Քսան րոպե ընդմիջում՝ Ազգային Ժողովում

գալուստԱյսօր կրկին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց նիստը շարունակել մինչև օրակարգային հարցերի սպառումը, ապա այդ առաջարկը դրեց քվեարկության: «Քսան րոպե ընմիջում», – դահլիճից  գոռում էր Լևոն Զուրաբյանը` վարման կարգի համաձայն  ձայն պահանջելով, սակայն նրան ասես չէին լսում: Գալուստ Սահակյանը երեք անգամ առաջարկը դրեց քվեարկության` անտեսելով դահլիճից վարման կարգով ձայնի պահանջը, ապա արձանագրեց` կողմ` 68, դեմ` 1, ձեռնպահ` չկա:

Այնուհետև ԱԺ նախագահը սկսեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունները:  «Վարման կարգի վեաբերյալ»,- նորից հնչեց դահլիճից: «Ինչի՞ վերաբերյալ», – զարմացավ Գալուստ Սահկայնն ապա ասաց. «Սպասեք, հարցը կարդամ` նոր: Քվեարկության է դրվում Կառավարության կաղմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը»: Ապա նա ձայնը տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որի  ելույթից հետո վարման կարգով վերջապես ձայն ստացավ Լևոն Զուրաբյանը. «Պարոն Սահակյան, չնայած Ձեր պատկառելի տարիքին, ես շատ ավելի լավ եմ գնահատում Ձեր լսողության ու տեսողության կարողությունԼևոն Զուրաբյանը: Եվ երբ որ ես քսան րոպե ընդմիջում էի խնդրում, դուք չպիտի խախտեիք օրակարգը: Ես հիմա պահանջում եմ քսան րոպե ընդմիջում, որպեսզի քննարկենք, թե դուք ինչու եք սիստեմատիկ խախտում օրակարգը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ընդդիմությունը  փորձում է ձախողել, խոտանել ԱԺ աշխատանքը և, չնայած սրան, հայտարարեց 20 րոպե ընմիջում:

Անկախ

«էդ մեր «այ քյուն» ե՞ք ստուգել…». Շարմազանովը` Ռուբեն Հակոբյանին

. Շարմազանով,Ռուբեն ՀակոբյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, քաղաքական մեծամասնությանը մեղադրեց ինքնասիրահարվածության, տարրական թվաբանության հետ խնդիրներ ունենալու, սեփական սխալների համար օտարներին մեղադրելու, թուլության և այլ բաների մեջ` հորդորելով հանրապետականներին փոխել աշխատաոճը և դուրս գալ ինքնասիրահարվածությունից: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ ընդդիմադիր գործընկերոջը «տեղը դնելու» գայթակղությանը: Անդրադառնալով նախ կուտակայինի հետ կապված փոփոխություններին` նա համոզմունք հայտնեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բարեփոխված է, և փաստացի մասնավոր սեկտորում պարտադիրը երեք տարով հետաձգվում է: «Այստեղ անհեթեթ բաներ են հնչում: Ուզում եք տարանջատել կառավարությանը քաղաքական մեծամասնությունից, մինչդեռ դա նույն քաղաքական ուժն է, որն էլ հուլիսի մեկից ավելացնելու է շուրջ 200 հազար քաղաքացիների աշխատավարձերը: Ինչ վերաբերում է պարտադիրին, ապա դա դառնում է նպատակային սոցիալական վճար»: Ինչ վերաբերում է ելույթի բուն նպատակին` նա հայտարարեց, որ իր տպավորությամբ, իրենք գտնվում են ոչ թե հայոց խորհրդարանում, այլ տարրական դպրոցում, որտեղ կան բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն աշակերտներն են: «Մեզ դաս մի´ տվեք: Մի´ խոսեք էդ տոնայնությամբ, չի կարելի,-հորդորեց Շարմազանովը,-մենք որևէ մեկի չենք վիրավորում և դասեր չենք տալիս, երբ ձեր կարծիքը մեր կարծիքի հետ չի համընկնում: Քաղաքական բազմակարծությունը պառլամենտարիզմի բաղկացուցիչ մասն է, և մենք դրան նորմալ ենք վերաբերում: Բայց գալ այս ամբիոնից մեզ դասեր տալ, մեզ խելք ցույց տալ, ասել, որ կարդացած չենք… էդ մեր «այ քյուն» ե՞ք ստուգել, որ որոշել եք` կարդացած ենք, թե կարդացած չենք: Կամ ի՞նչ է նշանակում` քաղաքական մեծամասնության մեջ Արծվիկ Մինասյանի նման 5 հոգու չեք գտնի: Արդյոք ձեզ հարի՞ր է նման ձևով խոսելը»: Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով հանրապետական խմբակցությանն, ասել էր, որ եթե իրենց 70 հոգանոց խմբակցությունից պեղեն և գտնեն գոնե հինգ պատգամավորի, որ իր աշխատասիրությամբ, բանիմացությամբ ու պետության հանդեպ մտահոգ վերաբերմունքով կարող է համեմատվել Արծվիկ Միանսյանի հետ, այն ժամանակ իրավունք կունենան խոսելու: Նա առաջարկել էր անգամ հասարակության շրջանում պարզ սոցիոլոգիական հարցում անցկացնել` պարզելու համար մարդկանց վերաբերմունքը Արծվիկ Մինասյանի և հանրապետականի տասնյակ պատգամավորների նկատմամբ: Ինչ վերաբերում է հանրապետականի «մոտալուտ կործանման մասին» ընդդիմադիրների կանխատեսումներին, ապա Շարմազանովը շտապեց հիասթափեցնել նրանց` ասելով, որ այդ լուրերը իրականությանը չեն համապաստասխանում: «Եվ ամենակարևորը` մի´ նյարդայնացեք: Միգուցե ձեր երեկվա քաղաքական ծրագրերը ձախողվեցին, երբ քաղաքական մեծամասնությունը կարողացավ բնականոն հունով աշխատել, և դա խախտեց ձեր ծրագրերը, դրա համար էլ հիմա եկել եք այստեղ մեզ մեղադրում ու վիրավորում եք: Բայց ապակե տան մեջ ապրողն ուրիշի վրա քար չի նետում, որովհետև, եթե նետեք, այդ տունը կփլվի»: ԱԺ փոխխոսնակն ընդդիմադիր գործընկերներին հիշեցրեց, որ որևէ երկրում քաղաքական փոքրամասնությունը որոշումներ չի ընդունում: «Եթե ուզում եք ձեր կետերն 12, 24 կամ 150 կետերն իրականանան, պետք է նախ հաջողության հասնեք ընտրություններում: Ընտրությունները կգան, բարին էլ հետը: Այսօր պետք է համակերպվեք այս արդյունքների հետ,-ամփոփեց նա` մեկ անգամ ևս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին հորդորելով լինել կոռեկտ, սահմանները չանցնել և դասեր չտալ,- դուք վարժապետ չեք, մենք էլ` աշակերտ»:

Անկախ

Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանելու. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արած հայտարարությանը, թե ՛՛ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն՛՛: Նա, մասնավորապես, թե ՀՀԿ-ն խոսելու իրավունք կունենա, եթե իր 70 հոգիանոց խմբակցությունում պեղի և գտնի գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ:

Աղվան Վարդանյանի ելույթից հետո նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց նշել. ՛՛Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանելու: Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթեխոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել՛՛:

Անկախ

Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանը.ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցի՞ք

հրանտ բագրատյանԱզգային ժողովում 2013-ի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.- “Ամեն անգամ բյուջեում կարդում ենք բյուջեն հաստատվել է էսքան, արտաբյուջետային ֆոնդերն եղել են էսքան, քանի որ եղել են էսքան, բյուջեն պետք ա  լիներ էսքան, կատարվել է այսքանով: Տարօրինակ է, բայց մենք չունենք բյուջեի մի թիվ: Մենք ունենք բյուջեի թվի ինտերպրետացիաներ”: Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է մտնի բյուջե: “Եվ ընդհանրապես ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է լինի: Պետության փողերը, մենք, ի դեպ, շատ մեծ պաշտոնյա ենք ունեցել, որը եկավ, դարձավ նախագահ, ասաց.պատկերացնում ե՞ք բյուջեում փող չկա: Բյուջեում փող չպետք է լինի, ընկերներ, պետության փողերը, այ որ Նվագախմբի տղաները ֆիլմի մեջ ասում ա. որտե՞ղ են հանրապետության փողերը, դրանք ԿԲ –ի պահուստում են: Եթե բյուջեում փող կա կամ ծախսեր կան, տակը փող չկա, դա վատ է: Եվ նա է վատ, և նա”: Բյուջեն, ըստ նախկին վարչապետի, պետք է լինի բալանսավորված: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իդեալական պետության մեջ ինչքան փող կա, էնքան էլ ծախս կա: “Արտաբյուջետային ֆոնդերը երբեմն կազմում են եկամուտների տասը տոկոսը, որը թույլ է տալիս կառավարությանը խաղեր տալ: Ինչ բան է արտաբյուջետային ֆոնդը: Եթե նման եկամուտ կա, պետք է մուտքագրվի բյուջե, պետք է նախօրոք պլանավորել: Այդ բոլոր գումարները պետք է փոխանցվեն բյուջե: Երկրորդը՝ պարոն Ջանջուղազյանը նստած է, մի քանի անգամ հանդիպել ենք, մենք պիտի ստանանք բյուջեի հստակ պատկերը: Կատարվել, չի կատարվել ինչի հաշվին: Պարոն Ջանջուղազյանը գտնում է, և ֆինանսների նախարարությունը նույնպես, որ այդպիսի անալիզ հնարավոր չէ: Գոյություն ունի ֆակտորիալ կամ դրայվերներով անալիզ, որով մենք ասում ենք, ասենք թե բյուջեն կատարվել է, ինչքան մասն է կատարվել ինֆլյացիայի հաշվին: Դրա ինչքան մասն է կատարվել տնտեսական աճի հաշվին, ինչքան մասն է կատարվել տնտեսական վարչարարության հաշվին: Հարց եմ տալիս՝ բյուջեն կատարվել է, թե չէ, ոնց եք դատում: Տնտեսական աճը նախատեսված էր 5,2 տոկոս, նախատեսված էր , եղել է 3,5 տոկոս, եղել է, 2,7 տոկոս պակաս, բա դուք ոնց եք բյուջեն կատարել: Ոնց եք բյուջեն կատարել, ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցիք: 3-րդը, որ ուզում եմ ասել, այս տարվա աշնանը լուրջ կռիվ կլինի սրա համար, մենք բյուջեն պետք է հաստատենք հարկերով: Մենք բյուջեն հարկերով չենք հաստատելու: Չենք հասկանում, նույնիսկ եթե բյուջեի ընդհանրական մեկ թիվը նորմալ է պլանավորվածի, դա լավ է, թե վատ: Հարկատեսակների առումով հսկայական տարբերություններ ունենք: Եթե ունենք, ինչու նախօրոք չենք պլանավորում”: Հրանտ Բագրատյանը վստահ է, որ տնտեսվարողը ստաբիլ պետք է իմանա՝ ինչ ֆիսկալ սպասի պետությունից: Իսկ արտաբյուջետային ֆոնդերը, պատգամավորի խոսքով, խեղաթյուրում են բյուջեի պատկերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

հրամանագիր

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

 

Մենք չենք ուզում համագործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ. Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան (1)ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության ծրագրի 

վերաբերյալ իր ելույթում պատասխանեց Կառավարության այն մեղադրանքին, 

թե ՀԱԿ–ը չի ցանկանում համագործակցել Կառավարության հետ և որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում: Այս մասին Արամ Մանուկյանի և, առհասարակ, ՀԱԿ խմբակցության կարծիքը հստակ է. ՛՛Մեր պատասխանը հետևյալն է, մենք քաղաքական թիմ ենք և մեր քաղաքական

թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առաջ կանգնած 

խնդիրները: Մենք չենք վստահում այն Կառավարությանը, որ նշանակվել է ոչ 

օրինակարգ իշխանության, ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանի կողմից: Մենք ամենևին մասնակից չենք և չենք ուզում համգործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ 

անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ, քանի որ   

 ՙՄարտի 1-ը դեռևս կա, Մարտի 1-ի  չպատժվածները դեռևս կան, գոյություն ունեն, և Հայաստանը լքում են մարտի մեկի տուժածները, քաղբանտարկյալները, Հայաստանը դատարկվում է: Դուք անընդհատ  արդարության, հանդուրժողականության մասին եք խոսում, իսկ իրականում դեպքերը կան և շատ կոնկրետ են, դուք ուղղակի  պաշտպանում եք որոշակի մարդկանց շահեր՛՛,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արամ Մանուկյանը:

Անկախ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

ԱԺ, ՀովիկՊատիվ ունեմ ձեր հավանությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: Այն մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Ես իմ ելույթում կաշխատեմ շեշտադրել կառավարության ծրագրի հիմնական քաղաքական մոտեցումները, ընդհանուր տրամաբանությունը, շարադրել առաջիկա երեք տարիների զարգացման մեր մոտեցումները: Կառավարության անդամներն իրենց ելույթներում ավելի մանրամասն կներկայացնեն իրենց ոլորտի անելիքները, բարեփոխումների օրակարգը, սպասվող արդյունքները: Ծրագիրը շարունակական է՝ այն Հանրապետական կուսակցության կողմից ձևավորված կառավարության ծրագիր է, ապահովելու է արդեն իսկ առկա ռազմավարական ծրագրերի հիմնական միտումները, սակայն ունի նոր ասելիք դրանք իրագործելու մեխանիզմների և գործիքների առումով:

Եթե ես շատ հակիրճ բնութագրեի կառավարության՝ ձեր դատին ներկայացվող ծրագիրը, ապա այն կանվանեի առաջին հերթին իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ:

Հարկ է, սակայն, այս մոտեցումները չընկալել միակողմանի և պարզունակ կերպով:

Իրատեսականությունը չի նշանակում հավակնություների բացակայություն: Իրատեսականությունը նշանակում է ռեսուրսների առկայության սթափ գիտակցում: Միաժամանակ այն նշանակում է կարողությունների լիակատար օգտագործման ճանապարհով առավելագույն արդյունքի ձգտում: Օրինակ, պաշտպանության ոլորտում մենք չենք կարող հավակնոտ չլինել՝ հայրենի հողի պաշտպանությունը ոչ լիարժեք ջանքեր չի հանդուրժում: Կարող եմ վստահեցնել ձեզ, որ «առկա ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» պաշտպանության ռազմավարական սկզբունքի կիրառումը չի նշանակում սահմանների մասնակի անձեռնմխելիություն:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորումը լինելու է ամբողջական և համապարփակ, առանց «եթե»-ների:

Ջրամբարների կառուցման խոշորածավալ ծրագիրը, որին ես ավելի մանրամասն կանդրադառնամ քիչ հետո, դժվար է առօրեական համարելը: Այն միտված է Հայաստանի Հանրապետությունում ջրերի կառավարման ռազմավարական խնդիրների լուծմանը և ունի հեռու գնացող ազդեցություն՝ թե՛ մեր հարևանների հետ հարաբերություններում, թե՛ Սևանի և Արարատյան դաշտավայրի բնապահպանական խնդիրների լուծման, թե՛ մարզերում տնտեսական զարգացման, թե՛ գյուղացու՝ հայրենի հողի հետ կապը ամրապնդելու կենսական խնդրի վրա:

Այն պահանջելու է բազմամիլիարդանոց ներդրումներ, բանակցություններ տարբեր գործընկերների, մանրակրկիտ աշխատանք համայնքների և այլ շահառուների հետ, բարձրորակ շինարարական աշխատանքների հետևողական իրականացում: Հեշտ չի լինելու: Բայց անպայմանորեն լինելու է, և իր ազդեցությունը գյուղում լինելու է էական, լինելու է զգալի շատերի համար: Մարդիկ փոփոխություն են զգալու:

Խստապահանջությունը չի նշանակում անտարբերություն: Երբ պայմանները նույնն են բոլորի համար, դրանք չեն կարող պատժիչ լինել: Ես երբեք կողմ չեմ եղել պատժելուն, միշտ կարևորել եմ դրականի խրախուսումը:

Կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի, խթանել ցանկացած նորամուծություն, օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող ցանկացած քաղաքացու, սակայն բաց, թափանցիկ և հրապարակային ձևով: Եթե տնտեսական աճի, աշխատատեղերի ավելացման համար անհրաժեշտ լինեն հարկային արտոնություններ կամ դրամաշնորհներ, ապա դրանք անպայման կլինեն, բայց կլինեն հրապարակային, օրենքի ուժով և օրենքի սահմաններում: Որպես այդպիսի քայլ, օրինակ, կառավարությունը նախատեսում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու համատեքստում, հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման հետաձգման շեմի աստիճանական իջեցում:

Հաճախ նույն կանոնների կիրառումը բոլորի համար դժվար է, քանի որ կան կիրառական և օրենսդրական անհստակություններ: Կառավարությունը հաստատակամ է բոլոր նման դեպքերում իրավիճակը պարզեցնելու և խստապահանջությունը բոլորի համար ընկալելի պայմաններում կիրառելու հարցում: Փոքր և միջին ձեռնարկությունների, համար, օրինակ, կհստակեցվի այդ ձեռնարկությունների կարգավիճակը, որից հետո կկիրառվեն աջակցման տարբեր մեխանիզմներ՝ բոլորի համար հստակ և հասկանալի պայմաններով:

Ականջալուր լինելը չի նշանակում սեփական քաղաքական գծի բացակայություն կամ բոլոր առաջարկների անվերապահ ընդունում: Կարող եմ փաստել, որ կառավարությունը ծրագրում ներառել է գաղափարներ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, հանրության տարբեր ներկայացուցիչների առաջարկներից, սակայն դրանք տեղավորել է հասարակության զարգացման ի՛ր պատկերացման մեջ, ներկայացրել է որպես ի՛ր կողմից կիսվող գաղափար:

Կան առաջարկներ, որոնք եթե անգամ ներառված չեն այստեղ, ապա ես արդեն հանձնարարել եմ, որ դրանք ուսումնասիրվեն և ներկայացվեն շահագրգիռ քննարկման: Օրինակ, տարբեր քաղաքական ուժեր վերջերս շատ են խոսում հակամենաշնորհային օրենսդրության անհրաժեշտության մասին: Այժմ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը հենված է ոչ թե մենաշնորհների սահմանափակման, այլ գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարելուն: Օրենսդրության նմանօրինակ փոփոխությունը պետք է քննարկել թե՛ միջազգային փորձի, թե՛ դրա կիրարկման իրատեսականության, թե՛ առկա կարողությունների տեսակետից: Արդեն մինչև տարվա վերջ մենք կունենանք վերլուծություն, որը հնարավորություն կտա այս ոլորտում ճիշտ որոշումներ ընդունել:

Ճանապարհային երթևեկության խնդիրները, կամ, ավելի ճիշտ, դրանց խախտումների համար վարչական տուգանքների խնդիրները հիմա բոլորի շուրթերին են: Ինչպես տեղյակ եք, կառավարությունն արդեն ստեղծել է հանձնաժողով, որն առաջարկություններ պետք է նախապատրաստի տուգանքների չափի և զանցանքի վտանգավորության համաչափությունը ապահովելու վերաբերյալ: Սակայն, կարծում եմ, որ այստեղ հարկ է նաև քննարկել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը, և այս դրույթը ևս արտացոլված է մեր ծրագրում:

Բազմաթիվ են գաղափարները, որոնք չենք կարող իրականացնել ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում հնարավորություն տա, ասենք, էապես ավելացնել կրթության կամ առողջապահության ծախսերը: Բայց մենք ունենք պատրաստակամություն՝ քննարկել և փորձարկել ցանկացած ողջամիտ առաջարկ: Օրինակ, մարզերում արդյունաբերական գոտիներ ստեղծելու առաջարկը խոստումնալից է: Մենք ի վիճակի չենք դա ամբողջ հանրապետությունում անմիջապես իրագործելու, սակայն պատրաստ ենք փորձարկելու և հասկանալու գաղափարի կենսունակությունը:

Կան առաջարկներ, որոնք տեսականորեն ընդունելի են, սակայն մեր իրականության պայմաններում իրագործելի չեն: Օրինակ, կա առաջարկ, որպեսզի բոլոր անկախ հանձնաժողովների և վերահսկիչ կառույցների ղեկավարների թեկնածություններն առաջադրվեն ընդդիմության կողմից: Միգուցե, նման գաղափարն աշխատի արդեն կայացած կուսակցական համակարգով երկրներում: Սակայն, երբ մենք ունենք խորհրդարանական ուժեր, որոնք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, որոնք պատրաստ են մերժել համագործակցության ցանկացած առիթ, ես խիստ կասկածում եմ, որ նման առաջարկը Հայաստանում կիրառելը կբերի առաջընթացի:

Ընդհակառակը, որոշ ուժերի կողմից քարոզվող անհանդուրժողականության պայմաններում այն կարող է ավելացնել հասարակության բևեռացվածությունը:

Կան գաղափարներ, որոնք ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար: Օրինակ, կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումը: Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ. կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին:

Կրկնեմ ևս մեկ անգամ այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվել է ծրագիրը՝ իրատեսական, սակայն հավակնոտ, խստապահանջ, սակայն ոչ անտարբեր, և ականջալուր, սակայն իր քաղաքական գծին հետամուտ: Այս խորապատկերում էլ շարադրեմ ծրագրի մի քանի առանցքային դրույթներ, որոնց վրա կուզեի հրավիրել ձեր ուշադրությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր գործունեության գերակայություն է հռչակում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը և մտահոգությունների առարկան, նրա բարեկեցությունը՝ մեր նպատակը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք աղքատության և արտագաղթի չարիքների դեմ: Թե՛ աղքատությունը և թե՛ արտագաղթն ունեն բազմաթիվ պատճառներ, և մեկ հարվածով կամ մեկ գործիքով դրանք անհնար է վերացնել:

Սակայն դրանց դեմ պայքարի թիվ մեկ միջոցն աշխատանքն է, և կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն:

Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, բազմապիսի երկրներում և ոլորտներում կուտակած փորձի և գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր՝ յուրաքանչյուր հայի համար:

Յուրաքանչյուր հայ, որ երկրից էլ որ լինի, պետք է իմանա, որ Հայաստանում առկա են գործարար հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Եվ բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը: Ես ամենայն վճռականությամբ պայքարելու եմ նման արատավոր երևույթների դեմ:

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր՝ յուրաքանչյուրի համար:

Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար հնարավորություններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Միայն այսպիսի հասարակությունն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացու մոտ արմատավորելու հավատն իր երկրում վաղվա օրվա նկատմամբ, հպարտության զգացում հայրենիքի նկատմամբ: Միայն հասարակության կողմից արդարացի ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովելու ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում:

Նման տնտեսական միջավայրի հրամայականը կառավարությունը պետք է իրագործի թե´ երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով աջակցելով բնականոն քաղաքական փոփոխությունների պայմաններում կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, թե´ անմիջապես՝ տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ և հետևողական քայլեր ձեռնարկելու միջոցով:

Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճելու է, և մենք ավելի շատ ռեսուրսներ ենք տնօրինելու: Սակայն սա լինելու է ոչ մեխանիկորեն, ոչ բարձրացող հարկային դրույքաչափերի հաշվին: Ցուցանիշն աճելու է ստվերային շրջանառության կրճատմանը համահունչ:
Մենք պետք է ապահովենք, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե´ հայրենական և թե´ օտար ներդրողների համար: Օտարերկրյա հայտնի ընկերությունների ներգրավումը Հայաստան լինելու է մեր առաջնահերթություններից:

Այս ջանքերը ոչ միայն նպաստելու են հայրենի տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը՝ ի հաշիվ օտարերկրյա գործընկերների ավանդական շուկաների օգտագործման, այլև պարզ և հստակ ազդանշան բոլորի համար՝ Հայաստանում տնտեսական ազատ և մրցունակ միջավայրի վերաբերյալ:

Բարեկեցիկ Հայաստան կառուցելու համար ազատ և մրցունակ միջավայրի առկայությունն անհրաժեշտ է, սակայն դեռևս բավարար չէ: Կառավարությունը պետք է աջակցի գործարարին՝ իր գործիքներով լինի անգամ մեկ աշխատատեղ ստեղծող, մեկ նմուշ նոր արտադրանք տվող քաղաքացու կողքին, ապահովի նրա համար գործարարությամբ զբաղվելու հավասար և բարենպաստ պայմաններ: Հեռանկարային բիզնես ծրագրերին մատչելի ռեսուրսներ ապահովելու համար Կառավարությունը կնախաձեռնի Համահայկական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը կգործի համադրելի կառույցների լավագույն օրինակով:

Իշխանությունների և հասարակության համատեղ ջանքերով ձեռք բերվող տնտեսական աճը հնարավորություն կտա ձեռնամուխ լինելու Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:

Ինչպես արդեն նշեցի, սոցիալական հիմնահարցերի շարքում առանձնանում է տնտեսական աճի հետ անմիջականորեն շաղկապված նոր աշխատատեղերի ստեղծումը: Միայն կայուն աշխատանքն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին լիովին իրացնելու իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները, որոնց շարքում հարկ է նշել արժանապատիվ վարձատրությունը:

Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված առկա աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն:

Պետական համակարգի աշխատավարձերի համակարգված և հետևողական աճին զուգահեռ, կառավարությունը ջանքեր կգործադրի տնտեսության մասնավոր հատվածում ևս աշխատավարձերի աճ ապահովելու համար՝ թե´ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման, թե´ անհրաժեշտ տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման միջոցով:

Մասնավորապես, նվազագույն աշխատավարձը երեք տարիների ընթացքում աստիճանաբար կհասցվի 65 հազար դրամի, և դրան զուգահեռ հանրային հատվածում կսկսեն գործել միասնական աշխատավարձային կառուցակարգերը:

Կառավարության այս միջոցառումները չեն տարածվելու միայն պետական կազմակերպությունների և խոշոր ընկերությունների վրա: Մենք ամեն ջանք գործադրելու ենք անհատ ձեռներեցների և գյուղացիների տնտեսական պայմանների անշեղ բարելավման միջոցով նրանց եկամուտների շարունակական աճ ապահովելու համար:

Այս առումով կարևոր են լինելու փոքր և միջին բիզնեսի կարգավիճակի հստակեցման և գործիքների ամբողջ զինանոցով՝ հարկային արտոնություններից մինչև պարզեցված վարչարարություն, նրանց գործուն աջակցություն ցուցաբերելու հետևողական ջանքերը:

Ուզում եմ հատկապես շեշտել գյուղի և գյուղացու կյանքի բարելավման խնդիրը: Անելու ենք հնարավորը, որ հողի հետ ամեն օր աշխատող անգամ ամենահեռավոր գյուղի բնակիչը զգա, որ ինքը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է:

Գյուղում ավելացնելու ենք աջակցությունը, ամրապնդելու ենք կարողությունները: Ավելացնելու ենք թե´ առկա գործիքներով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծավալները (պարարտանյութ, սերմացու, վառելիք, վարկավորման սուբսիդիաներ), թե´ գործարկելու ենք նոր մեխանիզմներ (սուբսիդիաներ, դրամաշնորհներ):

Չենք մոռանալու նաև սոցիալական բաղադրիչի մասին: Գյուղում, թե քաղաքում, սոցիալական ծառայությունները պետք է լինեն հասանելի և հասցեական: Օրինակ, ապահովելու ենք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի, ծննդյան միանվագ և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացում՝ դրանք դարձնելով առավել նպատակային և հասցեական: Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմի ազատամարտիկների աջակցման խնդիրը:

Կրթության և առողջապահության ծառայությունները ևս պետք է լինեն հասանելի և մատչելի: Որակյալ ծառայություններ ստանալու համար քաղաքացին չպետք է հասնի Երևան: Մասնավորապես, ամբողջ հանրապետությունում կրթության որակի ապահովման համար վերանայվելու են հանրակրթության ծրագրերը, չափորոշիչները, դասագրքերը, ներդրվելու են ուսուցիչների շարունակական վերապատրաստման միջազգային ծրագրեր:

Առողջապահության ոլորտում շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունները վերանորոգելու, վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները:

Մեծ ուշադրություն ենք դարձնելու ենթակառուցվածքներին: Մասնավորապես, ուզում եմ առավել մանրամասն խոսել ջրամբարաշինության մասին, որը առարկայական կլինի հանրապետության մարզերում գյուղատնտեսության կենսունակությունը լրջորեն բարելավելու ուղղությամբ, իսկ մնացածների վերաբերյալ միայն կնշեմ ընդհանուր ուղենիշները:

2014-2017 թվականների ընթացքում կսկսվեն չորս կարևորագույն՝ Կապսի, Վեդու, Եղվարդի և Մաստարայի ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները: Ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում, որը հնարավորություն կտա կուտակել նվազագույնը 145 մլն, իսկ առավելագույնը` 180 մլն խորանարդ մետր ջուր: Ջրի ռազմավարական պաշարների այս մակարդակի ամբարումը հնարավորություն կտա կայունացնել ոռոգման գործընթացը հանրապետության տարածքի զգալի մասում:

Այս ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն թեթևացնելու Սևանի բեռը, կարգավորելու Արարատյան դաշտավայրի ջրավազանային խնդիրները, այլև զգալիորեն բարելավելու հողագործական աշխատանքների արդյունավետությունը: Համակցելով այս ծրագիրը գյուղատնտեսական սուբսիդավորման ավելացվող ծավալների հետ` կառավարությունը պայմաններ կստեղծի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների եկամուտների շարունակական աճի համար:

Տնտեսական այլ ենթակառուցվածքները ևս մնալու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 2015-2017 թվականներին նախատեսվում են հետևյալ ներդրումները.
• ոռոգման ոլորտում (առանց ջրամբարների)` 32 մլրդ դրամ,
• ճանապարհաշինության ոլորտում` 138 մլրդ դրամ,
• դպրոցաշինության ոլորտում` 25 մլրդ դրամ,
• մարզական օբյեկտների հիմնանորոգման համար` 2 մլրդ դրամ,
• հուշարձանների հիմնանորոգման համար` 1 մլրդ դրամ:

Տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումն ու պահպանումը, զուգակցվելով տնտեսավարողների համար հավասար պայմանների ստեղծմամբ, հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը 2014-2017 թվականներին ընդլայնելու տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված արտահանման տնտեսական ներուժը, տնտեսությունն ամրապնդելու կայունացման փուլում և ստեղծելու նախադրյալներ հետագա՝ ավելի համարձակ և բեկումնային աճի համար:

Ամփոփելով, կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել ծրագրի սկզբունքները՝ իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Նման ծրագիր կառավարությունը կարող է իրականացնել միայն հասարակության և բոլոր քաղաքական ուժերի աջակցության, համագործակցության և մշտական մոնիթորինգի ներքո: Կառավարությունը խոստանում է անվերապահ նվիրվածություն և անմնացորդ ջանքեր ծրագրի իրականացման համար, և ակնկալում հասարակության աջակցությունը՝ մեր ընդհանուր խնդիրների համատեղ լուծման համար:

Շնորհակալություն:

՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ դրվի քննարկման . Արծվիկ Մինասյան

արծվիկ մինասյանԱժ-ում շարունակվում է արտահերթ քառօրյայի աշխատանքները: Նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան ը, դիմելով ԱԺ-ի նախագահությանը, հիշեցրեց, որ ՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ դրվի քննարկման 24 ժամյա ռեժիմում և խնդրեց նույն պահին կազմակերպել դա ու հայտնել քննարկման ժամը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս հիշեցմանը պատասխանեց, թե իրենք պետք է կկատարեն իրենց աշխատանքը:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց. ՛՛Ես հարցնում եմ՝ երբ է քննարկվելու, որևէ մեկի ֆունկցիան ստանձնելու ցանկություն չունեմ, տիկի՛ն Նաղդալյան՛՛:

Հիշեցնենք, որ երեկ ՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Անկախ

Վարդան Այվազյանը գյուղացիների դարդն է լացու՞մ, թե՞ իր արդյունաբերության. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԻնչու է կառավարությունը հանդես գալիս Սևանա լճից 70 միլիոն խմ մետր հավելյալ ջուր բաց թողնելու առաջարկով: Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, որովհետև Արարատյան դաշտավայրի ջրային մակերեսը կրճատվել է ավելի քան 67 տոկոսով: Իսկ թե ինչու է նման բան տեղի ունեցել, պատգամավորը բացատրեց. «Որովհետև ձկնաբուծական ընկերությունները կառավարության թողտվությամբ անվերահսկելի կերպով խորքային հորեր են բացել, այդ հորերից ջրերը լցրել իրենց անբարները և այդ ամբարներում ձուկ են աճացրել, ձուկը վաճառել, շահույթ ստացել, իսկ ջուրը թափել դրենաժային համակարգերը, որն էլ հոսելով գնացել է: Այսինքն, տեղի է ունեցել  մի քաղաքականություն, որ մեր ջուրը արտեզյան ջրամբարներից հանվել է և լցվել Կասպից ծովը»: Փաշինյանը, հակադարձելով Վարդան Այվազյանի խոսքը, թե գյուղացին ջուր չունի, ասաց. «Դուք եք գյուղացու ջուրը վերցրել, լցրել էստեղ-էնտեղ, ձուկ արտադրել, շահույթ ստացել: Ո՞վ է մեղավոր, դուք եք մեղավոր»: Պատգամավորը համեմատում է, որ Սևանա լճից 5 տարում 350 միլիոն խմ հավելյալ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծ ներկայացնելը նույնն է, որ բանկի սեփականատիրոջը գան ասեն՝ բանկիցդ 350 միլիոն դոլար է կորել, ասի՝ ոչինչ, դոշակի տակ պահած փողերից տարեք-դրեք տեղը: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, նորմալ սեփականատերը պետք է նախ իրավական գնահատական տա այդ ամենին, դիմի իրավապահ մարմիններին և հետաքննություն կանցկացնի պարզելու համար, թե որտեղ է կորել այդ գումարը: «Հակառակ դեպքում, էն, ինչ որ դրվում է տեղը, մի քանի տարի հետո նույն ձևով կանհետանա»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ջրային պաշարների նվազման հարցին իրավական գնահատական տրվի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ մի քանի տարի հետո կարող է Սևանն էլ չորանալ: «Մամուլում շրջանառվում է ձկնաբուծության ոլորտում շատ լուրջ ազդեցություն ունեցող անձանց անուններ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյան, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյան, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյան, ես չգիտեի, բայց անցած քառօրյայում Հովիկ Աբրահամյանն ինձ ասաց, որ Վարդան Այվազյանն էլ է այդ լուրջ գործով զբաղվում: Հիմա հետաքրքիր է ՝ Վարդան Այվազյանն էդ ինչի է գյուղացիների դարդը լացում: Գյուղացիների դարդն է լացու՞մ, թե՞ իր արդյունաբերության»: Պատգամավորի խոսքով՝ այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս ժամանակակից հայկական տնտեսական հրաշքի սնամեջ լինելը: Բանն այն է, որ Հայաստանից որևէ այլ գյուղատնտեսական արտադրանք արտահանման նման ծավալ չի ունեցել, ինչ որ ձկնամթերքը: Ընդ որում՝ արտահանման մեծ մասը բաժին է հասնում Ռուսաստանին, որ տեղակայված է 2 օվկիանոսների, տասնյակ ծովերի ափերին և իր տարածքում մի քանի տասնյակ նավարկելի գետեր ունի: Հարց է ծագում. ո՞րն է հայկական ձկի՝ Ռուսաստանի շուկայում մրցունակության գաղտնիքը»: Ըստ Փաշինյանի, ամեն ինչ շատ պարզ է՝ արտահանողները արտահանել են, միլիոնավոր դոլարների շահույթ ստացել, իսկ դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը վճարել է իր ազգային հարստությամբ՝ ի դեմս Արարատյան դաշտի արտեզյան ավազանի:

Անկախ

Ոնց որ բարձր խոսելու, իրար վիրավորելու մրցույթ լինի. Հովիկ Աբրահամյան

հովիկ աբրահամյանԱյսօր ԱԺ նիստի ժամանակ, արտահերթ ելույթի իր իրավունքից օգտվելով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդուրժողականության կոչ արեց գործընկերներին` շեշտելով, որ չի հասկանում պատգամավորների փոխադարձ վիրավորանքների իմաստը:

«Ոնց որ բարձր խոսելու, իրար վիրավորելու մրցույթ լինի» , – ասաց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով ընդդիմության այն տեսակետին, որ իշխող կոալիցիան հակված չէ ստեղծել հանձնաժողով, որը կքննի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցող գործընթացները, Հովիկ Աբրահամյանը շեշտեց. «Մենք կողմնակից ենք ստեղծելու հանձնաժողով: Որոշ ժամանակ առաջ դուք չէիք հավատում, որ մենք կստեղծենք գազի պայմանագրով զբաղվող հանձնաժողով: Այսօր շատերդ զարմանում եք, որ այն ստեղծվեց: Մենք ոչ մի բան չունենք կոծկելու, թաղելու, ինչպես դուք եք ասում Ձեր լեքսիկոնում: Ես խոստանում եմ Ձեզ, որ ստեղծելու եմ հնարավորություն, որ այս հարցը նույնպես քննարկվի ԱԺ-ում, բայց հասկացեք, որ մենք ունենք բնականոն գործունեություն ծավալելու խնդիր: Չենք կարող միանգամից մի քանի հանձնաժողով սեղծել ու տապալել ողջ ԱԺ գործունեությունը: Ինչո՞ւ եք անցնում վիրավորանքների: Մենք հարցն ընդգրկել ենք մեծ օրակարգ և մինչև աշուն քննարկելու ենք այն»:

Անկախ

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը ԱՄԷ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծառ տնկեցՀունվարի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աբու Դաբիում այցելեցին կառուցվող Սբ. Նահատակաց հայկական եկեղեցի, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Նորին Սրբությունը այցելեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն, հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց.

«Երեկ ես պատիվ ունեցա Շարժայի Ամերիկյան համալսարանում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Պատվո շքանշան հանձնել դոկտոր Ալ Կասիմիին՝ մեր երկու երկրների միջեւ բարեկամության կապերի ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին այցելեցինք Աբու Դաբիում կառուցվող հայկական եկեղեցի: Այս երկու կարեւոր իրադարձությունները ոչ միայն վկայում են մեր երկու ժողովուրդների հոգեւոր կապի եւ ջերմ զգացմունքների մասին, այլեւ հանդուրժողականության, մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության փայլուն օրինակ են հանդիսանում:

Արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի ջերմ հարարաբերությունների մասին է վկայում մեր բազմադարյան պատմությունը: Այն ապացուցում է, որ մեր ժողովուրդներն իրենց շփումներում առաջին հերթին գնահատել են հոգեւոր ու մարդկային արժեքները: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Խորհրդանշական է, որ մեր այս հանդիպումը տեղի է ունենում այս գեղեցիկ շենքում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունում, որը բացվել է այստեղ 2000 թվականին:

Այսօր մեր կարեւորագույն խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը եւ հզորացնել երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պետք է հաղթահարենք բազմաթիվ դժվարություններ: Դրանց թվին են պատկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նրա միջազգային լիարժեք ճանաչումն ու դատապարտումը: Հայաստանի Հանրապետությունը մշտապես առաջնորդվում է բոլոր խնդիրներն ու հակասությունները քաղաքակիրթ ճանապարհով լուծելու տրամաբանությամբ, եւ այդ ճանապարհը երկխոսությունն է: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության հարցը երբեւիցե վիճարկելի չի եղել ու չի լինելու:

Մենք պետք է կարողանանք հստակ գնահատել մեր ներուժը ու լավա՟գույնս օգտագործել աշխարհասփյուռ հայության հնարավորու՟թյունները: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք իրակա՟նություն դարձնել մեր համազգային նպատակները:

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական ինքնությունը պահպանելու լավագույն ձեւը մեր աշխարհասփյուռ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների ամուր կապերն են Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանի նորագույն պատմությունը հարուստ է սփյուռքահայության ազգային մղումներով, որոնք սկզբնական շրջանում հիմնականում արտահայտվել են նյութական աջակցությամբ, իսկ այսօր արդեն առեւտրատնտեսական եւ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչը մեծապես նպաստել է Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը: Գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ առեւտրատնտեսական կապերը աստիճանաբար ստանում են համակարգված բնույթ: Դրա վառ օրինակներից է Հայաստանի եւ Ռաս ալ Խայմա Էմիրության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված շոշափելի առաջընթացը, ինչը արտահայտվել է վերջինիս կողմից մեր հանրապետության մի շարք բնագավառներում կատարած ներդրումներով: Մենք կցանկանայինք ձեզ նույնպես տեսնել համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում: Դա կլինի ձեր ներգրավվածության եւ ազգային ինքնության պահպանման լավագույն գրավականը»:

ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներդրումը պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում, ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խորացման հարցում: Նա կարեւորեց այն փաստը, որ Նորին Սրբության գահակալության 14 տարիների ընթացքում հարյուրից ավելի եկեղեցիներ են կառուցվել Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործունեությունը եւ բարձր գնահատեց դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ջանքերը Հայաստան-ԱՄԷ կապերի զարգացման եւ խորացման գործում:

Սբ. Նահատակաց հայկական եկեղեցիՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր հայրապետական խոսքն ուղղեց Աբու Դաբիի հայ համայնքին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Դեսպանության այգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծառ տնկեցին:

 Անկախ

Հանդիպում Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ

Handipum AJ-um-1Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է հանդիպել հայ խորհրդարանականների հետ, հաստատել համագործակցություն քաղաքական կուսակցությունների հետ եւ ծանոթանալ Հայաստանի քաղաքական խնդիրներին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ներկաներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը գոհունակությամբ նշեց, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերները նկատում են Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ներդրած ջանքերը: Այս առումով ԱԺ պատգամավորը կարեւորեց Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչը Հայաստանի համար մեծ հեռանկարներ կբացի Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակից, հատկապես անդրադարձավ աղքատության եւ գործազրկության ցուցանիշի բարձր մակարդակին: Պատգամավորը նշեց, որ երկրում կա նաեւ արտագաղթի հիմնախնդիրը:
ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարեւորեցին ԵՄ ինտեգրացիոն գործընթացները, ընգծեցին Ասոցացման պայմանագրի ստորագրման կարեւորությունը Հայաստանի համար: Պատգամավորները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումից եւ Եվրախորհրդարանի հավասարակշռված մոտեցումներից:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած կուսակցություններն անդամակցում են եվրոպական տարբեր քաղաքական ընտանիքների: Պատգամավորը նշեց, որ Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով է փորձում լուծել երկրում առկա խնդիրները: Մհեր Շահգելդյանը նույնպես կարեւորեց խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂ հարցի լուծումը:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Արտակ Զաքարյանի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում եւ այսօր համարվում է Արեւելյան գործընկերության առաջատարներից մեկը: Նա փաստեց նաեւ, որ Հայաստանը փորձելու է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Հանդիպան ընթացքում բարձրացվեցին նաեւ Եվրանեսթ ԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության մոտեցումները: Այդ հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Արտակ Զաքարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանի պատգամավորները չտրվեն ադրբեջանական հակաքարոզչությանը եւ տարածվող թյուր տպավորություններին: «Ցանկալի է, որ նրանք առիթ ունենան լինելու Լեռնային Ղարաբաղում եւ տեղում ծանոթանան իրավիճակին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ներկաները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: