Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա:

Հյուսիսային պողոտա

Վարչական շրջանի ղեկավարի և շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պողոտայի 12200քմ ընդհանուր մակերեսով տարածքում ընթացող նորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային մակերեսները։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի նաև արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։ Բացի այդ, նորոգման աշխատանքների ավարտին նախկինում տեղադրված 60 քմ ընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կտեղադրվի 270 քմ ընդհանուր մակերեսով 67 ծառաման։ Քաղաքապետը տեղում պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ձևավորմանը՝ այն Երևանի արտաքին տեսքին համահունչ դարձնելու նկատառումով: Հարկ է նկատել, որ այս ծրագրի իրականացումը ևս կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակներից մեկը. «Հյուսիսային պողոտան, որպես ընդհանուր օգտագործման տարածք, իրոք Երևանի կարևոր հանգույցներից մեկն է ու, հատկապես հաշվի առնելով, որ, որպես հետիոտնային տարածք, մշտապես մարդաշատ է, իրոք անհրաժեշտություն կար, որ պողոտայի հատկապես սալահատակը հիմնանորոգվի, բացի այդ նաև որոշակի նոր լուծումներով այն դարձվի առավել արդյունավետ հանգստի գոտի: Եվ ներկայումս այստեղ ընթացող աշխատանքները հենց այդ նպատակով են ու, օգտվելով առիթից, պետք է շնորհակալություն հայտնեմ «Տաշիր գրուպ» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի, որ ստանձնեց այդ աշխատանքների իրականացումը: Սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ևս մեկ հրաշալի օրինակ է: Այս աշխատանքների իրականացման համար ընկերությունը շուրջ 6 մլն դոլարի ներդրում է կատարել և, ըստ էության, սա նվեր է Երևան քաղաքին: Ու որ կարևոր է՝ փոխարինվող սալիկները բարձրորակ են և, մասնագետների հավաստմամբ, դրանք մի քանի տասնամյակ կծառայեն իրենց նպատակին: Ամենակարևորը նաև այն է, որ պողոտայում կավելանա կանաչ զանգվածը, ինչպես նաև նստարանների քանակն ու պողոտայի արտաքին լուսավորությունը, որն, ի դեպ, լինելու է ժամանակակից լուծումներով: Մի խոսքով, աշխատանքների ավարտից հետո մենք կունենանք իսկապես ներկայանալի ու առավել արդյունավետ տնօրինվող տարածք, որը, համոզված եմ, կարժանանա բոլորի բարձր գնահատականին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է նաև Երևան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 90մ երկարությամբ և 12մ երթևեկելի մասի լայնությամբ ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի այդ հատվածի երթևեկելի և հետիոտն շարժման լարվածությունը։ Զեկուցվել է նաև, որ ծրագրի շրջանակում երթևեկելի մասի երկու կողմերով նախատեսվում են 4.5մ լայնությամբ մայթեր։ Փողոցի երկարությամբ էլ կտնկվեն ծառեր։ Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ և գործն ավարտել նախատեսված ժամկետներում:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն

<<Փյունիկ>>

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն: Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող  աշխատանքները: Ծրագրերից շատերն իրականացվում են շահառու տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Կազմակերպության շենքի տարածքով շրջելիս «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը քաղաքապետին է ներկայացրել քաղաքապետարանի աջակցությամբ շենքի առաջին մասնաշենքը երկրորդին կապող 3 մետր լայնությամբ և շուրջ 185 երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը՝ հատկանշելով ծրագրի առաջնահերթությունն ու կարևորությունը:  Վերջինս նկատել է, որ վերջին տարիներին քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում էապես մեծացել է  հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ուշադրությունը, նաև նշել, որ քաղաքային իշխանության կողմից ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես թեքահարթակների կառուցման լայնածավալ աշխատանքներն իսկապես տեսանելի են ու նպաստում են հասարակական կյանքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց լիարժեք ինտեգրմանը:

Կարևորելով Երևանը բոլոր երևանցիների համար առավել հարմարավետ դարձնելու առաջնահերթությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իրագործելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված կլինեն մայրաքաղաքը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելուն:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե իհարկե չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս են բարձրաձայնել մեր համաքաղաքացիները: Եվ իրոք, եթե հաշվի առնենք, որ խորհրդային տարիներին այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չէր արվել, իսկ արդեն անկախության ժամանակահատվածում էլ ինչ էլ որ արվել էր, եղել էր ուղղակի խնդրի մասնակի լուծում, այս հարցն իսկապես օրակարգային էր ու հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ դեռ անցյալ տարի մենք համայնքային բյուջեից 20 մլն դրամ հատկացրեցինք՝ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման նպատակով: Ի դեպ, Երևանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ այդ նպատակի համար բյուջեից առանձին տողով գումար էր հատկացվում, ինչն, անշուշտ, ողջունվեց հատկապես շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից: Եվ համոզված եմ, որ նաև դա խթան հանդիսացավ, որ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն արդեն որպես վստահելի գործընկերոջ վերաբերվեին Երևանի քաղաքապետարանին ու, ըստ այդմ, նաև ակտիվորեն համագործակցեին մեզ հետ: Այդ նպատակով ստեղծեցինք նաև հաշմանդամներիհիմնահարցերովզբաղվողքաղաքայինհանձնաժողով, որում ընդգրկված են շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքապետարանի համապատասխան օղակների ղեկավարները: Այս հանձնաժողովն իր հերթին նպաստեց, որ հաշմանդամներին ուղղված քաղաքային ծրագրերը լինեն առավել նպատակային և արդյունավետ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ այս տարի թեքահարթակների կառուցման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ: Ընդ որում, այդ հասցեները ներառում են ոչ միայն Կենտրոն, այլ նաև Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանները: Շուրջ 100 թեքահարթակ արդեն իսկ կառուցված է: Ի դեպ, թեքահարթակների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը շահառու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների հսկողության ներքո է: Նրանք պարբերաբար շրջում, հետևում և, ըստ էության, գնահատում են կատարված աշխատանքի որակը:

«Մենք այս տարի նաև գույքագրել էինք նախկինում կառուցված հանրային նշանակության այն օբյեկտները, որոնց հարակից տարածքներում հնարավորություն կա թեքահարթակ կառուցելու և, ըստ այդմ, մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում ավելի քան 500 թեքահարթակներ էլ պետք է կառուցվեն այդ օբյեկտների դիմաց: Նշեմ, որ դրանցից շուրջ 220-ն արդեն կառուցված է: Բացի այդ, քաղաքաշինական նոր նախագծերի թույլտվությունների տրամադրման համար թեքահարթակների կառուցումը ամրագրվել է որպես պարտադիր պայման: Վստահ եմ, որ այս ուղղությամբ տարվող մեր նպատակային աշխատանքների արդյունքում մի քանի տարի անց Երևանն իսկապես լիովին հարմարավետ կդառնա հաշմանդամ մեր բոլոր համաքաղաքացիների համար»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև«Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխաների համար երկրորդ տարին անընդմեջ կազմակերպված ճամբարի աշխատանքներին: Օգոստոսի 25-ից 28-ն անցկացվող ծրագրին այս տարի մասնակցում են հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ  և երիտասարդներ՝ ծնողների հետ։ Ճամբարի շրջանակում երեխաներն անվճար այցելել են նաև մանկական երկաթուղի, կենդանաբանական այգի և այլ վայրեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ ծրագիրը լինելու է շարունակական, առաջարկել է հաջորդ տարի կրկնապատկել մասնակիցների թիվն ու ճամբարին ներգրավել 100 երեխայի:

Օգտվելով առիթից՝ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին  նաև «Երևան-Մարսել» համագործակցության շրջանակում Մարսելի քաղաքապետարանի կողմից Երևանին փոխանցված հաշմանդամների համար նախատեսված 180 անվասայլակները «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը տրամադրելու համար, որոնք պարզեցված կարգով տրամադրել են երևանաբնակ, ինչպես նաև մարզերում բնակվող կարիք ունեցողներին։

Հակոբ Աբրահամյանը նշել է, որ նախապես իրականացված հաշվառման արդյունքներով շուրջ 2000 անվասայլակի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում  քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցության ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել համատեղ նոր ծրագրեր:

«Քաղաքապետի հետ մեր հանդիպման առաջին իսկ օրից ծավալվեց արդյունավետ համագործակցություն: Լսելով հասարակական կազմակերպությունների առաջարկները՝ դրանք իրագործելու նպատակով ձևավորվեց համապատասխան հանձանաժողով, և արդեն այսօր, ներառվելով քաղաքային տարբեր ծրագրերում, շատ խնդիրներ լուծում են ստանում: Վստահ եմ, որ շատ շուտով Երևանը կդառնա տարածաշրջանի ամենամատչելի և հարմարավետ քաղաքը»,-նշել է Հակոբ Աբրահամյանը:

Հակոբ Աբրահամյանը քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող ծրագրերի շարքում առանձնացրել է նաև Երևանի քաղաքապետի  առաջարկությամբ հունիսի 24-ին Երևանի ավագանու կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից ազատման մասին որոշումը, որն արդեն իսկ շահառուների շրջանում դրական լայն արձագանք է գտել։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

Քաղաքապետը հանդիպել է նաև ծնողների հետ, զրուցել և լսել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկները: Մասնավորապես հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան քաղաքապետը տեղեկացրել է, որ  այս տարի թվով 10 ավտոբուս կկահավորվի և կհարմարեցվի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց:

Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի համար և նշել, որ Երևանն օրեցօր իսկապես առավել հարմարավետ է դառնում: