ՄԱՐԴԸ ԳՆՈՒՄ Է, ԱՆՈՒՆԸ` ՄՆՈՒՄ. «Ջավախք» հայրենակցական միությունը ցավակցում է Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան առիթով

E0006085-4767-48A5-ABE0-AAC622101C17_w640_r1_s_cx0_cy40_cw0Սրտի խոր կսկիծով լսեցինք ժամանակակից հայ արձակի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` Լևոն Խեչոյանի մահվան բոթը: Այլևս մեզ հետ չէ մեր ընկերը, հայրենակիցը, զգայուն ու ազնիվ հայը, փայլուն գրողն ու մտավորականը: Նախախնամության կամոք մարդկային մտքի ու ոգու մի հզոր ընթացք կասեցվեց, մի լուսավոր նպատակ խաթարվեց, որի կրողն իր կառավար թափի մեջ դեռ շատ ասելիք ու անելիք ուներ: Ավաղ, մեզ մնաց եղածով, ստեղծվածով բավարարվելու մխիթարությունը, իսկ մնացածը նա իր հետ երկինք տարավ` Աստծո տվածը վերադարձնելու:

Ջավախքում էր ծնվել, հպարտ էր, որ ջավախքցի է, Ջավախքը հպարտ էր, որ  նման պայծառ զավակ ուներ: Բայց լինելով փառահեղ ջավախքցի, նա, այնուամենայնիվ, զերծ մնաց էժանագին գավառական հայրենասիրության տարփողումից, նրա հոգում ապրող լայնախոհ հայը իր մեջ ընդգրկուն ու ամբողջական պահեց Հայաստան աշխարհի հոգսն ու ուրախությունը, խինդն ու դառնությունը, և պետական ու ազգային արժեքները բացառապես համահայկական շահերի համատեքստում արժևորեց:

Արցախում պատերազմ էր` ինքը զենքը ձեռքին զինվոր էր, ապա խաղաղություն էր` ինքը դարձյալ զինվոր էր` այս անգամ գրասեղանի առաջ ու հասարակական կյանքում: Նրա տեսակը երկրի սահման պահող տեսակ էր, հող ու հայրենիք շենացնող և վեհացնող, ազգ ու ժողովուրդ պաշտող տեսակ էր:

Պղնձի փափկությունը իր վարքով ու նկարագրով էր մերժում, ինքը երկաթի կարծրության մեջ էր: Ուժեղի ճակատագիր է` նրանք ձիու վրա ու մտրակը ձեռքերին են գնում: Միտքն անընդհատ բառ ու տողի կախարդանքով էր հմայված, գրականության, գրական տեքստի հանդեպ ինչ-որ վերերկրային պաշտամունք ուներ, բծախնդիր մի սևեռում, ինչն էլ նրա արձակը դարձնում էր ջղուտ ու անխոցելի: Զարմանալի հոտառություն ուներ գրական տեքստի ընկալման և գնահատման հարցում, իր նկարագրածը տեսանելի դարձնելու անվրեպ աչք ուներ, իր մտքով տեսածը մեզ աչքով տեսցնելու անուրանալի տաղանդ: Եվ դա նրա գրողական խաչն էր, հավատամքը, նրա այրումն ու մոխրացումը: Վարպետ էր արձակի մեջ, ճշմարիտ արձակի այդ հրեղեն թափի սանձը ձեռքին էր, բայց, ափսոս, ապրած կյանքը մի տեսակ տերյանական խոհով ու տխրությամբ ամփոփվեց. «Ինչ մնաց ինձ` ոսկյա մի ցանց, ուրիշ ոչինչ…»: Մնաց գիրը, մաշկազերծ իրականությամբ վավերացված գիրը, վարպետ արձակագրի աջով կնիքավորված գիրը…

Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան առիթով մենք մեր վշտակցությունն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Ինքն այլևս չկա, բայց կա իր ծանրակշիռ վաստակն ու թողած բարի անունը: Ուրեմն կա նաև մխիթարվելու խոհեմությունն ու խոնարհումի արժանապատվությունը: Աստված հոգին լուսավորի, և ինչպես Ջավախքում են ասում, թող որ լույսի փայ դառնա:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահություն

Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Արմեն Մազմանյանի և Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:

Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և մերձավորներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանն  ցավակցական հեռագիր է հղել  նաև արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:

Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»:

 

«Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի». Հանրային խորհուրդ

Լևոն ԽեչոյանՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար:

Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրական ժառանգության երկրպագուներին»:

Անկախ

Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենան հունվարի 10-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

խեչոյանՀոկտեմբերի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկը` Լևոն Խեչոյանը:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրում էր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ Հետագա տարիներին հրատարակվել են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995 թ.), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999 թ.), «Տան պահապան հրեշտակը» (2002 թ.), «Ձայներ և տեսիլներ» (2006 թ.), «Փուշը, հայր, փուշը» (2011թ.), «Պատմվածքներ և հարցազրույցներ» (2013թ.) և այլ ստեղծագործություններն ու ժողովածուները, որոնք գնահատվել և սիրվել են ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն հասարակայնության կողմից: 2014 թվականին կհրատարակվի նրա «Մհերի դռան գիրքը» նոր վեպը:

«Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին, 2005 թվականին «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար` Հրանտ Մաթևոսյանի անվան, 2006 թ. «Հունվարի 5-ը և 6-ը» գրքի համար` Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» և այլ մրցանակների: Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, արաբերեն, հունարեն և այլ լեզուներով:

Որպես ազատամարտիկ առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան հերոսամարտին:

Լևոն Խեչոյանը գրողի, քաղաքացու, հայի ազնվագույն տեսակ էր, անմնացորդ` նվիրված գրականությանն ու հայրենիքին: Նա իր գրականությունը ստեղծում էր տքնանքով ու  տառապանքով, իր յուրաքանչյուր բառը քամելով Հայաստանի հողից, հայ մարդու հոգուց, ապավինելով արդարությանը, ճշմարտությանը, լույսին, սիրուն և արժանապատվությանը` այն գիտակցությամբ, որ գրականություն ստեղծելը դափնեպսակի հասնելու ձգտում չէ, և ավելի ազնիվ է ունենալ «քիչ հեղինակություն արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի…»: Եվ նա իր կյանքով ու ստեղծագործությամբ  իրավացիորեն վաստակեց իր տեղը ինչպես գրականության և մարդկանց սրտերում, այնպես էլ հավերժության մեջ:

Կառավարական հանձնաժողովից Անկախին տեղեկացնում են, որ մեծ քաղաքացու և գրողի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

Ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից: