Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն անդրադառնալով ավագ դպրոցներում առկա խնդիրներին՝ նշել է, որ hանրապետությունում ավագ դպրոցների մատուցած կրթական ծառայության որակն այս պահին չի բավարարում հանրային ակնակալիքը, թեպետ ակնհայտ է, նաև, որ հանրապետությունում կան նաև լավ աշխատող, կայացած ավագ դպրոցներ: Նախարարն ընդգծել է, որ կրթական բարեփոխումների այն ճանապարհը, որն ընտրվել է, ճիշտ էր և 12-ամյա կրթության համակարգն ու ավագ դպրոցի գոյությունը հետադարձ չունի. «Վստահաբար մեր կրթական համակարգին անհրաժետ է ավագ դպրոցի գոյությունը, այլ հարց, որ կայացման ընթացքը չի բավարարում և՛ մեր հասարակությանը և ինձ, իբրև կրթության ոլորտի պատասխանատու. «Ավագ դպրոցները շատ տարբեր են. մենք ունենք ավագ դպրոցներ, որոնք, ցավոք, հեռու են իրենց ուսումնառության կազմակերպման մակարդակով և որակով այն տեսլականից, որ դրված է մեր քաղաքականության հիմքում, թեպետ դրանց կողքին ունենք նաև դպրոցներ, որոնք կարողանում են թողարկել փայլուն շրջանավարտներ, ովքեր միջազգային և հանրապետական օլիմպիադաների հաղթողներ են դառնում:
Բայց դա բավարար չէ, և մեր պահանջներն ու ակնկալիքներն ավագ դպրոցից ավելի մեծ ու հավակնոտ են և մենք մրցունակ կրթոթւյան պահանջ ենք դնում բոլոր ավագ դպրոցների առջև»,- դիմելով տնօրեններին հայտարարել է Ա. Աշտյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին ավագ դպրոցների գործունեությունը եղել է պետության ուշադրւթյան կենտրնում:
Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին՝ նախարարը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերից առանձնացրել է հատկապես ավագ դպրոցում աշակերտների հաճախելիության խնդիրը՝ ընդգծելով, որ կարգապահության վերահսկողությունը առաջնային է լինելու. «Նախորդ ուսումնական տարվա ընթացքում մի քանի ավագ դպրոցի տնօրեններ ազատվել են աշխատանքից, ես այդ մասին դեռևս նախորդ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ էի զգուշացրել,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է նախարարը և շարունակել,- Այս քաղաքականությունը շարունակվելու և ընդլայնվելու է: Իբրև նախարար՝ ավագ դպրոցներից մեր պահանջը հետևյալն է. ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության ամբողջական և լիարժեք իրագործում: Սա վերաբերում է ինչպես կադրային քաղաքականությանը, ուսուցչական անձնակազմի համալրման և պահպանման քաղաքականությանը, այնպես էլ կրթական գործընթացի կազմակերպմանը: Գաղտնիք չէ, որ ծնողների մի ստվար զանգված, հատկապես մայրաքաղաքում շահագրգիռ է, որ երեխան վերջին տարվա ընթացքում չգնա դպրոց, այլ հաճախի կրկնուսույցի մոտ: Այս երևույթի դեմ շատ դժվար է պայքարել, որովհետև մեր և այդ ծնողների՝ երեխայի կրթություն ստանալու ընկալումները տարբերվում են: Այսօր կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու պարտադիր պահանջ չէ այլևս. շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը և կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Այդ մասին է փաստում նաև բարձր միավորներով բուհեր ընդունված ուսանողական համակազմի վերլուծությունը. նրանց մեջ շատ են հատկապես մարզերի դիմորդները, որտեղ չկան ակադեմիական տիտողսներ ունեցող կրկնուսույցներ»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ տարվա ընթացքում լինելու են անակնկալ այցեր ավագ դպրոցներ, և բացակայությունների նկատմամբ լինելու է կտրուկ մոտեցում: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ քոլեջներից դեպի բուհ անցման կարգում կատարվել է օրենսդրական փոփոխություն. քոլեջից բուհ տեղափոխվելը առկա համակարգում վերացվել է՝ քոլեջների շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել միայն բուհերի հեռակա բաժիններում: Անդրդառնալով ավագ դպրոցների շենքային պայմաններին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է ավագ դպրոցների նորոգում և գույքային համալրում: Հանրապետությունում կձևավորվեն նաև կապիտալ նորոգված և արդիական դպրոցի բոլոր պահանջներին համապատասխան 17 ավագ դպրոցներ՝ յուրաքանչյուր մարզում մեկական և ևս մի քանիսը Երևանում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի ու «Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ մշակում է ռազմահայրենսաիրական դաստիարակության նոր հայեցակարգ, որը նպատակ ունի բարձրացնել ռազմահայրենեսիրական կրթության դերը:
Խորհրդակցության ավարտին նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են սովորողների բացակայություններին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը, ավագ դպրոցներւմ կրեդիտային համակարգի ներդրմանը և բազմաթիվ այլ խնդիրների:
Tag Archives: խորհրդակցություն
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած վեց ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը` Դավթաշեն վարչական շրջանները: 2014թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով` ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:
Անդրադառնալով վարչական շրջանների գրանցած արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատկանշելով Արաբկիր վարչական շրջանի գրանցած ցուցանիշը, ընդգծել է, որ այն լավագույնս ապացուցում է գնահատման համակարգի ներդրման արդյունավետությունը. «Բոլորդ եք հիշում, որ դեռևս երկու տարի առաջ Արաբկիրը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը: Բայց հետևողական և սրտացավ աշխատանքի արդյունքում վարչական շրջանի ողջ թիմը հասավ ցանկալի այն արդյունքին, որն ունի այսօր, ինչի համար և իմ շնորհակալությունն ու գոհունակությունն եմ փոխանցում Արաբկիրի ողջ թիմին: Անշուշտ, գովելի է նաև այն ակնհայտ մրցակցային ոգին, որ ձևավորվել է վարչական շրջանների միջև: Եվ, այս ամենը հաշվի առնելով, ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում փորձել շտկել նկատված բացթողումները: Ըստ այդմ, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին էլ հանձնարարվել է տեղերում աջակցել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերին՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով. «Երևանցիների սպասելիքները մեր թիմից իսկապես մեծ են, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել նրանց սպասելիքները»,- ընդգծել է քաղաքապետը:
Խորհրդակցության վերջում, անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված և ընթացիկ աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերով իրականցվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող կանոնակարգված գործունեությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին և պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծեց աշխատանքի յուրահատկությունը և այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում:
Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծեց ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը` ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետևողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։
Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց ծառայության կառուցվածքն ու գործունեությունը։
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ 2014 և 2013 թվականների արդյունքների համեմատական վերլուծությանը, ծանոթացավ վարչության ստորաբաժանումների ծառայողներին, անդրադարձավ նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման, ծանրաբեռնվածության նվազեցման, ծառայության տեխնիկական հագեցման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կրկին հիշեցրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության գերխնդիրը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլև վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երևույթների նվազեցման գրավականներից է:
Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունը
Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է: Վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել գործընթացի իրականացումը, մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքների և 2014թ. ամառային զորակոչի խնդիրների մասին, Յուրի Խաչատուրովն ընդգծել է զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչին առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են, Յուրի Խաչատուրովն անդրադարձել է զորակոչվածների թվաքանակի, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, ոչ շարային և շարային ծառայության զորակոչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: ԶՈւ գլխավոր շտաբի պետը մատնանշել է զորակոչի ընթացքում առավել արդյունավետ աշխատած և աչքի ընկած, ինչպես նաև որոշ հարցերում թերացած զինկոմիսարիատները:
Խորհրդակցության ընթացքում հնչած այլ ելույթներում արծարծվել և քննարկվել են երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև զորակոչին առնչվող այլ հարցեր:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնելով կատարված համատեղ լայնածավալ ու արդյունավետ աշխատանքի համար` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման առումով տվել է նաև մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
ՀՀ ոստիկանության պետի մարզային այցելությունները շարունակվում են. հերթականը Սյունիքի մարզն էր
Մարտի 13-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզում էր:
Ինչպես տեղեկացնում է police.am-ը, ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:
Նշելով, որ ամեն ինչ արվում է նախկին իրավապահ համակարգի լավագույն ավանդույթները նոր սկզբունքներին շաղախելու համար՝ սստիկանության պետը կարևորեց յուրաքանչյուր ծառայողի անձնական պատախանատվության խնդիրը նոր ոստիկանության կազմավորման գործում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկան անցյալում է և այլևս չի հանդուրժվելու, իսկ հանցագործությունների բացահայտման գործում առաջնայինը ոստիկանի պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների, հմտության ամենօրյա կատարելագործումն է:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը բարելավելու ուղղությումբ՝ նկատի ունենալով, որ այդ ստորաբաժանումները շփման ամենամեծ մակերեսն ունեն հանրության հետ, և առաջին հերթին նրանց գործունեությամբ է պայմանավորված հանրության վերաբերմունքը ոստիկանության հանդեպ:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը նշեց, որ այցելությունները մարզային ստորաբաժանումներ լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական արդյունքներ:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը կարևորեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության գործունեության մեջ առանձնացրեց անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ նշելով, որ հենց այդ առաջնահերթությամբ է պայմանավորված ոստիկանության անչափահասների գործերով բաժնի վերակազմավորումը ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների գործերով վարչության:
Ոստիկանության պետը անչափահասների հիմնախնդիրն առնչելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին կոչ արեց օգտագործել իրենց դիրքն ու հեղինակությունը, որպեսզի տներում անօրինական զենք և զինամթերք չպահվեն և մարդիկ զերծ մնան ամեն տեսակ փորձանքներից:
Կարևորելով Սյունիքի մարզի նշանակությունը հանրապետության համար՝ Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց անզիջում լինել արատավոր երևույթների հանդեպ, սերտորեն գործակցել ոստիկանության հետ՝ իրենց օրենքից վեր դասողների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, բռնությունների, զենքի կիրառման և այլ հանցավոր դրսևորումների դեմ պայքարում:
Հանդիպումն ավարտվեց ոստիկանության և համայնքների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների գործնական քննարկումով:
Սեմինար-պարապմունք ոստիկանությունում
Մարտի 14-ին, ինչպես տեղեկացնում է police.am-ը, տեղի ունեցավ հերթական սեմինար-պարապմունքը ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց դասընթացի թեման և ստորաբաժանումների ղեկավարների խնդիրները:
Այնուհետե ոստիկանության պետի աոաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մանրամասնեցին գործնական պարապմունքի թեմատիկ պլանով նախատեսված հարցերը, անդրադարձան բաժինների կողմից սպասարկվող տարածքների առանձնահատկություններին, անձնակազմերի հետ տարվող աշխատանքին, ծառայողական և կատարողական կարգապահության ոլորտում առկա թերություններին ու դրանց վերացման միջոցներին։

Դասընթացի ծրագրային խնդիրների քննարկումից հետո սեմինար-պարապմունքի մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ։
Այցելություն Արագածոտնի մարզ. խորհրդակցություն և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Խորհրդակցություն` նվիրված ռազմաբժշկական խնդիրներին
Ըստ ՀՀ պաշտպանության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության` «Անկախին» հաղորդած տեղեկությունների, հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2013 թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել, որ ռազմաբժշկական ծառայությունը հետևողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում:
Խորհրդակցության ընթացքում արծարծվել են եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը: Քննարկվել են նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվել է, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայութայն: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը: Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները:
Խորհրդակցության արդյունքում որոշվել է ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Բնապահպանության նախարարությունում
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով: Նախարարության խորհրդակցությունների դահլիճում՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և հետագա ծրագրերի մասին Նախագահին զեկուցել են Բնապահպանության նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը: Նախարար Արամ Հարությունյանը, մասնավորապես, ներկայացրել է 2010-2013թթ. Բնապահպանության նախարարության գործունեության հիմնական արդյունքները՝ առանձնացնելով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման, դրանց վերականգնման, բնապահպանական վերահuկողության, պետական փորձաքննության և թույլտվությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքի ուղղությամբ աշխատանքներն ու բնապահպանության ոլորտի մի շարք մարտահրավերներ, այդ թվում` ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործող ենթաճյուղերի արագ զարգացման արդյունքում ջրային ռեսուրսների գերշահագործումը: Նախարարը զեկուցել է նաև ս.թ. սեպտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ՝ Արարատի և Արմավիրի մարզերի ապօրինի շահագործվող խորքային հորերի լուծարման ուղղությամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքի մասին: Իրավիճակին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել հանձնարարականների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ զեկուցել իրավիճակը: Նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարները կանաչ տնտեսության անցման տեսանկյունից՝ հարցը դիտարկելով 2010թ. ընդունված Բնապահպանության ազգային անվտանգության ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների և նախատեսվող գործընթացների համատեքստում: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հասարակայնության և ԶԼՄ-ների հետ նախարարության համագործակցությունն ու այդ շրջանակներում իրականացված աշխատանքները՝ համապատասխան վիճակագրությամբ: Նա զեկուցել է ոլորտում գործունեություն ծավալած բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների ընթացքը, նախարարության հեղինակած օրինագծերի շուրջ կազմակերպված հասարակական լսումների և բնապահպանական փորձաքննության հանձնված նախագծերի վերաբերյալ անցկացված հանրային քննարկումների մասին՝ ներկայացնելով նաև էկոկրթության ոլորտի օրենսդրական հիմքերի և ինստիտուցիոնալ կառուցվածքի բարելավման ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումները: Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների 2014-2020թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական սահմանների ընդլայնում, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կարգավորում, այս ուղղությամբ միջազգային փորձի կիրառում և այլ երկրների հետ համագործակցության սերտացում: Աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող և նախատեսված ծրագրերը: Զեկույցները լսելուց հետո, Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն նախարարության գործունեության շրջանակներին: Բնապահպանության նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով, օրերս ավարտված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ նախատեսվող դեպի Արցախ նոր ճանապարհի կառուցման հեռանկարով, ինչպես նաև սոցիալական հարցերով: Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը: «Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր,տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ: Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում ևս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության ավարտին անդրադառնալով Բնապահպանության նախարարության գործունեությանն ու բնապահպանական խնդիրներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն նշել է, որ այդ խնդիրները բնականորեն բոլորի՝ իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում են: Նախագահի խոսքով, ակնհայտ է, որ դրանց թիվ մեկ պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է, ոլորտի փորձագետները, մասնագետները: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր և հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա և ոչ բանական օգտագործումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ըստ Նախագահի, միանգամայն հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել այդ խնդիրներով և բարձրաձայնել իրենց կարծիքն ու ներկայացնել լուծման ուղիների իրենց առաջարկները, որպեսզի նման հետևանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացումն ապահովվի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է, որպեսզի գործառույթների, այդ թվում նաև՝ պարտականությունների շրջանակներում, կարողանա կարճ ժամկետում կանոնակարգել բոլոր խնդիրները բնապահպանական ոլորտում: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի և ոլորտի այլ խնդիրների մասին՝ Նախագահը շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պետք է լսելի լինի, և դա նախարարության պարտականությունների շրջանակում է. «Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որևէ սահմանափակումներ մտցնելը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու և գնալով ոչ միայն բնապահպանների, այլև տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու: Ուղղակի ես կոչ եմ անում մեր նախարարության աշխատակիցներին և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան ցուցադրական միջոցառումներից, շոուներից և եթե նրանք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»: Խորհրդակցության ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին և կարևորել քննարկված բոլոր խնդիրների լուծման համար հստակ ժամկետների սահմանումը: Նման մոտեցումը Նախագահը կարևորել է նաև այլ ոլորտների պարագայում: Բնապահպանության նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այսօր արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների և մոնիթորինգի բաժնի պետ Հովիկ Աղինյանը, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը և աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Ստեփանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով: |
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Մշակույթի նախարարության ղեկավար անձնակազմի հետ
![]() |
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն: Պետական կառավարման մարմիններ իր նախորդ այցերի օրինակով, Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության հիմնադրույթները՝ երեք հիմնական ուղղություններով. մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի` որպես մշակույթի սպառողի ձևավորում: Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, մասնավորապես, զեկուցել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում՝ հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում, թանգարաններ, գրադարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, իրականացված միջոցառումները և նախատեսված ծրագրերը: Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանը զեկուցել է ժամանակակից արվեստի զարգացման և տարածման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մշակութային արտադրանքի ստեղծման համար մրցակցային դաշտի ձևավորման, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային կրթության ոլորտում և միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքն ու գործունեությունը, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Զեկույցների վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն մշակույթի նախարարության գործունեությանը, այլ նաև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այդ կապակցությամբ հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, Նախագահը պատասխանել է. «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի Նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի Նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա»: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքի սկզբում նշելով, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել, Նախագահն ընդգծել է, որ այսօր բոլորիս խնդիրն է և առաջին հերթին՝ Մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը: «Սա չափազանց դժվար, մեծ և պատվաբեր աշխատանք է»,-ասել է Նախագահը՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ և կազմակերպված: «Սա, իհարկե, չափազանց ողջունելի երևույթ է: Մարդ իր աշխատանքը պետք է սիրի և իր աշխատանքը պետք է լավ իմանա ու նաև պետք է կարողանա մատուցել: Այս պարագայում, այն փոփոխությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, կարծում եմ, ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ»,-նշել է Նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև նորահայտ պատմական արժեքների թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը: Եվ դա անել նույնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակին: «Կարծում եմ, սա չափազանց կարևոր խնդիր է: Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, չպետք է մոռանանք մշակույթի այն արժեքները, որոնք, եթե կարելի է այս բառն օգտագործել, նաև ոլորտաստեղծ նշանակություն ունեն: Դրանց մենք անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-ընդգծել է Նախագահը: Նախագահը հորդորել է նաև ստեղծագործական միությունների հետ նախարարության համագործակցությունն ավելի ակտիվ դարձնել՝ նշելով, որ չնայած դա նախարարության անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, այդ աշխատանքը կարևոր է և անհրաժեշտ: Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: Խրախուսանքի են արժանացել, մասնավորապես, նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: |
ԼՂՀ -ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը
Այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմ, գնդապետ Մխիթար Ավշարյանի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա գարնանային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին նաև հավաստիացրել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը հաջողությամբ իրականացնելու համար:
Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետ, գնդապետ Գրիգորի Գասպարյանի զեկույցը: Բավարար գնահատելով գարնանային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաև զորամասերում և ստորաբաժանումներում՝ նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող գործընթացների ընդհանուր վիճակը:
Օրակարգային հարցերի շուրջ հանդես եկան նաև հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը և Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը:
Զեկույվներից ու ելույթներից հետո ներկաների համար ցուցադրվել է “Երիտասարդ համալրման գործընթացի կազմակերպումը պաշտպանության բանակում” վերտառությամբ տեսաֆիլմը: Այնուհետև ներկայացվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի “2013թ. գարնանային զորակոչի արդյունքների մասին” հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:
Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել ավտոկայանումների համար ապօրինի գանձումների իրականացումը

Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում ու կրթական մյուս հաստատություններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել նաև բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող փողոցների բարեկարգման, ճաքալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Զեկուցվել է, որ զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշտական ուշադրության կենտրոնում պահել վթարված լուսացույցների փոխարինման և գծանշման աշխատանքները:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.6 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք և իրականացվել են քանդման աշխատանքներ:
Քաղաքապետը մեկ անգամ ևս ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման մասով: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ցանկացած ապօրինի շինություն ապամոնտաժվելու է:
Հանձնարարվել է նաև խստորեն հետևել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման մասով զեկուցվել է, որ շարունակվում է առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների վերականգնման գործընթացը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու աշխատանքները: Հսկողություն է իրականացվում նաև տերևների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն





