Վարդան Այվազյանը գյուղացիների դարդն է լացու՞մ, թե՞ իր արդյունաբերության. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԻնչու է կառավարությունը հանդես գալիս Սևանա լճից 70 միլիոն խմ մետր հավելյալ ջուր բաց թողնելու առաջարկով: Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, որովհետև Արարատյան դաշտավայրի ջրային մակերեսը կրճատվել է ավելի քան 67 տոկոսով: Իսկ թե ինչու է նման բան տեղի ունեցել, պատգամավորը բացատրեց. «Որովհետև ձկնաբուծական ընկերությունները կառավարության թողտվությամբ անվերահսկելի կերպով խորքային հորեր են բացել, այդ հորերից ջրերը լցրել իրենց անբարները և այդ ամբարներում ձուկ են աճացրել, ձուկը վաճառել, շահույթ ստացել, իսկ ջուրը թափել դրենաժային համակարգերը, որն էլ հոսելով գնացել է: Այսինքն, տեղի է ունեցել  մի քաղաքականություն, որ մեր ջուրը արտեզյան ջրամբարներից հանվել է և լցվել Կասպից ծովը»: Փաշինյանը, հակադարձելով Վարդան Այվազյանի խոսքը, թե գյուղացին ջուր չունի, ասաց. «Դուք եք գյուղացու ջուրը վերցրել, լցրել էստեղ-էնտեղ, ձուկ արտադրել, շահույթ ստացել: Ո՞վ է մեղավոր, դուք եք մեղավոր»: Պատգամավորը համեմատում է, որ Սևանա լճից 5 տարում 350 միլիոն խմ հավելյալ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծ ներկայացնելը նույնն է, որ բանկի սեփականատիրոջը գան ասեն՝ բանկիցդ 350 միլիոն դոլար է կորել, ասի՝ ոչինչ, դոշակի տակ պահած փողերից տարեք-դրեք տեղը: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, նորմալ սեփականատերը պետք է նախ իրավական գնահատական տա այդ ամենին, դիմի իրավապահ մարմիններին և հետաքննություն կանցկացնի պարզելու համար, թե որտեղ է կորել այդ գումարը: «Հակառակ դեպքում, էն, ինչ որ դրվում է տեղը, մի քանի տարի հետո նույն ձևով կանհետանա»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ջրային պաշարների նվազման հարցին իրավական գնահատական տրվի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ մի քանի տարի հետո կարող է Սևանն էլ չորանալ: «Մամուլում շրջանառվում է ձկնաբուծության ոլորտում շատ լուրջ ազդեցություն ունեցող անձանց անուններ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյան, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյան, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյան, ես չգիտեի, բայց անցած քառօրյայում Հովիկ Աբրահամյանն ինձ ասաց, որ Վարդան Այվազյանն էլ է այդ լուրջ գործով զբաղվում: Հիմա հետաքրքիր է ՝ Վարդան Այվազյանն էդ ինչի է գյուղացիների դարդը լացում: Գյուղացիների դարդն է լացու՞մ, թե՞ իր արդյունաբերության»: Պատգամավորի խոսքով՝ այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս ժամանակակից հայկական տնտեսական հրաշքի սնամեջ լինելը: Բանն այն է, որ Հայաստանից որևէ այլ գյուղատնտեսական արտադրանք արտահանման նման ծավալ չի ունեցել, ինչ որ ձկնամթերքը: Ընդ որում՝ արտահանման մեծ մասը բաժին է հասնում Ռուսաստանին, որ տեղակայված է 2 օվկիանոսների, տասնյակ ծովերի ափերին և իր տարածքում մի քանի տասնյակ նավարկելի գետեր ունի: Հարց է ծագում. ո՞րն է հայկական ձկի՝ Ռուսաստանի շուկայում մրցունակության գաղտնիքը»: Ըստ Փաշինյանի, ամեն ինչ շատ պարզ է՝ արտահանողները արտահանել են, միլիոնավոր դոլարների շահույթ ստացել, իսկ դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը վճարել է իր ազգային հարստությամբ՝ ի դեմս Արարատյան դաշտի արտեզյան ավազանի:

Անկախ

Tags: ,