Կիսելյովն եկավ ու գնաց, հուսանք` ընդմիշտ

Դմիտրի-ԿիսելյովՄայիսի 11-ին Ազգային ժողովի հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում հյուրընկալվել էր Ռուսաստանի «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Հանդիպման ընթացքում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նա անսպասելի հայտարարեց. «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց ռուսաց լեզուն տարածված չէ Հայաստանում, ռուսերենը հեռացրել եք Հայաստանից, նշանակում է` Ռուսաստանին եք հեռացրել Հայաստանից: Ազնիվ պետք է խոսենք, չէ՞: Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է, որ վերադարձնի ռուսերենը: …Ես այսօր տաքսի նստեցի, իսկ տաքսու վարորդը ռուսերեն չգիտեր: Ինչո՞ւ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ»:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ներկա էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Այդ հայտարարությունից հետո Հայկ Բաբուխանյանը շտապեց հանգստացնել Կիսելյովին` ասելով, որ Հայաստանում կան ռուսալեզու կրթական հիմնարկներ, սակայն Կիսելյովը նկատի ուներ ոչ թե մասնավոր կրթական հիմնարկները, այլ պետական մոտեցումը ռուսաց լեզվին և մանավանդ ռուսալեզու դպրոցների զանգվածային բացումը:

«Չեք ուզում` ձեր գործն է, բայց եթե ռուսերենը նվազի, ապա Հայաստանի անվտանգությունն էլ կնվազի: Հիմա աշխարհում պայքար է գնում Ռուսաստանի համար, այնպես որ Հայաստանն աշխատելու, մտածելու տեղ ունի»,- ասաց Կիսելյովը:

Ռուս մեկնաբանի ասածը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որ նշեց, թե ուղիղ կապ չի տեսնում հայ-ռուսական հարաբերության և որևէ տաքսիստի ռուսերեն չիմանալու միջև, թե մեր կրթօջախներում ռուսերեն են սովորեցնում վաղ տարիքից, ռուսերենը շատ սիրված է ու պահանջված Հայաստանում և այլն: Միջամտեց ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ասելով, որ Հայաստանը պետք է քաղաքական ընտրություն կատարի, թե ում հետ է ցանկանում լինել: Եվ եթե պետք է ինտեգրվի Ռուսաստանին, ապա քաղաքակրթության հիմքը ռուսաց լեզուն է, ուստի պետք է տարածել ռուսերենը, ինչը, սակայն, հայ հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացնում:

Կիսելյովն էլ շարունակեց. «Երբ Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց օրերս, որ ցանկանում է Հայաստանն ինտեգրել Եվրասիական միությանը, նշեց, որ դա պետք է արվի և՛ քաղաքակրթական, և՛ անվտանգության առումով, այլ կերպ ասած` հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին, դրանք իրար հետ կապված են»:

Ի դեպ, Կիսելյովի հեռանալուց հետո Հերմինե Նաղդալյանը վիրավորված տոնով էր զրուցում նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ` դժգոհելով, որ որոշ ռուս պաշտոնյաներ իրենց անզգույշ հայտարարություններով վնասում են հայ-ռուսական բարեկամությունը: Կովալենկոն, համաձայնելով Հերմինե Նաղդալյանին` ասաց. «Դե, ուռոդներ ամեն տեղ էլ կարող են լինել»:

Ուռոդը` ուռոդ, բայց հասկանանք, թե «ուռոդն» իրենից ինչ է ներկայացնում: Դե յուրե նա լրագրող է` լրատվական կազմակերպության ղեկավար, իսկ դե ֆակտո մի քիչ մոտ է իշխանություններին ու արտահայտում է իշխանական որոշ նկրտումներ: Եվ ինչպես այս առումով նշեց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, այսօր Մոսկվայում ավելի շատ Կիսելյովի նման լրագրողներն են առաջին դիրքերում, քան ավելի խելամիտ լրագրողները:

Կիսելյովի հայտարարությունների առնչությամբ Արա Պապյանը հիշեցրեց, որ Ռուսաստանում այսօր իշխում է բռնի ուժի քաղաքականությունը, որը դրսևորվեց Ուկրաինայի և մյուսների նկատմամբ: Իսկ Հայաստանի նկատմամբ, շեշտեց Պապյանը, դա մի քիչ սաստկացած է, որովհետև ռուսները Հայաստանում իրենց զգում են, որպես իշխողներ: Կիսելյովի այցելությունը Հայաստան համեմատելով ցարական Ռուսաստանի ժամանակներում չինովնիկների իրենց գուբերնյա, փոխարքայություն այցելության հետ, Պապյանը մի ուշագրավ դիտարկում արեց. «90-ական թվականներին, երբ մեր վիճակը շատ ավելի վատ էր, ասեմ, որ մեր նախագահը չէր հանդիպում անգամ փոխնախագահների հետ. մենք այդ պրոտոկոլային ձևերը պահպանում էինք: …Իսկ այսօր ինչ-որ գուբերնատորներ, Ռուսաստանից ինչ-որ «ճ» կլասի պաշտոնյաներ, ինչ-որ ընկերությունների ղեկավարներ գալիս են ու հանդիպում են»:

Նախկին դեսպանը նշեց, որ ոչ ոք չէր կարող այնքան վնասել հայ-ռուսական բարեկամությունը, ինչքան Կիսելյովն արեց, որովհետև նա կպավ հայերի ներվին: Քանի որ մենք այս 25 տարվա տառապանքի մեջ ունեցել ենք երեք նվաճում` Ղարաբաղի ազատագրումը, հայոց լեզվի դերի բարձրացումը, որն աստիճանաբար անկում է ապրում, իսկ երրորդի մասին լռեց: Ըստ նրա` նախկինում էլ եղել են նման դեպքեր, որոնք, սակայն, սուր արձագանք չեն ունեցել, ինչպես Կիսելյովի հայտարարություններն ունեցան հիմա, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում հայության մեջ վախ է առաջացել, թե մտնելով Եվրասիական տնտեսական միություն` կկորցնենք Արցախը, դրան էլ գումարվեց լեզվի կորստի վախն ու այդպիսի սուր արձագանք ունեցավ հայ հասարակության շրջանում:

ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ մայիսի 12-ին` կառավարության նիստից հետո, անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, նշեց, որ ՀՀ տարածքում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները. ռուսաց լեզուն այն օտար լեզուն է, որ մեզ մոտ դասավանդվում է 2-րդ դասարանից, իսկ մնացած օտար լեզուների դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից: Ինչ վերաբերում է լեզվական օրենսդրության փոփոխության ակնարկին, ապա Աշոտյանն ասաց, որ լեզվի մասին օրենսդրության կարիք չունենք:

Նախարարը կարծում է, որ Հայաստանում այսօր ռուսերենի նկատմամբ բնական պահանջարկ կա, ինչը, նրա խոսքով, հարցումների արդյունքներն էլ են ցույց տալիս, և այդ լեզվի իմացությունը, գիտության բնագավառից ընդհուպ արտագնա աշխատելու մեկնելը, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում:

Ի՞նչ է կարծում Աշոտյանը, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ` որպես իր գավառի, փոխվե՞լ է. լրագրողների այս հարցին կրթության նախարարը ուշագրավ պատասխան է տվել. նա չի ճանաչում որևէ նախկին կայսրություն, թեկուզ` ամենաժողովրդավար, լինի Բրիտանական կայսրությունը, Ավստրո-հունգարականը և այլն, որ նախկինում իր տիրապետության տակ եղած տարածքներում չփորձի ժողովրդավար եղանակներով ամրապնդել իր ազդեցությունը: Այս կապակցությամբ Արա Պապյանը նշեց. «Ուրեմն մենք ընդունում ենք, որ Հայաստանը կայսերական հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ»:

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, թե սենսացիոն քայլ է արել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ռուսների ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով Ռուսաստանի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը ներկայացել է թարգմանչի ուղեկցությամբ և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով: Այս առումով Արա Պապյանը նկատում է, որ դա մեզ համար այնքան անսովոր է, որ զարմացած խոսում ենք Գրիգորիչի թարգմանչով շփվելու իրողության մասին, մինչդեռ դա դիվանագիտական պրոտոկոլ է. պետական պաշտոնյան պետք է խոսի պետական լեզվով:
Հիշենք` ռուսերենը շատ կարևոր է մեզ համար, բայց զուտ որպես հաղորդակցական միջոց, ինչպես և յուրաքանչյուր հարուստ մշակույթ ունեցող ժողովրդի լեզու, ոչ որպես քաղաքական գործոն, առավել ևս` ռազմավարական կողմնորոշման դրսևորում: Դրանք միանգամայն տարբեր բաներ են: Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ ճոխ ու հարուստ լեզվին տիրապետելը մարդուն բնավ ավելի խելոք ու շրջահայաց չի դարձնում և չի ապահովագրում անհեթեթ մտքեր արտահայտելուց: Սա էլ չմոռանանք:

«Иди гуляй, Вася…». Ռոբերտ Մելքոնյանը՝ Կիսելյովին

165629Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, Կրեմլի «գլխավոր խոսափող» Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի ժամանակ ասել է, որ Երևանում տաքսի է նստել և երիտասարդ վարորդը ռուսերեն չի կարողացել խոսել: Այնուհետև, Կրեմլի այս ամենակարկառուն քարոզիչն ու խոսափողը ոչ ավել, ոչ պակաս խիստ տոնով ասել է, որ ռուսերենը պետք է Հայաստանի երկրորդ պետական լեզուն լինի…

Ուրեմն, ի գիտություն բոլոր կիսելյովների և նաև արևմտյան «բարեգործների». Հայաստանում մեկ պետական լեզու կա, ու դա հայերենն է, ու մնացածդ փախեք գրողի ծոցը…
Հայաստանը ոչ ռուսամետ է և ոչ էլ արևմտամետ, ու դուք բոլորդ այնքանով պետք կլինեք մեզ, որքանով այն կբխի մեր շահերից…

Դմիտրի Կիսելյով, իսկ Դուք գիտե՞ք, թե ես որքան վատ եմ զգում Ռուսաստանում, երբ տաքսիստներն ինձ հետ հայերեն չեն խոսում, երբ բռի, մեծամիտ, լկտի, արհամարհական պատասխանններ են տալիս օդանավակայաններում, խանութներում, հյուրանոցներում և ամենուր…Շատ ահավոր վատ ու ծանր եմ տանում…

Այնպես որ, Ձեր էժանագին լրագրողական տրյուկը պահեք Ձեզ, Դուք Հայաստանում տաքսի նստելու կարիք հաստատ չէիք ունենա, որովհետև «թանկագին» հյուրի կարգավիճակում եք եղել՝ շրջապատված արարողակարգի ծառայողներով և նրանց համակ ուշադրությամբ:
Դույզն-իսկ չեմ կասկածում դրանում: Այնպես որ, иди гуляй, Вася…”:

 

Անկախ