Մարզահամերգային համալիրի ներկայիս սեփականատերերը դիմելու են Եվրոպական դատարան

DSC00299«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատման գործընթացն ուղղակի աբսուրդ էր: Պատմամշակությային արժեք ունեցող այդ կառույցի արժեքը որոշվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակում բնակարանների արժեքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Սովորաբար գնահատումը կատարվում ստանդարտ կերպով կամ համեմատության միջոցով: Սակայն համալիրը պատահական բնակարան չէ, որը վիճակը գնահատվի, մյուս կողմից տարածաշրջանում նման շենք չկա, որպեսզի գնահատումը կատարվի համեմատության միջոցով: «Միակ ընդունելի ձևը այն կլիներ, որ Մշակույթի նախարարության կողմից հանձնաժողով կազմեր, որի կազմում կլինեին քանդակագործներ և ճարտարապետներ, ովքեր կգնահատեին կառույցի իսկական արժեքը: Սա ոչ թե մետաղ բետոնե կոնստրուկցիա է, այլ պատմամշակութային արժեք», -նշեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ գնահատումը կատարել է Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Ստեփանյանին պատկանող ընկերությունը, ընդ որում՝ ներկայացուցիչը համալիրում անց է կացրել ընդամենը կես ժամ, ինչը , ըստ Կորյունի Գրիգորյանի, բավարար չէ գնահատումն կատարելու համար: 1  քառ մետրը գնահատել են 1200 դոլար, ինչը համարժեք է բնակարանի գնին: Այժմ համալիրը գնահատվում է մոտ 48 միլիոն դոլար: Ըստ համալիրի աշխատակցի՝ այն պետք է լիներ 100-120 միլիոն դոլար. «Բնակարանի առաստաղի բարձրությունը  3.20 մ է: Համալիրի առաստաղի բարձրությունը 33  մետր է»:

Կորյուն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Մարզահամերգայինի՝պետությանն ունեցած մոտ 25 մլն դոլար պարտքը պետբյուջեում չի երևում.ստացվում է, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը վճարել է այդ պարտքը: ԴԱՀԿ-ն նաև սառեցրել է համալիրի բոլոր աշխատակիցների հաշիվները, նրանք արդեն 8 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Եվրադատարան.«Մեր հայկական դատարանները ինչ-որ խայտառակ ձևով են աշխատում: Այդ պատճառով հարցը արդարացիորեն լուծելու համար դիմելու ենք Եվրոպական դատարան», – նշեց Կորյուն Գրիգորյանը:

Անկախ

 

Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց…,Պանորամա

համալիրԿ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկադիր էլեկտրոնային աճուրդն ավարտվեց: Աճուրդի տասը օրերի ընթացքում որևէ առաջարկ չի ներկայացվել: Մեկնարկային գինը, հիշեցնենք, 19 350 000 000.0 դրամ: Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Սարգիս Ցականյանը պարզաբանեց, որ ըստ օրենքի` աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտից հետո երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Եվ հաջորդ աճուրդի ժամանակ լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:

«Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը (տվյալ դեպքում կառավարությունը- ԽՄԲ.) աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունել այդ աճուրդի մեկնարկային գնով: ՀՀ անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն»,- նշեց փաստաբանը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35. 4 հոդվածի համաձայն` պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:

Կարևորը սակայն, ըստ Ս.Ցականյանի, օրենքի այն դրույթն է, որն ասում է. «6-րդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների): Այլ կերպ ասած` անշարժ գույքի, մշակութային արժեքների և արժեթղթերի դեպքում օրենքը հնարավորություն է տալիս անսահմանափակ նվազեցումներ կատարել, ինչի արդյունքում կարող են տուժել, ինչպես պահանջատերը, այնպես էլ պարտապանը, քանզի առաջինի դեպքում նա չի կարողանա ամբողջությամբ հետ ստանալ բռնագանձման ենթակա գումարները, իսկ պարտապանի դեպքում` վերջինս կկորցնի ավելին, քան ենթակա էր բռնագանձման իրենից»:

Ս.Ցականյանը նկատեց, որ օրենքի կարգավորումները բավականին շատ մանիպուլյացիաների տեղ են տալիս և այս ամենին տիրապետողը կարող է այդ հնարավորությունից օգտվել: Ի վերջո այս ամենի հիմքում ընկած է լոտը` մարզահամերգային համալիրը վաճառելու խնդիրը, իսկ թե ինչ գնով, սա, ինչպես ասում են, «дело техники»:

Հիշեցնենք, որ  աճուրդի մասին հրապարակումից անմիջապես հետո «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է Հայաստանյան օրենսդրության խախտումներով: Անկախը այս  թեմային հանգամանորեն անդրադարձել է այստեղ: