«Մենք չենք ամաչում, սա մեր կյանքի, կենսագրության մի մասն է». Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ի վերակազմավորման մասին

Ալեքսանդր ԱրզումանյանՀոկտեմբերի 27-ին կայացած համագումարում Հայոց համազգային շարժումը վերակազմավորվեց: Այն լուծարվել էր այս տարվա փետրվարին` որպես իրավահաջորդ հայտարարելով ՀԱԿ–ին: Այս թեմայով «Անկախը» հարցազրույց է ունեցել  ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

– Պարոն Արզումանյան, մի քանի օր առաջ կայացած համագումարում ՀՀՇ–ն վերակազմավորվեց: Ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ կար փետրվարին կուսակցությունը լուծարել, իրավահաջորդ հայտարարել, ապա նորից վերակազամավորել:

– ՀՀՇ-ն լուծարելու և այն ՀԱԿ վերանվանելու որոշումը  մի շարք  դժգոհություններ առաջացրեց  մարդկանց մեջ, որոնք ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին  տարաձայնություններ ունեին  ՀՀՇ-ի հետ, բայց կարծում էին, որ նույնիսկ այդ տարաձայնություններով ՀՀՇ-ն իրավունք ուներ շարունակելու աշխատանքները:

Մենք  մեր գործն ենք արել. 25 տարի քաղաքականության մեջ ենք և չէինք կարող հրաժարվել քաղաքականությունից, մեր աշխատանքները շարունակելու ձևեր էինք փնտրում: Երբ որոշվեց լուծարել մի կուսակցություն, որի ակունքներում ենք կանգնած եղել և մշտապես միայն այդ կուսակցության անդամ ենք եղել, մեր մի շարք համախոհների հետ որոշեցինք շարունակել մեր աշխատանքները: Հռչակել ենք, որ այն գաղափարախոսության ժառանգորդն ենք, որի վրա հիմնվել է Հայոց համազգային շարժումը, մենք կրում ենք լիբերալ- ազատական, ժողովրդավարական գաղափարներ և այն տեսլականը, որ ունեինք 88 թվականի համազգային շարժման ժամանակ: Որևէ բան չի փոխվել, մենք շարունակելու ենք պայքարել հայոց պետականության ամրապնդման և ազատական, ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված պետականության կայացման համար:

– Մի՞թե ՀՀՇ–ի իրավահաջորդ ՀԱԿ–ը շեղվել էր այդ ուղուց:

– Կարծում ենք, որ ՀԱԿ-ը կարող է լինել գույքային  առումով իրավահաջորդ, մենք որևէ հավակնություն չունենք գրասենյակների նկատմամբ: ՀԱԿ-ը ստեղծվել է որպես մի քանի կուսակցությունների միավորում,  առանցքը եղել է Հայոց համազգային շարժումը: ՀՀՇ-ն էր, որ 2007-ին նախաձեռնեց մի շարք մարզային այցելություններ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց առաջադրվել 2008-ի նախագահական ընտրություններում: Հենց ՀՀՇ-ի շուրջ  ձևավորվեց այն համաժողովրդական շարժումը, որի արդյունքում 2008-ին, մեր կարծիքով, մեր թեկնածուն հաղթեց ընտրություններում: Այսինքն` ՀՀՇ-ն եղել  է այդ շարժման լոկոմոտիվը:

Փորձ արվեց ինչ-որ ինստիտուցիոնալ ձև տալ այդ  շարժմանը, բայց դա չպետք է արվեր կուսակցությունների ինքնուրույնության հաշվին: Ինչ-ինչ բյուրոկրատական մոտեցումներին ստորադասվեցին  կուսակցությունների աշխատանքները, դա անընդունելի էր: Մի շարք մարդիկ դեռ 2010-ին` ՀՀՇ 16-րդ համագումարից հետո,  դուրս եկան: Կային ներքին տարաձայնություններ, ավելին, նույնիսկ ՀՀՇ վարչության մի շարք անդամներ որակվեցին վնասարար: Այս պիտակավորումն անընդունելի է, բայց, այնուամենայնիվ, որևէ մեկը չփորձեց խոչընդոտել  ՀՀՇ աշխատանքները, այլ  փորձեցին առանձին գործել: Դրա դրսևորումներից էր  նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ստեղծելու փորձը: Բայց երբ նահանջ կատարվեց ազատական գաղափարներից և խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ավելի հակված է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը, դա մեզ  համար անընդունելի էր: Նորից կրկնեմ,  որ դա նրանց ընտրությունն էր:

Մենք չենք ամաչում և  մեր կենսագրությունից հրաժարվելու որևէ պատճառ չունենք:  Եղել են ձախողումներ, եղել են և սխալներ, պետք է  աշխատենք հաղթահարել բոլոր խնդիրները, որ կան:

– Համագումարում եղել են ներկայացուցիչներ մի քանի ընդդիմադիր կուսակցություններից, բայց ոչ ՀԱԿ–ից: Ինչպիսի՞ն են ՀԱԿ–ի և ՀՀՇ–ի հարաբերությունները:

– Մենք որևէ կուսակցության հետ խնդիր չունենք: Որպես լիբերալ ուժ` պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, բայց  խնդիրների շուրջ, այդ համագործակցությունն ինքնանպատակ չէ: Մենք հրավիրել ենք բոլոր համախոհ կուսակցություններին, որոնց հետ պատկերացնում ենք ապագա ճանապարհ: Նրանք շատ ավելի ազատական են և այն ուժերն են, որոնք հռչակել են,  որ Հայաստանի համար անընդունելի է Մաքսային միությանն  անդամակցելը: ՀԱԿ-ից մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված էին, ՀԱԿ-ին մենք չենք հրավիրել, քանի որ դեռ այս  պահին չենք տեսնում ՀԱԿ-ի մոտեցումները, դեռ ավելին, կարծում ենք, որ ՀԱԿ-ն այս պահին աջակցում է այն քաղաքականությանը, որն իրականացնում է իաշխանությունը, այն է` Մաքսային միությանն անդամակցելը:

– Ո՞րն է ՀՀՇ–ի առաքելությունը քաղաքական դաշտում:

– Հայաստանում ազատական գաղափարների լուրջ պակաս կա:  Փորձելու ենք  այդ գիտակցությամբ, այդ գաղափարներով առաջնորդվող մարդկանց հետ միասին մեր ուրույն տեղը զբաղեցնել քաղաքական ներկապնակում, ազգային ժողովում և առաջ տանել այն գաղափարները, որոնք ունեցել ենք 88 թվականից: Այսօր դա ավելի հրամայական է, քանի որ սպառնալիքի տակ է մեր ինքնիշխանությունը: Մեր խորին համոզմամբ` այսօր խախտվում է Հայաստանի սահմանադրությունը. Մաքսային միությանը և նման այլ միավորմանը միանալը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի անկախությանը:

– ՀՀՇ  անվանումը գոնե նախկինում ինչ–որ չափով հեղինակազրկված էր: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար:

– ՀՀՇ-ն կանգնած է հայոց պետականության կայացման ակունքներում, մի շարք պանծալի հաղթանակներ են արձանագրվել այդ շարժման ղեկավարության օրոք, եղել են նաև ձախողումներ, այսօրվա խնդիրներից  շատերը, անշուշտ, այն ժամանակից են գալիս: Բայց սրանք  մեր հասարակության ընդհանուր արատներն են. ինչքան հասարակությունն է արատավորված, այնքան էլ իշխանությունը և ընդդիմությունը.  հավասարաչափ: Դա է պատճառը, որ այսօր այսպիսի տկար վիճակում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:  Մենք պետք է ամեն ինչ կարողանանք կառուցել  այն ամեն լավի վրա, ինչ եղել է: Իսկ վարկաբեկված-չվարկաբեկված լինելը գնահատվում է աշխատանքով:

– Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի նոր էջից շարունակել: 

– Նման մոտեցում էլ կա, բայց մարդ իր կենսագրությունից չպետք է ամաչի: Եթե  որևէ մեկը խնդիր  է ունենում, չի գնում իր անունը փոխում, դա իր անունն է, որով  իրեն ճանաչում են: Ինչքան էլ անունդ փոխես, ի վերջո,  բովանդակությունը չես փոխի: Հիմա բովանդակություն լցնելով պետք է փոխենք մտայնությունը, ոչ թե անվանափոխությամբ: Ինչքան էլ  կուսակցությունները անունները փոխեն, գիտենք` ով իրենից ինչ է ներկայացնում:  Հիմա ցանկացած ինֆորմացիա լույսի արագությամբ  տարածվում է, բոլորն էլ գիտեն բոլորի անցյալը, արած գործերը, և յուրաքանչյուր  մարդ թող ըստ իր արածների ամաչի կամ հպարտանա:

– Նախկինում ինչ–ինչ պատճառներով ՀՀՇ–ն լքած անձանց` հին անդամների հետ  պլանավորո՞ւմ եք նորից վերամիավորվել կամ համագործակցել:

– Մենք շատերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, սա իրոք եղել է համազգային շարժում, ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում  տարբեր մարդիկ որոշել են ուրույն ճանապարհով անցնել, մենք  գտնում ենք, որ այսօրվա վերածնվող  ՀՀՇ-ն ժառանգորդն է հենց այդ շարժման, և մենք բաց ենք  բոլոր այն մեր ընկերների առջև, որոնց հետ մենք 1988 թվականին սկսել ենք այս շարժումը: Մենք նախկինում ՀՀՇ-ի հետ եղած որևէ անհատի կամ կուսակցության հետ խնդիր չունենք: Ավելին, պատկերացնում ենք նաև համատեղ ճանապարհ:

– Համագումարում ընդունվել է նաև կուսակցության ծրագիրը, կներկայացնե՞ք հիմնական դրույթները:

– Հիմնականում խարսխված է այն տեսլականի վրա, որ հնչեցվել է դեռ 1989 թվականին և մի քանի անգամ լրամշակվել  տարբեր համագումարներում, վերջին խմբագրումը եղել է 2001-2002 թվականներին: Այն է`   ազատականություն, ժողովրդավարություն,  ԼՂՀ հարցի լուծման մեր տեսլականը և արդի մի քանի հարցերի վերաբերյալ մոտեցումներ: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ԵՄ լիակատար անդամակցությունն է, մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Եվրոպական ասելով` նկատի ունեմ այն համամարդկային արժեքները, որոնցով առաջնորդվում են մի շարք զարգացած երկրներ` անկախ աշխարհագրական դիրքից: Ամեն ինչ անելու ենք` խորացնելու Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և Հայաստանը վերստին դարձնելու հուսալի գործընկեր  միջազգային հարաբերություններում, որովհետև այսօր վտանգված է Հայաստանի հուսալիության, Հայաստանը որպես գործընկեր ընկալելու հարցը մեր գործընկերների կողմից,  լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն թե ԻԻՀ-ն:

– Իսկ Արցախի խնդրի լուծման Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է:

– Նախ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ներկայացված լինի բոլոր բանակցություններում, առանց ԼՂ-ի Ադրբեջանը և Հայաստանը իրավասու չեն որևէ  լուծում գտնելու: Ամեն ինչ պետք է արվի, որ իրավական կարգավիճակ ստանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը: Մենք պատկերացնում  ենք, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ունենան հուսալի սահման, ԼՂ-ն պետք է ունենա պաշտպանության անհրաժեշտ համակարգեր, որպեսզի պաշտպանի իր  սահմանները, և Հայաստանը պետք է երաշխավոր լինի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Իսկ ինչ ձևակերպումներ և   քայլեր կլինեն, դա արդեն ժամանակը ցույց կտա:

– Գործունեութան ի՞նչ մեթոդ եք  որդեգրելու, ձեր խոսքը  համակիրներին ինչպե՞ս եք հասցնելու:

– Բոլոր հասու  հնարավորություններով՝ երթեր, հանրահավաքներ, սոցիալական ցանցեր:  Կփորձենք հնարավորինս համախոհների լայն շրջանակ ընդգրկել: Մենք հակված ենք ունենալու կոլեգիալ կառավարմամբ կազմակերպություն, որը ոչ միայն պայքարում է ժողովրդավարության համար, այլև ժողովրդավար է իր ներքին կառուցվածքով: Մենք նաև նախատեսում ենք քաղաքացիական խորհրդի  ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն կուսակցության անդամները, այլև համախոհները: Կան մարդիկ, ակտիվիստներ, որոնք ցանկություն չունեն կուսակցական գործիչներ դառնալու, բայց ցանկություն ունեն ազդելու  ներքաղաքական կյանքի վրա, և  դրա լավագույն գործիքը կուսակցությունն է: Վստահ եմ, որ կկարողանանք ձերբազատվել այն մտայնությունից, որ ցավոք, Հայաստանում կա` մեկ առաջնորդի կուսակցություն,  այս կամ այն մարդու ամբիցիաները սպասարկող կուսակցություն: Սա լինելու է հասարակութան մի շերտի պահանջները սպասարկող կուսակցություն:

– Որքա՞ն անդամ եք ակնկալում ունենալ:

– Մենք մեր առջև նման խնդիր չենք դրել, մենք գիգանտամանիայով չենք տառապում որոշ ուժերի պես, որ հռչակում են, թե ունեն 50-60 հազար ընտրող և 30 հազար ձայն են հավաքում ընտրություններին: Հիմա կառույցների ձևավորման վրա ենք աշխատում: Առաջին համագումարին մասնակցում էր 220 պատվիրակ, որոնք ներկայացնում էին հանրապետության հինգ մարզեր: Անդամակցության գործընթացը շարունակվում է:

– Շատ է խոսվում, որ ՀՀՇ–ի վերակազմավորումից հետո «Ազատ դեմոկրատների» ապագան հարցականի տակ է: Ինչ–որ որոշում կա՞, թե ինչպիսին պետք է լինի հետագա համագործացությունը:

– Դեռ վերջնական որոշում չկա: Նույն ՀՀՇ-ից դուրս  եկած մարդիկ ձևավորեցին «Ազատ դեմոկրատները», մենք կարծում ենք, որ նույն դաշտում ենք գործում  և միասին պետք է շարունակենք, որոշումը պետք է իրենք կայացնեն, մենք  պատրաստ ենք համագործակցել, որևէ խնդիր գաղափարական առումով այս պահին չկա:

Մենք ոչ թե լքեցինք մեր տունը, այլ չուզեցինք խժդժություններ առաջացնել նրա ներսում, իսկ այժմ կրկին միավորվում ենք. ՀՀՇ վերագրանցման նախաձեռնողներ

Նոր-ՀՀՇ-4Հայոց Համազգային Շարժումը վերածնվել է: Վերագրանցման նախաձեռնողներն են Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, ովքեր այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Գործիչները նշեցին, որ իրենք հպարտանում են կուսակցության 25 տարվա քաղաքական գործունեությամբ և ցավ զգում ձախողումների ու սխալների համար, հանդիսանալով ՀՀՇ Ղարաբաղյան շարժման տարիներից եկող ողջ գաղափարախոսության կրողները, գտնում են, որ ինչ-որ մեկի կամ մի քանիսի որոշմամբ չի կարող վերանալ նման պատմություն ունեցող կուսակցությունը, ուստի իրենք որոշել և իրականացնում են ՀՀՇ վերագրանցումը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ պետք է արվի այն հարցի հետ, որ մարդիկ կապում են ՀՀՇ անունը Լևոն տեր-Պետրոսյան անվան հետ և դժվար է առանց մեկ մեկու պատկերացնել երկուսը, բանախոսները պնդեցին, որ միանշանակ սխալ է կուսակցությունը կապել անձերի ու լիդերների հետ, և իրենք շատ շուտով իրենց գործունեությամբ կապացուցեն, որ հնարավոր է կառավարել կուսակցությունը համատեղ ուժերով` չունենալով լիդերներ և բացի սա ընդգծեցին այն փաստը, որ ՀՀՇ-ն չի կարող կապվել միայն Լևոն տեր-Պետրոսյանի անվան հետ հենց թեկուզ այն պատճառով, որ շարժումը սկիզբ է առել մի ողջ խմբի նախաձեռնությամբ, որոնցից մեկն է եղել Լևոն տեր-Պետրոսյանը, բայց նա բնավ էլ հիմնադիրը ու միակ առաջնորդը չի եղել կուսակցության պատմության մեջ, կուսակցություն, որն իրենց ու հազարավոր այլ մարդկանց տունն է եղել և մնում է: Այս պնդումը լրագրողներից մեկի մոտ հարց առաջացրեց` իսկ ինչու՞այդ դեպքում իրենք ժամանակին լքեցին այդ տունը: Հարցին ի պատասխան Հովհաննես Իգիթյանն ասաց. «Մենք ոչ թե լքեցինք մեր տունը, այլ չուզեցինք խժդժություններ առաջացնել նրա ներսում, քանի որ համաձայն չէինք այնտեղ տեղի ունեցող որոշ գործընթացների հետ, իսկ այժմ կրկին միավորվում ենք»: