Հիմնական խնդիրը մոտեցման փոփոխությունն է, ոչ թե մի խումբ մարդկանց շահերը. Կարինե Դանիելյան

կարինե դանիելյան«Անկախության տարիներից սկսեց դրսևորվել չվերահսկվող ագահության մի երևույթ, որը, ցավոք, մեզ բնորոշ է: Չվերահսկվող ագահությունը դրսևորվեց հատկապես երեք ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, փոքր ՀԷԿ-եր և քաղաքաշինություն: Այդ ոլորտների շարքին հիմա ավելացել է նաև ձկնաբուծությունը»,- ասաց  բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով վերոնշյալ ոլորտներից հանքարդյունաբերությանը՝ Կարինե Դանիելյանը նկատեց, որ խորհրդային տարիներին շատ ու շատ բնական ռեսուրսներ պահանվում էին, իսկ հիմա երկրի ընդերքը հերթականությամբ բացում են, անկախ նրանից՝ այդ տարածքում բնակավայր կա, թե ոչ, եթե լինի, ապա բնակավայրը փոխում են, անկախ նրանից՝ այդ տարածքում ջրային ռեսուրսների ձևավորման գոտի է, թե ոչ:

«Հանքարդյուաբերությունը էքստենսիվ անցնում է Հայաստանի ողջ տարածքով և որտեղ ինչ կա բացում»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Անդրադառնալով հաջորդ ոլորտին՝ փոքր ՀԷԿ-երին,  բնապահպանը հիշեց, որ, երբ փոքր ՀԷԿ-երի ծրագիրն  սկսվեց, իրենք  շատ էին ուրախացել, որովհետև դա էկոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագիր էր: Բայց երբ սկսեց իրականացվել, լրիվ հակառակ պատկերը եղավ:

«Այսօր շուրջ 150 փոքր ՀԷԿ ունենք: Գետ կա, որի վրա 5-10 ՀԷԿ կա: Այնպես է արվում, որ էկոլոգիական թողքը չի իրականացվում, այսինքն ջրային կենդանիները հնարավորություն չեն ունենում գոնե մի առվակով շրջանցել ՀԷԿ-ը: Համայնքները ջրազրկվում են, ոռոգման ջրի խնդիր է առաջանում»,- ասաց Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ այսօր բնապահպանական խնդիրների դեմ պայքարում են ինչպես էկոլոգները, այնպես էլ բնակիչները:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝  բնապահպանը նշեց, որ այստեղ այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ մի խումբ մարդիկ կարողանան ավելի շատ հարստանալ:

«Բավական է նայել, թե այս տարիների ընթացքում մենք ինչպես կառուցապատեցինք մայրաքաղաքը: Բարձրահարկ շենքերի 99 տոկոսը զբաղեցնում է մայթերի վերջին սանտիմետրը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանն անդրադաձավ նաև ոռոգման ջրի խնդրին, որին այսօր բախվել է բնակչությունը:

«Այդ ինչպե՞ս կարողացանք Արարատյան դաշի արտեզյան ջրերը 10-15 տարվա մեջ չորացնել՝ կանգնելով անապատացման խնդրի առաջ: Իսկ հիմա էլ ստիպված Սևանա լճից ջրի բացթողում պետք է անենք: Հիմնական խնդիրը մոտեցման փոփոխությունն է, ոչ թե մի խումբ մարդկանց շահերը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

«Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր». Կարինե Դանիելյան

կարինե դանիելյան«Ես հաճախ ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ պատմության ընթացքում մենք անընդհատ պետականություն ենք ստեղծել և կորցրել: Միշտ կարծել եմ, որ խնդիրը մարտահրավերների մեջ է, սակայն բոլոր երկրներն էլ իրենց պատմության ընթացքում մարտահրավերներ ունեցել են, ունեցել են և վատ հարևաններ: Այս տարիների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ մենք միշտ կորցրել ենք մեր պետականությունը, որովհետև մեր մենթալիտետն է թերի: Ավելի շատ հակված եմ մտածելու, որ պետական, հանրային մտածելակերպի պակաս կա մեր մեջ, անձնական շահը հանրայինից բարձր դասելը մեր ամենամեծ խնդիրն է, որի հետևանքը հսկայական արտագաղթն է: Մենք ուղղակի դրել և բնաջնջում ենք այն մի կտոր հողը, որ մեզ Աստված տվել է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով`Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր, իսկ հայաստանյան գործարարները ներկրմամբ են զբաղված, նրանց ձեռնտու չէ, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն և արտադրություն զարգանա:

«Կան ուժեր, որոնց ձեռնտու է այս իրավիճակը: Մեր երկրում ողջ համակարգը ձևավորվել է այնպես, որ ժողովուրդն արտագաղթի: Սա միայն այս կառավարության գործունեության հետևանքը չէ, այս իրավիճակը ստեղծվել է վերջին 22 տարիների ընթացքում»,- ասաց Կարինե Դանիելյանը` հավելելով, որ շատ լուրջ փոփոխություններ են պետք մեր մտածելակերպում, հակառակ դեպքում մենք կարող ենք երկիր կորցնել: