Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կազմակերպված ընդունելության մասին

գառնիՎերջին օրերում սոցցանցերում և մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաև հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»:

ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի տարեկան ժողովի առիթով կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո:

Ընդունելությանը մասնակցել են տարածաշրջանի 18 երկրներից ավելի քան 300 պատվիրակ, որոնց թվում եղել են հիմնադրամի անդամ երկրների պետական եւ ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում կազմակերպիչների կողմից խստորեն պահպանվել են նման միջոցառումների նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվող բոլոր պահանջները: Գառնու հեթանոսական տաճարի շենքը և արգելոցի տարածքում պատմա-մշակութային արժեք ներկայացնող որևէ այլ կառույց չի օգտագործվել միջոցառման ժամանակ: Շարժական բեմը, ինչպես նաև ընդունելության համար անհրաժեշտ սեղանները հավաքվել և տեղադրվել են տաճարի մերձակա սալապատված ազատ հարթակում և միջոցառումից հետո անմիջապես ապամոնտաժվել են: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները և ԿԲ անվտանգության աշխատակիցները տարածքում ապահովել են կարգուկանոնը, իսկ միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվել է:

Տաճարի տարածքը այցելուների հոսքը դադարեցվել է ժ. 17:00-ից: Իսկ մինչ այդ ողջ օրվա ընթացքում զբոսաշրջիկները ազատ կարողացել են մուտք գործել տարածք:

Նշենք, որ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը ստեղծվել է Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու նպատակով: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ ԵՎՐՈ-ի մոտ 470.000 վարկ: Հիմնադրամը G20-ի կողմից գնահատվել է որպես փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առումով լավագույն հիմնադրամներից մեկը: Ներկա դրությամբ Հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրվել են մոտ 44 մլն ԵՎՐՈ-ի վարկային միջոցներ:

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը

IMG_1982_500 Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ծրագրի նպատակն անձնական ֆինանսների «գրագետ» կառավարումն է, որը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման կարևոր նախադրյալներից է: Նա ընդգծել է, որ ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի համար,որտեղ  մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից:

Արմենակ Դարբինյանը նշել է, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրին մասնակցում են ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ոլորտների կառույցները՝ ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանիհիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողներիբյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, KfW – Գերմանական Զարգացման բանկը, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը ներկայացրել է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները. իրականացվելու են բազմազան մրցույթներ (պատկերապատման մրցույթ «Ապահովագրությունը մարդու կյանքում» թեմայով, լուսանկարների մրցույթ «Խնայողություններ» թեմայով, հեռախոսային հավելվածի մրցույթ «Բյուջեի պլանավորում թեմայով», երեխաների նկարների մրցույթ «Ես և փողը» և «Փողը իմ ընտանիքում» թեմաներով), ավտոբուսով ֆինանսական շրջագայություն, «Երազանքների պատի» կառուցում, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրերև այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը:

Միջոցառումներին և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է   www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանունfacebook-յան էջում:

Նշվել է նաև, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրից զատ, Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներքո ֆինանսական իրազեկմանն ուղղված միջոցառումներ իրականացվում են մշտապես: