Դուք մի բան եք ասում, ձեր նշանակած վարչապետը մի ուրիշ բան է ասում, կողմնորոշվեք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱզգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. «Հիմա, օրինակ, այս օրենքի ընդունումից հետո սոցապ նախարարության աշխատակիցները պարտադիր վճարումները իրականացնելո՞ւ են, թե՞ ոչ: Շատ դեպքերում մարդկանց ընտրության առաջ են դնում՝ կամ պահում ենք, կամ հեռանում եք աշխատանքից: Աշխատողը կարո՞ղ է իր գործատուին արգելել իր փոխարեն պարտադիր բաղադրիչը վճարել»: Արտեմ Ասատրյանը պատասխանեց. “Այս օրենքի նախագծով առաջարկվում է վերականգնել այն իրավիճակը, ինչ կար ՍԴ որոշումը կայացնելու ժամանակ: Ամրագրում ենք նաև, որ մինչ այս ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարները փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է պարտադիր վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված պատասխանատվությունից: Իրավական հետևանքներ չկան, գործում է աշխատողի ու գործատուի հայեցողությունը: Դա գործատուի ու աշխատողների որոշելիքն է, թե աշխատողն ինչպիսի հարցադրում կանի, ինչպես գործատուն կիրականցնի գործառույթները, այս պահին օրենքը իրավական հետևանքներ չի առաջացնի», – ասաց Արտեմ Ասատրյանը:

Քիչ անց` մտքերի փոխանակման ժամին Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ ձևակերպեց իր կարծիքը. «Համոզվում ենք, որ մամուլում հնչած այն տեսակետը, թե նորաշանակ վարչապետը, օգտագործելով իր հանրահռչակ ճարպկությունը, փորձում է մոլորեցնել հանրությանը, ճիշտ է: Այս քննարկման արդյուքնում պարզվեց, որ դուք բողոքում եք սահմանադրական դատարանինց, ասում եք, թե Թոխյանը մի բան է ասում, Հարությունյանը` մի այլ բան, բայց ախր դուք էլ եք նույն վիճակում, դուք մի բան եք ասում, ձեր նշանակած վարչապետը մի ուրիշ բան է ասում, մի հատ կողմնորոշվեք: Խաչաձև հարցաքննությունների արդյուքնում հազիվ այստեղ կարողացանք հասկանալ, թե դուք ինչ եք ասում: Ասում եք, որ գործատուն փոխանցի, չփոխանցի, հաշվարկի, չհաշվարկի, դուք նրան բան չեք ասի: Բայց հարց է ծագում, ինչ է լինում, երբ աշխատողն ասում է գործատուին, որ իր աշխատավարձից չփոխանցի, իսկ գործատուն ասում է` փոխանցելու եմ: Դուք կասեք, որ աշխատողը կարող է դիմել դատարան: Այո, կդիմի դատարան: Բայց ՍԴ հակասահմանադրական օրենքը շարունակում է աշխատել օրենքով` ըստ նույն ՍԴ որոշման: Կառավարությունը փորձ է անում կառավարություն-ժողովուրդ բանավեճը տեղափոխել աշխատող-գործատու ոլորտ: Սա այլ կերպ, քան քաղաքական խայծ դժվար է որակել: Եվ խայծն ընկած քաղաքացին, որը դատարանից հետո կգնա կառավարության շենքի առաջ բողոքելու, կհանդիպի վարչապետին: Հովիկ Աբրահամյանը այդպես է գոյատևում: Ով գնում տապալվում է, սկսում է, խեղդվում է, Հովիկ Աբրահամյանը միշտ կա: Երբ գնաք բողոքելու, ինքը կասի` հարգելի քաղաքացի, ամեն ինչ արել ենք, չենք պատժում, եթե չփոխանցեն, թող չփոխանցեն: Ես ինչ անեմ»:

Անկախ

«Կուտակայինը հարկի նման մի բան է դարձել». Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանԿուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կուտակումները, չվճարման համար կիրառվող սանկցիաները համարժեք են հարկերը չվճարելու տուգանքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Ըստ նրա` եթե գործատուն չի կատարում պարտադիր վճարները, կուտակային թոշակի չվճարելու խստությունը համարժեք է հարկերը չվճարելուն, այսինքն՝ կուտակայինը հարկի նման մի բան է դարձել:

«Արդեն որոշ հիմնարկներում մարդիկ չեն ձևակերպվում որպես փաստացի աշխատող: Բացի այդ, եթե աշխատողը չհամաձայնի վճարել այդ 5 տոկոսը, գործատուն ստիպված կլինի վճարել, ինչը հարկային հարկադրանքին հավասար հարկադրանք է: Արդեն աշխատանքից ազատելու տենդենց է նկատվում և, եթե այդ տենդենցը շարունակվի, գուցե նախարարները հրաժարակա՞ն տան: Որոշ գործատուներ հիմա վճարում են, մի մասն այն պատճառով, որ ընդգրկված են պետական համակարգում, մի մասն էլ պատգամավորական մանդատից դրդված, ինչը ճիշտ չէ»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Բանախոսի խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի օրենքը սահմանադրական ճանաչել, ապա լուրջ վտանգ կառաջանա: Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար փոքր ու միջին բիզնեսը ճկունություն կդրսևորի և այլ մեխանիզմներ կմտածի: Արդյունքում գործազրկությունը կավելանա, ստվերը կմեծանա: Իսկ դրանից հետո Կառավարությունը հետ քայլ կանի, թե՝ ոչ, ոչ ոք չգիտի:

 Անկախ