Ձևավորվում է այլընտրանքային խորհրդարան. 50 հոգի արդեն ինքնառաջադրվել է. տեսանյութ

Վարդան գերավետյան, Ընտրական հանձնաժողով, ասուլիսՕգոստոսի 6-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդմաների մամուլի ասուլիսը, որի ժամանակ անդրադարձ կատարվեց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ընթացքին: Արդեն շուրջ 50 հոգի ինքնառաջադրվել է՝ Երևանից, ՀՀ մարզերից և Սփյուռքից:

Բանախոսները նշեցին, որ Հայաստանում ձևավորվում է այլընտրանքային կառավարման համակարգ, որի կենտրոնում Հիմնադիր խորհրդարանն է: Այն հանդես է գալու որպես ժողովրդի կամքը ներկայացնող մարմին և լեգիտիմացվելու է ժողովրդի կողմից, որից հետո ժողովրդի համախմբման, մոբիլիզացիայի միջոցով ապահովելու է արմատական փոփոխությունների կատարումը:

«Մենք երկիրը չենք տանելու քաոսի, ուստի այսօրվանից պետք է հստակ իմանանք, թե ինչը ինչով ենք փոխարինելու, և որ ամենակարևորն է՝ ո՞րն է երաշխիքը, որ եկողները նոր հրեշներ չեն դառնալու: Պատմությանը հայտնի է, որ հեղափոխությունը մտահղանում են տաղանդները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վերջում ղեկին հայտնվում են տականքները: Այս ամենը լիարժեք գիտակցելով՝ մենք մեր ծրագրում նախատեսել ենք դրանք կանխարգելող մեխանիզմները»,- իր խոսքում նշեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Այլընտրանքային ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հիմնավորելով այլընտրանքային խորհրդարանի ձևավորման կարևորությունը:

Ասուլիսի բանախոսներն էին՝ Ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանը, Ընտրական հանձնաժողովի անդամներ Գայանե Ավագյանը և Ժիրայր Սեֆիլյանը:

 

Անկախ

«Այս շարժումը ազնիվ պայքարողների վկայությունն է». Ժիրայր Սեֆիլյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«Եթե 20-25 տարի առաջ մեր սերունդն իր առջև նպատակ դրեց ազատագրել Արցախը, ապա հիմա նոր սերունդն իր առջև նպատակ է դրել ազատագրել Երևանն ու Հայաստանը»: «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի ժամանակ իր ելույթում նշեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` նոր սերունդը 21-րդ դարի ամենախոստումնալից խավն է, հենց նոր սերունդը պետք է ապահովի մեր երկրի թռիչքային զարգացումը:

«Այս շարժումն իր առաջ լոկ նյութական կորսուտների կանխման խնդիր չի դրել, այլ առաջին հերթին արժանապատվության խնդիր, ինչը բոլորիս դուրս է բերել փողոց: Վստահ եմ, որ դուք ունակ եք ձեր կամքը թելադրել հակառակորդին: Եղեք համառ և վճռական: Շատերը կարող են չհամաձայնվել հակառակորդ անվան հետ, սակայն ես կարևորում եմ այս ռեժիմի պարագլուխների ճշգրիտ գնահատման հանգամանքը: Այո’, նրանք պետական այրեր չեն, նրանց հետ պետք է վերաբերվել ընդամենը որպես օկուպանտի հոգեբանությամբ ադմինիստրացիայի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նկատեց, որ այս օրերին շատ հուսահատական խոսքեր են հնչում այն մասին, թե մեր երկրում այլևս ազնիվ պայքարողներ չեն մնացել: Նրա խոսքով՝ ազնիվ պայքարողների վկայությունն է հենց այս շարժումը:

«Բոլորովին վերջերս ականատես եղանք Արագածոտնի մարզի յոթ համայնքների մեր քաղաքացիների պայքարին, ևս մեկ ապացույց այն բանի, որ հայերի մեջ չի անհետացել պայքարի կամքը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ապա անդրադառնալով արտաքին մարտահրավերներին` նշեց, որ պահը լուրջ է, հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք պարտադրում են մեզ հրաժարվել ինքնիշխանությունից և շուտափույթ ՌԴ-ին հանձնվել: Ինչը մեզ հիշեցնում է անցյալ դարաշրջանի անցուդարձները` ցույց տալով, որ պատմությունը կրկնվում է:

« Նման պնդումները սին են, պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է, ավելին, ես համոզված եմ, որ այն չի կրկնվի, քանի որ մեր պատմության կերտողը մենք ենք, մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը