Կառավարության ղեկավարն այսօր Լոռու մարզում էր

g_imageՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզկենտրոն Վանաձորից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման և «911» ծառայության Լոռու ահազանգման կենտրոնների բացման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և հնարավորություններին:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Վանաձորից երկրի վարչապետն ուղևորվել է Հաղպատ համայնք՝ մասնակցելու հիմնանորոգված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: 192 աշակերտի համար նախատեսված այս կրթօջախում այսօր սովորում է 88 աշակերտ: Ծանոթանալով դպրոցի բարեկարգման ծրագրի արդյունքներին՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել կատարված շինաշխատանքներից:
Հաղպատի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 116.773.943 ՀՀ դրամ: Այն իրականացվել է 2013 թ. հուլիս-2014 թ. հունիս ժամանակահատվածում: Դպրոցի երրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ ՀՀ կառավարության տրամադրած 4-րդ հրատապ ծրագրով՝ 18.997.923 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Կրթօջախին հատկացվել է 4.038.000 դրամին համարժեք դպրոցական գույք: Հիմնանորոգվել է դպրոցի տանիքը, վերակառուցվել է սանհանգույցային համակարգը, կատարվել են երեսպատման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, փոխարինվել են էլեկտրահաղորդալարերը և պատուհանները, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգեր, անցկացվել են հակահրդեհային ազդարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու արտաքին ու ներքին ցանցեր, վերակառուցվել է մարզադահլիճը և այլն:
Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Լոռու մարզի Ախթալա համայնքն էր: Վարչապետը նախ շրջայց է կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Լոռու մարզ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում շրջայցով, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին:

 

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզի կարկտահարված դաշտեր

10.07.14ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր ՀՀ կառավարության նիստում  վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով  մեկնել  էր  Լոռու մարզ`ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:   Փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի և Վանիկ Ասատրյանի   ուղեկցությամբ նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթանհամայնքներում, ուր   կարկուտը վնասել է  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

Տուժած բոլոր տնտեսություններում   նախարարը  զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ  կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու  և  ՀՀ կառավարություն ներկայացնելու համար ստեղծվել է  մարզային հանձնաժողով, որի վերջնական ամփոփումների հիման վրա էլ, անհատական մոտեցումով  և ըստ վնասի արձանագրված չափի,  կազմակերպվելու է տուժած գյուղացիների օժանդակությունը:

Մինչ այդ  մարզպետարանը  կարճ ժամկետում պետք է  հաշվարկի  և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի  աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:

Գյուղացիների կողմից բարձրացված  մյուս  հարցերին ընթացք տալու համար, նախարարըխոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին:

Անկախ

Վարորդը մահացել է

ԱվտովթարՀունիսի 8-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կարմիր Աղեգի-Մղարթ գյուղերի դաշտամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ոռոգման դատարկ ջրանցքը:
Վարորդը` 1950 թ. ծնված Լևոն Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով

ԱԻՆՀունիսի 4-ին, ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ – Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը. ակտիվացել է սողանքային երևույթ, ինչից ճանապարհահատվածի ոլորանները (25 մետր) փակվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ

07.03.2014Այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայից, ուր  մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  ծանոթացել է ժամանակակից գերմանական սարքավորումներով կառուցվող ձեռնարկության շինարարության ընթացքին: Նորակառույց 8 նոր թռչնանոցներից  4 –ում  սարքավորումների տեղակայման աշխատանքներն արդեն ավարտված են, մյուսների տեխնիկական  հանդերձավորումը կսկսվի մոտ օրերս: Տարեկան  երեք հազար  տոննա թռչնամսի արտադրական հզորություն ունեցող թռչնաֆաբրիկան  կապահովի 200 նոր աշխատատեղ մարզի բնակչության համար:

Նախարարի այցելության  հաջորդ կանգառը  բազմաբնույթ արտադրական գործունեություն ունեցող Վանաձորի «Թալգրիգ» ՍՊԸ-ն էր, որն զբաղվում է ցորենի ներմուծմամբ, ալյուրի, մակարոնեղենի, հրուշակեղենի, լավաշի արտադրությամբ, մանրածախ և մեծածախ առևտրով: Ընկերության  արտադրական հզորությունների աճը հնարավորություն կտա մինչև տարեվերջ աշխատողների թիվը 90-ից հասցնել 170-ի:

Թե՛ թռչնաֆաբրիկայում , և թե՛ «Թալգրիգում»  նախարարը զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, խոստացել հնարավորինս աջակցել վերջիններիս կարգավորմանը:

Օրվա երկրորդ կեսին Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում  նախարարը  մարզպետի հետ մասնակցել է համայնքի ղեկավարների, ֆերմերների, անտառային տնտեսության աշխատողների, մարզի ագրարային ոլորտին առնչվող  մյուս մասնագետների հետ հանդիպում-խորհրդակցությանը : Իր ելույթում նա  ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ  համարել այն հանրապետության  և Լոռու մարզի համար ,խոսել պետական օժանդակման  այն  ծրագրերի մասին,  որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների  իրականացման մասին, նշելով, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու , գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ, ինչը հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  9  համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում  հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  մի քանի    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Ֆիոլետովո համայնքի  ղեկավար Ալեքսեյ Նովիկովին, «Բոզոյան» ՍՊԸ-ի տնօրեն Ջոն Պողոսյանին  և Վարդաբլուր համայնքից ֆերմեր Վռամ Գյուլզադյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

 Անկախ

 

 

Լոռու մարզում պատվաստումից հետո երեխայի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

երեխաՍպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է  «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:   Այլ տեղեկություն Գայանե Սահակյանը չի նշել՝ ասելով, որ «իրենք իրավասու չեն այլ տեղեկություն հրապարակել և որ բժշկական բոլոր փաստաթղթերը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում:   «Առայժ մենք չեն կարող որևէ ուսումնասիրություն անել, իսկ պարզաբանումներ կտանք, երբ այնտեղ էլ արդյունքները պարզ լինի»:   Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել է, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ Շարունակություն` սկզբնաղբյուր կայքում: