Որո՞նք են ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները

անձնագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքերը սպառիչ են, որոնք ամրագրված են «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց վերոհիշյալ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:
Առանց վերոհիշյալ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Գերմանիայից վերադարձած ընտանիքը կստանա ՀՀ քաղաքացու անձնագիր

img_7389324146_ANDZNAGIR_nՀասմիկ Գրիգորյանն իր երկրու դուստրերի հետ միասին 2013 թվականի ապրիլին Գերմանիայից վերադարձել է Հայաստան: Նա նախկինում ունեցել է ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր և իրեն ու իր դուստրերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու խնդրով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունք: Այնտեղից գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն նրանց՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրումը ձգձգվել է:

Հասմիկ Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից հայտնել են , որ Հ. Գրիգորյանի երկու դուստրերը ճանաչվել են ՀՀ քաղաքացի:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը Պաշտպանին հայտնել է նաև, որ գործող կարգի համաձայն` աղջիկներն անձամբ պետք է դիմեն ՀՀ ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժանմունք ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը ստանալու համար:

Պաշտպանի միջամտութան արդյունքում Հասմիկ Գրիգորյանն արդեն անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, իսկ նրա երկու դուստրերը շուտով կստանան իրենց անձնագրերը:

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է :