Վաղը մայրաքաղաքի «Դինամո մարզասրահում կմեկնարկի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարադական հավաքականները:
Այսօր Երևանի «Ուրբաթ» ակումբում, հանդիպելով լրագրողներին, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց նախապատրաստական աշխատանքների մասին:
Նախ, բանախոսը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են , որպեսզի ստուգատեսը կազմակերպվի: Տրամադրվել է մարզադահլիճ, տպագրվել են միջազգային մրցաշարի տարբեր չափերի ազդագրեր, ծրագիր, մամուլի ասուլիսի համար անցկացման սրահ է հատկացվել և այլն: Փաստերը խոսուն են և վկայում են այն մասին, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան համագործակցում է բոլոր նրանց հետ, ում հոգեհարազատ է սպորտը, գրավիչ այս մարզաձևը:
Տեղեկացվեց, որ Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները ճանապարհին են և ավտոբուսներով Երևան են ժամանաելու այսօր: Ռուսաստանի հավաքականը մրցավայր է ուղևորվելու ինքնաթիռով: Պատվիրակությունը գլխավորելու է այդ երկրի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն:
Հյուրերն իջևանելու են Երևանի «Էրեբունի» հյուրանոցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա նրանք օրերս ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանում`այդ երկրի իրենց հասակակիցների հետ, իսկ պարապմունք կանցկացնեն «Դինամո» մարզասրահում:
Նշվեց, որ եթե նախկինում այս մրցաշարը կազմակերպվել է մեծահասակաների տարբեր երկրների հավաքականների մասնակցությամբ, ապա այժմ մրցասպարեզ են դուրս գալու երիտասարդական թիմերը: Դա կատարվել է արտասահմանյան մասնակից երկրների ներկայացուցիչների խնդրանքով, որպեսզի հավաքականները ևս մեկ հնարավորություն ունենան մրցումների բովում ստուգելու ուժերը, խաղային փորձ կուտակելու և նախապատրաստվելու 2014-ի հունվարի սկզբին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի մրցումներին:
Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչներին ևս լուրջ փորձություն է սպասում: Նրանք Ռումինիայում հարաբերություններն են որոշելու տանտերեի և Թուրքիայի հավաքականների հետ:
Բանախոսը հայտնեց, որ ուշագրավ մրցամարտեր են սպասում: Արժանավորներին հանձնվելու են պարգևներ: Հաղթող հավաքականի համար նախատեսված գլխավոր մրցանակից բացի, մրցանակներ են սպասում լավագույն ռմբարկուին, տարբեր օղակների լավագույն խաղացողներին:
Հանդիսավոր է կազմակերպվելու փակման արարողությունը, և հանդիսականներին հաճելի ակնթարթներ են սպասում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաև մարզաձևի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներին, այն ծրագրերն, որոնք կազմակերպությունն իր առջև դրել է: Ասվեց, որ թեև վերջին տարիներին հայկական հանդբոլում զգալի առաջընթաց է նկատվում, սակայն անելիքները շատ են: Ցավոք, մեծահարուստները պրոֆեսիոնալ ակումբներ ստեղծելու համար ֆինանսներ չեն ներդնում: Իսկ առանց դրա մարզաձևը չի կարող ցանկալի մակարդակի հասնել: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում չկա հանդբոլի ժամանակակից պահանջներին համապատասխանող, համապատասխան չափերի մարզասրահ: Հնարավորն արվում է, որպեսզի այդ բացը լրացվի: Ի դեպ, որպես նվեր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մի քանի հարյուր եվրո արժողությամբ հանդբոլի մանրահատակ է ստանալու, մնում է, որ այն տեղադրվի որևէ մարզասրահում:
Tag Archives: Հայաստանի
Հայաստանի և ՌԴ-ի միջև ստորագրվել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և այժմ անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: «Երկկողմ համագործակցությունը լավ հիմքերի վրա է, այն ունի խորացման ու ընդլայնման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա իրականացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը: Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,– նշել է Տիգրան Սարգսյանն` ավելացնելով, որ դրա արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պետք է աշխատեն այդ որոշման իրականացման ուղղությամբ:
Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ: