Եթե երեկ լիներ, պետք է հարցնեի՝ գիշերները լա՞վ քնում եք, թե՞՝ ոչ, բայց, քանի որ այսօր է, հարցերիս քանակը մեծացել է. Արծվիկ Մինասյանը՝ Արտեմ Ասատրյանին  

Արծվիկ ՄինասյանԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: ՛՛Պարտադիր՛՛ տերմինին փոխարինած ՛՛նպատակային՛՛ տերմինը օրվա թեժ թեման է: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, իր հարցը հենց այս դրույթի վրա կառուցեց. ՛՛Եթե երեկ լիներ, մի հարց ունեի ընդամենը, պետք է հարցնեի՝ գիշերները լա՞վ քնում եք, թե՞՝ ոչ, բայց, քանի որ այսօր է, հարցերիս քանակը մեծացել է: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ, եթե պարտադիր կուտակային վճար բառը փոխվել է սոցիալական նպատակային վճար բառով, դրանից պարունակությունը փոխվում է: ՍԴ-ի որոշման համաձայն իրավական դիրքորոշումներում շատ հստակ ամրագրված է, որ կայուն սոցիալական պաշտպանության համակարգը անրաժեշտություն է ձևավորում պետություն, գործատու, աշխատող եռամիասնությամբ ապահովել անձի կենսաթոշակային իրավունքը: Այս փաթեթում բացի նվազագույնի դեպքից, որտե՞ղ է գործատուն մասնակցում և ինչ պարտավորություններ ունի՛՛:

Արտեմ Ասատրյանը որոշեց պատասխանն սկսել հանգիստ քնելու մասին հարցից. ՛՛Պետք է ասեմ, որ մեր աշխատանքը օրվա ընթացում տևում է 8-10 ժամ և դրանից հետո իսկապես դժվար է լինում չլուծված խնդիրների պատճառով հանգիստ քուն ունենալ: Ինչ վերաբերում է պարտադիր և նպատակային սոցիալական վճարի տարբերությանը, ասեմ, որ, եթե մարդիկ չեն ուզում տեսնել ադ երկու նախագծերի տարբերությունները, երբեք չեք տեսնի, իսկ եթե ցանկություն կա, ապա ես ևս մեկ անգամ կբացատրեմ: Պարտադիր կուտակային վճարը գանձվում էր անհատի աշխատավարձից և առանց պետական բյուջե մտնելու գնում էր ակտիվները կառավարողին: ՍԴ-ի որոշումը հենց այս դրույթին է անդրադարձել, որ այն փոխանցումը, որը չի մտնում պետական բյուջե չի կարող դիտարկվել, որպես պարտադիր սոցիալական վճար և այդ առումով սահմանադրությանը հակասում է, քանի որ սեփականության իրավունքի նկատմամաբ տեղի է ունենում տնօրինման սահմանափակում: Նոր նախագծով ամեն ինչ համապատասխանեցվել է ՍԴ-ի որոշմանը՛՛:

Արծվիկ Մինասյանը իրոք չհասկացավ, թե այդ ինչ համապատասխանության մասին է խոսքը, և նախարարը թեթևակի նշեց, որ քննարկումներից հետո կարող է առանձին զրուցել պատգամավորի հետ:

 Անկախ

Տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը

դատարան«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահն ու որոշ անդամներ հարցեր ուղղեցին դիմող կողմին:

ՍԴ նախագահն առաջին հարցով շոշափեց սեփականության իրավունքի խնդիրը, որտեղ դիմող կողմը շեշտադրել է Սահմանադրության 31-43 հոդվածները: «Հիմնականում շեշտադրում կատարվեց օրենքի 5, 7, 13 հոդվածների վրա: Օրենքի 76-րդ հոդվածում այս իրավահարաբերությունների շրջանակներում սեփականության տիրապետման, տնօրինման օգտագործման իրավունքի սահմանափակում է նախատեսվում, ընդ որում դա նախատեսվում է իրականացնել վարչական ակտի միջոցով: Դուք այս նյութին չանդրադարձաք: Պարզապես չցանկացա՞ք դա շոշափել, թե այնքան ակնհայտ էր, որ ավելորդ համարեցիք դրան անդրադառնալ»,- հարցրեց ՍԴ Նախագահը:

Հարցին ի պատասխան, դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ հոդվածը փոխկապակցված է, և հանգամանքը շատ ակնհայտ է: «Վարչական ակտով միջամտություն չի կարող լինել սեփականության իրավունքի նկատմամբ, դա կարող է արվել բացառապես դատական կարգով, որպեսզի համապատասխանի Սահմանադրությանը: Այն ձևակերպումը, որն առկա է 76-րդ հոդվածում, հակասում է Սահմանադրության հոդվածներին, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հաջորդ հարցով Գագիկ Հարությունյանը նկատեց, որ դիմող կողմն ուսումնասիրել է միջազգային փորձը:

Ձեր ուսումնասիրման ընթացքում հանդիպե՞լ եք որևէ երկրի փորձի, որտեղ սոցիալական ապահովության վճարները և հարկերը միավորված լինեն և դրանք դիտարկվեն որպես հարկ հարցին ի պատասխան դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք իսկապես ուսումնասիրել են մեծաթիվ երկրների փորձեր:

«Երկրներ, որտեղ իրավակարգավորման տեսակետից նախատեսված լինի պարտադիր կեսաթոշակային վճար, որը հետո վերածված լինի հարկի, զուտ այն պատճառով, որն այն համապարտադիր բնույթ է կրում, մենք չենք հանդիպել, բայց արձանագրել ենք մեկ կարևոր հանգամանք, որ ի սկզբանե, որպես կենսաթոշակային ապահովության միջոց, գերակշիռ ուղղություն տրված է եղել կամավոր հատկացումներին»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սոցիալական վճարները, դիտարկված երկրներում ի սկզբանե եղել են օրենքի մակարդակով:

Դիմող կողմին հարցեր հղեցին նաև Սահմանադրական դատարանի այլ անդամներ: Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե որն է հայցի առարկան. նախապես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ քննության առարկա է դարձված վիճահարույց օրենքի 8 հոդված, մինչդեռ դատարանում քննության ժամանակ դիմող կողմը կենտրոնացել է պարտադիր բաղադրիչի երեք հոդվածների վրա:  Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրանում ավելացել են օրենքի որոշ դրույթներ:

ՍԴ մյուս անդամ Կիմ Բալայանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իրենք կողմ լինեն այլ մեխանիզմների կիրառմանը, որը պարտադիր լինի, բայց ասենք եկամտային հաշվից կատարվի գանձումը: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ցանկացած մեխանիզմ ներդնելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը, ինչը պարտադիր կուտակային բաղադրիչի պարագայում հաշվի չի առնվել: Կիմ Բալայանը փորձեց ճշտել`համակարգի ներդրմանը կողմ է, բայց այս կարգով ներդրմանը դե՞մ է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պարտադրման այս ձևն ու չափն իրենց համար անընդունելի է:

Հարցվածների 88.7 %-ը դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին. «Գելլափ»

գելափԹերի տեղեկացվածության պատճառով է, որ հարցվածների 88.7 %-ը դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին. «Գելլափ»

 

«Գելլափ ինթերնեյշնլ ասոցացիա»-ի հայաստանյան մասնաճյուղը 2014-ի փետրվարին հեռախոսային հարցում է իրականացրել Երևանում` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նկատմամբ հասարակության վերաբերմունքը գնահատելու համար:

Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող գովազդային արշավի շնորհիվ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին 1066 հարցվածներից լսել է 93 %-ը, սակայն հարցվածների շուրջ 60 %-ը նշել է, որ տեղեկացված չէ կամ քիչ է տեղեկացված ներդրված համակարգի վերաբերյալ: Հենց սա էլ երևի թե, հարցումն իրականացնողների գնահատմամբ, գալիս է բացատրելու այն հանգամանքը, որ հարցվածների 88.7 %-ը դեմ է արտահայտվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Գելլափ ինթերնեյշնլ ասոցացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով` բոլոր խնդիրները կապված են թերի իրազեկման հետ: Ճիշտ է, գովազդը կա, բայց տեղեկատվությունը լիարժեք չէ:

34.3 %-ը դեմ է օրենքին, որովհետև կուտակված գումարները ետ ստանալու երաշխիք չունի, 32.9 %-ը չի վստահում կառավարությանը, 27.3 %-ը կարծում է, որ աշխատավարձերից 5 % պահումը բավական մեծ գումար է, 18.8 %-ը չի վստահում ֆոնդերին, 18 %-ը` կուտակային կենսաթոշակային համակարգին, 18.4 %-ը դեմ է համակարգի պարտադիր լինելուն, իսկ 5.5 %-ը դեմ է գումարներն արտերկիր ուղարկելուն:

46.2 %-ը կողմ է, քանի որ պետությունն իր ներդրումն է ունենալու քաղաքացիների բարեկեցիկ ապագայի ապահովման գործում, 44.6 %-ը գտնում է, որ այս համակարգի շնորհիվ հետագայում կստանան բարձր թոշակներ, 23.1 %-ը կարծում է, որ համակարգի շնորհիվ հետագայում կստանա բարձր թոշակներ, 21.2 %-ն էլ նշել է, որ համակարգն ընդունելի է զարգացած երկրներում և կցանականա, որ Հայաստանում ևս կիրառվի:

Ինչպիսի վճիռ կկայացվի հարցին հարցվածների 59 %-ը պատասխանել է, որ օրենքը կմնա ուժի մեջ, 20.1 %-ը կարծիքով` օրենքը կկասեցվի, 11 %-ը նշել է, որ օրենքը կդառնա ոչ պարտադիր, իսկ 6.7 %-ն էլ կարծիք է հայտնել, որ հետ կուղարկվի ԱԺ` լրամշակման: Հարցվածների 85.7 %-ը մասնակցում է պարտադիր կուտակային կենսաթշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին, որից 58.7 %-ը գնում է ցույցերի և երթերի, իսկ 58.7 %ը մասնացում է քննարկումներին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

«Հարցումն իրականացնելուց առաջ կարծում էինք, որ 18-41 տարեկանների մոտ ավելի բարձ կլինի «դեմ»-երի թիվը, բայց հարցումն իրականացնելուց հետո պարզ դարձավ, որ 41-ից բարձր տարիք ունեցողների մեջ ավելի շատ են «դեմ» արտահայտվողմերը: Մենք սա կապում ենք վերջին շրջանում ունեցած բացասական փորձառության հետ»,- ասաց Արման Նավասարդյանը:

Անկախ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում միայն իրավական երաշխիքները բավարար չեն». Հովհաննես Մարգարյան

հովհաննես մարգարյան«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ պետք է լրացուցիչ երաշխիքներ ամրագրել, միայն իրավական երաշխիքները բավարար չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,  միևնույն ժամանակ դժվարացավ ասել` ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը օրենքի վերաբերերյալ:

«Իրավական երաշխիքները բավարար չեն: Իրավական կարգավորման խնդիր ունենք հենց երաշխիքների հարցում, չէ՞ որ քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, թե ի՞նչ տեղի ունեցավ 1990-աններին իրենց ավանդների հետ: Մենք լուրջ և խորապես պետք է քննարկենք այդ օրենքը, պետք է հստակեցնենք մեր մոտեցումները: Որքանո՞վ էր ճիշտ պահումները սկսել 5, այլ ոչ 2%-ից»,- ասաց Հովհաննես Մարգարյանը, ով, ի դեպ, կողմ է քվեարկել համակարգի ներդրմանը:
Անդրադառնալով դեռ 2004-ից օրենքի շուրջ ծավալված քննարկումներին՝ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այդ ժամանակվանից մինչ այսօր մի շարք փոփոխություններ են կատարվել, բայց կիրառության մեջ օրենքը տարբեր խնդիրներ է առաջացնում: Իսկ իշխանությունների նկատմամբ միշտ էլ վստահության պակաս եղել է և այսօր էլ կա:

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետևողականություն չցուցաբերենք այդ վստահությունն ավելացնելու համար: Այսօր ոչ թե կենցաղային վստահության խնդիր է, այլ ավելի խորն է գնացել»,-ասաց նա:

Վերհիշելով ԽՍՀՄ տարիների ավանդները՝ պատգամավորը նշեց, որ ի տարբերություն ԽՍՀՄ ավանդների, այսօր ուզում են ներդնել կուտակային համակարգ պարտադիր բաղադրիչով:

«Անկախ Հայաստանում իրավահաջորդ չկար, ով ԽՍՀՄ ավանդների պարտքերին տեր կկանգներ: Այս դեպքում էլ 40 տարի հետո ես չգիտեմ` ի՞նչ իրավական կարգավիճակ կունենա իմ երկիրը կամ արդյո՞ք այն պատրաստ է ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում ունենալ բավարար իրավական հիմքեր և տեր կանգնել իմ գումարներին»,- ասաց նա:

Հարցին` ինչպես վարվել այն գործատուների հետ, որոնք, այդուհանդերձ, պահումներ են անում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մի բան պարզ է, չվճարած գումարների դիմաց որևէ մեկին չեն տուգանելու»:

 Անկախ