«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

Հանրային քննարկում

ՀՀ բնապահպանության նախարարությունում օգոստոսի 14-ին կազմակերպվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներից բխող «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկում: Քննարկում անցկացնելու հիմք են հանդիսացել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման» կարգը: Հանրային քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ մի քանի ՀԿ-ներ նախագծի վերաբերյալ իրենց  առաջարկությունները և դիտողությունները ներկայացրել են էլեկտրոնային փոստով:

Միջոցառման մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման գործընթացը՝ նկատելով, որ «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն առաջինն է: Մյուս ենթաօրենսդրական ակտերը նույնպես կընդունվեն՝ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցելով և հաշվի առնելով նրանց առաջարկությունները և դիտողությունները: Ս. Պապյանը շեշտել է, որ նոր ընդունված օրենքը մեկ քայլ առաջ է նախկին օրենքից՝ հատկապես Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման առումով:

«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքային խմբի անդամ Ազգանուշ Դռնոյանը: Վերջինս նշել է, որ ի տարբերություն նախորդ օրենքի, նոր օրենքով նախատեսվում է հասարակության կարծիքը հաշվի առնել նախափորձաքննական փուլում, այն ներառել պահանջվող փաստաթղթերի փաթեթում և նոր միայն դիմել լիազոր մարմնին՝ փորձաքննությանը: Բուն փորձաքննության գործընթացում նախատեսված են ևս երեք հասարակական լսումներ: Նոր կարգով հստակեցված է նաև հանրային լսումների ծանուցման, իրազեկման մեխանիզմները: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կարգում մշակված են այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն հասարակության կարծիքի լիարժեք հաշվի առնմանը, ըստ որի  փաստաթղթերում պետք է հիշատակվեն հասարակության ներկայացուցիչների հնչեցրած բոլոր առաջարկությունները, դրանց ընդունման կամ մերժման հիմնավորումները:

Անցկացված շահագրգիռ քննարկման ընթացքում արվել են մի շարջ առաջարկություններ և դիտողություններ: Մասնավորապես՝ քննարկման մասնակիցներն առաջարկել են օրենքում հստակ սահմանել հանրային լսումների մասին տեղեկատվություն հրապարակող մարմինը, հստակեցնել, թե ինչպես է որոշվում ազդակիր համայնքը, երկարացնել փաստաթղթերին ծանոթանալու համար հատկացված ժամկետները, կանոնակարգել նաև հանրային լսումների ժամանակ տեսագրությունների և ձայնագրությունների որակի հարցը:

Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այն գնահատել է արդյունավետ և տեղեկացրել, որ առաջարկությունները սեղմ ժամկետներում կքննարկվեն, նախագիծը կլրամշակվի և կկազմակերպվի ևս մեկ հանդիպում կարգի նոր տարբերակի քննարկման համար:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկում Գավառում

1400495634_constitutionՍահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գավառ քաղաքում: Հայեցակագային դրույթները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը:

Դավիթ Հարությունյանը, խոսելով Սահմանադրության իրավական-քաղաքական և արժեբանական նշանակության մասին,  ընդգծել է, որ հասունացել է Սահմանադրության փոփոխման անհրաժեշտությունը` այն պայմանավորելով սոցիալ-քաղաքական, արժեհամակարգային իրողությունների փոփոխման դինամիկայով: «Սահմանադրական բարեփոխումներով պետք է լուծվի մարդու իրավունքների ապահովման հարցը»,-նշել է բանախոսը:

Նա առանձնացրել է երեք  տեսակի իրավունք՝ ազատություններ, հիմնական իրավունքներ և այլ տիպի իրավունքներ:  Նրա համոզմամբ, եթե չլինի որևէ երաշխիք, որը կապահովի այդ իրավունքների կյանքի կոչումը, ապա մենք չենք կարողանա  այդ իրավունքներն իրացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ապահովության, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, Սահմանադրությունը չի կարող ապահովել դրանց ծավալը. դրանք կատարվում են օրենքներով, բայց Սահմանադրությունը պետք է կարողանա ամրագրել ճկուն ու կենսունակ մեխանիզմներ դրանց օրենսդրական ճիշտ կառուցվածքային ամրագրման առումով: Խոսելով իրավունքի գերակայության մասին` Հանձնաժողովի անդամը նշել է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, որպեսզի այն ունենա գերակա նշանակություն:

«Ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետությունն իր իրավունքն իրականացնելիս սահմանափակվի մարդու իրավունքներով: Մենք պետք է լրացուցիչ կարգավորումներով հասնենք այս ամենի իրագործմանը»,-հավելել է  նա: Խոսելով  իշխանության բաժանման ու հավասարակշռման մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պառլամենտում մեծամասնությունը և հանրապետության նախագահը  տարբեր քաղաքական ուժերից լինեն, ապա տեղի կունենա քաղաքական բախում, անխուսափելի  կդառնա  քաղաքական ճգնաժամը: «Հայեցակարգով մենք ներկայացնում ենք մոտեցումներ, որոնցով պետք է կարողանանք հնարավորինս անվտանգ լուծումներ գտնել այս իրավիճակի համար»,-ներկաներին հավաստիացրել է Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ նա նշել է, որ այսօր կա գործադիր իշխանության երկվություն, մի մասի համար պատասխանատու է կառավարությունը, մյուս մասի համար` նախագահը, իսկ եթե այդ պատասխանատվության կատարման մեջ թերանում է կառավարությունը, ապա հնարավոր է պահանջել նրա հրաժարականը, իսկ նախագահի հրաժարական հնարավոր չէ պահանջել: «Ուրեմն պետք է լինի հանրային իրավական պատասխանատվություն բոլորի համար»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Գևորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունն է  հրավիրել իրավունքների իրականացման կարգի սահմանմանը` նշելով, որ դրանով ավելի կանխատեսելի կդառնան այդ մեխանիզմները` ապահովելով ժողովրդավարական սկզբունքների իրականացումը: Սահմանադրությամբ նաև ազգային անվտանգության հարց պետք է լուծվի, օրինակ` որոշ թեկնածուներ սկզբում նշում են, թե գումար չունեն առաջադրվելու համար, սակայն հետագայում գումար են հայթայթում անհասկանալի տեղից: Նա նշել է, որ այդ գործընթացը  պետք է թափանցիկ լինի, որպեսզի արտաքին ինչ-ինչ ուժեր չներգրավվեն: Ըստ Գևորգ Դանիելյանի` խորհրդարանական գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ որոշ հարցերում կարևորվի նաև խորհրդարանական փոքրամասնության կարծիքը, որի ձայնը անհրաժեշտ է: «Քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման առումով կարևոր է, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան հանրաքվեներ նախաձեռնելու, և կունենանք ավելի կառուցողական քաղաքական ուժեր»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Հարցուպատասխանի ժամանակ փոխանակվել են մտքեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային գրեթե բոլոր դրույթների վերաբերյալ: Մարզի բնակիչները  հետաքրքրվել են   կառավարման պառլամենտական մոդելի ներմուծման  միջազգային փորձով: Հարցադրումներ են  եղել սոցիալական պետության, դատական համակարգերի առնչությամբ, որոնց պատասխանել է Դավիթ Հարությունյանը` ասելով. «Մենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսություն  ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, և սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում՝ ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձևի և բովանդակության առումով»:  Անդրադառնալով դատական համակարգին վերաբերող հարցին  նա ասել է, որ տեղական դատարանները կարող են բարձրացնել  հանրային վստահությունը: Ըստ նրա՝ դատավորն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա, պետք է ապահովվի նրա անկախությունը:

Հանդիպմանը հնչել են առաջարկություններ, դիտողություններ ու դիտարկումներ ևս, որոնք քննարկվել են  հանձնաժողովի անդամների հետ:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Վանաձորում:

 

Անկախ

«Դ!ԵՄ ԵՄ» -ը հրավիրում է Մաշտոցի պուրակ հանրային քննարկման

1465328_1375893052658276_921135042_n

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենան արդեն ավանդույթ դարձած «Դ!ԵՄ ԵՄ» թիմի հանրային քննարկումները:

Քիչ ուշացումով քննարկմանը կմիանան ՀՀ տարբեր մարզերից ժամանած “Հարավկովկասյան երկաթուղիների” աշխատակիցներ, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունն ու բողոքը արտահայտել գնալով ավելի մեծացող ճնշումների դեմ:

 «Դ!ԵՄ ԵՄ»-ը նշում է, որ վերջին շրջանում Հարավկովկասյան երկաթուղիների աշխատակիցների վրա մեծացել է անուղղակի ճնշումը կենսաթոշակային ֆոնդերի ընտրության հետ կապված, որը գնալով վերածվում է կարծես թե թաղային մակարդակի խոսակցությունների, ուլտիմատումների և սպառնալիքների:
“Որոշ աշխատակիցներ, արդեն իսկ չդիմանալով ճնշումներին, ստիպված ընտրել են ֆոնդեր, իսկ որոշ համարձակներ, որոնք դեռ կարողանում են պայքարել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար, այսօր մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն”,-ասվում է հաղորդագրության մեջ: