Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

սերժ սարգսյանԾննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

ՀՀ Նախագահին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»,-ասված է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի կապակցությամբ,

Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության:

Դուք անձնական մեծ ներդրում եք կատարում մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ռուս-հայկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի առաջիկա լիամասշտաբ միացումը:

Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք»:

ՌԴ Նախագահը Նախագահ Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցել է նաև այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Ես բարձր եմ գնահատում այն մեծ ջանքերը, որ Դուք ներդնում եք հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում՝ ուղղված համակողմանի համագործակցության ակտիվ առաջխաղացմանը: Հայ-չինական հարաբերությունների զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեծ ջանքեր ներդնել երկկողմ քաղաքական փոխգործակցության խորացման, ավանդական բարեկամության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»:

Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը

unnamedԱյսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը:  Հոբելանյական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով  ազդարարելով «Շիրազյան տարվա»  սկիզբը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց  Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:  Այնուհետև տեղի ունեցավ  մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և  իր խոսքում նշեց, որ նման մեծանուն բանաստեղծի  ծննդավայրում ապրելն արդեն մեծ պատիվ է յուրաքանչյուր գյումրեցու համար:  Քաղաքապետը խոսեց նաև մեծ գյումրեցու թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես նաև պատմեց դրվագներ վերջինիս կյանքից:

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև հոբելյանական հիշատակի երեկոների անցկացում Գյումրիում և Երեւանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների  մրցույթի կազմակերպում և այլն:

Միջոցառմանը ներկա էին նաև Հովհաննես Շիրազի զավակներ Աստղիկ և Վանանդ Շիրազները:

Անկախ

Մենք հանճարեղ ընթերցողներ կլինենք. Գրող

ընթերցողՓետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Այս նախաձեռնությունը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին : Գրերի գյուտից անմիջապես հետո գրաբարով ստեղծվել են հայ մատենագիրների գիտական, պատմական ու կրոնական գրքեր, իսկ մեր տպագիր գրքի պատմությունն արդեն ունի 500 տարվա պատմություն: Գիրքը միշտ եղել է հայերի անբաժան ուղեկիցը, նվիրական մասունքներից մեկը. նույնիսկ ամենադժվարին պահերին, երբ մարդ փորձել է ամեն գնով իր կյանքը փրկել, չի մոռացել տանել գրադարանի գոնե իր համար ամենաթանկարժեք գիրքը: Միգուցե, այսօր շատ են խոսվում, որ հայ մարդը հեռացել է գրքից, չի կարդում, բայց միաժամանակ շատերը հակառակ տեսակետն են պնդում, որ հայերը շարունակում են գիրք կարդալ:

Գրող, բանաստեղծ Արաքս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առանց գիր ու գրականության կյանքն անգույն ու խամրած է, երբ ցանկություն կա որեւէ հեղինակի ստեղծագործության անդրադառնալ, ապա չպետք է երկմտել, միանշանակ դա օգտակար է: Գիրք գրելը, հրատարակելը, կարդալը, լեզուն պահպանելու կարևորագույն պայմաններից մեկն է, իսկ լեզուն, ինչպես ասել է Խաչատուր Աբովյանը` /Մեր ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը/.

/Գիրքը, հատկապես գեղարվեստական գիրքը, այլընտրանքային իրականություն է:

Գեղարվեստական գրականություն կարդալու ցանկությունը մեծ է հատկապես հետաքրքրասեր մարդկանց շրջանում,  սակայն կան անհատներ, ում կյանքը բովանդակալից է, հետաքրքիր, եւ գիրք կարդալն իրենց չի ձգում/:

Շատ ենք լսել /գիրք կարդալը նորաձեւ է/ արտահայտությունը, եւ եթե իսկապես փորձում ենք նորաձեւ լինել, ապա միանշանակ պետք է սկսել գիրք կարդալ: Մենք հանճարեղ ընթերցողներ կլինենք, բազմազան գրականությունն էլ հասանելի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

մոնթե մելքոնյանԱզգային հերոս Մոնթե Մելքոնյանը տոնակատարություններ չէր սիրում: Սեփական ծննդյան օրն էլ հաստատ չէր նշի, բայց նրա ընկերները չհիշել չէին կարող: Ուղիղ 56 տարի առաջ ամերիկյան Վայսեյլի ավանում ծնվել է ապագա ազգային հերոսը: Նա միայն 12 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին ու այդ պահից սկսած ուսումնասիրել է հայոց պատմությունը ու նվիրվել ազգային ազատագրական շարժմանը:

Ալեք Ենիգոմշյանը Մոնթեի մտերիմ ընկերն է եղել: Մոնթեին հիշում է ճշտապահության ու մարդասիրության պատմություններով. պատերազմի դաշտում ամենադաժան մարտիկը խաղաղ պայմաններում ամենաբարին էր: Ալեք Ենիգոմշյանը հիշում է, թե ինչպես Մոնթեն արյուն տվեց գերի վերցված ադրբեջանցի զինվորին:

Մոնթեի տարեդարձը կնշեն նաև մեծ համերգով:

armnewstv.am