր դատախազությունում: Նրա կալանավորման մասին տեղեկություններ չկան:

 

Անկախ

Թբիլիսիում քաղաքապետարանի աշխատակիցներին շուրջկալել են

pic_cdafdf6a49b66eb25ccbf512169bcc2bԱյսօր առավոտյան Թբիլիսիում ձերբակալվել է քաղաքապետարանի ու  քաղխորհրդի 30 աշխատակից, հայտնել է  «Грузия Online»-ը: Քաղաքապետարանի տվյալներով, ձերբակալվածները Վրաստանի ֆինանսների նախարարության ու քննչական ծառայության ներկայացուցիչներ են:

Նրանցից մի քանիսը ձերբակալվել է իրենց տների մոտ, մյուսները` աշխատավայրում: Քաղխորհրդի նախագահի տեղակալ Մամուկա Ախվլեդիանին պատմել է, որ իր ճանապարհը փակել է ինչ-որ մեքենա: Ապա, քաղաքացիական հագուստով մարդիկ պաշտոնյային նստեցրել են մեքենա ու նրան հայտարարել, որ ձերբակալված է: Որոշ ժամանակ անց, սակայն նրան ազատ են արձակել:

Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ քաղաքային ադմինիստրացիայի աշխատակիցներն ընդամենը որպես վկա հարցաքննության են կանչվել բյուջետային միջոցների մսխման գործով: Հարցաքննությունից հետո,  ինչպես  վստահեցնում են ուժայինները, ձերբակալվածներն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ  քաղխորհրդի “Միացյալ ազգային շարժում” ֆրակցայի անդամներ են (գործող նախագահ Սահակաշվիլու կողմնակիցներն են, որն ընդդիմադիր է “Վրացական երազանք”կոալիցիային):

Ավելի վաղ դատախազությունը Թբիլիսիի քաղաքապետարանի չարաշահումներում  մեղադրեց նախագահի կողմնակից Գիգի Ուգուլավային: 2013-ի սկզբին նրան մեղադրանք առաջադրվեց  փողերի լվացման ու գույքի յուրացման գործով: Ինքը` Ուգուլավան այդ մեղադրանքներն անհեթեթ է համարում:

2012-ին Վրաստանում փաստացի  իշխանափոխություն կատարվեց. ”Վրացական երազանք” կոալիցիան գլխավորող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նոր կառավարություն ձևավորեց: Դեռևս իշխանության գլուխ գտնվող Սահակաշվիլին արդեն զգալիորեն կորցրել է ազդեցությունը: Սահակաշվիլու հետ աշխատած մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են: Նախագահի համախոհները կատարվածը գնահատում են որպես քաղաքական հետապնդում: