Արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի համար քարոզչություն ծավալող ընկերությունների գործունեությունը  

հարութԱնցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:

 

Գիտակցելով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների գանձարանները՝ հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սև բծերը: Այդ նպատակով Անկարան 2014 թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի և Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ, տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաքին», իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաքը» փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից ստացել էր 779 805 դոլար մեկ կիսամյակի համար՝ 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 30-ը, որի ավարտին նրա պայմանագիրը դադարեցվել էր:

 

Բացի այդ, Անկարան օգտվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի գործունեությունից, որը 2000 թվականից սկսած ավելի քան մեկ միլիոն դոլար է ծախսել 170 կոնգրեսականների ճամփորդությունները դեպի Թուրքիա հովանավորելու համար: Ամերիկայի թուրքական կոալիցիան ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի միկրոչիպեր արտադրող միլիոնատեր Յալչին Այասլիի կողմից, որն ըստ «Ալ-Մոնիտոր»ի տվյալների, վերջին 18 ամիսների ընթացքում մոտ 140 հազար դոլար է նվիրաբերել մի քանի թուրքամետ կոնգրեսականների:

 

Շատերը տեղյակ չեն, որ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, արտասահմանյան հաճախորդներ ներկայացնող ամերիկյան ընկերությունները պարտավոր են կիսամյա հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ արդարադատության նախարարություն իրենց  ամենօրյա գործունեությունների մասին:

 

«Ալփայթաքը» դեռչիավարտելիրառաջին կիսամյակը, հետևաբար հաշվետվություն չիներկայացրել: Սակայն, ցանկանում ենք հատվածներ ներկայացնել «Գեբարդ գրուպ» ընկերության և նրա չորս գործընկերների՝  Գրինբերգ Թրորիգի, Լիդիա Բոռլենդի, Բրայան Ֆոռնիի և Դիկշտայն Շապիրոյի փաստաթղթերից, որոնք հանձնել են Արդարադատության նախարարություն՝ 2013 թ. օգոստոսի 1-ից մինչև 2014 թ. հունվարի 31-ը ի նպաստԹուրքիայի իրենց իրականացրած միջոցառումների վերաբերյալ.

 

– 2013 թ. սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նամակը փոխանցվել է փոխնախագահ Ջո Բայդենին և սենատոր Պատրիկ Լիհիին:

 

– Էլեկտրոնային նամակներ են ուղարկվել Ներկայացուցիչների պալատի անդամներ Կաստրոյին, Քոհենին, Քոնոլիին, Դեյչին, Էսթիին, Ֆոքսին, Ֆրանկելին, Գաբարդին, Քենեդուն, Շնայդերին, Վագներին, Ուիթֆիլդին, և սենատոր Մերֆիին՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի վերաբերյալ. կապեր են հաստատվել նաև մի քանի կոնգրեսականների հետ՝ Սիրիայի, Իրանի պատժամիջոցների, Համասի և հակահրթիռային պաշտպանության հարցերի քննարկման համար:

 

– Դիկ Գեբարդը հաղորդել է նախընտրական ներդրումների մասին 2013 թ. սեպտեմբերի 24-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում՝ ներկայացուցիչներ Էլսի Հաստինգսին (1000 դոլար), Բարբարա Լիին (1000 դոլար), Մարջորի Մարգոլիսին (1000 դոլար), Ռիչարդ Նիլին (1250 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար), Դեբի Վասերման-Շուլցին (1500 դոլար), Մարկ Վիզիին (1000 դոլար), Հենրի Վակսմանին (1000 դոլար), և սենատորներ Դիկ Դուրբինին (2500 դոլար), Մերի Լանդրյուին (1000 դոլար), Քլեր ՄակՔասկիլին (1000 դոլար), Մարկ Փրայորին (1500 դոլար) և Ռոն Վայդենին (2500 դոլար):

 

– «Գեբարդ գրուպ» ընկերության աշխատակիցներն նվիրել են սենատորներ Դիկ Դուրբինին (500 դոլար), Ջին Շահինին (1500 դոլար), և ներկայացուցիչներ Սթիվ Քոհենին (500 դոլար), Քոլին Հանաբուզային (1250 դոլար), Ջիմ Մորանին (500 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար) և կոնգրեսական Հենրի Վակսմանին (500 դոլար):

 

– «Գեբարդ գրուպի» գործընկեր «Դիկշտայն Շապիրո» ընկերության աշխատակիցները կապ են հաստատել կոնգրեսական Գրեգորի Միքսի օրենսդիր տնօրեն Բեն Բրանչի հետ՝ «Թուրքիայի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ օրենսդրության հարցերով»: Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հաստերտը, Դիկշտայն Շապիրոյի անունից հանդիպել է Ամերիկայում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի և սենատոր Ռոն Ջոնսոնի հետ՝ «Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ»:

 

– «Դիկշտայն Շապիրոյի» այլ աշխատակիցներ կապ են հաստատել հետևյալ ներկայացուցիչների գրասենյակների հետ՝ Ջորջ Հոլդինգ, Էդի Բեռնիս Ջոնսոն, Շեյլա Ջեկսոն Լի, Իլիանա Ռոս-Լետինին, Գրեգորի Միքս, Շելի Փինգրի, Ռոբերտ Փիթինջեր, Դեյնա Ռոհրաբայկեր, Էդ Ռոյս, Էդ Ուիթֆիլդ, և սենատորներ Ջոն Բուզման, Ռոն Ջոնսոն, Ռենդ Փոլ և Ռոջեր Ուիքեր, որպեսզի քննարկեն թուրքական տարածաշրջանային խնդիրները, Կիպրոսի, Թուրքիա ուղևորվելու և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություների վերաբերյալ հարցեր:

 

– «Դիկշտայն Շապիրոյի» աշխատակիցները 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 19-ը նվիրաբերել են ավելի քան 60 հազար դոլար հետևյալ կոնգրեսական թեկնածուների քաղաքական քարոզարշավների համար.  սենատորներ Լամար Ալեքսանդր (2500 դոլար), Քեյ Հեգան (9000 դոլար), Էմմի Քլոուբուչեր (2000 դոլար), Միտչ ՄակՔոնել (2500 դոլար), Մարկ Փրայոր (2500 դոլար), Թիմ Սկոտ (1000 դոլար), և ներկայացուցիչներ Սանֆորդ Բիշոպ (2500 դոլար), Էմանուել Քլիվեր (1500 դոլար), Ռիկ Քրովերդ (2500 դոլար), Սթիվ Դեյնս (2500 դոլար), Ջոն Դինգլ (1000 դոլար), Բիլ Հյուզենգա (2500 դոլար), Էդի Բեռնիս Ջոնսոն (1000 դոլար), Ադամ Քայնզինգեր (2500 դոլար), Մայք ՄակԻնթայր (5000 դոլար), Բաք ՄակՔեոն (1500 դոլար), Դաչ Ռուպերսբերգեր (2500 դոլար) և Էդ Ուիթֆիլդ (2500 դոլար):

 

Քանի որ, ըստ օրենքի, Թուրքիայի կողմից վարձու ընկերությունները պարտավոր են մանրամասն զեկուցել իրենց գործունեության մասին, շատ կարևոր է պարբերաբար ստուգել Արդարադատության նախարարությանընրանց ներկայացրած փաստաթղթերը, պարզելու համար, թե ո՞ւմ հետ են նրանք կապ հաստատում Կոնգրեսում, ի՞նչ նպատակով և ինչքա՞ն են նվիրաբերում նրանց քաղաքական քարոզարշավներին:

 

 

 

 

ՀարութՍասունյան
«ԿալիֆորնիաԿուրիեր» թերթիհրատարակիչևխմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Ավստրալիան պետք է պաշտոնանկ անի արտգործնախարարին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Հարութ ՍասունյանԱնցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»:

 

«Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆորնիայի օրենքն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական հարցը բնորոշել էր որպես ցեղասպանություն, որովհետև ԱՄՆ դաշնային քաղաքականությունը Հայկական հարցը չի բնորոշում որպես ցեղասպանություն»:

 

«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:

 

Ավստրալիայի թուրքական զորակցության միության ղեկավար Էրթունչ Օզենը, հետևելով Էվինչի խորհրդին, մայիսի 5-ին նամակ էր հղել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին` «մտահոգություն հայտնելով բանաձևերի առնչությամբ, որոնք ընդունվել էին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից 2013 թվականի մայիսին՝ Թուրքիայի վերաբերյալ և տարբեր համայնքների ճակատագրի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո»:

 

Արտգործնախարար Բիշոպը հունիսի 4-ին գրել էր Օզենին. «Ավստրալիայի կառավարությունը ընդունում է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները աղետալի հետևանքներ են ունեցել հետագա սերունդների և նրանց ինքնության, ժառանգության ու մշակույթի վրա»: Զարմանալիորեն, նա հավելել էր. «Սակայն այդ դեպքերը մենք չենք ճանաչում որպես «ցեղասպանություն»: Ավստրալիայի նահանգները և տարածքները սահմանադրական դերակատարություն չունեն Ավստրալիայի արտաքին քաղաքականության մշակման գործում: Հարգելով սույն հարցի վերաբերյալ անհատների և խմբերի անդրդվելի հայացքներ ունենալու իրավունքը, Ավստրալիայի կառավարությունը վաղուց ի վեր հստակ մոտեցում է որդեգրել` չմասնակցել այս զգայուն բանավեճին»:

 

Ավստրալիայի արտգործնախարարը սխալվում է երեք հարցում. նախ՝ նա սխալ է թույլ տվել, նշելով, որ Ավստրալիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Չնայած Ավստրալիայի կառավարությունը գերադասում է չօգտագործել ցեղասպանություն եզրը, որպեսզի չթշնամացնի Թուրքիային, սակայն ոչ մի պաշտոնյա երբևէ չի հայտարարել, որ այն ցեղասպանություն չէ. երկրորդ՝ նա սխալ է գրել, որ Ավստրալիայի նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ձևավորել են արտաքին քաղաքականություն: Այս նահանգները պարզապես ճանաչել են պատմական մի իրողություն. և երրորդ՝  նա հակասում է ինքն իրեն, նշելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի մասնակցում այս «զգայուն բանավեճին», սակայն իրեն թույլ է տվել միջամտել, նշելով, որ դա ցեղասպանություն չէ…

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանն անմիջապես խիստ ձևակերպմամբ մի նամակ է հղել արտգործնախարարին` նրա «սխալ հայտարարությունը» անվանելով «խորապես վիրավորական և ցավալի Ավստրալիայի հայ համայնքի համար»: Նա նաև Բիշոպի դիրքորոշումը բնութագրել է որպես «անհանդուրժելի», «աններելի», «խիստ վիրավորական» և «վնասակար բոլոր ավստրալիացիներին»: Կահրամանյանն արդարացիորեն զարմացել է, թե «Ինչպե՞ս կարող է Ավստրալիայի բարոյագիտակցությունը դառնալ այսքան փչացած»:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը հիշեցրել է արտգործնախարարին, որ նրա հայտարարությունը խիստ հակասում է «ներկայիս կառավարության բազմաթիվ բարձրաստիճան նախարարների արտահայտած դիրքորոշումներին: Վերջերս, 2014 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը Ավստրալիայի գանձապետ Ջո Հոկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` Ապրիլի 24-ը նշելով որպես օր «երբ հավաքվում ենք հիշելու ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն մարդկանց»: Նախարարներ Թերնբուլը, Մորիսոնը, Աշխատավորական, Կանաչների, փոքր և անկախ կուսակցությունների այլ բարձրաստիճան անդամների հետ միասին կոչ են արել Ավստրալիայի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ, հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը առանց որևէ որակավորման կամ մեղմասացության»:

 

Կահրամանյանը նաև ասել է արտգործնախարարին. «Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Դուք ժխտում եք նաև Ավստրալիայի սեփական պատմությունը: Ավստրալիայի ազգային արխիվում պահվում են ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) ռազմագերիների անթիվ ու անհամար վկայություններ, որոնք գերեվարվել էին Օսմանյան կայսրությունում…. Այս անհերքելի վկայությունները վառ հիշողություններ են հայ ժողովրդի տառապանքների և ոչնչացման մասին»:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը կոչ է արել արտգործնախարարին՝ «անհապաղ չեղյալ համարել այս դատողության լուրջ սխալը» և հանդիպում է խնդրել նրա հետ:

 

Ես առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…

 

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Այժմ, երբ դատական գործերը ավարտված են, եկե՛ք կառուցենք Ցեղասպանության հուշահամալիրը

Հարութ-Սասունյան1Հուլիսի 15-ին ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի դատարանի 2011 թվականի վճիռը՝  հրահանգելով, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» վերադարձվեն այն շենքերը, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր կառուցելու համար Վաշինգտոնում:

 

Վերաքննիչ դատարանի դատավորներ Գառլանդը, Ուիլկինսը և Գինսբուրգն ահա այսպես ամփոփեցին դատական գործերի և հակընդդեմ հայցերի շարքը, որ վիճարկող կողմերը ներկայացրել էին վերջին յոթ տարիների ընթացքում.

 

Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը, այդ թվում` Հրայր Հովնանյանը և Ջերարդ Գաֆեսճյանը, «ապահովել էին խոշոր ֆինանսական ներդրումներ և ստեղծել շահույթ չհետապնդող ընկերություն` «Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրը»: Նրանք նաև համաձայնության էին եկել և գնել մի պատմական շենք թանգարանի համար` Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: Սակայն տարիներն անցնում էին, իսկ նրանք չէին կարողանում համաձայնության գալ շատ հարցերի շուրջ: Առաջխաղացումը դանդաղում էր, լարվածությունը՝ աճում:  Աննշան հաջողություններ ձեռք բերվեցին: Ի վերջո, ծրագրի գլխավոր հիմնադիրներից և բարերարներից մեկը՝ հանգուցյալ Ջերարդ Գաֆեսճյանը, որոշեց հեռանալ խմբից և հրաժարական տվեց Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի նախագահի իր պաշտոնից: Պառակտումը հեռու էր բարեկամական լինելուց: Եվ այսպես, սկսվեց իրադարձությունների մի երկար շղթա, որի գագաթնակետն այս խճճված դատավարությունն է: Մի քանի տարվա դատական վեճերից հետո կողմերն ի վերջո դիմեցին շրջանային դատարան: Բացի մի հարցից, բոլոր մյուս պահանջները համարվեցին չապացուցված: Դատաքննություններից հետո առաջ եկան բազմաթիվ խնդիրներ, և առաջին ատյանի դատարանի բազմաթիվ որոշումներից հետո դրանք բողոքարկվեցին մաս-մաս, իսկ հիմա բողոքարկման մասնատված գործերը համախմբվել և ներկայացվել են մեզ որոշում կայացնելու համար»:

 

Իրենց կայացրած որոշման վերջին էջում վերաքննիչ դատարանի դատավորները հիասթափություն և անհանգստություն էին արտահայտել անիմաստ դատավարությունների շարքի համար: Ցասումով լցված նրանք գրել էին.

 

«Այս իրավական ոդիսականը երկարաշունչ էր: Այն սկսվեց որպես մեկ եզակի դատավարություն` չվճարված մուրհակները հավաքելու համար, և արագորեն վերածվեց իրավական վեճերի ճահճի: Ավելի քան յոթ տարիների ընթացքում իրավաբանական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո, կողմերի հսկայածավալ աշխատանքն իրենց երազած թանգարանն իրագործելու համար, թվում է թե ապարդյուն էր, որը շատ ցավալի է: Ինչ էլ որ լինի հետագայում, մենք հուսով ենք, որ այսօրվա մեր որոշումը կարող է առնվազն վերջակետ դնել այս ձգձգված դատական վիճաբանությանը»:

 

Անցյալ շաբաթ ես բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստացել ընթերցողներից, որոնք ցավով նշում էին այն փաստը, որ երկու հայտնի հայկական կազմակերպությունները բազմամիլիոն դոլարներ վատնեցին միմյանց դեմ դատական քաշքշուկներում, փոխարեն իրենց վեճը լուծեին դատարանից դուրս և կառուցեին Ցեղասպանության թանգարանը, որը նախատեսված էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ: Ցավոք, թանգարանի բացումը, որը գտնվելու էր Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու, կարող է ընդհանրապես չկայանալ…

 

Շատ ցավալի է, որ երկու կողմերն էլ մերժել էին երրորդ կողմերի բոլոր առաջարկները` միջնորդելու նրանց վեճը: Դատական հայցերի վրա վատնված միլիոնավոր դոլարները կարող էին օգնել Ցեղասպանության թարգարանի ֆինանսավորմանը: Սա ևս մեկ ցավալի օրինակ է, թե ինչպես են հայերը ոտնահարում իրենց սեփական շահերը:

 

Դեռևս կարող է հրաշք տեղի ունենա… Թեև պարոն Գաֆեսճյանը  վախճանվել է անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն նա բազմիցս հայտարարել էր, որ իր ջերմ փափագն է եղել կառուցել Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրն Ամերիկայի մայրաքաղաքում: Աշխարհասփյուռ ողջ հայությունը ցանկանում է, որ նրա ժառանգորդները և «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները հարգեն Ջերարդ Գաֆեսճյանի նվիրվածությունն այս վեհ գաղափարին և իրականացնեն նրա անմար երազը:

 

Հայաստանի ղեկավարները, Սփյուռքի կազմակերպությունների առաջնորդները և համայնքի անդամները պետք է տեղեկացնեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուներին, որ իրենք լիովին պատրաստ են ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի իրականություն դառնա պարոն Գաֆեսճյանի երազանքը: Թանգարանը պետք է հավերժական հարգանքի տուրք լինի Ջերարդ Գաֆեսճյանին, ով տասնյակ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել մարդասիրական ծրագրերի համար Հայաստանում և Միացյալ Նահանգներում:

 

Այժմ, երբ այս տհաճ դատական գործն արդեն ետևում է, ժամանակն է ամերիկահայ համայնքի համար` «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուների հետ միասնաբար, համախմբվել և ստեղծել համահայկական հանձնախումբ, ներառյալ Հայկական համագումարը, և սկսել այս հույժ կարեոր կառույցի ձեռնարկումը Վաշինգտոնում:

 

Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»:

 

Եթե «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները և ամերիկահայ համայնքը կիսեն այս տեսլականը, ապա հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ Հայոց հուշահամալիրի ապագա տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին…

 

 

 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը

Հարութ Սասունյան

Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական «Հյուրիյեթ» թերթում վերջերս հրապարակված՝ «Ամերիկայի թուրքերը  «գլխավոր ծրագիր» են մշակում 2015-ի համար» խորագիրը կրող հոդվածի պատճառով:

 

Չպետք է զարմանալ, որ թուրքական կառավարությունը և նրա հետ կապված կազմակերպություններն ամբողջ աշխարհում լրջորեն պատրաստվում են հակազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի կառավարության և Սփյուռքի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին:

 

«Հյուրիյեթ» թերթի հուլիսի 5-ի համարում Թոլգա Թանիսը հայտնել է, որ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերին Վաշինգտոն կհրավիրի թուրք-ամերիկյան խմբերին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին «նախաձեռնող և հակազդող քայլեր»  պատրաստելու նպատակով:

 

Հաղորդվում է, որ ATAA-ն ձևավորելու է թուրքական «ակտիվիստների կոմիտեներ», որոնք այցելելու են «օրենսդիրներին յուրաքանչյուր նահանգում, քարոզարշավներ տանելու սոցիալական ցանցերում, կապի մեջ մտնելու ավանդական մամուլի հետ, պատրաստելու առցանց դասընթացներ և կազմակերպելու համացանցային հանդիպումներ ամերիկացիների համար ամբողջ երկրում»: «Հյուրիյեթը» նաև հաղորդել է, որ ATAA-ն կազմակերպելու է «առնվազն 20 մեկօրյա համաժողովներ տեղի համալսարանների համագործակցությամբ և հայտնի թուրքերի մասնակցությամբ, ինչպիսիք են դոկտոր Մեհմեթ Օզը և «Կոկա կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը:

 

ATAA-ն մտադիր է ձեռնակել հետևյալ «քայլերը, որոնցով կհակազդի».

 

– Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներին, գրքերին և ֆիլմերին.

– Հայերի կողմից կազմակերպվող քննարկումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին.

– Կոնգրեսում «հակաթուրքական օրինագծերին»:

 

Նախքան հայերը շատ կմտահոգվեն այս ենթադրյալ թուրքական ծրագրերով, պետք է հետևյալ հարցադրումներն անել.

 

– Արդյոք «Հյուրիյեթի» տեղեկությունը ճշգրի՞տ է ATAA-ի ծրագրերի մասին: Տխրահռչակ թուրքական լրատվամիջոցները միշտ էլ աչքի են ընկել փաստերի խեղաթյուրմամբ և պատմություններ հորինելով: Հետաքրքրական է, որ նման հայտարարություն չկա ATAA-ի կայքէջում:

– Եթե հոդվածն ամբողջությամբ կամ նույնիսկ մասամբ ճիշտ է, արդյոք հաստա՞տ է, որ ATAA-ն իրոք իրականացնելու է իր հայտարարած ծրագրերը, թե՞ սա պարզապես քարոզչական հնարք  է կամ դրամահավաքման փորձ:

 

Որպես առաջին ազդանշան մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ «Հյուրիյեթի» պատմության առնվազն մի կարևոր հատվածը կեղծիք է…  «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը հայտնել է, որ հանրածանոթ հեռուստահաղորդավարի մամլո խոսնակը հերքել է, որ դոկտ. Օզը որևէ կերպ ընդգրկված է թուրքական ժխտողական ձեռնարկներում: Նմանապես, ես փորձում եմ պարզել, թե արդյոք  «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի` ցեղասպանության ժխտման մեջ ներգրավված լինելու մասին լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հատկանշական է, որ «Հյուրիյեթը» արդեն փոխել է իր նախնական հաղորդագրությունը, հերքում ավելացնելով, միգուցե դոկտոր Օզի և պարոն Քենթի բողոքներից հետո` իրենց անունները առանց արտոնության և անճիշտ ձևով օգտագործելու համար. «Երկու անձինք, որոնց անունները նշված են վերևի հոդվածում (դոկտ. Օզը և «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը), երկու հայտնի գործիչներ են Ամերիկայի թուրքերի երկար ցուցակում, որոնք կհրավիրվեն ելույթ ունենալու համայնքային միջոցառումներում: Նրանք գաղափար չունեն ATAA-ի ծրագրերի մասին կամ դրանցում ընդգրկված չեն»:

 

Երանի թե դոկտ. Օզը և պարոն Քենթը իրոք ընդգրկված լինեին թուրքական ժխտողական աշխատանքներում, որը պատճառ կհանդիսանար դոկտ. Օզի հեռուստաշոուն և «Կոկա կոլայի» արտադրանքն ամբողջ աշխարհում բոյկոտելու համար: Սա հայերին շատ մեծ հնարավորություն կընձեռեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի քարոզչության համար, որ ոչ մի գնով հնարավոր չէր լինի ձեռք բերել…

 

Բացի այդ, իմ ջերմ հույսն է, որ «Հյուրիյեթի» հոդվածն ամբողջությամբ ճիշտ է, և ATAA-ն իրականացնելու է իր խոստացած բոլոր միջոցառումները: Որքան հաճախ թուրք ժխտողականները բարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը` փորձելով հակազդել փաստարկված պատմական իրողություններին, այնքան նրանք ակամայից ավելի շատ կնպաստեն Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը, և դրանով խայտառակելով իրենց ամբողջ աշխարհում…

 

Մինչ հայերն ի վիճակի չեն իրենց ձայնը շատ ավելի լսելի դարձնելու միջազգային ասպարեզում, ճակատագրի հեգնանքով, Վաշինգտոնում Թուրքիայի կողմից վարձված հասարակայնության հետ կապերի ազդեցիկ ընկերություններն ավելի շատ օգուտ կտան հայությանը… Նույնքան օգտակար են թուրք առաջնորդների հայտարարությունները, այդ թվում՝ վարչապետ Էրդողանի կողմից 2014 թվականի ապրիլի 23-ին արվածը՝ չնայած ժխտողական բովանդակությանը: Որպես անկանխատեսելի հետևանք` Ցեղասպանության հարյուրամյակի դեմ ուղղված ATAA-ի ջանքերը խթան են հանդիսանալու միջազգային լրատվամիջոցների համար, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ ժողովրդի հանդեպ շարունակվող անարդարության վրա՝ ավելի լայնորեն լուսաբանելով հայկական նախատեսված ոգեկոչման միջոցառումները:

 

Չնայած թուրքական հակառազմավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրել, սակայն հայերը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն, թե արդյոք իրենք պատշաճորեն նախապատրաստվո՞ւմ են նշելու Ցեղասպանության հարյուրամյակը համաշխարհային ասպարեզում, նկատի առնելով Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների վիթխարի կորուստը: Լինելով չափազանց համակված թուրք ժխտողականների չարամիտ գործողություններով, հայերի ուշադրությունը չպետք է շեղվի զոհերի սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելու իրենց պարտականությունից և արդարության պահանջից …

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Թուրք ժխտողականներին չհաջողվեց խափանել Ցեղասպանությանը նվիրված ելույթը Ավստրալիայի խորհրդարանում

Հարութ-Սասունյան1Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը հրավիրել էր տողերիս հեղինակին ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների կողմից, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:

Թուրքական ժխտողական խումբը ձգտում էր Անկարայի մարդու իրավունքների սահմանափակումները ներմուծել մի այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Ավստրալիան է, փորձելով սահմանափակել ոչ միայն տվյալ ելույթ ունեցողի խոսքի ազատությունը, այլև խորհրդարանի՝ իր ընտրած անձանց հրավիրելու իրավունքը: Ինձ անվանելով «պրոպագանդիստ», որն «օգուտ է քաղում հակամարտությունից և ատելությունից», թուրքերն իրենց  նամակում «խստորեն» խորհուրդ էին տվել պատգամավորներին ներկա չլինել իմ ելույթին:
Ավստրալիայի թուրքական միության գործադիր տնօրեն Գյունեշ Գյունգորը կեղծ հայտարարություն էր տարածել, թե իբր ես Համբիկ Սասունյանի «ազգականն» եմ, այն պարզ պատճառով, որ կրում եմ միևնույն ազգանունը: Համբիկը մեղավոր էր ճանաչվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Թեև յուրաքանչյուր մարդու կյանքը շատ թանկ է, սակայն Գյունգորը կոկորդիլոսի արցունքներ է թափում միայն մի թուրք դիվանագետի մահվան առիթով՝ անտեսելով 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունները… Ինչքանո՞վ դուր կգա Գյունեշ Գյունգորին, եթե նրան մեղադրեմ մի քանի հանցագործների հետ «ազգակցական» կապ ունենալու մեջ, որոնց գտել եմ համացանցում, միայն այն պատճառով, որ նրանք կրում են միևնույն ազգանունը:

 

Գյունգորն իր նամակում նաև չարախոսել է ականավոր իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որն ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը` Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա: Հուսահատորեն փորձելով ամեն գնով արատավորել Լեմկինի անբասիր վարկը, Գյունգորը պնդել է, թե «նիստի վերջում նրա ագրեսիվ մեկնաբանությունների պատճառով նրան [Լեմկինին] դուրս են հրավիրել սենյակից»: Գյունգորը նույնիսկ սխալ էր գրել Լեմկինի անունը:

 

Վերջում թուրք պրոպագանդիստը փորձեց ներկայացնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև եղած տարբերությունը: Հայոց ցեղասպանության հարցերում փորձագետ ձևանալուց հետո Գյունգորը խոստովանեց իր տգիտությունը` նշելով, որ «Օսմանյան կայսրության վերջին շրջանի մասին դեռ շատ բան պետք է իմանալ և շատ եզրակացություններ անել»:

 

Հակառակ Գյունգորի փորձերին խոչընդոտելու իմ ելույթը՝ պատգամավորները և հյուրերը, այդ թվում՝ գիտնականներ, ընտրված պաշտոնյաներ և հրեական համայնքի ղեկավարներ ինձ դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով: Զարմանալիորեն Գյունգորը հայտնվեց խորհրդարանում լսելու իմ ելույթը՝ չվստահելով միջոցառումը չեղյալ համարելու իր սեփական կարողությանը: Չնայած ունկնդիրներին բավականին ժամանակ էր տրված ցանկացած հարց տալու համար, սակայն Գյունգորը և նրա երկու թուրք գործընկերները որևէ հարց չտվեցին: Շատ զարմանալի էր, որ երբ թուրքերը լքում էին խորհրդարանի դահլիճը, լսվեց, որ Գյունգորի գործընկերներից մեկը նրան ասաց. «չեմ հասկանում, թե նման գիշերներին ինչ ենք անում այստեղ…»:

 

Իմ մյուս ելույթները տեղի ունեցան լիքը դահլիճներում` առանց խափանման: Ըստ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ Սիդնեյում ապրիլի 24-ին իմ առաջին ելույթի ժամանակ 1100 մարդ է ներկա եղել: Հաջորդ գիշեր ես երկրորդ անգամ ելույթ ունեցա նույն քաղաքում: Այնուհետև, ապրիլի 27-ին ելույթով հանդես եկա համանման մի միջոցառման ժամանակ Մելբուռնում` 500 հյուրերի ներկայությամբ:

 

Իմ ճամփորդության ընթացքում միակ տհաճ երևույթը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հղած ուղերձն էր Սիդնեյի ոգեկոչման արարողությանը: Վերցնելով մի էջ նախագահ Օբամայի «պիեսների ժողովածուից», Էբոթն իր հակիրճ ուղերձում, խուսափելով ցեղասպանություն բառից, օգտագործեց ցանկացած այլ բառ (սարսափ, ողբերգություն, սարսափելի իրադարձություններ, կորուսյալ կյանքեր): Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը գրեց վարչապետին, որ նրա ուղերձը չի կարդալու լսարանի առջև, որովհետև «ցեղասպանություն բառի կոպիտ բացթողումը մեծ վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ»: Ղահրամանյանը հիշեցրեց վարչապետին նախորդ տարվա նրա ուղերձի մասին, երբ որպես ընդդիմության առաջնորդ նա պատշաճ կերպով բնութագրել էր Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն վարչապետի` Ավստրալիայի գանձապետ,  երկրի կառավարության ամենաբարձրաստիճան նախարար Ջո Հոկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը հստակորեն ճանաչող պաշտոնական հայտարարությամբ:

 

Ես հեռացա Ավստրալիայից՝ խորապես տպավորված 50 հազարանոց հայ համայնքի քաղաքական բարձր ակտիվությամբ, որը ծնկի է բերում թվաքանակով իրեն մի քանի անգամ գերազանցող, ավելի քան 200 հազարանոց թուրքական համայնքին:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Թուրքիան և Միացյալ Նահանգները գաղտնաբար համաձայնվել են Ապրիլի 24-ի առթիվ ուղերձներ հղելիս

Հարութ ՍասունյանԹեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց ամոթալի գաղտնի ծրագրերը:

 

Անցյալ տարի Ավստրալիայում ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ՝ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության վերաբերյալ:

 

Սա հստակորեն արտացոլում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության աստիճանը ցեղասպանության հարցում, և նույնիսկ ավելի սոսկալին` ամերիկյան իշխանությունների լռեցնելու քաղաքականությունը պարտադրված է Թուրքիայի ժխտողական վարչակարգի կողմից…

 

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկա-թուրքական գաղտնի համաձայնությունը վերջերս հաստատել է Դենիզ Քահրամանը «Այդինլիք» թուրքական թերթում` բացահայտելով, որ երկու կառավարությունները համատեղ մշակել են այն հայտարարությունը, որով 2014 թվականի ապրիլի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա ցավակցել էր հայերին, թուրքերին և այլոց, որոնք տարբեր պատճառներով մահացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այսպիսով, զոհված թուրք զինվորներին հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հետ:

 

Հիմք ընդունելով անանուն դիվանագիտական աղբյուրները, Քահրամանն իր տեղեկության մեջ գրում է, որ Սպիտակ տունը նախօրոք լիովին տեղյակ է եղել Էրդողանի հայտարարության բովանդակությանը մինչև դրա հրապարակումը: Փաստորեն, Թուրքիայի վարչապետի տեքստը պատրաստվել է Միացյալ Նահանգների հետ միասին և վերջնական տեսք ստացել երկու երկրների պաշտոնյաների կողմից: Պարզվում է, որ նախնական տեքստը նախապատրաստվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից, որից հետո Սպիտակ տունը որոշ փոփոխություններ է արել` այս հարցի վերաբերյալ «ամերիկյան նրբազգացության հիման վրա»: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը վերջնական տեքստը փոխանցել է վարչապետ Էրդողանի գրասենյակ, որն էլ այն հրապարակել է ապրիլի 23-ին:

 

Քահրամանը նաև բացահայտել է, որ Էրդողանի հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կատարած փոփոխություններն ընդունելու դիմաց, Վաշինգտոնն առաջարկել է խափանել Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը Սենատում` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի սկզբին դրա ընդունումից հետո:

 

«Այդինլիքը» հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարվանից սկսած անձամբ է հետևում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայկական սփյուռքի նախապատրաստական աշխատանքներին: Թուրքիան, ըստ հաղորդագրության, որոշում է իր հակաքայլերը, այդ թվում` մահաքնի մեջ գտնվող հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու համար Հայաստանի կառավարությանը համոզելու գործը, միաժամանակ ակտիվացնելով ԵԱՀԿ Մինսկի  խմբի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը հանրային դիվանագիտության միջոցով լուծելու համար:

 

Ըստ «Այդինլիքի»` Անկարան ծրագրավորում է, թե ինչպես լավագույնս պայքարել հայերի դեմ, որոնք հետապնդում են իրենց պահանջները Թուրքիայից երեք առանձին ուղղություններով` «իրավական, քաղաքական և հասարակական կարծիք»: Քահրամանը հայտնում է, որ անցյալ տարվա հունիսին լուրջ քաղաքական խզում է առաջացել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, որից հետո Վաշինգտոնը սկսել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ավելի վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ և կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ: Միացյալ Նահանգներին հանգստացնելու համար Թուրքիայի վարչապետը հանդես է եկել ապրիլի 23-ի հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրենին:

 

«Այդինլիքը» նաև հաղորդում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հօգուտ թուրք ժխտողական Դողու Փերինչեքի ամրապնդել է Անկարայի ազդեցությունը միջազգային շրջանակներում: Սակայն, Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան ավելի զիջողական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Ահա թե ինչու Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանավորները կազմակերպեցին ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարությունը`  նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից անմիջապես առաջ:

 

Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին բարձր գնահատեց Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը, այն ներկայացնելով  որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար ճանապարհ հարթելու դրական քայլ: Ըստ էության, պետքարտուղարությունը, անտեղյակ հանրության առաջ, գովաբանում էր իր իսկ մշակած հայտարարությունը:

 

Մինչ Թուրքիան և Միացյալ Նահանգները անազնիվ խաղ են խաղում` հրապարակայնորեն աջակցելով միմյանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութված հայտարարություններով, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում բացահայտում է գաղտնիքը` հայտարարելով, որ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը մաս էր կազմում թուրքական քարոզարշավի` խոչընդոտելու Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանն ուղղված հայկական ջանքերը:

 

Վերջապես, բոլոր նրանց, որոնք սխալմամբ պնդում էին, թե Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը թուրք առաջնորդի կողմից արված աննախադեպ հայտարարություն էր, ցանկանում եմ հիշեցնել, որ գրեթե 90 տարի առաջ` 1926 թվականի հունիսի 22-ին, նախագահ Քեմալ Աթաթուրքը «Լոս Անջելես էգզամիներ» թերթին տված հարցազրույցում իսկապես համարձակ հայտարարություն էր արել. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր հպատակ մի քանի միլիոն քրիստոնյաների համար, որոնք դաժանորեն արտաքսվեցին իրենց հայրենի օջախներից և ոչնչացվեցին….»:

 

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Հայաստանը աջակցում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգմանը համայն աշխարհում

 Ցեղասպանության 100-ամյակԱնցյալ շաբաթ երկու կարևոր համաժողովներ տեղի ունեցան Երևանում հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստության շրջանակում:

 

Մայիսի 26-ին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, որոնք տեղեկացրեցին 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց առաջիկա ծրագրերի մասին: Այս առիթով ներկայացվեցին Հարյուրամյակի խորհրդանշանը և կարգախոսը` «Ես հիշում եմ և պահանջում»: Մասնակիցների համար համաժողովը եզակի հնարավորություն էր տեղեկատվության փոխանակման և միասնական ջանքերի համախմբման քննարկման առումով:

 

Մայիսի 27-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպումը համախմբեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներին և տասնյակ հայ դիվանագետների ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների համայն աշխարհից: Պետական հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Արցախի ղեկավարությունը և սփյուռքի խոշորագույն հայկական կազմակերպությունների նախագահները:

 

Նախագահ Սարգսյանը հանդուգն քայլ կատարելով հայտարարեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու նպատակով: Անակնկալի գալով, թուրքական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այս մարտահրավերին: Հայաստանի նախագահը նաև տեղեկացրեց համաժողովի մասնակիցներին, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին այդ օրն այցելելու Երևան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:

 

Պետական հանձնաժողովի անդամների ելույթներից հետո, Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդես գալու համաժողովում: Ինձ ևս խնդրեցին ելույթ ունենալ որպես Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի համանախագահ:

 

Ելույթս սկսեցի բացատրելով, որ աշխարհասփյուռ հայությունը չպետք է համակված լինի այն ակնկալիքով, թե արդյոք նախագահ Օբաման կներառի ցեղասպանություն բառը 2015 թվականի ապրիլի 24-ի իր «հիշատակման» ուղերձում: Հակառակ տարածված թյուրըմբռնման` Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով  Միջազգային դատարան, Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների բանաձևերով և 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախագահական հռչակագրով: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն չկա պնդելու, որ նախագահ Օբաման ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը` բացի իր տված խոստումը հարգելու և սեփական պատիվը փրկելու համար:

 

Ես իմ ելույթում նաև առաջարկեցի, որ քանի Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-ից մինչև 1923 թվականը, ապա Հարյուրամյակի առթիվ նախատեսված միջոցառումները պետք է երկարաձգել 2015-ից մինչև 2023 թվականը: Սա իսկական մղձավանջ կլինի թուրքական կառավարության համար, որն ստիպված է լինելու դիմակայել Հարյուրամյակի ոչ թե մեկ, այլ ութ տարվա միջոցառումներին:

 

Քանի որ Հարյուրամյակը պատմական կարևոր իրադարձություն է, ուստի ես կոչ արեցի հայկական համայնքներին` կազմակերպել յուրահատուկ միջոցառումներ, որոնք զանգվածային բնույթ կկրեն և հնարավորություն կունենան ապահովել համազգային կամ համաշխարհային հրապարակայնություն Թուրքիայից հայ ժողովրդի արդար պահանջների համար: Հարյուրամյակի առթիվ չպետք է կրկնել նախկին ամենամյա միջոցառումները: Սակայն, նախքան որևէ ծրագիր նախաձեռնելը, պետք է սկզբում հստակեցնել այն նպատակները, որոնք իրականացվելու են, այնուհետև որոշել, թե արդյոք նախատեսված միջոցառումները իրագործում են այդ նպատակները:

 

Այնուհետև ես ընթերցեցի համաժողովի մասնակիցների համար Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի որդեգրած առաքելությունը.

 

«Հայոց ցեղասպանության 100-ամյակը շեշտադրում է աշխարհասփյուռ հայության և բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջատիրական պայքարը հանուն արդարության: 2015 թվականին հիշատակվելու է 20-րդ դարի մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: 1915-ին թուրքական կառավարությունը սկսեց իր կանխամտածված և համակարգված արշավը՝ արմատախիլ անելու հայ բնակչությանը իր հայրենիքից և կոտորելու 1,5 միլիոն անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների: Թուրքիան պետք է վերջապես ընդունի իր պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության համար և համապատասխան բարոյական, ֆինանսական և տարածքային փոխհատուցումներ տա` ըստ հիմնարար միջազգային նորմերի ու քաղաքակիրթ հասարակության օրենքների»:

 

Ելույթս ավարտեցի առաջարկելով աշխարհասփյուռ հայությանը Հարյուրամյակի իրենց գործողություններն այնպես համակարգել, որ միևնույն ուղերձը հասանելի լինի ինչպես բարեկամին, այնպես էլ թշնամուն: Ես նաև առաջարկեցի, որ պետական հանձնաժողովի կողմից ընտրված կարգախոսը՝ «Ես հիշում եմ և պահանջում», փոփոխվի հետևյալ կերպ՝ «Մենք հիշում ենք և արդարություն պահանջում»…

 

Թեև այս հանրահավաքը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն այն առավել կարևոր էր Հարյուրամյակի նախատեսված միջոցառումների համակարգման առումով: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր կառավարությունը ուշի ուշով հետևում է Հարյուրամյակի հանձնախմբերի երևանյան հանդիպմանը: Բարեբախտաբար, Հայաստանում կազմակերպիչները զգույշ էին Հարյուրամյակի ծրագրերը հրապարակավ չներկայացնելու և դրանք թուրքական իշխանություններից գաղտնի պահելու հարցում` հնարավորինս քիչ ժամանակ տալով նրանց հայկական նախաձեռնություններին հակազդելու համար…

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ (մաս 2-րդ)

Հարութ-Սասունյան1Սա նախորդ ամսվա իմ հոդվածի երկրորդ և վերջին մասն է, որտեղ վերլուծել էի, թե ինչու երիտթուրքերը կարողացան ոչնչացնել հայերին, սակայն չկարողացան իրագործել Պաղեստինի հրեա ներգաղթողներին բնաջնջելու իրենց միաժամանակյա ծրագիրը:

 

1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:

 

Շատ չանցած, Գերմանիայի խորհրդարանի հրեա պատգամավոր, սոցիալիստ Օսկար Քոհենը խնդրել է կանցլերին ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ «վճռականորեն կանխելու Պաղեստինում վայրագությունների կրկնությունը» հրեաների դեմ, նման այն վայրագություններին, որոնք իրականացվել էին հայերի դեմ:

 

Հունիսի 8-ին Ահարոնսոնը գրել է իր օրագրում. «Մեր բարձրացրած աղմուկը արդյունավետ եղավ: Թուրքերը և գերմանացիները արագ հասկացան, որ հրեաներին չի կարելի կոտորել այնպես, ինչպես հայերին: Գերմանիայի կողմից պատերազմի ֆինանսավորումը կարող է տուժել հրեաների պատճառով: Հետևաբար, նրանք դադարեցրեցին նոր տեղահանությունները»:

 

Բրիտանական սիոնիստական շարժման պաշտոնական «Պաղեստին» ամսագիրը նկարագրել է հրեաների և հայերի լոբբիստական կարողությունների միջև եղած էական տարբերությունը. «Գերմանական կառավարությունը գիտի, որ հրեաներին չի կարելի համեմատել հայերի հետ իրենց համաշխարհային հզորության առումով, և հետևաբար հրեաների կշիռը Գերմանիայում տարբերվում է հայերի ունեցած կշռից»:

 

Պաղեստինում հրեական պատմության ականավոր ժամանակագիր Մորդեխայ Բեն-Հիլել Հակոհեն, 1917 թ. մարտի 30-ին գրել է իր օրագրում. «թուրքական կառավարությունը հայերի դեմ գործած իր ոճրագործության պատճառով խայտառակվել էր ամբողջ երկրի աչքում, և թերևս, կառավարությունը կվերանայի հրեաների հետ այդպես վարվելու իր մտադրությունը….»:

 

Պաղեստինում հրեական գյուղատնտեսական բնակավայրերի առաջնորդ Մոշե Սմիլյանսկին հայերի սարսափելի ջարդերի վերաբերյալ լուրերից հետո եկավ հետևյալ եզրակացության. «Ականատեսների վկայությունները խուճապ էին առաջացրել հրեական հանրության շրջանում: Ով գիտի, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը, եթե չլինեին Կոնստանդնուպոլսում ամերիկյան ներկայացուցիչ Մորգենթաուն և վախը համաշխարհային մամուլից, որ «վերահսկվում է» հրեաների կողմից»:

 

Յաիր Աուրոնն իր գրքում հայտնում է, որ Պաղեստինում հրեա փախստականների առաջնորդ Մեիր Դիզենգոֆը Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում «սերտորեն աշխատել է սիոնիստական պատվիրակության հետ Կոստանդնուպոլսում, որը գերմանամետ և թուրքամետ էր: Ըստ Դիզենգոֆի՝ նաև գերազանց հարաբերություններ են եղել Պաղեստինում գերմանական հյուպատոսի հետ…. Հյուպատոսը ծառայել է որպես խողովակ գումար փոխանցելու համար Յիշուվին [հրեական համայնք]՝ Կոստանդնուպոլսում գերմանացի դեսպանի հրամաններով»: Դիզենգոֆը նաև նշել է՝ գերմանացիներն էին, որ աջակցեցին և փրկեցին Յիշուվը: «Այն փաստը, որ Ջեմալ փաշան ավելի կարեկից դարձավ հրեաների հանդեպ, Գերմանիայի շնորհիվ էր»: Դիզենգոֆը վերհիշում է Ջեմալ և Էնվեր փաշաների սպառնալիքներն ուղղված հրեաներին. «Սիոնիստներ, զգուշացե՛ք: Եթե մեզ դեմ լինեք, ապա ձեզ հետ կանենք այն, ինչ արել ենք հայերի հետ»:

 

1917 թվականի հոկտեմբերին, երբ թուրքական իշխանությունները բացահայտեցին հրեական «Նիլի» լրտեսական ցանցը, մի նոր վտանգ կախվեց Պաղեստինում հրեա ներգաղթողների վրա՝ ևս մեկ արդարացում տալով թուրքերին ճնշելու նրանց: Հրեաները վախեցան, որ նման հակաթուրքական ջանքերը կհանգեցնեն ծանր հակաքայլերի, ինչպես կիրառվել էր հայերի դեմ: 1917 թվականի հոկտեմբերի 4-ին Հայֆայի թուրք նահանգապետը հանդիպեց Զիխրոն Յակով գյուղի հրեա ղեկավարների հետ և սպառնաց, որ եթե նրանք չկատարեն իր պահանջները, նրանց հետ նույնը կանի, ինչ արել է հայերի հետ: Նա ասել է, որ ինքը «իր ձեռքերով սպանել է մի քանի հայերի, իսկ նրա զինվորները սպանել են հազարավոր հայերի»: Գալիլեայի հրեական գաղութացման ընկերության ներկայացուցիչ Խաիմ Մարգալիտ-Կալվարիսկին հետևյալ գրառումն է կատարել իր օրագրում. «Ես լուր էի ստացել շատ վստահելի աղբյուրից, որ [թուրքական] բարձր հրամանատարությունը խիստ զայրացած է հրեական բնակավայրերի վրա և նրանք խորհրդակցում են Պաղեստինի բոլոր հրեաների ընդհանուր տեղահանության հնարավորության մասին դեպի Կայսրության [Օսմանյան] ամենահեռավոր մարզերը»: Կալվարիսկին գրի է առել Ջեմալ փաշայի սպառնալից խոսքերը նրա հետ բուռն վեճից հետո. «Աստված օգնական այն մարդկանց, որոնց որդիներն այդ անիծյալ լրտեսներն են: Մենք դաս ենք տվել հայ ժողովրդին նման գործերով և առանց վարանելու նույն քայլերը կձեռնարկենք նաև այս դեպքում»:

 

 

Ականատես լինելով թուրքերի գազանություններին ընդդեմ հայերի, որոնց մեղադրում էին անհնազանդության և ապստամբության մեջ, հրեա ներգաղթողները որոշեցին ամբողջովին հնազանդվել և չբախվել թուրքական իշխանությունների հետ: Պրոֆեսոր Աուրոնը նկատել է, որ «ոչ մի անգամ որևէ հրեա ներգաղթողի կողմից հարձակում չի եղել թուրք զինվորի վրա»: Պաղեստինի գրավումը բրիտանական զորքերի կողմից վերջնականապես փրկեց հրեաներին` կանխելով թուրքական իշխանությունների հետագա վայրագություններն ու ջարդերը:

 

Վերջում, 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, մինչդեռ Պաղեստինի հրեա ներգաղթողները համեմատաբար քիչ կորուստներ ունեցան: Պատերազմի տարիներին, Պաղեստինի հրեա բնակչությունը 86 հազարից կրճատվեց 55 հազարի: Չնայած այն հանգամանքին, որ հայերը նույնպես իրենց կողմնակիցներն ունեին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, սակայն հրեա ներգաղթողները կրկնակի պաշտպանություն էին վայելում պատերազմի երկու կողմի հզոր պետությունների` արևմտյան երկրների կողմից, այդ թվում` Միացյալ Նահանգների և Գերմանիայի, որ Թուրքիայի ռազմական դաշնակիցն էր: Վահագն Տատրյանն իր «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքում գրում է, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմն ասել է Հենրի Մորգենթաուին. «Ես կօգնեմ սիոնիստներին… սակայն ոչինչ չեմ անի հայերի համար»:

 

Մինչ Գերմանիան փրկում էր Պաղեստինի հրեա նեգաղթողներին, նա աջակցում էր երիտթուրքերի վարչակարգին բնաջնջելու հայերին:

 

 

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Մերժելով Եվրադատարանի վճիռը՝ Թուրքիան դառնում է խայտառակված պետություն

Հարութ ՍասունյանՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:

 

«Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսիային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, այն բանից հետո, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի կողմից վճարվելիք տուգանքի չափի սահմանումը:

 

Այդ որոշումը կայացվեց այս ամսվա սկզբին, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորները հրապարակեցին իրենց վերջնական դատավճիռը: 16 կողմ և 1 դեմ քվեարկությամբ (հայ և կիպրացի դատավորները քվեարկել էին մեծամասնության հետ, իսկ թուրք դատավորը միակ ընդդիմադիրն էր) Եվրադատարանը վճռեց, որ դատարանի 2001 թվականի որոշումն անվավեր չի կարող ճանաչվել այն պատճառով, որ անցել է 13 տարի, ինչպես պնդում էր Թուրքիան: 15 կողմ և 2 դեմ քվեարկությամբ ՄԻԵԴ-ն ընդունեց, որ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է վճարել 41 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) 1456 կիպրացի հույների համար, որոնք անհետ կորել են 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման պատճառով: Մեկ այլ՝ 15 կողմ և 2 դեմ ձայներով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Թուրքիան պետք է վճարի լրացուցիչ 82 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) այն վնասների համար, որ կրել են Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Կարպաս անկլավային թերակղզում բնակվող կիպրացի հույները:

 

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, դատարանի վճռից անմիջապես առաջ, զուր ջանքեր գործադրեց կանխելու ՄԻԵԴ-ի ակնկալվող բացասական որոշումը, նախազգուշացնելով, որ Թուրքիայի դեմ կայացվող վճիռը կխոչընդոտի Կիպրոսի հակամարտության կարգավորմանը ուղղված ընթացիկ բանակցություններին: Դատարանն արդարացիորեն անտեսեց Դավութօղլուի սպառնալիքը և արձակեց իր որդեգրած սկզբունքային վճիռը հօգուտ Կիպրոսի:

 

Անկարող լինելով վախեցնել դատավորներին, Դավութօղլուն արհամարհանքով հայտարարեց, որ Թուրքիան մերժում է մարդու իրավունքների Եվրոպայի բարձրագույն դատարանի դատավճիռը և իր երկիրը հրաժարվելու է վճարել 123 միլիոն դոլար գումարը որպես վնասի փոխհատուցում:

 

Հարկ է հիշեցնել Դավութօղլուին, որ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատի դատավճիռները վերջնական են». դրանք  վերանայման ենթակա չեն, և ըստ դատական գործերի նյութերի, «բոլոր վերջնական դատավճիռները փոխանցվում են Եվրոպայի խորհրդի Նախարարաների կոմիտեին դրանց գործադրման վերահսկողության համար»:

 

Թուրքիայի արտգործնախարարի անբարտավան հայտարարությունը անկասկած մոտ ապագայում իր ժխտական ազդեցությունը կունենա նրա կառավարության վրա: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները, առանց բացառության, պարտավոր են կատարել Եվրադատարանի որոշումները: Դատարանի վճիռները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան հարյուրավոր դատական գործեր է տանուլ տվել Եվրադատարանում, և ուզած, թե չուզած, տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել որպես տուգանք: Թուրքիան այլընտրանք չունի, եթե ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Եղել են մի քանի ՄԻԵԴ որոշումներ, երբ թուրքական իշխանությունները սկզբում հոխորտացել են, որ չեն վճարելու սահմանված տուգանքները, սակայն, ի վերջո, ամբողջությամբ վճարել են պահանջված փոխհատուցումը տոկոսներով հանդերձ:

 

Եթե Թուրքիայի կառավարությունը համառորեն կառչած մնա Դավութօղլուի պարծենկոտ մերժմանը, ապա Թուրքիան կզրկվի ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամակցությունից, այլև կկորցնի Եվրամիությանը միանալու իր չնչին հնարավորությունը…

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները իրավունք չունեն որոշել` արդյոք ցանկանում են կատարել ՄԻԵԴ-ի վճիռները: Հակառակ դեպքում, ինչո՞ւ 47 եվրոպական երկրներ միասնաբար տարեկան մոտ 100 միլիոն դոլար կծախսեն դատարան պահելու համար, եթե նրա վճիռներն անիմաստ են կամ ենթակա են կամավոր կատարման:

Վերջերս Թուրքիայի ղեկավարները արհամարհել են գրեթե բոլոր ներքին և միջազգային օրենքները` բանտարկելով ռեկորդային թվով լրագրողների, կրակելով Գեզի այգու խաղաղ ցուցարարների վրա, ծեծելով հանքերի պայթյունից տուժածների ընտանիքի անդամներին, հակասեմական հայտարարություններ անելով, սպառնալով վտարել ԱՄՆ դեսպանին և մատ թափ տալով նախագահ Օբամայի վրա Սպիտակ տանը…

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն չպետք է հանդուրժի խայտառակված անդամ պետությանը, որը մարդու իրավունքների հիմնական խախտողներից է: Խորհուրդը պետք է Թուրքիային ազդարարի, որ եթե նա անհապաղ միջոցներ չձեռնարկի 123 միլիոն դոլար տուգանքը վճարելու համար, ապա կհեռացվի Եվրոպայի խորհրդից և կառգրավվեն նրա կալվածքները երրորդ երկրներում` ստիպելով նրան ի կատար ածել դատարանի վճիռը:

 

Եվրոպան պետք է խիստ դիրքորոշում ցուցաբերի այս դատավճռի հարցում, քանի որ նման դատավճիռներ դեռ շատ կլինեն Թուրքիայի դեմ Կիպրոսի վերաբերյալ և հնարավոր է մի օր նաև հայկական փոխհատուցման և հողային պահանջներով…

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Անկախ

 

Հայոց ցեղասպանության մասին Օբաման բազմաթիվ վկայակոչումներ լսեց Շոայի միջոցառման ժամանակ

Հարութ ՍասունյանԱյս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները:

 

Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից հետո ստեղծեց Շոայի հիմնադրամը` Հոլոքոստը վերապրածների և այլ ականատեսների անձնական տվյալների հավաքագրման և պահպանման նպատակով: 2006 թվականին Շոայի հիմնադրամը մաս կազմեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և այժմ այնտեղ պահվում են 52 հազար տեսագրված վկայություններ` 58 երկրներ ներկայացնող 34 լեզուներով: Այն իր տեսակի մեջ ամենամեծ արխիվն է ամբողջ աշխարհում:

 

Միջոցառմանը մասնակցում էր նախագահ Օբաման, ով արժանացավ «Մարդկության դեսպան» բարձր պարգևին: Մասնակիցների թվում էին նաև Սամուել Ջեկսոնը, Օկտավիա Սփենսերը, Բարբարա Սթրեյզանդը, Լիամ Նիսոնը և Բրյուս Սփրինգսթինը, վերջինս կատարեց իր` «Ավետյաց երկիր» և «Պար մթության մեջ» երկու հուզիչ երգերը:

 

2010 թվականին Հայկական ֆիլմերի հիմնադրամը և Ջ. Մայքլ Հակոբյանը ստորագրեցին պատմական համաձայնագիր Շոայի հիմնադրամի հետ` Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների տեսահարցազրույցների թվայնացման, պահպանման և տարածման համար: Անցյալ ամիս հայկական վկայությունների 400 թվայնացված պատճեններ հանձնվեցին Շոայի հիմնադրամի Վիրտուալ պատմության և կրթության ինստիտուտին: 2015 թ. Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ, հայկական վկայությունները` թարգմանությունից, ենթագրերի տեղադրումից և ինդեքսավորումից հետո, Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ականատեսների տվյալների հետ միասին, մատչելի կդառնան 30 երկրների 50 հաստատություններում (այդ թվում` ԱՄՆ Հոլոքոստի թանգարանում):

 

Մոտ 100 ամերիկահայեր մասնակցեցին մայիսի 7-ի միջոցառմանը` Շոայում հայկական հավաքածուի համար հավաքելով ավելի քան 100 հազար դոլար: Երեկոյի ընթացքում բազմաթիվ հիշատակումներ եղան Հայոց ցեղասպանության մասին: Սփիլբերգն առաջինն էր, որ հայտարարեց Շոայի արխիվներում Հայոց ցեղասպանության վկայությունները ընդգրկելու ծրագրի մասին: Մասնակիցների ուշադրությանը ներկայացված տեսաֆիլմում ցուցադրվեցին Ջ. Մայքլ Հակոբյանի, ցեղասպանությունը վերապրած Փոլ Անտոնյանի և հայ բռնագաղթվածների մի շարք լուսանկարներ: Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթը ևս խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով Եվնիգե Սալիբյանին` Ցեղասպանությունը վերապրած 104-ամյա կնոջն Այնթապից: Երեկոյին հյուրընկալած կատակերգու Քոնան Օ’Բրայանն ամբիոնից տիկին Սալիբյանին ներկայացնելուց հետո միջոցառման ավարտին մոտեցավ նրա սեղանին և լուսանկարվեց նրա հետ:

 

Սալիբյանը որպես պատվավոր հյուր նստած էր հայտնի հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի կողքին: Հաջորդ օրը Քարդաշյանը սոցիալական ցանցում տեղադրեց Սալիբյանի հետ իր լուսանկարը` հետևյալ գրությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Շոայի հիմնադրամի երեկոյին` Հայոց ցեղասպանության վկայությունների աջակցման համար: Ես նստած եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ամենաոգեշնչող կնոջ կողքին»: Մի քանի օրվա ընթացքում նրա տեղադրած նյութը ստացավ 400 հազար «լայքեր», գրեթե 5 հազար մեկնաբանություններ Instagram-ում և 110 հազար «լայքեր» նրա ֆեյսբուքյան էջում:

 

Չնայած երեկոյի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբիոնից հնչած բազմաթիվ հիշատակումներին` նախագահ Օբաման իր 18 րոպեանոց ելույթում որևէ ուղղակի հղում չարեց հայերի կամ Հայոց ցեղասպանության մասին. ոչ էլ ակնկալվում էր, որ կանի: Սակայն Օբաման անուղղակիորեն վկայակոչեց Հոլոքոստից  զատ այլ ցեղասպանությունները` առանց դրանք նշելու.

 

– «Ես ուզում եմ առանձնահատուկ խոսք ուղղել այս երեկո մեր կողքին գտնվող վերապրածներին` ոչ միայն Հոլոքոստի, այլև ինչպես Սթիվենը [Սփիլբերգ] նշեց` մյուս աներևակայելի ոճրագործությունները վերապրածներին»:

– «Եթե Շոան վերապրածների հիշողությունները մեզ մի բան են սովորեցնում, ապա այն է, որ լռությունը չարիքի ամենամեծ համադավադիրն է: Եվ մեզանից, յուրաքանչյուրիցս է կախված Հոլոքոստի ցանկացած հերքման խստագույն դատապարտումը»:

– «Դուք [Սփիլբերգ]… վավերագրել եք ոչ միայն Հոլոքոստի փորձը, այլև դրանից առաջ և հետո տեղի ունեցած վայրագությունները…. Ձեզ և Շոայի հիմնադրամի բոլոր մարդկանց, և այն ամենի համար, ինչ դուք արել եք`լուսավորելով վկայությունների հավերժական կրակը, որը հնարավոր չէ մարել և մերժել, հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»:

Հայերը կարիք չունեն ճնշելու Օբամային, որպեսզի նա բացահայտորեն վկայակոչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ մեկ այլ նախագահ` Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին իր նախագահական հռչակագրով արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահից համառորեն պահանջել ամեն տարի նույն բանը ճանաչել: Նախագահ Օբաման պետք է Հայոց ցեղասպանություն եզրը օգտագործի ոչ թե հայ ժողովրդի սիրույն համար, այլ իր սեփական պատիվը փրկելու` կատարելով այն լուրջ խոստումը, որ տվել էր որպես նախագահի թեկնածու: Միայն դրանից հետո նա կարող է իսկապես արժանի լինել «Մարդկության դեսպանի» բարձր կոչմանը:

 

 
Հարութ Սասունյան

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հայերը պետք է շնորհակալություն հայտնեն Էրդողանին… Ցեղասպանությունը չճանաչելու համար

Հարութ ՍասունյանԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում: Ուղերձն այնքան հմտորեն էր ձևակերպված, որ մոլորության մեջ գցեց միջազգային հանրության շատ ներկայացուցիչների, ցավոք, նաև որոշ հայերի, որոնք հավատացին, թե նա մոտենում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ, առնվազն, «պատմական» քայլ է կատարել այդ ուղղությամբ:

 

Իրականում, Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերաձևակերպված ժխտում կամ «հին գինին` նոր շշի մեջ»: Ջանադրաբար խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրից, նա փոխ էր առել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «ընդհանուր ցավի» և «արդար հիշողության» խաբուսիկ տերմինաբանությունը, բառեր, որոնք թվում են հաշտվողական, սակայն, ըստ էության, մարդասպաններին հավասարեցնում են զոհերին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած միլիոնավոր թուրքերի և այլոց վկայակոչումը Թուրքիայի վարչապետի կողմից վիրավորանք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս միլիոնավոր գերմանացիներ են զոհվել, սակայն ոչ մի գիտակից և բարեխիղճ մարդու մտքով չի անցնի նրանց մահը հավասարեցնել վեց միլիոն հրեաների բնաջնջմանը…

 

Էրդողանի կոչը` «1915 թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ, ևս մեկ մաշված և հարցը հետաձգելու խորամանկ  մարտավարություն է: Եթե թուրքական իշխանություններն անկեղծորեն ուզում են իմանալ Հայոց ցեղասպանության փաստերը, նրանց մնում է միայն վերանայել իրենց սեփական արխիվներում առկա հսկայածավալ փաստաթղթերը, ինչպես նաև բազմաթիվ պատմաբանների և ցեղասպանագետների կատարած հետազոտություններն ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը գրեթե 100 տարի անց նոր հետաքրքրություն ցուցաբերում այս թեմայի ուսումնասիրման շուրջ: Ինչո՞ւ են ամենազգայուն օսմանյան արխիվները դեռևս գաղտնի պահվում, չխոսելով մյուսների մասին, որոնք վաղուց արդեն ոչնչացվել են:

 

Տարիներ շարունակ բազմիցս գրել եմ, որ.

 

1.    Չնայած թուրքական ժխտումներին` Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է, և կարիք չկա սպասելու նախագահ Օբամայի, վարչապետ Էրդողանի կամ մեկ ուրիշի կողմից դրա ընդունմանը:

2.    Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ուղղել այն անարդարությունները, որոնց պատճառով արմատախիլ արվեց և կոտորվեց մի ողջ ժողովուրդ: Ավելի նպատակահարմար կլինի արդարության հասնել դատական ատյանների միջոցով, պահանջելով ֆինանսական փոխհատուցում և հայկական տարածքների վերադարձ:

3.    Թուրքիայի «հաշտեցման» առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամիտ հնարք թաղելու անցյալն անիմաստ ճանաչմամբ և մակերեսային ներողամտությամբ:  Իսկական հաշտեցման կարելի է հասնել միայն հայ ժողովրդին հասցված վիթխարի վնասները վերացնելու միջոցով:

 

Շատ կարևոր է, որ հայերը զգոն լինեն և չխաբվեն հաշտեցման թուրքական կեղծ առաջարկներով: Այժմվանից և մինչև 2015 թ. Ապրիլի 24-ը, Թուրքիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ճարպիկ գովազդային հնարքների կդիմի` միջազգային հանրության համակրանքը շահելու համար և նվազագույնի հասցնելու Թուրքիայի արդեն վարկաբեկված հեղինակությանը ցեղասպանության մեղադրանքներով պատճառվող վնասները:

 

Նման մի թուրքական ծրագիր է Դավութօղլուի ցինիկ հայտարարությունը, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է…  Թուրքական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է  քաղաքացիություն շնորհել նախկին օսմանյան հպատակների ժառանգներին, այդ թվում` հայերին: Զարմանալի է, որ որոշ միամիտ հայեր մոլորության մեջ ընկան կարծելով, որ սա դրական քայլ է… Պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ բնակություն հաստատած Թուրքիայի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի որևէ քաղաքում որպես Թուրքիայի քաղաքացի և ձեր որդիները զորակոչված բանակ` «պաշտպանելու թուրքական պետությունը» և մասնակցելու Քեսաբի կամ Հալեպի կամ անգամ Հայաստանի վրա հարձակմանը… Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով բանտարկվելու մասին, քանզի անզգուշորեն զրուցել եք Հայոց ցեղասպանության մասին ձեր թուրք հարևաններից մեկի հետ…

 

2014 թ. ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարության իսկական նպատակն է խոչընդոտել արդարության հասնելու հայերի համաշխարհային ջանքերին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին:

 

Այն փաստը, որ ԱՄՆ պետդեպարտամենտը և որոշ եվրոպական պաշտոնյաներ դրական գնահատական են տվել Էրդողանի հայտարարությանը, վկայում է, որ սա համակարգված փորձ էր քողարկելու Օբամայի վարչակարգի  և եվրոպական երկրների համար, ձեռնպահ մնալու ցեղասպանության հարցով հայկական պահանջներից, որպես պատրվակ օգտագործելով այն, որ Թուրքիայի ղեկավարները հաշտեցման գործընթացի մեջ են հայերի հետ:

 

Հայերը պետք է դիմակայեն երրորդ կողմերի` իրենց պատմական պահանջների հետապնդումից հրաժարվելու ճնշումներին: Միացյալ Նահանգների կառավարության կամ Եվրամիության տեսակետները Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ  պետք է անտեղի համարվեն: Հայերը պետք է տեր կանգնեն իրենց սեփական ճակատագրին և թույլ չտան այլ պետությունների թելադրել, թե որն է ընդունելի կամ անընդունելի իրենց ազգային շահերը հետապնդելիս:

 

 

Հարութ Սասունյան

Thecaliforniacourier.com

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Հարյուր տարի անց թուրքերը դեռ տառապում են խղճի խայթից Ցեղասպանության պատճառով

Հարութ-Սասունյան1Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որևէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործների նման:

Թուրք ղեկավարների լարված հոգեվիճակը կարելի է բացատրել «գող՝ սիրտը դող» ասացվածքով, չնայած նրանց չքմեղանքին, քաջատեղյակ լինելով, որ իրենց նախնիներն իսկապես իրագործել են պատմության տարեգրության մեջ ամենահրեշավոր ոճրագործություններից մեկը՝ ցեղասպանությունը…

Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման ևս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի և նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը 12 կողմ, 5 դեմ ձայներով: Առաջին անգամ է, որ այս կառույցը վերջին քառորդ դարի ընթացքում նման բանաձև է հավանության արժանացնում:

Չնայած երկրի ներսում և դրսում թուրքական կառավարության բազմաբնույթ տագնապներին՝ Անկարայի պաշտոնյաները Սենատի ընդունած Ցեղասպանության բանաձևը դարձրեցին իրենց առաջնահերթությունը: Վարչապետ Էրդողանը մի քանի օրով մի կողմ թողեց իր բռնապետական ոտնձգությունները Ֆեյսբուքի, Յութուբի և Թվիթերի դեմ, որոնցով ձգտում էր թաքցնել իր և որոշ նախարարների բազմամիլիոն դոլարների լվացման և կաշառակերության ծրագրերը: Նա նաև անտեսեց գաղտնալսված զրույցները, որոնց ընթացքում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դավեր էին նյութում սահմանի ուղղությամբ Թուրքիայի վրա հարձակումներ կազմակերպելու համար, որը հետագայում պետք է օգտագործվեր որպես պատրվակ Սիրիայի վրա հարձակվելիս ջիհադական ահաբեկիչների աջակցության համար, որոնք անհաջող պայքար են մղում Ասադի վարչակարգի դեմ:

Սենատի որոշումից դժգոհ, Դավութօղլուն ամերիկյան կառավարությանը  նախազգուշացրեց, որ «Թուրքիան չի լռելու», եթե Հայոց ցեղասպանության բանաձևը հանձնաժողովից անցնի Սենատի լիագումար նիստ: Թուրքիայի արտգործնախարարությունը էլ ավելի կոշտ արձագանքեց՝ մեղադրելով հանձնաժողովին «իր իրավասությունը և պատասխանատվությունը» գերազանցելու մեջ: Դավութօղլուն շտապեց զանգահարել Ջոն Քերիին՝ հորդորելով նրան կանխել բանաձևի ընդունումը:

Այս գործի մեջ ներքաշվեց նաև խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը՝ Հայկական հարցը «բեռ» անվանելով թուրք-ամերիկյան հարաբերություններում: Լայն տարածում ունեցող «Հյուրիյեթ» թերթի մի մեկնաբան նշեց, որ Ցեղասպանության բանաձևն արյան ճնշում կբարձրացնի Անկարայում… Նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը ավելացրեց, որ Թուրքիան «ստիպված է ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կանխի նման բանաձևերի ընդունումը», չհաշված միլիոնավոր դոլարները, որ ծախսվում են լոբբիստական ընկերությունների վրա ամեն տարի…

Էրդողանին սատարող թերթերը նույնիսկ կեղծիքներ հրապարակեցին Ցեղասպանության բանաձևի մասին, պնդելով, որ այդ ձեռնարկն այլևս վավերական չէ, քանի որ այն չի ընդունվել Սենատի լիագումար նիստի օրակարգում մինչև ապրիլի 24-ը կամ որ բանաձևն անիմաստ է, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Անկարայում հայտարարել է, թե թույլ չի տա, որ Ներկայացուցիչների պալատի տարբերակն անցնի: Իհարկե, այս երկու պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի տարբերակները համատեղ բանաձևի մաս չեն կազմում և կարող են առանձին-առանձին ընդունվել յուրաքանչյուր պալատի կողմից ավելի ուշ այս տարվա ընթացքում:

Ամերիկահայ ընտրողները պետք է հնարավոր ամեն ինչ անեն կանխելու կոնգրեսական Բեյների վերընտրությունը նոյեմբերին: Նույն ձևով, հայ համայնքը պետք է ընդդիմանա այն սենատորներին, որոնք անամոթաբար դեմ են քվեարկել բանաձևին, անգամ այն բանից հետո, երբ սենատոր Մենենդեսը որոշ դրույթներ հանեց ընդդիմախոսների հետ համաձայնության գալու համար: Ջոն Բարասո (Վայոմինգ), Բոբ Քորկեր (Թեննեսի), Ջեֆ Ֆլեյկ (Արիզոնա), Ռոն Ջոնսոն (Վիսքոնսին) և Ջեյմս Ռիշ (Այդահո). սրանք այն հինգ հանրապետական սենատորներն են, որոնք դեմ քվեարկեցին: Մյուս կողմից, ամերիկահայերը պետք է ամեն կերպ աջակցեն այն 12 սենատորներին, որոնք կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին. հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆորնիա), Բենջամին Քարդին (դեմոկրատ, Մերիլենդ), Քրիստոֆեր Քունս (դեմոկրատ, Դելավեր), Ռիչարդ Դուրբին (դեմոկրատ, Իլինոյս), Թիմ Քեյն (դեմոկրատ, Վիրջինիա), Էդվարդ Մարքեյ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջոն Մակքեյն (հանրապետական, Արիզոնա), Քրիս Մերֆի (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Մարկո Ռուբիո (հանրապետական, Ֆլորիդա), Ժին Շահին (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և Թոմ Ուդոլ (դեմոկրատ, Նյու Մեքսիկո):

Բանաձևի անսպասելի հետևանքներից մեկը խորացող պառակտումն էր Թուրքիայում առկա երկու հզոր ուժերի՝ վարչապետ Էրդողանի և ազդեցիկ իսլամական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի միջև: Էրդողանը մեղադրեց Գյուլենի աջակիցներին «հայկական լոբբիի» կողմից լինելու համար՝ նվիրաբերելով 10 հազար դոլար սենատոր Մենենդեսի քարոզարշավին: Թուրք-ամերիկյան միությունը հերքեց Էրդողանի մեղադրանքները, հայտարարելով, որ իրենք «միշտ դժգոհություն են արտահայտել Մենենդեսին բանաձևերի վերաբերյալ, որոնք վշտացնում են թուրքերին և ադրբեջանցիներին»: Թուրք-ամերիկյան միության պաշտոնյաները խոստացել են դատի տալ թուրք լրագրողներին այն պնդումների համար, որ իրենց կազմակերպությունն աջակցել է Հայկական բանաձևին:

Որպես եզրակացություն. հակառակ հասարակական տպավորությանը՝ Հայոց ցեղասպանության բանաձևերը ներկայացնելու հիմնական նպատակը ցեղասպանության ճանաչման հասնելը չէ, որն արդեն բազմիցս ձեռք է բերվել. ԱՄՆ կառավարության ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը Միջազգային դատարան 1951 թվականին, նախագահ Ռեյգանի 1981 թվականի հայտարարությունը և Ներկայացուցիչների պալատի բանաձևերը 1975 և 1984 թվականներին: Այս բանաձևերը պարզապես ծառայում են որպես հարմար միջոց Հայոց ցեղասպանության հարցը որպես օրախնդիր պահելու և լրատվամիջոցների ուշադրությունը Հայկական հարցի վրա բևեռելու համար: Բացի այդ, բանաձևերը սովորաբար խուճապ են առաջացնում Անկարայում թուրք պաշտոնյաների ջղագրգիռ արձագանքի պատճառով: Թուրքիայի կառավարությունը նաև ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնում բանաձևերին հակազդելու համար, որոնք պարզապես արտահայտում են «Կոնգրեսի կարծիքը»:

Նման բանաձևեր ընդունելու հայկական ջանքերը հաշվեհարդարի մի ձև են թուրքական իրարահաջորդ կառավարությունների դեմ՝ թույլ չտալով թաքցնել իրենց անցյալի կեղտոտ լաթերը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Էրդողանը մատ է թափ տվել Օբամայի վրա Սպիտակ տանը կայացած թեժ զրույցի ժամանակ

Հարութ ՍասունյանՊուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը և առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ուներ, որ սիրիական վարչակարգը կմեղադրվեր այս հարձակման համար, ինչին կհետևեր Միացյալ Նահանգների պատասխան հարվածը Սիրիային, քանի որ նախագահ Օբաման զգուշացրել էր Սիրիայի ղեկավարներին, որ ապստամբ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելով նրանք կհատեն «կարմիր գիծը»:

 

Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին: Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը Հերշին ասել էր. «հայտնի էր, որ Էրդողանը սատարում է ապստամբ ընդդիմության շրջանում ջիհադական «ալ-Նուսրա ճակատ» խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբավորումների»: Հերշը պարզել էր, որ ԱՄՆ ռազմական հետախուզությունը 2013 թվականի հունիսի 20-ին մի «հույժ գաղտնի» փաստաթուղթ էր պատրաստել, հաստատելով, որ «Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում գտնվող քիմիկոսները փորձել էին զարին գազի բաղադրիչների մեծ խմբաքանակ ստանալ տասնյակ կիլոգրամներով, հնարավոր է, Սիրիայում զանգվածային արտադրության փորձի համար»:

 

Արդարև, նախորդ տարվա մայիսին «ալ-Նուսրա ճակատի» մի քանի անդամներ ձերբակալվեցին Թուրքիայում, որոնց մոտ հայտնաբերվել էր երկու կիլոգրամ զարին: Թուրքական դատարանը մեղադրեց խմբին Սիրիայի վրա քիմիական հարձակում սկսելու համար հարակից այլ նյութեր ձեռք բերելու մեջ: Շուտով ձերբակալվածներից հինգին ազատ արձակեցին, իսկ մնացածին բաց թողեցին մինչև դատը: Սակայն նրանք անհայտացան…

 

2013 թվականի գարնանը, ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակումները հետաքննելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ առաքելության` Սիրիա մեկնելուց հետո, ՄԱԿ-ի գործունեությանը լավատեղյակ մի անձնավորություն հայտնել էր Հերշին, որ «ապացույցներ կան սիրիական ընդդիմության` Հալեպի մոտ գտնվող Խան ալ-Ասալ գյուղում մարտի 19-ին արձանագրված առաջին գազային հարձակման հետ ունեցած առնչության վերաբերյալ…. Ակնհայտ էր, որ ապստամբները գազ էին կիրառել»:

2013 թվականի սեպտեմբերին Սիրիայի վրա ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական համատեղ հարձակումից անմիջապես առաջ նախագահ Օբաման անսպասելիորեն որոշեց հետաձգել հարվածը, պատճառաբանելով, որ նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հարձակման հետաձգման իրական պատճառը Նախագահի բացահայտումն էր, որ նրան Սիրիայի դեմ «անհիմն» հարձակման էր դրդել Թուրքիան, սակայն նա չուզեց հրապարակավ ընդունել իր սխալը՝ որը կարող էր ամբողջ Մերձավոր Արևելքի համար աղետալի հետևանքներ ունենալ: Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր, որ փրկեց նախագահ Օբամային դժվար կացությունից՝ երաշխավորելով Սիրիայի համաձայնությունը հանձնելու իր քիմիական զենքի պաշարները, դրանով իսկ քողարկման միջոց ապահովելով Նախագահի համար՝ հրաժարվելու իր հարձակման սպառնալիքից:

 

Հետաքննող լրագրող Հերշը նաև պարզել էր, որ քիմիական զենքերը հասել էին սիրիացի ապստամբներին ԿՀՎ-ի «առնետային արահետ» կոդային անվամբ գործողության միջոցով (թուրք-ամերիկյան գաղտնի համաձայնություն, 2012 թ.), որպեսզի Լիբիայից զենք ու զինամթերք տեղափոխեն Սիրիա Թուրքիայի տարածքով: Լիբիայում Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանի վրա ահաբեկչական հարձակումից հետո, այս գաղտնի գործողության կենտրոնը` ԱՄՆ-ը, դուրս եկավ նշված գաղտնի համաձայնությունից, սակայն Թուրքիան շարունակեց լիբիական զենք մատակարարել սիրիական ապստամբներին:

 

Քանի որ ապստամբները 2012 թվականի ավարտին պարտվում էին Ասադի վարչակարգի դեմ մղվող պայքարում, ամերիկացի մի հետախույզ հայտնել է Հերշին, որ «Էրդողանը զայրացած էր», ինչը նրան ստիպեց դավադիր մի ծրագիր մշակել, որով ապստամբները զարին գազ կիրառելով սիրիական կառավարությանը կեղծ մեղադրանք կներկայացնեին, այսպիսով դրդելով Միացյալ Նահանգներին հարձակվել Սիրիայի վրա:

 

Ավելի ուշ, Թուրքիայի վարչապետը մեկնեց Վաշինգտոն, որպեսզի անձամբ ներկայացնի Սիրիայի վրա ամերիկյան հարձակման իր ծրագիրը` փրկելու համար ապստամբներին հասատ պարտությունից: 2013 թվականի մայիսի 16-ին Էրդողանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ միասին, աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տանը նախագահ Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ: Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու Օբամայի դժկամությունից վրդովված, Էրդողանը «սրիկայաբար մատ է թափ տվել նախագահի վրա Սպիտակ տանը», Դոնիլոնը զեկուցել է այս շշմեցուցիչ դրվագի մասին արտաքին քաղաքականության մի փորձագետի, որն էլ այդ մասին հայտնել է Հերշին: «ԿՀՎ աջակցությամբ Սիրիա զենք առաքելուն վերջ դնելու ամերիկյան որոշումը Էրդողանին անպաշտպան թողեց քաղաքական և ռազմական առումով», բացատրեց Հերշը: «Առանց ապստամբներին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցության, ասաց մի նախկին հետախույզ, «Էրդողանի` Սիրիայում կախյալ պետություն ունենալու երազանքը հօդս է ցնդում և նա կարծում է՝ մեր մեղքով: Եթե Սիրիան հաղթի պատերազմը, նա գիտի, որ ապստամբները, ամենայն հավանականությամբ, դառնալու են իր դեմ. էլ ո՞ւր կարող են նրանք գնալ: Ուստի, նա ունենալու է հազարավոր արմատականներ իր երկրի ներսում»:

 

2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Գուտա արվարձանում  քիմիական  հարձակումից հետո մի նախկին հետախույզ ասել էր Հերշին. «Այժմ մենք գիտենք, որ դա գաղտնի գործողություն էր՝ ծրագրված Էրդողանի մարդկանց կողմից, որպեսզի Օբամային դրդեն հատել կարմիր գիծը…. Գործարքն տպավորիչ և ուշագրավ պետք է լիներ…. Զարինը մատակարարվել էր Թուրքիայի միջոցով»:  Ըստ Հերշի զեկույցի` թուրք պաշտոնյաների մեղսակցության մյուս ազդանշանը Միացյալ Նահանգների կողմից գաղտնալսված հեռախոսազանգերն էին, որոնցով բացահայտվում էր նրանց ուրախությունը հաջող քիմիական հարձակում կազմակերպելու համար…

 

Հերշն իր բացահայտումը եզրափակում է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի առավել մտահոգիչ դիտողությամբ. «Ես հարցրեցի իմ գործընկերներին, թե կա՞ արդյոք որևէ միջոց կանգնեցնելու Էրդողանի շարունակական աջակցությունը ապստամբներին, հատկապես հիմա, երբ գործերն այնքան անհաջող են ընթանում, նա պատասխանեց. «Մենք անտանելի վիճակում ենք: Կարող ենք ամեն ինչ հայտնել, եթե Էրդողանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, սակայն Թուրքիան առանձնահատուկ դեպք է: Նա ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքերը չեն վստահում Արևմուտքին: Նրանք չեն կարող մեր կողքին մնալ, եթե մենք թուրքական շահերի դեմ ակտիվ դիրքորոշում ունենանք: Եթե հայտարարենք, թե ինչ դեր է խաղացել  Էրդողանը գազի հետ կապված պատմության մեջ` այն կործանարար կլինի: Թուրքերը կասեն. «Մենք ատում ենք ձեզ այն բանի համար, որ մեզ թելադրում եք, թե ինչ կարող ենք անել և ինչ` ոչ»:

 

Վերջին հարյուր տարիների իրարահաջորդ ամերիկյան կառավարություններն այդպես էլ չեն կարողացել հասկանալ մի կարևոր աշխարհառազմավարական ճշմարտություն, որ Թուրքիան ավելի շատ ունի Միացյալ Նահանգների կարիքը, քան ԱՄՆ-ը երբևէ կունենա նրա կարիքը: Անկասկած, ինչ-որ սարսափելի սխալ է կատարվում, երբ «պոչն է թափահարում շանը»…

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

[Նախորդ շաբաթվա հոդվածի («Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ») երկրորդ մասը կհրապարակվի ավելի ուշ]

 

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ

Հարութ ՍասունյանՀայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության հետ:

 

Իմ նախնական վերլուծությունը հիմնված է մի շարք տեղեկությունների վրա՝ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անտարբերության գռեհկությունը» գրքից, Վարդգես Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատությունից և այլ արխիվային նյութերից: Ես կցանկանայի մանրամասնել հրեաների բռնի տեղահանության հանգամանքները և ինչպես նրանք հիմնականում փրկվեցին դրանից, մինչդեռ հայերը` ոչ: Ավելի կարևոր է, թե հրեական սփյուռքն ու Պաղեստին ներգաղթողները ինչպիսի քայլեր ձեռնարկեցին` հայերի ողբերգական ճակատագրին չարժանանալու համար:

 

Օսմանյան կայսրությունում հայերը և հրեաները, որպես ազգային փոքրամասնություններ, եղել են քավության հարմար նոխազներ դաժան թուրք ղեկավարների քմահաճույքների համար: Հետաքրքրական է, որ հայերի և հրեաների բռնի տեղահանության համար երիտթուրքերը օգտագործել են միևնույն պատճառաբանությունները: Թուրքերը մեղադրել են հայերին առաջխաղացող ռուսական բանակի հետ համագործակցելու համար, և նույնպիսի մեղադրանք են ներկայացրել հրեաներին՝ օսմանյան Պաղեստին ներխուժած բրիտանական զինված ուժերի հետ համագործակցելու համար: Բացի այդ, հրեաներին մեղադրել են Պաղեստինում իրենց սեփական հայրենիքը հիմնելու ծրագրերի համար, ճիշտ այնպես, ինչպես հայերին` Արևելյան Թուրքիայում իբր իրենցը հիմնելու համար: Եվս մեկ զուգահեռ. երիտթուրքերի «եռյակի» ղեկավար անդամներից մեկը`Ջեմալ փաշան, ցինիկաբար նկատել էր, որ նա «հրեաներին արտաքսում է իրենց իսկ շահերից ելնելով», ինչպես հայերին էին բռնի տեղահանել «պատերազմի գոտուց հեռու» իրենց իսկ անվտանգության համար…

 

1914 թվականին, երբ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի կողմից և ընդդեմ դաշնակից պետությունների (Անգլիա, Ռուսաստան և Ֆրանսիա), Պաղեստինը վերածվեց պատերազմի թատերաբեմի: Թուրքական իշխանությունները սկսեցին զինվորական հարկ գանձել բնակչությունից, որն առավել ծանրությամբ ընկավ հրեա բնակիչների ուսերին: Նրանց կալվածքներն ու ունեցվածքը բռնագրավվեց թուրքական բանակի կողմից: Հրեա բնակիչներից ոմանք որպես ստրկական աշխատուժ օգտագործվեցին ճանապարհների և երկաթգծերի շինարարության մեջ: Ալեքս Ահարոնսոնը՝ Զիխրոն Յակովի մի հրեա ներգաղթող, իր օրագրում գրել էր. «հրամանը վերջերս էր եկել թուրքական իշխանություններից` պահանջելով նրանց հանձնել իրենց տրամադրության տակ եղած հրազենային կամ այլ զենքերը: Սա մի չարագուշակ հրաման էր, քանզի գիտեինք, որ նման միջոցառումներ ձեռնարկվել էին հայկական սարսափելի կոտորածներից առաջ, և մենք զգացինք, որ նման արհավիրք կարող է նախապատրաստվել նաև մեր ժողովրդի դեմ», ինչպես մեջբերված է Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատության մեջ:

 

1914 թվականի աշնանը թուրքական վարչակարգը տեղահանման հրաման արձակեց բոլոր «թշնամի հպատակների», այդ թվում՝ 50 հազար ռուս հրեաների համար, որոնք փախել էին ցարական հալածանքներից և հաստատվել Պաղեստինում: Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի բազմիցս միջամտություններից հետո, այս «թշնամի հպատակներին» թույլատրվեց մնալ Պաղեստինում, եթե նրանք համաձայնվեն ձեռք բերել օսմանյան քաղաքացիություն:

 

Այնուամենայնիվ, 1914 թվականի դեկտեմբերի 17-ին, Ջեմալ փաշայի ենթակա, Ջաֆայի նահանգապետ Բահայեդինը, տեղահանման հրամանը գործադրեց` արտաքսելով 500 հրեաների, որոնց ձերբակալում էին փողոցներում, քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, իսկ այնտեղից էլ ստիպողաբար նստեցնում նավահանգստում կայանած նավերը: Խանութների վրայից հեռացվեցին եբրայերենով գրված ցուցանակները և փակվեցին Ջաֆայի հրեական դպրոցը: Սիոնիստական կազմակերպությունները լուծարվեցին, և 1915 թվականի հունվարի 25-ին թուրքական իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ ընդդեմ «սիոնիզմի անվան տակ հայտնի վտանգավոր տարրերի, որոնք պայքարում են հրեական կառավարություն ստեղծելու համար Օսմանյան թագավորության պաղեստինյան տարածքում….»:

 

Ի պատասխան դեսպան Մորգենթաուի և Գերմանիայի կառավարության բողոքների, Կոստանդնուպոլիսը չեղյալ համարեց տեղահանության վերաբերյալ հրամանը, և Բահայեդինը հեռացվեց իր պաշտոնից: Ըստ պրոֆ. Աուրոնի` հրեա բնակիչների վիճակը կարող էր անհամեմատ ավելի ծանր լինել, եթե չլիներ «հրեական աշխարհի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա…. Ամերիկյան, գերմանական և ավստրիական հրեական համայնքներին հաջողվեց զսպել դրա առավել դաժան դրսևորումները: Հրամանագրերը մեղմվեցին. մոլեռանդ թուրք հրամանատարները փոխարինվեցին և աղետալի ժամանակներին հետևեցին հանգիստ ժամանակաշրջանները»:

 

Դեռևս 1913 թվականին, նախագահ Վիլսոնը դեսպան Մորգենթաուին նշանակելիս նրան հանձնարարել էր. ««Հիշե’ք, այն ամենը ինչ կարողանաք անել ձեր դավանակիցների ճակատագիրը բարելավելու համար, մի գործողություն է, որ բարձրացնելու է Ամերիկայի վարկը, և դուք կարող եք ապավինել վարչակազմի լիարժեք աջակցությանը». Մորգենթաուն հավատարմորեն հետևեց այս խորհրդին»` ըստ Այզեյա Ֆրիդմանի «Գերմանիա, Թուրքիա և Սիոնիզմ. 1897-1918թթ.» գրքի: Ամերիկայի հրեաներից դեպի Ջաֆա խիստ անհրաժեշտ գումարներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպելուց հետո, Մորգենթաուն գրեց Պաղեստինի զարգացման ընկերության տնօրեն Արթուր Ռուփփենին. «Ինձ ընտրել էին որպես գործիք իմ դավանակիցներին պաշտպանության տակ առնելու համար….»:

 

1917 թվականի գարնանը թուրքական իշխանությունները երկրորդ հրամանն արձակեցին Թել Ավիվից հինգ հազար հրեաների տեղահանելու վերաբերյալ: Պաղեստինում «Նիլի» խմբի՝ հրեական ընդհատակյա փոքր կազմակերպության ղեկավար և բրիտանական  հետախուզության համար աշխատող Ահարոն Ահարոնսոնը, տեղահանության մասին անմիջապես ահազանգեց միջազգային լրատվամիջոցներին: Եգիպտոսում Ահարոնսոնը գաղտնի հանդիպում ունեցավ բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի հետ և նրա միջոցով շտապ հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն 1917 թվականի ապրիլի 28-ին. «Թել Ավիվը թալանված է: Ներկայումս Պաղեստինում տասը հազար հրեաներ անտուն են ու սոված: Ամբողջ Յիշուվին [հրեական բնակավայրերը Պաղեստինում] ոչնչացում է սպառնում: Ջեմալը [փաշա] հրապարակավ հայտարարել է, որ հայերի դեմ վարած քաղաքականությունն այժմ կիրառվելու է հրեաների դեմ» :

 

Պաղեստինից Ահարոնսոնի զեկույցները ստանալուց հետո, Լոնդոնում գլխավոր սիոնիստ Խաիմ Վեյցմանը, հետևյալ հաղորդագրությունը փոխանցեց եվրոպական տարբեր մայրաքաղաքների  սիոնիստական առաջնորդներին. «Ջեմալ փաշան բացահայտ հայտարարել է, որ հրեաների ուրախությունը կապված բրիտանական զորքերի մոտենալու հետ կարճատև է լինելու, քանզի նրանք ևս կարժանանան հայերի ճակատագրին…. Ջեմալ փաշան շատ խորամանկ է սառնասրտորեն ջարդեր կազմակերպելու համար: Նրա մեթոդն է քշել բնակչությանը մահվան` սովի, ծարավի և համաճարակների միջոցով….»:

 

Ամերիկայի հրեաները խիստ վրդովված էին լսելով Պաղեստինում հրեաների բռնի տեղահանությունների մասին: «Հրեաների ոչնչացման թուրքական մտադրությունների» վերաբերյալ նոր զեկույցներ հրապարակվեցին ողջ Արևմուտքի երկրներում` ըստ պրոֆ. Աուրոնի: Բացի այդ, ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու  իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը և մթերք ու բժշկական օգնություն տրամադրեց հրեա աքսորյալներին Թել Ավիվում:

 

(շարունակելի)

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Բացահայտվել է Եվրադատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայի բողոքի տեքստը

 Փերինչեքն ընդդեմ ՇվեյցարիայիՇվեյցարիայի կառավարությունը երկու շաբաթ առաջ՝ եռամսյա ժամկետի վերջին օրը, որոշեց բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը:

 

Չնայած Շվեյցարիայի բողոքի տեքստը կնքված պահվում էր մինչ ՄԻԵԴ-ում դրա քննարկելը, սակայն ինձ հաջողվեց ձեռք բերել մի օրինակ ֆրանսերենով: Շվեյցարական բողոքի բովանդակությունն առաջին անգամ հայտնվում է մամուլում:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:

 

Ռասայական խտրականության, ցեղասպանության ժխտման և մարդկության դեմ գործած հանցագործությունների վերաբերյալ շվեյցարական օրենքի խախտման մեղադրանքով դատապարտվելուց հետո, Փերինչեքը բողոքարկեց իր դատավճիռը ընդհուպ մինչև Դաշնային դատարան՝ Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյան, որը հաստատեց նրա մեղքը: Այնուհետև նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Շվեյցարիային իր տարբեր իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության խախտման համար: Զարմանալի է, որ Եվրադատարանի յոթ դատավորներից հինգն արդարացրեցին Փերինչեքին` համարելով, որ Շվեյցարիան խախտել է Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ:

 

ՄԻԵԴ-ի որոշումն անպատասխան թողնելը լուրջ նահանջ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հատկապես մինչև Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն ամբողջ աշխարհում, 2015 թվականի ապրիլի 24-ին: Առավել կարևոր է, որ Եվրադատարանի դատավորները գերազանցելով իրենց մանդատը Փերինչեքի իրավունքների թվացյալ խախտումների վերաբերյալ, հարցեր են բարձրացրել Հայոց ցեղասպանության իրավացիության մասին: Նրանք նաև անհիմն ու մակերեսային տարբերություններ են նշել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև, սահմանելով, որ առաջինը ժխտողներին պատժելն անօրինական է, մինչդեռ վերջինը ժխտողներին մեղադրելը` ճիշտ:

 

Հաշվի առնելով այս անարդար որոշման խիստ վնասակար հետևանքները Հայ դատի վրա, Հայաստանի կառավարությունը, աշխարհասփյուռ հայկական համայնքները և հատկապես Շվեյցարիայի հայերը, մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի Շվեյցարիան բողոքարկի  ՄԻԵԴ-ի վճիռը Փերինչեքի գործով: Իրականում, շվեյցարական իշխանությունները հայերի կողմից հորդորման կարիք չպետք է ունենային, քանի որ նրանք պարտավոր էին պաշտպանել իրենց սեփական դատարանների որոշումները, այդ թվում նաև Դաշնային դատարանի և իրենց երկրի իրավական համակարգի վարկը:

 

2014 թվականի մարտի 17-ին ներկայացված վեց էջանոց շվեյցարական բողոքը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված «մեկնաբանման և կիրառման լուրջ հարցադրումներ» հետևյալ երեք պատճառներով.

 

– Դատական որոշումը ներառում է մի հարց` Հայոց ցեղասպանությունը, որը երբեք չի քննարկվել ՄԻԵԴ-ում: Այս գործը երկու հիմնարար իրավական հարցեր է բարձրացնում, որոնցով Եվրադատարանը չի զբաղվել. Ցեղասպանության իրավական որակավորումը և խոսքի ազատության սահմանը, երբ Կոնվենցիայի մի անդամ  պետություն, ռասիզմի դեմ պայքարի շրջանակում, քրեականացնում է ցեղասպանության ժխտումը:

 

– Դատական որոշումն անհարկի ձևով նվազեցնում է Շվեյցարիայի «հայեցողության շրջանակը»` համաձայն ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի: Փերինչեքը բազմիցս հայտարարել է, որ նա երբեք չի փոխի իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրա ժխտողական դիրքորոշումը «խիստ վիրավորական» է: Եվրադատարանի պնդումը, որ նման անձնավորությունը կարող է սույն հարցի վերաբերյալ իր ավանդը բերել «բանավեճին և պատմական ուսումնասիրությանը»` «շեղում է ՄԻԵԴ-ի հաստատված և հավասարակշռված իրավագիտությունից»:

 

– Դատական որոշումը ստեղծում է «արհեստական տարբերություններ»:  Փերինչեքը ոչ միայն պարզապես չի օգտագործել ցեղասպանությունը եզրը, այլև հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես «միջազգային սուտ»: Բացի այդ, թեև չի եղել միջազգային դատավճիռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն թուրքական դատարանի 1919 թվականի վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների «կազմել է արժանահավատ ապացույցների տարր` «ճանաչելով փաստերը կամ անբարենպաստ վերաբերմունքը» Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկայի վերաբերյալ: Ավելին, նույնիսկ «Նյուրնբերգյան դատարանը չի նշել ցեղասպանություն եզրը» և նացիստական հանցագործներին «դատապարտել է ոչ թե ցեղասպանություն իրականացնելու, այլ խաղաղության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:

 

Շվեյցարական բողոքը ներկայացրել էր համոզիչ փաստարկներ և անառարկելի ապացույցներ, որ ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը թույլ են տվել լուրջ դատողության և տվյալների սխալներ` որոշում կայացնելով ի նպաստ Փերինչեքի և ընդդեմ Շվեյցարիայի:

 

Այժմ Եվրադատարանի հինգ նոր դատավորների կազմը որոշելու է, թե արդյոք Շվեյցարիայի բողոքը ուղարկել17 դատավորներից կազմված Մեծ պալատ` վերջնական լուծում տալու համար:

 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Ի՞նչ պետք է սովորեն հայերը Թուրքիայի վարչապետ Էրդողանից

Հարութ-Սասունյան1Այս հոդվածի նպատակն է դասեր քաղել Սիրիայի Քեսապ հայկական քաղաքի վրա վերջերս կատարված հարձակումներից:

 

Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հանդուգն քայլեր ձեռնարկեց. նախ՝ փակեց Թուրքիայում 12 միլիոն անդամ ունեցող «Թվիթեր» սոցիալական լրատվական կայքը՝ իր և իր ներքին շրջապատի կոռուպցիայի մասին բացահայտումները քողարկելու համար, երկրորդ՝ աջակցեց և հրահրեց ջիհադական զինյալների ներխուժումը Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Թուրքիային սահմանակից Քեսապ քաղաքը:

 

Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այս, թվում է թե, իրար հետ կապ չունեցող երկու իրադարձությունների միջև:

 

Էրդողանն անձամբ անուղղակիորեն պատասխանեց այս հարցին մարտի 20-ի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում. «մենք կվերացնենք Թվիթերը: Ինձ չի հետաքրքրում, թե միջազգային հանրությունն ինչ է ասում: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»:

 

Ակնհայտ է, որ Թուրքիայի վարչապետին չի մտահոգում, որ նա կքննադատվի խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը ոտնահարելու և որպես բռնակալ խուլիգան հանդես գալու համար: Նա ասում և անում է այն ամենը, ինչը, նրա կարծիքով բխում է Թուրքիայի կամ իր սեփական շահերից:

 

Միացյալ Նահանգների պաշտոնյաների հակազդեցությունը Էրդողանի համացանցային ճնշումների հանդեպ սին խոսքերից այն կողմ չանցավ: Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերն իր թվիթերյան էջում գրեց հետևյալ մեկնաբանությունը. «Խորապես մտահոգիչ է, որ Թուրքիան փակել է «Թվիթերը»: Տեղեկատվության հասանելիության արգելափակումն անհամատեղելի է ժողովրդավարության հետ. աջակցեք այն վերաբացելու քաղաքացիների պահանջին»: ԱՄՆ պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական, «Լոս Անջելես թայմս» թերթի նախկին գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը, որն ստիպված հրաժարական էր տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի հրապարակման արգելափակումից հետո, Էրդողանի հակաթվիթերյան քայլը բնութագրեց որպես «21-րդ դարի գրքի այրում»: Նմանատիպ միամիտ քննադատություններ հնչեցին նաև Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի և Եվրամիության հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսի կողմից:

 

Արդյոք Էրդողանը մտահոգվո՞ւմ է այս բանավոր խարազանումներից: Ամենևին էլ ոչ: Նա արհամարհում է դրանք: Էրդողանն արդեն երկու տարով արգելափակել էր «Յութուբը», քանի որ կայքում տեղադրվել էին Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական տեսանյութեր: Թուրքիայի վարչապետն սպառնում է նաև արգելել «Ֆեյսբուքը» և «Յութուբը» մարտի 30-ի ընտրություններից հետո:

 

Ինչո՞ւ հայ ղեկավարները՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի հանդուգն չեն վարվում Էրդողանի նման, հատկապես, երբ վտանգի տակ է հայերի գոյությունը: Ամենահարմար պահն է նման հարց բարձրացնելու` ջիհադիստների կողմից Քեսապ ներխուժելուց, հայերին պատանդ վերցնելուց, նրանց տները թալանելուց և եկեղեցիները պղծելուց հետո:

 

Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Մարտի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեկ այլ խիստ նամակ հղեց նախագահ Օբամային, պահանջելով Սպիտակ տան և Կոնգրեսի անհապաղ միջամտությունը` կանգնեցնելու համար Քեսապի վրա հարձակումները: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով և անտեսում է անմեղ կյանքերի կորուստը:

 

Հայերը չպետք է բավարարվեն միայն գլուխները թափահարելով և բողոքելով միմյանց Սիրիայից եկող ողբերգական լուրերի մասին: Նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից և համարձակ քայլեր ձեռնարկեն: Պետք է ամենօրյա ցույցեր կազմակերպել ամերիկյան խոշոր քաղաքներում, և ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական և թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների առջև ամբողջ աշխարհում, բողոքելով նրանց կողմից, այսպես կոչված, ապստամբների զինման դեմ, որոնք առևանգում և սպանում են սիրիահայերին, ի թիվս այլոց:

 

Պետք է անհապաղ հանդիպումներ անցկացնել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պահանջելով, որ նրանք անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը «ապստամբներին» Սիրիայում, մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:

 

2002 թվականին ես մի հոդված էի գրել հետևյալ վերնագրով` «Հայ «մուկը» պետք է ավելի հաճախ մռնչա»: Ըստ էության, այն կոչ էր ավելի համարձակ գործողությունների: Ես անդրադարձել էի Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքին, որտեղ խիզախ մուկն իր վճռական վարքագծով կարողանում է պաշտպանել ինքն իրեն ավելի վայրագ գազաններից:

 

Լուռ ու անտարբեր մնալն անընդունելի է, մանավանդ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները կոտորվում են Սիրիայում: Երկչոտ պահվածքը միայն քաջալերում է հայ ժողովրդի թշնամիներին:

 

Հայերը պետք է նախաձեռնող լինեն, այլ ոչ թե արձագանքող: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը և նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջման Սիրիայում:

 

Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Հայաստանի և Սփյուռքի միջև փոփոխվող փոխհարաբերությունները

Հարութ ՍասունյանՀայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:

 

Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, աշխատանքի նոր ձևերի և միջոցների  փնտրտուքին ու հեռանկարներին:

 

Ստորև ներկայացնում եմ հատվածներ հանդիպման ժամանակ իմ ունեցած ելույթից.

 

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը կանգնեց բոլորովին մի նոր կացության առջև: Շատ սփյուռքահայեր անակնկալի եկան ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. Արցախ, երկրաշարժ, շրջափակում, արձանագրություն, ընդիմություն, կոալիցիոն կառավարություն, իշխանափոխություն:

 

Սփյուռքահայերի մեծ մասի համար շատ դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից: Միաժամանակ, Հայաստանի նոր ղեկավարները լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետևանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջև:

 

Հարցն ավելի բարդ է, քանի որ Սփյուռքը միաձույլ գոյություն չէ, այլ կազմված է բազմաթիվ և բազմատեսակ սփյուռքներից,  յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները` հաստատվելով և ապրելով տարբեր ժամանակշրջաններում, օտար երկրներում և գոյատևելով տարբեր լեզվամշակութային ազդեցությունների տակ:

 

Երբ Հայաստանում լրագրողներն ինձ հարցնում են այս կամ այն հարցի վերաբերյալ Սփյուռքի տեսակետների մասին, ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ընդհանրական ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները: Սփյուռքի մեծամասնության կարծիքն արտացոլելու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց կամ ընդլայնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները հանգանակությունից անդին կամ էլ ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը` «մեկ հայ, մեկ քվե» սկզբունքի հիման վրա: Այս ձևով ընտրված ներկայացուցիչներն իրավասու կլինեն խոսել սփյուռքահայերի անունից և պարբերաբար հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հետ` ճշտելու համազգային առաջնահերթությունները և խորհրդակցելու խնդրահարույց հարցերի շուրջ:

 

Հայ ժողովրդի բոլոր երեք թևերի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) ղեկավարները կարող են այնուհետև քննարկել իրենց դիրքորոշումները և համաձայնել դերերի բաժանմանը: Այսպիսի քաղաքակիրթ և ազգային շահերից բխող մոտեցումն ավելի նախընտրելի է, քան հարատև ներքին պայքարներն ու բախումները,  որոնք երբեմն տեղ են գտնում, ինչպես դա եղավ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ:

 

Նախընտրելի է, որ Հայաստանի իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ և խորհրդակցեն նրանց հետ նախքան այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կայացնելը:

 

Հասկանալի է, անշուշտ, որ Հայաստանի ղեկավարները պարտավոր չեն ընդունել որևէ մեկի հրահանգները երկրի սահմաններից դուրս: Միաժամանակ, բոլոր հարցերի շուրջ վերջնական որոշում կայացնելիս, այնուամենայնիվ նրանք բարոյական և ազգային պարտավորություն ունեն` նկատի ունենալու սփյուռքահայ գլխավոր կազմակերպությունների դիրքորոշումը` Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության պայմաններում: Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները պատասխանատու են ազգի առաջ իրենց ընդունած որոշումների համար: Նրանք կգնահատվեն, երբ ճիշտ որոշումներ կկայացնեն և կքննադատվեն սխալներ գործելիս:

 

Պետք է նշել, որ Սփյուռքի ընտրովի կառույցի ստեղծումը, թեև խիստ դժվար իրագործելի է, սակայն շատ ավելի ընդգրկուն և ներկայացուցչական է, քան թե նշանակովի մարմինները կամ կազմակերպությունները, չնայած նրանց ազգանվեր աշխատանքին, որոնք ներկայացնում են սոսկ իրենց անդամներին: Անհրաժեշտ է ներգրավել մեր ժողովրդի լայն խավերին, որպեսզի ավելի արդյունավետ դառնան մեր ազգային աշխատանքները, մանավանդ այս օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կազմակերպում են իրենց սփյուռքները և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում խոչընդոտելու համար մեր արդար պահանջները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:

 

Ինչպես հաճախ սիրում ենք կրկնել` «Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը` ծով, իսկ Հայաստանը` Սփյուռք»: Սակայն, անկազմակերպ և հետզհետե հյուծվող Սփյուռքը շատ քիչ արժեք կներկայացնի մեր ազգային հարցերում և ոչ կարող է ինքն իրեն պահել և գոյատևել, ոչ էլ օգտակար լինել Հայրենիքին:

 

Բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հզոր Հայրենիք և ուժեղ Սփյուռք ունենանք: Դրանցից յուրաքանչյուրի գոյությունն ու գոյատևումը կախված է մյուսի կենսունակությունից:  Չնայած Սփյուռքի նախարարության արդյունավետությանը` պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ աշխատանքն այնքան վիթխարի է, որ այն դուրս է գալիս մեկ նախարարության կարողությունների շրջանակից: Խիստ պահանջ կա Հայաստանի ողջ ղեկավարության և ժողովրդի մասնակցության և աջակցության համար, որպեսզի սփյուռքահայերը զգան Հայրենիքի հետաքրքրությունը և հոգատարությունը իրենց հանդեպ:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

 

Կոռուպցիոն սկանդալը կարող է վերջ դնել Էրդողանի քաղաքական կարիերային

Հարութ Սասունյան Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:

 

Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի` Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են կամ մոնտաժված: Սակայն պարզվել է, որ Վարչապետի և նրա որդու խոսակցությունների ձայնագրություններն իսկական են, ըստ ամերիկյան Guarded Risk կիբեր ընկերության, որն իրականացրել է հեռախոսազանգերի մանրամասն դատափորձագիտական հետազոտություն:

 

Զավեշտալի է, որ Էրդողանը, ով իշխանության էր եկել որպես իսլամիստ` նպատակ հռչակելով կոռուպցիայի վերացումը թուրքական քաղաքականությունից, զոհ գնաց` «իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը բացարձակապես է փչացնում» ասույթին…

 

Հեռախոսազանգերը գաղտնի ձայնագրվել էին այն օրը, երբ ոստիկանությունը ներխուժել էր նախարարների, հայտնի գործարարների և պետական բանկի կառավարչի տները: Նրանք բոլորն էլ մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների մեջ ներգրավված լինելու համար:

 

Ներկայացնում ենք հատվածներ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի, գաղտնալսված հինգ հեռախոսազրույցներից.

 

Առաջին հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 8:02-ին

 

Էրդողան. … Հանիր քո տանից այն ամենը, ինչ ունես, լա՞վ:

Բիլալ. Ի՞նչն է որ ունեմ, հայրիկ: Քո փողը չհրկիզվող պահարանում է:

Էրդողան. Հենց դրա մասին եմ խոսում….

Բիլալ. Ի՞նչ պետք է անենք դրա հետ, հայրիկ: Որտե՞ղ պիտի դա տեղավորենք:

Էրդողան. Հատուկ տեղերում, որոշ հատուկ տեղերում…. Արա՛ այդ:

 

Երկրորդ հեռախոսազանգը, ժամը 11:17-ին.

 

Բիլալ. … Իմ եղբայր [փեսա] Բերաթն այլ բան է առաջարկում: Նա ասում է, որ մենք դրա մի մասը պիտի տանք Ֆարուքին [Կալյունչի, շինարարական ընկերության նախագահ] այլ աշխատանքի համար, որպեսզի նա կարողանա դրանք գործի մեջ դնել նախորդների նման: Այդպես անե՞նք: Այդ ձևով մենք կարող ենք մի մեծ գումար դասավորել:

Էրդողան. Միգուցե:

Բիլալ. Լավ: Մյուս մասի համար, քանի որ բիզնես համագործակցություն ենք սկսել Մեհմեդ Գյուրի հետ [շինարարական խմբի ղեկավար], մտածում ենք դա տալ նրան, ասելով. «պահի՛ր սա, դու կարող ես այն օգտագործել հետագա ծրագրերի համար»: Այս ձևով մենք կարող ենք կրճատել այն, իսկ մնացածն էլ տեղափոխել մեկ այլ տեղ:

Էրդողան. Լավ, շատ լավ, քանի դեռ անում ես…. Լավ կլինի, եթե անես…. Եթե դու կարողանաս բոլորը վերացնել:

Բիլալ. Այո, Աստծո կամոք, այսօր բոլորը կվերացնենք…

 

Երրորդ հեռախոսազանգը, ժամը 15:39-ին.

 

Էրդողան. Կատարեցի՞ր իմ բոլոր առաջադրանքները:

Բիլալ. Երեկոյան կավարտենք: Մի մասը դասավորենք. մենք դասավորել ենք Բերաթի մասը, հիմա, առաջին հերթին կկարգավորենք Մեհմեդ Գյուրի մասը, իսկ հետո մնացածը. դրանք կանենք մութն ընկնելուց հետո….

Էրդողան. Ի՞նչ է արել Սումեյին [դուստրը]:

Բիլալ. Նա դուրս է բերել, հանել դրանք, մենք խոսել ենք, և այլն:

Էրդողան. Մի՛ խոսեք հեռախոսով միմյանց հետ:

 

Չորրորդ հեռախոսազանգը, ժամը 23:15-ին.

 

Բիլալ. Ողջույն, հայրիկ, զանգահարում եմ, որ … մենք հիմնականում արեցինք [այդ]: Դու հենց հիմա ինձ զանգե՞լ ես, հայրիկ:

Էրդողան. Ոչ, ես քեզ չեմ զանգել, դու ես ինձ զանգել:

Բիլալ. Ինձ զանգահարել էին փակ համարից:

Էրդողան. Երբ ասում ես «հիմնականում», արդյոք դու ամբողջովի՞ն վերացրել ես դա:

Բիլալ. Դեռ չեմ զրոյացրել, հայրիկ: Թույլ տուր բացատրեմ: Մենք դեռևս ունենք 30 միլիոն եվրո, որը մինչև հիմա չենք կարողացել վերացնել: Բերաթը մի առաջարկ ունի: Կար լրացուցիչ 25 միլիոն դոլար, որը պիտի ստանար Ահմեդ Չալիքը [գործարար]: Նրանք առաջարկում են դա տալ [նրան]: Երբ փողը ստանանք, մի բան կանենք, ասում են նրանք: Իսկ մնացած գումարով կարող ենք բնակարան գնել Շահրիզարից, ասաց նա: Ի՞նչ կասես, հայրիկ:

Էրդողան. Ինչևէ, մենք կդասավորենք:

Բիլալ. Պիտի՞ այսպես անենք:

Էրդողան. Լավ, արա այդպես:

Բիլալ. Ուզում ես դրանք բոլորը վերացնե՞մ, հայրիկ, կամ ուզո՞ւմ ես որոշ գումար քեզ համար:

Էրդողան. Ոչ, դա չի կարելի թողնել, որդիս: Դու պիտի փոխանցես դրանք ուրիշներին, կարող ես դրանք փոխանցել Մեհմեդի հետ:

Բիլալ. Այո, տվել ենք նրանց: Մենք տվել ենք 20 [միլիոն] դոլար նրանց:

Էրդողան. Ի սեր Աստծո, առաջին հերթին դու պիտի դրանք փոխանցես: Դու կարող ես հետո դրանք անել…

Բիլալ. Այս պահին մենք կարողացանք այսքանը տալ: Դժվար է արդեն, այն շատ տեղ է զբաղեցնում: Մի մասը տեղավորել ենք մեկ այլ տեղ, մի մասը տվել ենք Թունջին, և հետո…

Էրդողան. Ամբողջը փոխանցել էիր Թունջի՞ն:

Բիլալ. Նրանք հարցրել են, ես հասկացա, որ նա կարող է վերցնել միայն 10 միլիոն եվրո:

Էրդողան. Ինչևէ, մի խոսիր սրանով [հեռախոսով]:

Բիլալ. Լավ, ուրեմն, կդասավորենք:

Էրդողան. Լավ, արա այդ: Ես չեմ կարող գալ այս գիշեր: Մնում եմ Անկարայում:

 

Հինգերորդ հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 10:58-ին.

 

Էրդողան. Որոշեցի զանգահարել, տեսնել որևէ նորություն կա:

Բիլալ. Ոչ, ոչ մի բան: Աստծո օգնությամբ ավարտեցինք մեզ տված պարտականությունները:

Էրդողան. Ամե՞ն ինչ վերացվել է:

Բիլալ. Ամբողջությամբ… Ինչպե՞ս ասեմ: Ես ունեմ Սամանդիրայի և Մալթեփիի գումարը` 730 հազար դոլար և 300 հազար թուրքական լիրա: Սրանք ևս կկարգավորեմ: Մենք պարտք ենք 1 միլիոն թուրքական լիրա Ֆաիք Իշկին. ես դա կտամ նրան և կասեմ, որ մնացածը փոխանցի ակադեմիային:

Էրդողան. Բացեիբաց մի խոսի՛ր:

Բիլալ. Չանե՞մ:

Էրդողան. Ոչ, հասկացա՞ր:

Բիլալ. Լավ, հայրիկ:

Էրդողան. Ես նկատի ունեմ, որ քեզ մոտ ոչինչ չպահես, լինի դա Սամանդիրա կամ այլն… Ուղարկիր այնտեղ, որտեղ որ պետք է, ինչո՞ւ ես պահում մոտդ:

Բիլալ. Լավ, հայրիկ, բայց ես կարծում եմ, որ մենք հսկողության տակ ենք:

Էրդողան. Այն, ինչի մասին ես քեզ ասում էի հենց սկզբից…

Բիլալ. Բայց անվտանգության աշխատակիցնե՞րն են մեզ հետևում, հայրիկ:

Էրդողան. Տղաս, քեզ գաղտնալսում են:

Բիլալ. Բայց նրանք նաև տեսահսկում են մեզ:

Էրդողան. Կարող է ճիշտ լինել: Հիմա, մենք որոշ բաներ արել ենք Ստամբուլի ոստիկանական վարչությունում:

 

Այնուհետև լրացուցիչ ձայնագրություններ են ի հայտ եկել, որոնցում Էրդողանն ու նրա որդին խոսում են մի թուրք գործարարի առաջարկած 10 միլիոն դոլարի կաշառքը մերժելու մասին, ոչ բավարար լինելու պատճառով:

 

Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլ նաև կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Սենատոր Մակքեյնը վիրավորում է ԱՄՆ այցելած Սիրիայի եկեղեցական առաջնորդներին

Հարութ ՍասունյանՍենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:

Արիզոնայի նահանգի սենատորը խստորեն քննադատում է նախագահ Օբամայի` «ապստամբներին զինելու ռազմավարությանը»՝ կոչ անելով ավելի անմիջական ամերիկյան ռազմական միջամտության Սիրիայում: Թվում է, թե Սենատոր Մակքեյնը չի հասկանում, որ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը կհանգեցնի ավելի մեծ մարդկային կորուստների ու ավերածությունների` Սիրիան վերածելով միջազգային ահաբեկչության գլխավոր կենտրոնի: Ավելի քան 30 հազար իսլամական ջիհադիստներ տասնյակ երկրներից կռվում են Սիրիայի կառավարության և միմյանց դեմ, ոչ իհարկե, Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու համար:

Ըստ էության, ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածուն այնքան է տարվել պատերազմի շեփոր հնչեցնելով, որ ինչպես հաղորդվում է, շատ անպարկեշտ և անհարգալից պահվածք է դրսևորել Սիրիայի քրիստոնյա բարձրաստիճան առաջնորդների խմբի հետ հանդիպման ժամանակ, զուտ այն պատճառով, որ նրանք կողմնակից չեն բռնի իշխանափոխությանը: Եկեղեցական պատվիրակությունն անցյալ ամիս ժամանել էր Վաշինգտոն, ձգտելով սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման և մոտ երկու միլիոն քրիստոնյաների պաշտպանության, որոնք կազմում են երկրի բնակչության տասը տոկոսը:

Միացյալ Նահանգներ ժամանած եկեղեցական առաջնորդների թվում էին Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Սիրիայի պրեսբիտերական, ավետարանական, սիրիական ուղղափառ և հունական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների, պետդեպարտամենտի պաշտոնատարների, ամերիկյան հասարակական կազմակերպությունների, դասախոսների, կրոնական առաջնորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ըստ Judicial Watch կազմակերպության ներկայացման՝ Սիրիայի հոգևորականները գոհ էին Վաշինգտոն կատարած իրենց այցից, բացառությամբ Մակքեյնի հետ ունեցած տհաճ հանդիպումից.

«Ամեն գնով ձգտելով զինել Սիրիայի ընդդիմադիր ուժերին, չնայած լուրջ ապացույցներին, որ նրանց ղեկավարում են իսլամական ահաբեկիչները, Ջոն Մակքեյնը դրսևորեց Միացյալ Նահանգների սենատորին անվայել պահվածք` վերջերս Կոնգրես  այցելած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների հետ հանդիպման ժամանակ…. Արիզոնայի նահանգի հանրապետական սենատոր Մակքեյնն ակնհայտորորեն չի ուզում լսել բացասական պատմություններ ապստամբների մասին, որոնց նա աշխատում է զինել: Այսպես, նա թափով դուրս եկավ Սիրիայի հոգևորականների առաջնորդների հետ անցյալ շաբաթ կայացած դռնփակ հանդիպումից…. Ըստ հանդիպմանը ներկա բարձրաստիճան աղբյուրի հաղորդման` Մակքեյնը գոռալով ներխուժեց հանձնաժողովի սենյակ և արագորեն դուրս եկավ: «Նա չափազանց կոպիտ էր», հայտնեց աղբյուրը Judicial Watch-ին…. Ամոթալի պոռթկումից հետո, Մակքեյնը վերադարձավ սենյակ և կարճ ժամանակով նստեց, սակայն խուսափեց մասնակիցների հայացքներին հանդիպելուց, դրա փոխարեն, անտեսելով նրանց` նայում էր ներքևում դրված, կարծես թե, պատահականորեն հայտնված փաստաթղթերին»:

Վաշինգտոնում կայացած հանդիպումների ընթացքում Սիրիայի քրիստոնյա առաջնորդները Միացյալ Նահանգների պաշտոնյաներին հայտնել են իրենց երկրում  ծավալված զանգվածային մարդկային ողբերգության և քրիստոնեական  համայնքների անհուսալի վիճակի մասին. քրիստոնյա եպիսկոպոսների, քահանաների, մայրապետների և անհատ հավատացյալների առևանգումներ, քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներ, եկեղեցիների և սրբավայրերի սրբապղծում և ծայրահեղական զինված իսլամիստների կողմից կրոնական ազատության ոտնահարումներ:

Հաշվի առնելով արյունահեղության հրահրումը Սիրիայում, եկեղեցական առաջնորդները խնդրել են Միացյալ Նահանգներից.

–        Դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ֆինանսական օժանդակություն զինված իսլամիստներին.

–         Պահանջել ԱՄՆ դաշնակիցներից` Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից, չաջակցել ահաբեկիչներին.

–         Խնդրել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները, այդ թվում` ռմբակոծումները և ահաբեկչությունը.

–         Հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով, այլ ոչ թե ռազմական ճանապարհով.

–         Ապահովել Սիրիայի ժողովրդի անվտանգությունը.

–         Պաշտպանել քրիստոնյա փոքրամասնություններին.

–         Պահպանել եկեղեցիները և մզկիթները.

–         Պահպանել կրոնական, պատմական և մշակութային հուշարձանները.

–         Աջակցել մարդասիրական օգնության բաշխմանը Սիրիայում:

Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմնի  (ՍՇՕՎՄ) կայքը` www.syriashdab.com, տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, պատերազմը լուրջ վնաս է հասցրել հայկական համայնքին. գործողությունների ընթացքում սպանվել է 64 և վիրավորվել 172 խաղաղ բնակիչ, առևանգվել է 110 մարդ և զոհվել 15 զինծառայող: Բացի այդ, վնասվել են հայկական տարբեր կառույցներ. յոթ առաքելական և երեք կաթոլիկ եկեղեցի, տասներեք դպրոց և տասը համայնքային կենտրոն: Սիրիահայերի 65 հազարանոց համայնքի գրեթե կեսը փախել է Հայաստան, Լիբանան և այլուր:

Սիրիայի ինը գլխավոր հայկական սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպություններից կազմված ՍՇՕՎՄ-ը հաղորդում է, որ մինչև նախորդ տարվա սեպտեմբերի վերջը ստացել է 1.7 միլիոն դոլար արտասահմանյան հայկական կառույցներից: Թեև սա մի փոքր մասն է անհրաժեշտ գումարի, սակայն ՍՇՕՎՄ-ը կարողացել է դրանով սնունդ, ապաստան, անվտանգություն, բժշկական և կրթական աջակցություն ապահովել սիրիահայերին, ներառյալ` 500 հազար դոլար ուսման վարձ` 38 դպրոցներում սովորող 6436 աշակերտների համար:

Լավ կլինի, որ սենատոր Մակքեյնը և Միացյալ Նահանգների այլ արկածախնդիր պաշտոնյաներն անսան ԱՄՆ ժամանած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների իմաստուն խորհրդին: Ավելի մեծ քանակությամբ զենքի առաքումը Սիրիա միայն կսրի պայքարը` հանգեցնելով անվերջ արյունահեղության:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար

ծիծեռնակաբերդՈրքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:

Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են… բայց պետք է անել: Այն ինչ մեզ անհրաժեշտ է՝ հաշտություն իրականացնել՝ անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով… Ճանաչելով պատմական իրադարձությունները դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին»:

Թեև սպասվում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա էլ ավելի բուռն է դառնալու, սակայն հայերը պետք է զգուշանան, որպեսզի չխաբվեն նման բարեմիտ, սակայն երբեմն շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունել օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման մեջ, ապա այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ակնկալումը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե և երբ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, որ իրականացվել է իրենց երկար սպասված երազանքը…

Մի քանի տասնամյակ առաջ, երբ աշխարհը դեռևս անտեղյակ էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերից, նրա ճանաչումը միջազգային հանրության և Թուրքիայի կառավարության կողմից հրատապ էր: Սակայն, ներկա փուլում, երբ երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, զուտ ճանաչումն այլևս վերջնական նպատակ չէ:

Այժմ հայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ճանաչումից այն կողմ, պետք է, արդարություն պահանջեն օսմանյան թուրք առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության համար: Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան փոխհատուցում է վճարել Հոլոքոստի համար, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի և վերադարձնի թալանված հայկական ունեցվածքներն ու բռնագրավված հողերը:

Ձգտելով դեպի արդար հատուցում, հայերը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքական ճնշում, տնտեսական բոյկոտ, ցույցեր և դատական հայցեր, գիտակցել տալու Թուրքիայի ղեկավարներին, որ ավելի նպաստավոր է բանակցել Հայաստանի կառավարության և Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ արդարացի լուծում գտնելու այս երկարատև անարդարության համար: Քանի որ առկա են զգալի անհամաչափություններ երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունների միջև, հայերը չեն կարող ստանալ իրենց բոլոր պահանջները մեկ օրում, սակայն պետք է պնդեն, որ թուրք պաշտոնյաներն իրենց առաջարկեն այնքան փոխհատուցում, որքան հնարավոր է փուլային եղանակով վերջնական լիակատար արդարության հասնելու համար:

Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումը մեծ օգուտ կբերի Թուրքիային, որը միջազգային հանրության կողմից բարձր գնահատանքի կարժանանա որպես առաջադեմ և քաղաքակիրթ երկիր: Հնարավոր է նույնիսկ նրա առաջնորդները ներկայացվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ճանաչումը՝ փոխհատուցման հետ միատեղ նաև կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հակառակ դեպքում, Հայոց ցեղասպանության հետ առերեսման գալու շարունակական մերժումը կերկարաձգի թուրք ժողովրդի անբաղձալի իրավիճակը՝ մշտապես նրանց հիշեցնելով նախնիների իրականացրած ոճրագործությունները և անընդհատ նվաստանալով ողջ աշխարհի առաջ որպես ցեղասպանության ժխտողներ:

Եթե Թուրքիայի ղեկավարները խիզախությունն ունենան լուծել իրենց հայկական կնճռոտ խնդիրը, հայ ժողովուրդը վերջապես կսկսի ստանալ իր կորուստների երկար սպասված հատուցումը, վայելել տնտեսական և աշխարհաքաղաքական ավելի կենսունակ և անվտանգ հայրենիք, հուսալով, որ ապաշխարած հարևանն ավելի հակված կլինի խաղաղ գոյակցության:

 

Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ