«Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով խաբեությամբ յուրացրե՞լ է իրեն հանգանակված 80.000 եվրոն

կարեն-մկրտչյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանն այսօր իր էջում սենսացիոն հրապարակմամբ է հանդես եկել: Նա գրել է, որ դերասան Կարեն Մկրտչյանը, որի բուժման նպատակով ավելի քան 80. 000 եվրո էր հավաքվել, ոչ այլ ինչ է, քան սովորական շառլատան:

Նա մասնավորապես գրել է.

Նախապես ասեմ, որ ինքս էլ ոգևորված չեմ այն պատմությամբ, որն այժմ ձեր դատին եմ հանձնում, ու շատ անգամ եմ այն հավաքել համակարգչիս մեջ, բայց ձեռքս դողացել է «հրապարակել» կոճակին սեղմելիս: Պատմությունը, որը ձեզ հիմա պատմելու եմ, ու փաստերը, որոնք բերելու եմ, ծայրահեղ տհաճ են ու ցավեցնող: Տհաճ են առաջինը այն տեսանկյունից, որ փչացնելու են մի շատ գեղեցիկ պատմություն, որում գլխավոր հերոսը դժվար կացության մեջ հայտնված մի խեղճ դերասան է, և ողջ ազգը շտապում է նրան օգնության: Իհարկե, հասկանում եմ, որ այս թեմայի արծարծումը նման տեսանկյունից կարող է և վնասել միանգամայն անմեղ ու ազնիվ մարդկանց, որոնք իսկապես օգնության կարիք ունեն, բայց ինչպես ասում են, դառը ճշմարտությունն ավելի նախընտրելի է կեղծիքից: Ու թող որ այդ կեղծիքը լավն է, գեղեցիկ է ու հուսադրող, բայց ես ձեզ կպատմեմ այն, ինչ գիտեմ՝ առանց խմբագրելու ու փաստերը թաքցնելու:

Այսօր՝ 2014 թվականի հուլիսի 9-ին, համբերությանս բաժակը վերջապես լցվեց: Դա եղավ այն բանից հետո, երբ առավոտյան աշխատանքի շտապելիս երթուղայինում ոտքի վրա կարդացի դերասան Կարեն Մկրտչյանի հարցազրույցը այն մասին, որ ինքն ապաքինվել է, ավելին՝ պատրաստվում է ֆիլմ նկարել: Ուշադրություն, խնդրում եմ, ֆիլմ նկարել է պատրաստվում մի մարդ, ով ամիսներ առաջ անգամ գումար չուներ, որ ընտանիքի նվազագույն կարիքները հոգար և հազիվ տան վարձն էր վճարում, իսկ հիմա նա այդքան ազատ միջոց ունի ֆիլմ նկարելու համար:

Ավելի ճիշտ կլինի սկսեմ ամենասկզբից: Դերասան Կարեն Մկրտչյանի վրա հարձակում է տեղի ունենում, որի արդյունքում նա հոսպիտալացվում է, ու բժիշկներն առանց վարանելու նրա մոտ ախտորոշում են «ուղեղի ցնցում»: Ամիսներ անց նրան այցելում մի լրագրող և Կարենից վերցնում մի հարցազրույց, որն ամիսներ անց դառնալու էր նրա բուժման հիմնական երաշխավորը:


Սովորական ուղեղի ցնցումից հետո Կարենը հայտարարում է, որ էլ չի կարող քայլել, ապա սկսում է կակազել, ապա առհասարակ դադարում է խոսել: Ի դեպ, նա կակազում է շատ վատ: Գուցե նա դերասան է, բայց վատ դերասան է: Տեսանյութը դիտած լոգոպեդ ընկերներս փաստեցին, որ կակազող մարդը չի կարող նման կերպ կակազել: Որոշ տառեր նա չի կարողանում արտասանել, ապա տեսանյութի վերջնամասում այդ տառերն արտասանում է ու սկսում է կակազել միանգամայն այլ տառերի վրա: Փաստացի, եթե Կարենը խնդիր ունենում է խոսելու հետ, դա չի լինում այն ձևով, որը նա ներկայացնում է տեսանյութում: Կոպիտ ասած՝ նա դերասան է և դերասանություն է անում: Դա նրա մասնագիտությունն է: Ամեն դեպքում, չկենտրոնանանք սրա վրա:

Տեսանյութից հետո լրատվական դաշտում սկսվում է իսկական արշավ ու հանգանակություններ են սկսում հոսել դեպի Կարենի բանկային հաշիվը: Ընթացքում տարբեր մարդիկ սկսում են պատմության մելամաղձոտ երանգներ հաղորդել. Կարենը ազատամարտիկ է (ՊՆ-ն ու որևիցէ այլ պատկան մարմին այդպես էլ չի հաստատել Կարենի ազատամարտիկ լինելու փաստը): Հիշեցնեմ, որ նույն կերպ ասում էին, որ շատ հզոր ազատամարտիկ ու հերոս է նաև Մոսկվայում վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանը: Բայց ինչևիցե: Մենք սիրում ենք հորինել ու ճոխացնել, ապա հիասթափվել՝ պարզելով, որ շատ ենք ճոխացրել:
Ապա սկսում են տարածվել ինչ-որ դավադրության տեսություններ այն մասին, որ որակյալ դերասանների որս է գնում ու դրանով էլ ավելի հերոսացնել Կարեն Մկրտչյանին:

Ապա մամուլում նորից սկսում է հայտնվել Կարեն Մկրտչյանի բնակարանը, որտեղ նա վարձով է մնում: Հետագայում պարզվում է, որ դա ոչ թե վարձով տուն էր, այլ նրա աներոջ բնակարանն էր:

Ապա հնչեցվում է պատմության ամենակարևոր թիվը՝ 80.000 եվրոն: Ըստ թիվը հրապարակողների՝ հենց այս հսկայական գումարն էր անհրաժեշտ Կարենին վիրահատելու համար: Հիշեցնեմ, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, որը գրված է նաև նրա էպիկրիզում, իսկ այդ գումարով, օրինակ, Գերմանիայում, որտեղ մեկնեց Կարենը, կարող են փոխպատվաստել երիկամ և ոսկրածուծ միանգամից (յուրաքանչյուր վիրահատության գինը 30.000-ից 40.000 եվրո է):

Ապա հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և նրան խնդրում է իրեն ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը՝ պահանջվող ծախսերի մասին: Կարենը, իհարկե, դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80.000 եվրո արժողությամբ վիրահատություն չեն անում:

Արդյունքում Կարենը հավաքում է «անհրաժեշտ» գումարը գերազանցող գումար ու ընկերոջ հետ մեկնում է Գերմանիա: Նկատենք, որ ոչ թե կնոջ կամ մեկ այլ հարազատի, այլ հենց ընկերոջ, ում հետ ոտատակ է տալու Գերմանիան, ու ում հետ կայֆավատ լինել սկսեց հենց ինքնաթիռից: Իսկ այդ տեսանյութը, որտեղ տղերքը ջան են ասում, ջան լսում ու կատակում, հեռացվեց յութուբից:
Ի դեպ, այն մասին, որ գումարը հավաքվել է, Կարենը ասում է այն ժամանակ, երբ արդեն կասկածներ էին շրջանառվում, որ հավաքվել է 80.000 եվրոյից ավել գումար: Ու Կարենը դա անում է մարդկանց բերանը փակելու համար ու մեկնում:
Ապա Կարենը իր ուրախ ընկերոջ հետ ժամանում է Գերմանիա ու հետազոտվելուց հետո պարզվում է, որ արի ու տես, որ ոչ մի վիրահատություն էլ անհրաժեշտ չէր: Նրան ինչ-որ դեղեր են նշանակել, մասաժներ են արել ու հաշված շաբաթներում Կարենը վերականգնվել է: Ընթացքում ազատամարտիկ և հերոս Կարենը, իհարկե, չէր մոռանում հուզախառն նկարներ նկարվել ու նամակներ ուղարկել Գերմանիայից:
Ապա Կարենը գալիս է Հայաստան, նրան դիմավորում են իբրև հերոսի, ով պայքարեց ու հաղթեց հիվանդությանը: Հիմա էլ նա ասում է, որ դեռ բուժման մի կուրս էլ ունի, բայց արդեն լավ է ու իրեն նվիրելու է արվեստին ու ֆիլմ է նկարելու: Փաստորեն, փողը Կարենի մոտ գյոլ ա տվել:
Հիմա հարցս Կարենին: Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղիր, հրապարակիր ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է, ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ո՞ւր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչո՞ւ ես լռում դրանց մասին: Ինչո՞ւ չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների»,-գրել է օգտատերը:

 

Հիշեցնենք, որ դերասան Կարեն Մկրտչյանը 2013-ի դեկտեմբերի 26-ին անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել իր բնակարանի մուտքում և հոսպիտալացվել՝ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ, որից հետո գտնվում էր անվասայլակին, կակազում էր և դժվարությամբ էր շարժվում:

Նրան Գերմանիա բուժման ուղարկելու նպատակով Հայաստանում կազմակերպվել էր մեծ դրամահավաք, որի օգնությամբ դերասանն ընկերոջ հետ մեկնել էր և օրերս վերադարձել Հայաստան՝ գրեթե ապաքինված։

Անկախ

Կարեն Մկրտչյանն արդեն նորմալ խոսում է և ազատվել է մի շարք ցավերից

198198

Դերասան Կարեն Մկրտչյանի ընկերը` Վարդան Արզումանյանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով նոր տեղեկություններ է հաղորդել դերասանի առողջական վիճակի մասին: Նա մասնավորապես գրել է.

«Գերմանացի բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Կարենն այսօր խոսում է շատ լավ և ազատվել է մի շարք ցավերից: Այսօր վերջնական պարզ դարձավ, որ պետք է կատարվի ողնաշարի վիրահատություն, նախավիրահատական եւ հետվիրահատական բուժումները, նախնական տվյալներով, կտևեն 3 ամիս: Նաև փոխանցում եմ Կարենի խոսքերը. «Շատ շնորհակալություն իմ ազգին, ում շնորհիվ ես հաղթում եմ այս ցավը, ուռաաաա: Դե ես էլ դեռ կշփվեմ ձեզ հետ, բարևներ Ֆրայբուրգից»:

 

Անկախ

Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի բուժման

DSC_4926Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում մարտի 24-27-ը կգործի բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսին ներկայացված են բուհի ուսանողների և դասախոսների աշխատանքները։ Բարեգործական այս միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացմանը հույս հայտնեց, որ ցուցասրահում ներկայացված նկարները չեն մնա պատից կախված, կգտնվեն մարդիկ, ովքեր, գնելով արվեստի գործերը, իրենց ներդրումը կունենան Կարեն Մկրտչյանի բուժման գործում։ «Բարեգործական այս նախաձեռնությանը միացել են բազմաթիվ երիտասարդներ և ուսանողական կառույցներ։ Այս օրերի ընթացքում հանգանակություններ կլինեն նաև տարբեր ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների կողմից։ Ողջունելի նախաձեռնություն է, ինչը գալիս է ապացուցելու մեկ բան. երիտասարդությունն անտարբեր չէ և կարեկից է մարդկանց ծանր պահերին։ Ուսանողությունը բոլոր սոցիալական ծրագրերի կողքին է, և առանց նրանց՝ շատ դժվար կլինի իրականացնել ցանկացած սոցիալական ծրագիր»,- ասաց Կարեն Ավագյանը։

Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված է շուրջ 40 նկար. դրանց արժեքը սկսում է 20 հազար դրամից։ «Յուրաքանչյուր ստեղծագործողի համար իր աշխատանքը շատ մեծ արժեք ունի, բայց քանի որ ակցիան բարեգործական է, հեղինակները որոշել են մատչելի գներ սահմանել, որպեսզի հնարավորինս շատ նկար վաճառվի»,- ասաց ուսխորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ ներկայացված են նաև անվանի նկարիչների ստեղծագործություններ։

Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, որ բուհի ուսանողները բարեգործական ցուցահանդես, դրամահավաք են կազմակերպում. «Սա ինքնաբուխ ծնված միջոցառում է։ Եթե իմանանք, որ այս նկարները գումարի տեղ կարելի է փոխհատուցել, կամ հնարավոր է տանել որևէ տեղ, և այդ երիտասարդին օգուտ տալ, ապա սիրով կտրամադրենք»։

Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 27-ը, այնպես որ՝ արվեստի սիրահարներին հրավիրում ենք մատչելի գներով ձեռք բերել գեղեցիկ ստեղծագործություններ և օգնել Կարեն Մկրտչյանի բուժման խնդիրները լուծելու հարցում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կարենն անցնում է հետազոտությունների փուլը. մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան

198198Դերասան Կարեն Մկրտչյանի ընկերը` Սանյա Փարսադանյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Չնայած այն բանին, որ ամբողջ գումարը դեռ չի հավաքվել, Կարենը մեկնել է: Կարենը հիմա արդեն անցնում է հետազոտությունների փուլը, մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան: Կարենն ասում է, որ իրեն շատ է դուր եկել այնտեղ` մանավանդ օդը շատ մաքուր է:

Ինչ վերաբերում է դրամահավաքներին, դադարեցված է միայն փողոցային դրամահավաքը, ուշադրություն, միայն փողոցային դրամահավաքը: Որովհետև հայտնվում են տարատեսակ արարածներ, ովքեր փորձեր են կատարում իրենց օգուտը քաղել այս ամենից: Քանի որ գումարը ամբողջությամբ դեռ չի հավաքվել, կազմակերպված են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարենի հաշվեհամարին, ինչպես նաև բոլոր միջոցառումների ժամանակ դրված են լինելու արկղեր, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հանգանակություն կատարել:

21.03.2014 Կինո Մոսկվա, Կարենի ֆիլմի ցուցադրություն, մուտքը անվճար, ժամը 19:30, 20:00, 20:30

22.03.2014 DJ-ների համերգ Հյուսիսային պողոտայում 14:00-21:00

30.03.2014 Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ բարեգործական համերգ

Հաշվեհամարներ
UNIBANK AMD 24100265048901,

USD 24100265048902,

EURO 24100265048903:
Միայն Beeline -ի և Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը` 500 դրամ”:

 

Հիշեցնենք, որ դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը բուժման նպատակով արդեն գտնվում է Գերմանիայում:

 

Անկախ

Բարեգործական ակցիա՝ դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար

կարեն մկրտչյանԵրկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 13.00, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում (Իսահակյան 36) կբացվի ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցադրված կլինեն բուհի ուսանողների, դասախոսների աշխատանքները։ Միջոցառման ժամանակ ցանկացողները կարող են նաև հանգանակություն կատարել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը։

Բարեգործական ակցիան կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կարեն Մկրտչյանը խնդրում է դադարեցնել իր համար արվող փողոցային բոլոր դրամահավաքները

198198

Ֆեյսբուքյան օգտատեր Սանյա Փարսադանյանն իր էջի միջոցով դերասան Կարեն Մկրտչյանի անունից շտապ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Կարենի ցանկությունն է` այսօրվանից դադարեցնել իր բուժման համար իրականացվող բոլոր փողոցային դրամահավաքները:

«Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար չտաք, քանի որ արդեն կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ դրված են լինելու արկղեր հանգանակության համար: Մարտի 19, 20, 21 «Կինոմոսկվայում» տեղի է ունենալու Կարենի ֆիլմի պրեմիերան, մուտքը անվճար է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ, անվճար: Մարտի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա DJ-ների համերգ, այնտեղ նույնպես դրված կլինի հանգանակության արկղ: Մարտի 30-ին Դինելի և Պաուզա Անոյի համերգը՝ տոմսի արժեքը 2000 դրամ: Եվ միայն այսօր «Փեթակ» առևտրի կենտրոնի 122 տաղավարի մոտ մինչև ժամը 18:00 դրված է լինելու թափանցիկ արկղ:

Եթե հանկարծ քաղաքում նկատեք դրամահավաք կատարողների, ապա շատ շտապ տեղեկացրեք ինձ կամ Կարենի ընկերներից որևէ մեկին:

Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը 500 դրամ»,-գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դերասան, ազատամարտիկ 38-ամյա Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ին Երևանի Գայի պողոտայի 2-րդ շենքի մուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարվել, որի ժամանակ աստիճաններից գլորվելու հետևանքով ուղեղի ցնցում էր ստացել:

Այնուհետև դերասանի վիճակը գնալով վատացել էր: Այսօր նա գտնվում է անվասայլակին և օրեցօր ավելի դժվարությամբ է խոսում:

 

Անկախ

Ակտիվիստները 181720 դրամ անձամբ փոխանցել են դերասանին

օգնություն, Կարեն ՄկրտչյանԴերասան, տաղանդավոր ու բարի, հոգատար, համով, հոտով, հումորով, լավ մարդ Կարեն Մկրտչյանին փորձում են օգնել բոլորը` ծանոթ, հարազատ, բարեկամ, հարեւան, ընկեր, երկրպագու, անծանոթներ: Հայ հայտնիները սոցիալական ցանցերի, լրատվական կայքերի, զանազան թռուցիկների ու պայքարի ձեւերով հասնելու են իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն է` փրկել իրենց ընկերոջ կյանքը: Սիրված դերասանը կորցրել է քայլելու ունակությունն ու գամվել սայլանկին: Երեւան քաղաքի կենտրոնական մասում գրեթե ամեն օր հնարավոր է տեսնել ակտիվիստների կամ ուսանողների, ովքեր փորձում են թեկուզ չնչին դրամներով օգնել դերասանին:

Վերջերս ակտիվիստների կողմից հավաքված հասույթը` 181720 դրամ, օրվա վերջում անձամբ հանձնվեց Կարեն Մկրտչյանին: Միջոցառմանը մասնակցեցին նաև մի քանի շնորհալի երիտասարդներ, ովքեր երաժշտական գործիքների նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր: Դպրոցահասակ երեխաներից մինչև տարեց հասակի մարդիկ իրենց օգնությունը ցուցաբերեցին և առողջություն մաղթեցին Կարենին:

Ակտիվիստ Լալա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դժվար կացության մեջ գտնվող մարդուն անհրաժեշտ է օգնել, կապ չունի, թե նա սիրված ու ճանաչված է, թե ոչ.

ՙՙԱյսօր մարդկությունն է գնահատվում, մարդասիրական արարքը ի վերուստ է տրված, պետք է հոգ տանել, աջակցել, օգնել ու կարեկցել: Ցանկացած մեկի հետ կարող է նման դեպք պատահել, եթե որոշակի գումար տրամադրելով կարելի է օգնել ինչ որ մեկի կյանքը փրկելուն, ապա անհրաժեշտ եւ պարտադիր է դա անել՚՚:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

ՙՙՄենք ենք, մեր Կարենը՚՚ խորագրով բարեգործական համերգ

կարեն մկրտչյան2013թ.-ի  դեկտեմբերի 26-ի գիշերը դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել:  Դաժան ծեծի հետևանքով նա  գամված  է անվասայլակին ու բուժում էր ստանում տան պայմաններում, սակայն  նրա վիճակն այժմ գնալով վատթարանում է: Դերասանի բուժումը հնարավոր է անցկացնել Գերմանիայում կամ Իսրայելում եւ դրա համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, որը դերասանի ընտանիքը չունի:

Կարեն Մկրտչյանի մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 Հոդվածի 1-ին մասի  4 կետի համաձայն: Այս տեղեկությունները ստացված են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծված  ՙՙՕգնենք Կարեն Մկրտչյանին՚՚ խմբի ակտիվ մասնակից Աննա Սարգսյանի խոսքով ՙՙԺողովուրդ՚՚ օրաթերթի հետ զրույցում Կարենը պատմել էր տեղի ունեցածի մասին և ասել էր, որ ոչ մի թշնամի չունի ու, առհասարակ, որևէ մեկի հետ էլ խնդիներ չի ունեցել։ Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերը, թատրոնից տուն վերադառնալիս ձայներ է  լսել ու անկախ իրենից շրջվել է: Նա գլխին ուժգին հարված է ստացել ու ուշագնաց եղած վիճակում մնացել միջանցքում: Նրա համոզմամբ  Կարենն ամենն իր հետ որևէ կապ չունի, քանի որ ինքը այնպիսի կյանքով չի ապրել, որ իր հետ այդպես վարվեին։

Աննան նշեց նաեւ, որ Մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենոլու ՙՙՄենք ենք, մեր Կարենը՚՚ խորագրով բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվելու է դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին: Համերգին մասնակցելու  են հայկակակն էստրադայի համարյա բոլոր աստղերը: Դերասանի բուժման համար ստեղծվել են հատուկ հաշվեհամարներ UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903  քաքաքացիների փոխանցումների համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ