ՀՀ Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 6-ին` ժամը 03:00-ի սահմաններում, գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Կ.-ին, սակայն վերջինիս բերման և անձնական խուզարկության ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ: Բացի դրանից, ոստիկանները Սամվել Կ.-ին տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով նրա իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Tag Archives: ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Կալանավորվել է ոստիկանության հետաքննիչը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. մայիսի 18-ի` լույս 19-ի գիշերը ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռազմիկ Կարապետյանը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ` քաղաքացի Գոռ Աթաբեկյանի հետ, Երևան քաղաքի Ավան Սայաթ-Նովա թաղամասի 5-րդ շենքի բակում կայանված Տիգրան Պ.-ին պատկանող «Ինֆինիտի QX 56» մակնիշի ավտոմեքենայի վրայից խմբով գաղտնի հափշտակել` գողացել են 400.000 ՀՀ դրամ արժողության հակամառախուղային զույգ լուսարձակները` վերջինիս պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ռազմիկ Կարապետյանին և Գոռ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված լինելու ընթացքում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը ծեծել ու հայհոյել է իրեն, ինչի պատճառով ինքը խոստովանել է, որ գողություն է կատարել:
Կատարվում է նախաքննություն:
Նոր նշանակումներ հատուկ քննչական ծառայությունում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր հաստիքների համար:
2014 թվականի մայիսի 12-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին 1-ին դասի խորհրդականներ Ազատ Հարությունյանը, Գարեգին Բեգոյանը, Սամվել Սարգսյանը, Աշոտ Օհանյանը, 2-րդ դասի խորհրդականներ Զավեն Թադևոսյանը և Վահե Խաչատրյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:
Քաղաքացուն դանակահարած ոստիկանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանի կողմից քաղաքացի Գևորգ Մնջոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 8-ին` ժամը 18:45-ի սահմաններում, Կ. Պետրոսյանը Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մնջոյանի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակից Վ. Ծ.-ի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` Վ. Ծ.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր գործընկեր Մ. Մ.-ից 2014թ. մարտի 31-ին որպես կաշառք անձամբ ստացել է գումար` նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` 5 բջջային հեռախոս ՔԿՀ դատապարտյալին փոխանցելու համար:
2014թ. ապրիլի 1-ին Վ. Ծ.-ն բջջային հեռախոսները թաքցրել է իր համազգեստի բաճկոնի տակ և փորձել է այն անցկացնել ՔԿՀ-ի տարածք, սակայն ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ իր մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 5 բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն:
Ավարտվել է ոստիկանի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանի կողմից հետիոտն Սուսաննա Բարսեղյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 14:40 սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով դեպի Սասունցի Դավթի հրապարակ երթևեկելիս նույն փողոցի թիվ 76 շենքի շրջակայքում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջները, Ա. Գևորգյանը, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վրաերթը կանխելու նպատակով ժամանակին չի արգելակել, չի դանդաղեցրել իր վարած ավտոմեքենայի ընթացքը, այն լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն չի տվել փողոցը անցնող հետիոտն Սուսաննա Բարսեղյանին դուրս գալ վտանգավոր գոտուց, դրանով իսկ ինքն իրեն զրկել է բախումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, արդյունքում` ավտոմեքենայի առջևի աջ մասով բախվել է Ս. Բարսեղյանին, ենթարկել վրաերթի` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս:
ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանության բաժնում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ծեծել են
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործով մեղադրյալ Ա. Ք.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկից գողություն կատարելու կասկածանքով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծեծել են` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ Սուրեն Սուրենյանցի` ԱԺ պատգամավորը հարվածել է իրեն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները` նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Վահան Կարապետյանի դեմ:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական անփութություն կատարելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին տեղեկացրին , որ ՀՀ ոստիկանության ծառայող Հ. Զ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց:
Հ. Զ.-ն, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հ. Զ.-ի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավարտվել է հետաքննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Եկատերինա Բաղդասարյանի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրյալ Ե. Բ.-ի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի կողմից դատապարտյալ Արտակ Հակոբյանից առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն` Դավիթ Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք:
2013թ. հունիսի 24-ին քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Դավիթ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար:
Ոստիկանության փոխգնդապետն ու կինը զբաղվել են վաշխառությամբ
Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ, մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական տասը տոկոսով:
Նախապատրաստված նյութերով 2013թ-ի մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի եւ նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլ նաև՝ մեկ այլ քաղաքացի։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։