ՀՀՇ-ն առաջիկայում հանդես է գալու ՙՙԵվրոպական Ալյանս՚՚ նախաձեռնությամբ. Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր ԱրզումանյանՙՙՈւկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ հանցավոր լռություն են ցուցաբերում: Աշխարհում այսօր տեղի է ունենում բաժանարար նոր գծերի առաջացման գործընթաց, որը սպառնում է դառնալ նոր աշխարհակարգի հիմքը: Ընդդեմ բաժանարար գծերի և աշխարհաքաղաքական շահերի հակադրության մշտապես հանդես եկող Հայաստանն իրականում դարձել է տարածաշրջանում ամենահոծ բաժանարար գծերից մեկի կրողը: Հայաստանը տարածաշրջանում ռուսական ռազմակայան ունեցող և Հավաքական անվտանգության կազմակերպությանն անդամակցող միակ պետությունն է: Գործող անվտանգության համակարգը, որին ավելի շատ պարտադրանքի, քան սեփական շահի սպասարկման թելադրանքով մաս է կազմում մեր երկիրը, ցանկացած պահի կարող է իրական սպառնալիք դառնալ Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար: Ստեղծված իրավիճակում Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը մեր երկրի հանրային-քաղաքական օրակարգի առմենաառաջնային խնդիրն է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության պայմանների վերանայումը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն ապահովող իրավապայմանագրային հիմքի վերաիմաստավորումը: Հավատարիմ մնալով Հարավային Կովկասն անվտանգության համակարգերի համագործակցության հարթակ դարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը հրամայական է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական և հետևողական խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կվերանվաճի տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ասպարեզում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու վտանգված իրավունքը: Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է անշրջելի հետևանքներով հղի միջազգային գործընթացներում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, ազգային շահերը սպասարկելու քաղաքական կամքի բացակայությունն ու անկարողությունը: 1988 թվականին սկիզբ առած համազգային Շարժման բացառիկ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ: Այս և մեր երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներին դիմակայելու նպատակով Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված ՚՚Եվրոպական Ալյանս՚՚ նախաձեռնությամբ՚՚, – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նման տեքստով հանդես եկավ ԱԺ ՙՙԺառանգություն՚՚ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

—
Լարա Առաքելյան

Անկախ

«Ունենք փտած քաղաքական դաշտ ու արժեզրկված կուսակցություններ». Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՀարցազրույց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ

 

–Պարոն Մանուկյան, այսօր ձեր նախկին համախոհները, մասնավորապես «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, համոզված են, որ 1991-ին կոմիտեն կատարեց ստրատեգիական կոպտագույն սխալ՝ ընդունելով արեւմտյան քաղաքակրթական մոդելը, իսկ պատճառը առկա շփոթն էր. «մենք արեւմտյան քաղաքակրթությունը շփոթեցինք եվրոպականի հետ, մինչդեռ արեւմտյանն իր էությամբ հակաեվրոպական է»: Որպես ՀՀՇ գաղափարախոսության հայրը, դուք այս կարծիքին համամի՞տ եք:

 

-Այդ ժամանակ աշխարհում իրողությունն այսպիսին էր. գոյություն ուներ 2,5 մոդել, այսինքն՝ մեկը կոմունիստականն էր, որ քանդվեց անարդյունավետ լինելու պատճառով, մյուսը՝ լիբերալ, որը հաստատված է կապիտալիստական երկրներում: Իսկ մնացած կեսի մեջ մտնում էին կա՛մ նացիոնալիզմի, կա՛մ ինչ-որ մի այլ բանի վրա կառուցված բռնապետությունները:
Այլ արդյունավետ մոդել չկար, եւ որպես այդպիսին մնում էր արեւմտյանը: Ուրեմն այնպես չէր, որ կային բազմաթիվ մոդելներ, ու մենք ընտրեցինք ոչ ճիշտը:
Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:
Բայց այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք, որը ոմանց, գուցե նաեւ Ա. Մանուչարյանին ու մյուսներին հայտնի չի եղել, սակայն դեռ 89-ից ինձ համար պարզ էր, որ այդ հարցի շուրջ, այն է՝ ինչպե՞ս Հայաստանում օգտագործել արեւմտյան մոդելը, փնտրտուք է սկսվելու: Եվ 1989-ին իմ հարցազրույցներից մեկում ես խոսում եմ այդ մասին, թե ինչո՞վ պետք է Հայաստանի ժողովրդավարությունը տարբերվի այլ երկրների ժողովրդավարությունից:
Օրինակ, Ճապոնիան ժողովրդավարության կողքին կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը, որոշ ավանդույթներ: Եվ ես, կրկնում եմ, դեռ այն ժամանակ գիտեի, որ վեճը սրա շուրջ է լինելու՝ ինչպե՞ս գտնել մեր սեփական դեմքը: Կարծում եմ, այսօր էլ վեճ կա. ասվում է, եթե մենք դառնայինք Եվրամիության ասոցացված անդամ, ապա կընդունեինք արեւմտյան արժեքներ, իսկ եթե Ռուսաստանի հետ մտնում ենք Մաքսային միություն, ապա կարող ենք կարեւոր արժեքներ կորցնել:
Ես սրան համաձայն չեմ, որովհետեւ Ռուսաստանը եւս հայտարարել է, որ ձգտում է եվրոպական համակարգի հաստատման, սակայն ազգային դեմքը պահպանելով: Մենք էլ ենք ասում նույնը: Հիշեցնեմ, որ 1990թ. ՀՀՇ-ից դուրս գալով, երբ կազմավորեցինք մեր կուսակցությունը՝ Ազգային ժողովրդավարական միությունը, անվանումը պատահական չընտրվեց: Այսինքն՝ մենք ընդունելով ժողովրդավարությունը՝ միաժամանակ ազգայինի պահպանման կողմնակիցներ էինք:

 

–Իսկապես մեզանում այսօր լրջորեն խաթարված են ազգային, քրիստոնեական, ավանդական արժեքները: Չե՞ք կարծում, որ կորցրածը վերագտնելու «դեղատոմս» կարող է լինել հրաժարումը լիբերալիզմից ու անցումը պահպանողականության, ինչն ինքնին ներառում է այդ արժեքային համակարգը:

 

-Լիբերալիզմն ու պահպանողականությունը ուղղակի գեղեցիկ տերմիններ են, բայց ի՞նչ է թաքնված դրանց տակ: Դրանցում ե՛ւ լավը կա, ե՛ւ վատը: Լիբերալիզմ նշանակում է՝ մարդու ազատություն։ Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք այդ գաղափարից, իհարկե՝ ոչ։ Բայց այդ նույն լիբերալիզմը նաեւ ժխտում է ազգերի գոյությունը։ Ընդունե՞նք այն, դարձյալ իհարկե՝ ո՛չ:

Կամ ընդունել պահպանողականություն նշանակում է, որ կանայք գլխաշորո՞վ են ման գալու, իհարկե՝ ոչ, բայց այդ գաղափարախոսությունը նաեւ կարեւորում է ազգայինն ու ավանդականը:
Ուրեմն բանավեճը ոչ թե պետք է ծավալել լիբերալի՞զմ, թե՞ պահպանողականություն հարցադրման շուրջ, այլ՝ ի՞նչ անել, որպեսզի պահպանվի այս երկուսի համաչափությունը, երկուսից էլ պետք է վերցնել օգտակարը: Եվ հենց սա՛ էլ պետք է դառնա բանավեճի առարկան: Իսկ թե ինչպե՞ս որոշել՝ ո՞րը պահել, ո՞րը՝ ոչ, այստեղ կարեւոր դեր ունեն կատարելու կուսակցությունները:

 

–Նման բանավեճն արդյունավետ կարող է ծավալվել միայն կայացած քաղաքական դաշտում: Իսկ այսօր ինչպիսի՞ն է այն մեզանում, առհասարակ քաղաքական ուժերը համարժե՞ք են հակազդում մեր դեմ ուղղված մարտահրավերներին, նաեւ արձագանքում ներքին իրողություններին:

 

-Անկախացման հետ միասին՝ 1990-91-ին, Հայաստանում սկսեցին ձեւավորվել նոր կուսակցություններ, հայրենիք վերադարձան ավանդական կուսակցությունները, որոնք գաղափարական հենք ունեին: Այն ժամանակվա խոշոր կուսակցություններն էին ՀՀՇ-ն, Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, թվում էր, որ հենց նրանք էլ պետք է կամաց-կամաց զարգանան:
Բայց Հայաստանի մեծագույն չարիքը կանգնեց կուսակցությունների առաջ ու խաթարեց նրանց զարգացման ընթացքը. 95-96 թթ. պարզվեց, որ ընտրությունների միջոցով մեզանում ո՛չ նախագահ է ընտրվում, ո՛չ էլ Ազգային ժողով ձեւավորվում: Սա հանգեցրեց հետեւյալ համոզմանը՝ ոչինչ կախված չէ գաղափարներից ու կուսակցություններից, ու ընտրապայքարը տեղափոխվեց մեկ այլ դաշտ: Սա էլ պատճառ դարձավ, որ շատ-շատերը հեռանան քաղաքական դաշտից:
Գիտեք, մարդը սիրելով գիտությամբ զբաղվելը՝ նաեւ մտածում է դոկտորական պաշտպանելու, Նոբելյան մրցանակի արժանանալու մասին, զինվորականը եւս ծառայելով հայրենիքին՝ ուզում է հրամանատար դառնալ, հետո գեներալ, քաղաքականությամբ զբաղվողն էլ ուզում է երկրի համար աշխատելով դառնալ պատգամավոր, քաղաքապետ, վարչապետ: Բայց ներուժ ունեցող մարդիկ համոզվում են, որ այստեղ իրենց գիտելիքներն ու կարողությունները դեր չունեն, որովհետեւ ինչ-որ մեկը կարող է փողոցից գալ ու հայտնվել գագաթին: Սա էր պատճառը, որ մտավոր կարողություն ունեցողները հեռացան քաղաքականությունից, մենք զրկվեցինք արժեքավոր, գիտակ անձանցից:
Ուրեմն այն, որ այսօր ունենք փտած քաղաքական դաշտ, պատճառը ոչ ընտրություններն են: Չնայած որքան էլ այսօրվա ընտրությունները նախորդից ավելի լավ են, բայց մենք ժամանակին կորցրինք այն կախարդական բանալիներից մեկը, որը բացում էր Հայաստանի ապագայի դուռը. դա արդար ընտրությունների անցկացման հնարավորությունն էր:
Իսկ կուսակցական դաշտն այսօր այսպիսին է. ՀՀԿ-ն ստեղծման առաջին փուլում փոքր կուսակցություն էր, ու Վազգեն Սարգսյանն այն արհեստականորեն մեծացրեց: Եվ միայն վերջին տարիներին ՀՀԿ-ն կամաց-կամաց վերաճեց կուսակցության:
ՀՅԴ-ն կատարեց սխալ քայլեր՝ մե՛կ իշխանություն, մե՛կ ընդդիմություն լինելով, բայց քանի որ Սփյուռքում ունի կառույցներ, ունի նաեւ մեծ ավանդույթներ, այն եւս կուսակցություն պետք է համարել: Մնացածի մեջ ես լուրջ կուսակցություն չեմ տեսնում:
Այսպիսով, մենք իրականում ունենք երկու կուսակցություն՝ մեկը իշխանական է, մյուսը ընդդիմության մեջ է, բայց իրենք երկուսով կարող են մարդկանց սպասումների մի փոքր մասը միայն բավարարել: Եվ այս առումով, քաղաքական դաշտում այսօր վակուում կա:
Բայց անգամ այս իրավիճակում, եթե ինչ-որ կախարդանքով մարդիկ ներքին համոզմունք ունենան, որ հաջորդ ընտրությունները կլինեն արդար, հենց այս պահից կսկսեն կազմավորվել այլ լուրջ կուսակցություններ եւս: Սակայն մարդկանց վստահությունն է կորել:

 

–Փոխարենը մեզանում նկատելի է քաղաքացիական հասարակության ձեւավորում ու զարգացում: Ի՞նչ կասեք այս նոր իրողության մասին:

 

-Այո, այստեղ փոփոխություն կա, որովհետեւ մարդիկ զզվել են կուսակցություններից: Եթե այսօր սովորական մարդուն առաջարկես դառնալ որեւէ կուսակցության անդամ՝ կհրաժարվի, բայց եթե ասես՝ արի միասին պայքարենք Թեղուտի, Մաշտոցի պուրակի համար, կուտակային համակարգի ներդրման դեմ՝ կհամաձայնի ու կլինի քո կողքին: Սա փաստում է, որ Հայաստանում կուսակցություն անունը բավական արժեզրկված է: Փոխարենը քաղաքացիական հասարակության դաշտն է զարգանում:
Պատճառները երեքն են. նախ՝ ունենք երիտասարդություն, որը չի ապրել խորհրդային համակարգում եւ այս տարիներին ավելի շատ շփվել է արեւմտյան արժեքների հետ, ու նրա համար մարդու ազատությունը, օրինականությունը շատ կարեւոր են: Ունենք հասարակություն, որը չի հանդուժի, որ իր իրավունքները ոտնահարվեն:
Երկրորդ՝ տարեցտարի մեր հարաբերությունները ավելի են խորանում Եվրամիության հետ, եւ դա եւս նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Երրորդ՝ շատ բան կախված է նաեւ այսօր գործող անձանցից: Կարծում եմ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ ավելի հանդուրժող է, քան նախորդ երկուսն էին: Ու այս ամենի արդյունքում բարենպաստ հող է ստեղծվում քաղաքացիական հասարակության ձեւավորման համար:
Բայց, միեւնույն է, խոչընդոտը դարձյալ կա, դա ընտրություններն են: Եթե իշխանությունը ձեւավորվում է իրական ընտրության միջոցով, ապա այն շատ զգայուն է լինում հասարակական կարծիքի հանդեպ, որովհետեւ հակառակ դեպքում նա հաջորդ ընտրություններում կունենա ձայների զգալի կորուստ: Բայց երբ ընտրություններն այնքան էլ մաքուր չեն անցնում, հասարակության ձայնը որքան էլ «վերեւներում» լսում են, սակայն գալիս է մի եզր, որից այն կողմ այդ ձայնը կարող է եւ չլսվել, հետեւաբար նշանակություն չունենալ:

 

–Կուտակային համակարգի ներդրման հարցում դարձյալ իր գործն անում է վստահության դեֆիցիտը, որի արմատները շատ խորն են՝ խորհրդային խնայբանկերում կորած գումարներ, 90-ականների սկզբին մեկը մյուսի հետեւից «պայթող» բանկեր, իսկ վստահությունը մեկ օրում չես վերականգնի: Այդ առումով գուցե ժամանակավրե՞պ է կուտակային համակարգի ներդրման գործընթացը:

 

-Քաղաքացիական հասարակության ըմբոստ շարժումներին մասնակցում են շատ հետաքրքիր երիտասարդներ, բայց նրանց զգալի մասը խնդիրների շուրջ ունենալով իրենց հստակ դիրքորոշումը, այդ շարժումներին չէր մասնակցում: Մինչդեռ կուտակային ռեֆորմը այդ հատվածին էլ ներքաշեց պայքարի մեջ: Իշխանությունն իր դեմ տրամադրեց հենց այն հատվածին, որը բավական լոյալ էր տրամադրված իշխանության հանդեպ:
Տեսեք, մենք ընտրեցինք կենսաթոշակային այս համակարգը, որը չեմ կարծում, որ լավագույնն է, բայց եթե ընտրել ենք, ուրեմն պետք է մարդկանց նաեւ բացատրենք: Եվ մենք նախագահին ու կառավարությանն առաջարկում ենք. ոչ թե եկեք հրաժարվենք կուտակային համակարգը ներդնելուց, այլ եկեք կիրառման մեջ փոփոխություններ կատարենք:
Ի՞նչ ենք մենք առաջարկում: Նախ, պարտադիր բաղադրիչը կարելի է տարածել 500 000 աշխատավարձ ստացողների վրա: Մնացածը թող կամավոր սկզբունքով որոշեն, ու եթե այս տարիների ընթացքում վստահությունը կավելանա, ու մարդիկ կտեսնեն, որ օգտակար գործ է, ինքնակամ կմտնեն համակարգի մեջ: Ցածր աշխատավարձ ստացողների վրա անիմաստ է տարածել պարտադիր բաղադրիչը. նրա փոխարեն կա՛մ պետք է գործատուն վճարի, կա՛մ պետությունը:
Եվ հետո, ի սկզբանե սկսել 5%-ից՝ ճիշտ չէ, կարելի է սկսել 2, 3% պահումներից: Կրկնում եմ, երբ մարդիկ կհամոզվեն, որ համակարգը ճիշտ է, ինքնակամ կներգրավվեն: Մարդկանց չի կարելի զոռով տանել երջանկության, նրանց պետք է համոզել, ինչը եւս բավական բարդ է, քանի որ միայն խոսելով չես կարող համոզել:
Հիմա գործընթացը Սահմանադրական դատարանում է, կասեցման որոշումը հարմար իրավիճակ է ստեղծում հարցի շուրջ նորից քննարկումներ ծավալելու համար: Մենք ոչ ֆորմալ հանդիպում ենք ունեցել նախագահի հետ, կհանդիպենք նաեւ վարչապետի հետ ու կներկայացնենք մեր դիրքորոշումը:

 

–Աշխարհաքաղաքական փոփոխությունների հանդեպ Հայաստանը զգայուն երկիր է: Այդ առումով, այսօր մի կողմից արտահայտվում է մտահոգություն, թե Ուկրաինայի Մայդանի ալիքը կարող է հասնել եւ Հայաստան, մյուս կողմից էլ կան մարդիկ, որոնք անհամբերությամբ են դրան սպասում՝ ուկրաինական ընդդիմության հաղթանակը համարելով Հայաստանի հաղթանակը: Ի՞նչ կասեք այս հակադիր կարծիքների մասին:

 

-Գիտեք՝ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, թե անվտանգության տեսակետից որքան ճիշտ էր Հայաստանի՝ ամիսներ առաջ, սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը՝ դառնալ Մաքսային միության անդամ: Մենք ուղղակի խուսափեցինք այն վտանգներից, որոնց առաջ կանգնած է Ուկրաինան: Իսկ գործընթացները թույլ են տալիս կանխատեսել, որ այդ երկիրը կարող է անգամ մասնատվել երկու պետությունների:
Բացի դրանից, Ուկրաինայում բախվում են Եվրոպայի ու Ռուսաստանի շահերը, դա նրանց կռիվն է, ուր ուկրաինացիները ընդամենը օգտագործվում են որպես գործիք այդ ուժերի ձեռքում: Իսկ մեզ պե՞տք է, որ նման կռիվ լինի Հայաստանում: Սա շատ թանկ կնստի մեզ վրա, ուղղակի կկորցնենք այն, ինչ ունենք: Ուրեմն մենք միայն կարող ենք գոհունակությամբ ասել՝ ինչ լավ է, որ փրկվեցինք այդ վիճակից, որում այսօր գտնվում է Ուկրաինան:

Իհարկե, ուկրաինացիները հասան նրան, որ երկրում իշխանություն փոխվեց, բայց նրանք տարիներ առաջ ևս նույն ճանապարհով իշխանության էին բերել Տիմոշենկոյին, Վրաստանում էլ եղավ նման իշխանափոխություն: Վստահ եմ, որ Հայաստանում ուշ թե շուտ հնչելու է արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխման պահանջը: Բայց դրա համար ոչ թե պետք է փողոցներ դուրս գալով ու Մայդանի մասին երազել, այլ պատրաստվել: Առջևում ընտրություն կա, կարծում եմ, արժե, որ մեր քաղաքական ուժերը լրջորեն պատրաստվեն գալիք ընտրություններին, փորձեն պայքարել և ոչ թե ձեռքները ծալած սպասել ու մտածել՝ մեկ է, կլինի այն, ինչ պետք է լինի: Եթե այս կերպ մտածենք, ոչնչի չենք կարող հասնել:

 

Շարունակելի…

Արմինե Սիմոնյան

Հայոց աշխարհ

 

Անկախ

«Մենք չենք ամաչում, սա մեր կյանքի, կենսագրության մի մասն է». Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ի վերակազմավորման մասին

Ալեքսանդր ԱրզումանյանՀոկտեմբերի 27-ին կայացած համագումարում Հայոց համազգային շարժումը վերակազմավորվեց: Այն լուծարվել էր այս տարվա փետրվարին` որպես իրավահաջորդ հայտարարելով ՀԱԿ–ին: Այս թեմայով «Անկախը» հարցազրույց է ունեցել  ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

– Պարոն Արզումանյան, մի քանի օր առաջ կայացած համագումարում ՀՀՇ–ն վերակազմավորվեց: Ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ կար փետրվարին կուսակցությունը լուծարել, իրավահաջորդ հայտարարել, ապա նորից վերակազամավորել:

– ՀՀՇ-ն լուծարելու և այն ՀԱԿ վերանվանելու որոշումը  մի շարք  դժգոհություններ առաջացրեց  մարդկանց մեջ, որոնք ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին  տարաձայնություններ ունեին  ՀՀՇ-ի հետ, բայց կարծում էին, որ նույնիսկ այդ տարաձայնություններով ՀՀՇ-ն իրավունք ուներ շարունակելու աշխատանքները:

Մենք  մեր գործն ենք արել. 25 տարի քաղաքականության մեջ ենք և չէինք կարող հրաժարվել քաղաքականությունից, մեր աշխատանքները շարունակելու ձևեր էինք փնտրում: Երբ որոշվեց լուծարել մի կուսակցություն, որի ակունքներում ենք կանգնած եղել և մշտապես միայն այդ կուսակցության անդամ ենք եղել, մեր մի շարք համախոհների հետ որոշեցինք շարունակել մեր աշխատանքները: Հռչակել ենք, որ այն գաղափարախոսության ժառանգորդն ենք, որի վրա հիմնվել է Հայոց համազգային շարժումը, մենք կրում ենք լիբերալ- ազատական, ժողովրդավարական գաղափարներ և այն տեսլականը, որ ունեինք 88 թվականի համազգային շարժման ժամանակ: Որևէ բան չի փոխվել, մենք շարունակելու ենք պայքարել հայոց պետականության ամրապնդման և ազատական, ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված պետականության կայացման համար:

– Մի՞թե ՀՀՇ–ի իրավահաջորդ ՀԱԿ–ը շեղվել էր այդ ուղուց:

– Կարծում ենք, որ ՀԱԿ-ը կարող է լինել գույքային  առումով իրավահաջորդ, մենք որևէ հավակնություն չունենք գրասենյակների նկատմամբ: ՀԱԿ-ը ստեղծվել է որպես մի քանի կուսակցությունների միավորում,  առանցքը եղել է Հայոց համազգային շարժումը: ՀՀՇ-ն էր, որ 2007-ին նախաձեռնեց մի շարք մարզային այցելություններ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց առաջադրվել 2008-ի նախագահական ընտրություններում: Հենց ՀՀՇ-ի շուրջ  ձևավորվեց այն համաժողովրդական շարժումը, որի արդյունքում 2008-ին, մեր կարծիքով, մեր թեկնածուն հաղթեց ընտրություններում: Այսինքն` ՀՀՇ-ն եղել  է այդ շարժման լոկոմոտիվը:

Փորձ արվեց ինչ-որ ինստիտուցիոնալ ձև տալ այդ  շարժմանը, բայց դա չպետք է արվեր կուսակցությունների ինքնուրույնության հաշվին: Ինչ-ինչ բյուրոկրատական մոտեցումներին ստորադասվեցին  կուսակցությունների աշխատանքները, դա անընդունելի էր: Մի շարք մարդիկ դեռ 2010-ին` ՀՀՇ 16-րդ համագումարից հետո,  դուրս եկան: Կային ներքին տարաձայնություններ, ավելին, նույնիսկ ՀՀՇ վարչության մի շարք անդամներ որակվեցին վնասարար: Այս պիտակավորումն անընդունելի է, բայց, այնուամենայնիվ, որևէ մեկը չփորձեց խոչընդոտել  ՀՀՇ աշխատանքները, այլ  փորձեցին առանձին գործել: Դրա դրսևորումներից էր  նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ստեղծելու փորձը: Բայց երբ նահանջ կատարվեց ազատական գաղափարներից և խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ավելի հակված է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը, դա մեզ  համար անընդունելի էր: Նորից կրկնեմ,  որ դա նրանց ընտրությունն էր:

Մենք չենք ամաչում և  մեր կենսագրությունից հրաժարվելու որևէ պատճառ չունենք:  Եղել են ձախողումներ, եղել են և սխալներ, պետք է  աշխատենք հաղթահարել բոլոր խնդիրները, որ կան:

– Համագումարում եղել են ներկայացուցիչներ մի քանի ընդդիմադիր կուսակցություններից, բայց ոչ ՀԱԿ–ից: Ինչպիսի՞ն են ՀԱԿ–ի և ՀՀՇ–ի հարաբերությունները:

– Մենք որևէ կուսակցության հետ խնդիր չունենք: Որպես լիբերալ ուժ` պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, բայց  խնդիրների շուրջ, այդ համագործակցությունն ինքնանպատակ չէ: Մենք հրավիրել ենք բոլոր համախոհ կուսակցություններին, որոնց հետ պատկերացնում ենք ապագա ճանապարհ: Նրանք շատ ավելի ազատական են և այն ուժերն են, որոնք հռչակել են,  որ Հայաստանի համար անընդունելի է Մաքսային միությանն  անդամակցելը: ՀԱԿ-ից մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված էին, ՀԱԿ-ին մենք չենք հրավիրել, քանի որ դեռ այս  պահին չենք տեսնում ՀԱԿ-ի մոտեցումները, դեռ ավելին, կարծում ենք, որ ՀԱԿ-ն այս պահին աջակցում է այն քաղաքականությանը, որն իրականացնում է իաշխանությունը, այն է` Մաքսային միությանն անդամակցելը:

– Ո՞րն է ՀՀՇ–ի առաքելությունը քաղաքական դաշտում:

– Հայաստանում ազատական գաղափարների լուրջ պակաս կա:  Փորձելու ենք  այդ գիտակցությամբ, այդ գաղափարներով առաջնորդվող մարդկանց հետ միասին մեր ուրույն տեղը զբաղեցնել քաղաքական ներկապնակում, ազգային ժողովում և առաջ տանել այն գաղափարները, որոնք ունեցել ենք 88 թվականից: Այսօր դա ավելի հրամայական է, քանի որ սպառնալիքի տակ է մեր ինքնիշխանությունը: Մեր խորին համոզմամբ` այսօր խախտվում է Հայաստանի սահմանադրությունը. Մաքսային միությանը և նման այլ միավորմանը միանալը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի անկախությանը:

– ՀՀՇ  անվանումը գոնե նախկինում ինչ–որ չափով հեղինակազրկված էր: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար:

– ՀՀՇ-ն կանգնած է հայոց պետականության կայացման ակունքներում, մի շարք պանծալի հաղթանակներ են արձանագրվել այդ շարժման ղեկավարության օրոք, եղել են նաև ձախողումներ, այսօրվա խնդիրներից  շատերը, անշուշտ, այն ժամանակից են գալիս: Բայց սրանք  մեր հասարակության ընդհանուր արատներն են. ինչքան հասարակությունն է արատավորված, այնքան էլ իշխանությունը և ընդդիմությունը.  հավասարաչափ: Դա է պատճառը, որ այսօր այսպիսի տկար վիճակում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:  Մենք պետք է ամեն ինչ կարողանանք կառուցել  այն ամեն լավի վրա, ինչ եղել է: Իսկ վարկաբեկված-չվարկաբեկված լինելը գնահատվում է աշխատանքով:

– Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի նոր էջից շարունակել: 

– Նման մոտեցում էլ կա, բայց մարդ իր կենսագրությունից չպետք է ամաչի: Եթե  որևէ մեկը խնդիր  է ունենում, չի գնում իր անունը փոխում, դա իր անունն է, որով  իրեն ճանաչում են: Ինչքան էլ անունդ փոխես, ի վերջո,  բովանդակությունը չես փոխի: Հիմա բովանդակություն լցնելով պետք է փոխենք մտայնությունը, ոչ թե անվանափոխությամբ: Ինչքան էլ  կուսակցությունները անունները փոխեն, գիտենք` ով իրենից ինչ է ներկայացնում:  Հիմա ցանկացած ինֆորմացիա լույսի արագությամբ  տարածվում է, բոլորն էլ գիտեն բոլորի անցյալը, արած գործերը, և յուրաքանչյուր  մարդ թող ըստ իր արածների ամաչի կամ հպարտանա:

– Նախկինում ինչ–ինչ պատճառներով ՀՀՇ–ն լքած անձանց` հին անդամների հետ  պլանավորո՞ւմ եք նորից վերամիավորվել կամ համագործակցել:

– Մենք շատերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, սա իրոք եղել է համազգային շարժում, ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում  տարբեր մարդիկ որոշել են ուրույն ճանապարհով անցնել, մենք  գտնում ենք, որ այսօրվա վերածնվող  ՀՀՇ-ն ժառանգորդն է հենց այդ շարժման, և մենք բաց ենք  բոլոր այն մեր ընկերների առջև, որոնց հետ մենք 1988 թվականին սկսել ենք այս շարժումը: Մենք նախկինում ՀՀՇ-ի հետ եղած որևէ անհատի կամ կուսակցության հետ խնդիր չունենք: Ավելին, պատկերացնում ենք նաև համատեղ ճանապարհ:

– Համագումարում ընդունվել է նաև կուսակցության ծրագիրը, կներկայացնե՞ք հիմնական դրույթները:

– Հիմնականում խարսխված է այն տեսլականի վրա, որ հնչեցվել է դեռ 1989 թվականին և մի քանի անգամ լրամշակվել  տարբեր համագումարներում, վերջին խմբագրումը եղել է 2001-2002 թվականներին: Այն է`   ազատականություն, ժողովրդավարություն,  ԼՂՀ հարցի լուծման մեր տեսլականը և արդի մի քանի հարցերի վերաբերյալ մոտեցումներ: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ԵՄ լիակատար անդամակցությունն է, մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Եվրոպական ասելով` նկատի ունեմ այն համամարդկային արժեքները, որոնցով առաջնորդվում են մի շարք զարգացած երկրներ` անկախ աշխարհագրական դիրքից: Ամեն ինչ անելու ենք` խորացնելու Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և Հայաստանը վերստին դարձնելու հուսալի գործընկեր  միջազգային հարաբերություններում, որովհետև այսօր վտանգված է Հայաստանի հուսալիության, Հայաստանը որպես գործընկեր ընկալելու հարցը մեր գործընկերների կողմից,  լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն թե ԻԻՀ-ն:

– Իսկ Արցախի խնդրի լուծման Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է:

– Նախ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ներկայացված լինի բոլոր բանակցություններում, առանց ԼՂ-ի Ադրբեջանը և Հայաստանը իրավասու չեն որևէ  լուծում գտնելու: Ամեն ինչ պետք է արվի, որ իրավական կարգավիճակ ստանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը: Մենք պատկերացնում  ենք, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ունենան հուսալի սահման, ԼՂ-ն պետք է ունենա պաշտպանության անհրաժեշտ համակարգեր, որպեսզի պաշտպանի իր  սահմանները, և Հայաստանը պետք է երաշխավոր լինի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Իսկ ինչ ձևակերպումներ և   քայլեր կլինեն, դա արդեն ժամանակը ցույց կտա:

– Գործունեութան ի՞նչ մեթոդ եք  որդեգրելու, ձեր խոսքը  համակիրներին ինչպե՞ս եք հասցնելու:

– Բոլոր հասու  հնարավորություններով՝ երթեր, հանրահավաքներ, սոցիալական ցանցեր:  Կփորձենք հնարավորինս համախոհների լայն շրջանակ ընդգրկել: Մենք հակված ենք ունենալու կոլեգիալ կառավարմամբ կազմակերպություն, որը ոչ միայն պայքարում է ժողովրդավարության համար, այլև ժողովրդավար է իր ներքին կառուցվածքով: Մենք նաև նախատեսում ենք քաղաքացիական խորհրդի  ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն կուսակցության անդամները, այլև համախոհները: Կան մարդիկ, ակտիվիստներ, որոնք ցանկություն չունեն կուսակցական գործիչներ դառնալու, բայց ցանկություն ունեն ազդելու  ներքաղաքական կյանքի վրա, և  դրա լավագույն գործիքը կուսակցությունն է: Վստահ եմ, որ կկարողանանք ձերբազատվել այն մտայնությունից, որ ցավոք, Հայաստանում կա` մեկ առաջնորդի կուսակցություն,  այս կամ այն մարդու ամբիցիաները սպասարկող կուսակցություն: Սա լինելու է հասարակութան մի շերտի պահանջները սպասարկող կուսակցություն:

– Որքա՞ն անդամ եք ակնկալում ունենալ:

– Մենք մեր առջև նման խնդիր չենք դրել, մենք գիգանտամանիայով չենք տառապում որոշ ուժերի պես, որ հռչակում են, թե ունեն 50-60 հազար ընտրող և 30 հազար ձայն են հավաքում ընտրություններին: Հիմա կառույցների ձևավորման վրա ենք աշխատում: Առաջին համագումարին մասնակցում էր 220 պատվիրակ, որոնք ներկայացնում էին հանրապետության հինգ մարզեր: Անդամակցության գործընթացը շարունակվում է:

– Շատ է խոսվում, որ ՀՀՇ–ի վերակազմավորումից հետո «Ազատ դեմոկրատների» ապագան հարցականի տակ է: Ինչ–որ որոշում կա՞, թե ինչպիսին պետք է լինի հետագա համագործացությունը:

– Դեռ վերջնական որոշում չկա: Նույն ՀՀՇ-ից դուրս  եկած մարդիկ ձևավորեցին «Ազատ դեմոկրատները», մենք կարծում ենք, որ նույն դաշտում ենք գործում  և միասին պետք է շարունակենք, որոշումը պետք է իրենք կայացնեն, մենք  պատրաստ ենք համագործակցել, որևէ խնդիր գաղափարական առումով այս պահին չկա: