«Ձեր գործունեության գնահատականի հիմնական ցուցիչը լինելու է ժողովրդի վերաբերմունքը»

загруженноеՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ելույթը Նոտարական պալատի ընդհանուր ժողովին

«Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ Ձեր համագումարը և մաղթում արդյունավետ աշխատանք: Թեև անցած տարիներին արձանագրվել են դրական տեղաշարժեր, սակայն ասել որ մեր նոտարիատի վիճակը բարվոք է` ինքնախաբեություն կլինի: Առաջին ցուցանիշը ձեր աշխատանքից բնակչության բավարարված լինելն է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայություններից մեկն է: Լինելով մասնավոր անձ՝ դուք մարդկանց ծառայություններ եք մատուցում, այդ թվում նաև՝ պետության կողմից պատվիրակված: Կրկնում եմ, ծառայություններ եք մատուցում և պիտի բարի լինեք ծառայել մարդկանց, բնակչությանը ազնիվ, բարեհամբույր և բարձր պրոֆեսիոնալիզմով: Ձեր ծառայության առջև դրված են բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ՝ ժողովրդի, նաև երկրի իշխանության կողմից: Կառավարության 2014թ. ծրագրով նախատեսվել է լիարժեք ներդնել՝

1. նոտարիատում ինքնակառավարման համակարգ,

2. էլեկտրոնային նոտարիատ,

3. նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ:

Այս ուղղություններով առաջիկա ամիսներին մենք հանդես կգանք համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով: Բնականաբար, ճիշտ լուծումներ գտնելու տեսակետից՝ ձեր ակտիվությունը շատ կարևոր է: Դա ձեր ինքնակարգավորման և ինքնակառավարման մարմինների սուրբ գործն է, որը իմ կարծիքով պետք է էականորեն ակտիվացնել, հակառակ պարագայում չեք լինի գնացքում. կլինեք գնացքի ետևից վազողների շարքում: Նոտարական համակարգում, ինքներդ գիտեք, կան բազում խնդիրներ՝

•Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք և հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու և գնահատելու համակարգը և ձեր գործունեության առանձին ուղղությունները:

• Մեկ պատուհանի սկզբունքով նոտարական ծառայությունների լիարժեք ներդնում: Մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը սկսվել է անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կապի հաստատմամբ, այնուամենայնիվ շատ քիչ թվով նոտարներ են միացել այս համակարգին, ինչը հրատապ լուծման ենթակա խնդիր է: Խնդիր է նաև, այն, որ  պիտի փորձենք լուծել, նոտարի հասանելիությունները այլ անհրաժեշտ ռեեստրներին.

• Կարևորագույն խնդիր եմ համարում նոտարական էթիկային վերաբերող  հիմնահարցերը: Նոտարը պետք է իր վարքով և ամենօրյա գործունեությամբ վստահություն ձևավորի իր անձի, աշխատանքի և ամբողջ նոտարական համակարգի նկատմամբ: Դա ապահովելու համար դուք պետք է ստեղծեք էթիկական վերահսկողության արդյունավետ համարգ:

• Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդնումը մեր առաջիկա համատեղ գործունեության ուղղություններից մեկն է լինելու: Սա կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը:

• Նոտարի գույքային պատասխանատվության սահմանների հստակեցումն անհրաժեշտ է, որպեսզի նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու հետևանքով պատճառված վնասի հատուցումը երաշխավորված լինի:

• Կարևոր խնդիր եմ համարում Նոտարի կատարողական մակագրության ինսիտիտուտի ներդնումը:

• Բազմաթիվ խնդիրներ կան արձանագրված ժառանգությանն առնչվող գործարքներում: Անհրաժեշտ է լրջորեն մտածել գործընթացների պարզեցման և ավտոմատացման մասին:

• Անհասկանալի իրավիճակ է տիրում նոտարների կողմից արխիվների վարման հարցերում: Պետք է մտածել Արխիվների վարման կարգի միասնականացման և դրանց հասանելիության մեխանիզմներ ներդնելու մասին:

• Նոտարների օպտիմալ ծանրաբեռնվածություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մտածել բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից գործարքների ծավալի վրա հիմնված տարածքային բաժանման անցնելու նպատակահարմարության մասին:

• Նոտարական գրասենյակներում հերթերի գոյացման կանխման և գրասենյակների ծանրաբեռնվածության համաչափ բաշխման նպատակով անհրաժեշտ է հերթերի կառավարման և հերթագրման արդյունավետ մեթոդներ ներդնել: Նման փորձ կա ծառայությունների մատուցման այլ ոլորտներում, այնպես որ մեծ բարդություն չի ներկայացնում համակարգի արագ ներդնումը:

• Անհրաժեշտ է մտածել դատարանին ընդդատյա հարցերով՝ վեճերի բացակայության դեպքում, նոտարներին կոնկրետ ոլորտներում որոշումների կայացման հնարավորություն ընձեռելու մասին: Սա ոչ միայն առավել արդյունավետ կդարձնի այս գործառույթը, այլև հնարավորություն կտա նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը:

• Մեր քննարկման դաշտում գտնվող կարևոր հարցերից մեկը նոտարական գործողությունների սակագների և նոտարների հարկման համակարգի արդյունավետության հարցերն են, որոնք կարծում եմ ունեն օպտիմալացման և վերանայման կարիք:

Հարգելի գործընկերներ, հասկանում եք, որ խնդիրները բարդ են, բազմաոլորտ և հաճախ ոչ հեշտ լուծելի: Սակայն աշխատանքը լուծում է ցանկացած հարց: Բացի այդ,  դուք կունենաք իմ և նախարարության ամենօրյա աջակցությունը: Սակայն ուզում եմ հատուկ արձանագրել մի կարևոր բան՝ աջակցություն և բարեհաճ վերաբերմունք կստանաք միայն այն պարագայում, երբ լրջորեն կաշխատեք իմ նախանշած ուղղություններով և կզգացվի, որ անում եք ամեն ինչ ձեր աշխատանքի որակը բարելավելու և բնակչության սպասարկման պատշաճ մակարդակ ապահովելու համար: Դուք այսօր առիթ կունենաք քննարկումներ անելու, հետևություններ, այդ թվում կազմակերպչական հետևություններ անելու:

Եվ անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի ստեղծեք ձեր համակարգում այնպիսի իրավիճակ, որ նման հետևություններ ստիպված չլինեմ անելու: Որպես վերջաբան ուզում եմ լավ հիշեք. ձեր գործունեության գնահատականի հիմնական ցուցիչը ինձ համար լինելու է ժողովրդի վերաբերմունքը նոտարական համակարգի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի վերաբերյալ»:

 

Անկախ

ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը

lUoQDfDWruqCl9Z6UdlxVf8xGcԱյսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Գալուստ Սահակյանն իր փորձով կարող է լավագույնս ղեկավարել ՀՀ Ազգային ժողովը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում Դավիթ Հարությունյանից հետո առաջադրվել է՝ առաջինի համար ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, իսկ երկրորդի համար՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունները:

 

Անկախ

 

Ոչ իշխանական 4 ուժերը «հրաշալի քառյակը» պահպանելու ճիգեր են գործադրում

քառյակ2Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը կամ այսպես կոչված «հրաշալի քառյակը» քաղաքական նոր իրավիճակում նոր մարտավարություն և նոր համաձայնություն ձևավորելու փնտրտուքների մեջ են:

Վարչապետի հրաժարականը խառնեց առաջին հերթին նրանց խաղաքարտերը, և արդեն ակնհայտ է, որ ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքները կարող են տեղի չունենալ:

Մինչև նոր կառավարության ձևավորումը, քառյակն էլ իր օրակարգը ձևավորած չի լինի` սպասելով կառավարության վերադասավարումներին: Այսօրվա դրությամբ ՀՅԴ-ն բանակցում է իշխանությունների հետ իր 7 կետերի շուրջ, ԲՀԿ-ն հայտնում է, որ կոալիցիա չի մտնի, բայց դեռ մտածում է, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ամբողջական իշխանափոխություն են պահանջում:

Պատահական չէ, որ ապրիլի 14-ին քառյակի երեք անդամներին ուղղված ՀԱԿ-ի հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, առայժմ դրական արձագանք է հնչեցրել միայն «Ժառանգությունը»: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենք հենց սկզբից էլ համակարգային փոփոխությունների կողմնակից են եղել, ուստի լիովին աջակցում են Կոնգրեսի դիրքորոշումը:

big_516456a7fc5f2c19a777133908dec364Ապրիլի 16-ին քառյակի հերթական նիստից հետո ակնկալվում էր, որ ՀԱԿ-ի հայտարարության վերաբերյալ կողմերը դիրքորոշում կհայտնեն: Սակայն պարզվեց, որ նրանք հանրությանն ասելու ոչինչ չունեն` չնայած որ քննարկել են հարցը:

«Մամուլին ավելին չեմ կարող հայտնել, քան ձեռք բերված պայմանավորվածությունն է»,-շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հայտնեց միայն, որ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց նա:

Դաշնակցականներն այսօր տեսնում են, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

Ուստի, եթե իրենց առաջարկները մասնակիորեն էլ ընդունվեն, միևնույն է` իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք չընդունվեն. «Կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Ի դեպ, քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը՝ ելնելով արդեն ՍԴ որոշումից: Փորձելու են հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները: Հնարավոր է, որ այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջեն արտահերթ նիստ հրավիրել:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, իսկ այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Այնուամենայնիվ, Ռուստամյանը, ի հեճուկս բոլոր «չար գուշակողների», հայտարարում է. «Քառյակը շարունակում է աշխատել արդյունավետ»:

203542ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ այդ կարծիքին: Նախ նա արձանագրում է, որ քառյակը` որպես քաղաքական միավոր, չի ձևավորվել: «Այն ձևավորվել է ընդամենը կառավարության հրաժարականի պահանջի շուրջ` ի դեմս Տիգրան Սարգսյանի: Հիմա նոր իրավիճակ է, և նմանատիպ խնդիր այս պահին չկա: Սահմանադրությունն էլ հուշում է, որ մինչև ապրիլի 28-ը կառավարության ծրագիրն էլ պարզ չի լինի, և ոչ իշխանական ուժերը քննարկելու ու քննադատելու բան էլ պետք է որ չունենան: Հետևաբար, քառյակի գործունեությունը, որոշումները, հավաքները, «աժիոտաժ սարքելը»  ընդամենը իրենց գործունեությունը թեժ պահելու միջոց է, մինչև հետագայում կողմնորոշվեն ինչ որ հարցեր լուծելու կամ չլուծելու առումով»:

Սահակյանը նշում է, որ եթե պետք է դեռ բան չարած սկսեն նոր կառավարությանը քննադատել, ժողովուրդն էլ կհասկանա, որ ուրեմն այն ժամանակ էլ ընդամենը հավաքվել էին ինչ որ ներքին խնդիրներ լուծելու համար: Իսկ եթե պետք է այսօրվանից իշխանությանն ընդդիմանան` պատրաստվելով 2017-18 թվականներին, ապա դա էլ մի փոքր շուտ են սկսել:

Ինչ վերաբերում է քառյակին ուղղված ՀԱԿ-ի կոչին` պահանջել Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հրաժարականը, ապա Հովհաննես Սահակյանը կարծում է, որ դրանով ՀԱԿ-ն ուզում է ղեկավարել «հրաշալի քառյակը», և պատահական չէ, որ նմանատիպ հայտարարություն արեց այն ժամանակ, երբ պայմանները հնարավորինս բարենպաստ էին: «Եթե մի քիչ էլ էսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը դառնալու է «հրաշալի քառյակի» լոկոմոտիվը և ինքն է որոշելու ձևաչափը»,-ենթադրում է Սահակյանը:

Այնուամենայնիվ, նա պնդում է, որ իշխանությունները ռեալ պատկերացում ունեն իրականության մասին, և գիտեն, որ ընդդիմության օրակարգում այսօր որևէ լուրջ գործընթաց չկա: Երբ ինչ որ լուրջ, առանցքային շեշտադրումներ լինեն, այդ ժամանակ էլ իրենք հետևություններ և համապատասխան քայլեր կիրականացնեն:

Անի Գասպարյան

 

Անկախ

 

 

 

«Խնդիր կա որոշներին պարկետի ներքևից բարձրացնել պարկետին» Հովհաննես Սահակյան

hovhannes-sahakyan1Կրթության մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, պատասխանելով ընդդիմախոսների ելույթներին, նշեց, որ այսօր թատրոնի միջազգային օրն է, և բեմի վրա ներկայանալու և գայթակղվելու առիթը մեծ է: “Խոսում եք իմ ընկերոջը պարկետին իջեցնելու մասին, բայց, կարծում եմ, խնդիր կա որոշներին պարկետի ներքևից բարձրացնել պարկետին, որովհետև սա Ազգային ժողով է, նորից հիշեցնեմ, ոչ թե թատերական հարթակ: Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության  և ցինիզմի մասին, հերթական թատերական դրսևորումները: Երբ որ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ` այդ ցինիզմի և լկտիության վառ դրսևորումները զգացել է սեփական մաշկի վրա, թե ում մասին է խոսքը, թող ինքը ավելի լավ խոսա”:

Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին` նշելով, որ <<դեռևս պատանեկության տարիքում գտնվող պատգամավորը որոշակի ժամանակահատվածներում փորձում է ցիտել այս կամ այն գործչի կամ նմանվել նախ մեր  հանրապետետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նոր ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ փորձում է ցիտել Նաիրա զոհրաբյանին: Ուստի չեմ անդրադառնում ավելի խորքային և բովանդակային խնդիրներին, դեռ երեք տարի ունի, երբ որ ավելի կայանա, դրա առիթը կունենանք>>:

 

Անկախ

Գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունն այսուհետ կքննարկվի խորհրդարանում

ազգային-ժողով7Խորհրդարանում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի նպատակը դատախազության գործունեության հրապարակայնության և Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների իրականացման ապահովումն է:

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը. «Նախագծի նպատակը հետևյալն է. եթե նախկինում հաշվետվություններն ընդամենը ուղարկում էին Ազգային ժողով, և Ազգային ժողովն ընդամենը հրապարակում էր, հիմա մենք առաջարկում են հրապարակային քննարկում` հարցուպատասխանի ձևով, որպեսզի պատգամավորներն էլ կարողանան իրենց տեսակետներն արտահայտել»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով: Այդպիսով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացում, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով թեեւ նախատեսված է, որ այդպիսի հաղորդումները քննարկվում են հատուկ ընթացակարգով, սակայն նման ընթացակարգ օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, որի հետեւանքով դատախազության գործունեության հաղորդումներն Ազգային ժողովի նիստում չեն քննարկվում:

Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման ներկայացման հստակ ժամկետ, ինչպես նաեւ հաղորդման բովանդակության վերաբերյալ պահանջներ նախատեսված չեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նստաշրջանում գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովում հաշվետվությամբ հանդես գալու հարցը բարձրացվում էր ընդդիմության կողմից: Մասնավորապես, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր, որ նրա մասնակցությամբ խախտվում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը, քանի որ գլխավոր դատախազը խորհրդարանում հանդես չի գալիս տարեկան հաշվետվությամբ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նախ ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ չի սահմանում գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում հանդես գալու պահանջը, ապա ավելացրել, որ իր կողմից այդ հարցը բարձրացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առջև, և ամեն ինչ արվելու է, որ գլխավոր դատախազը հանդես գա հաշվետվությամբ:

 

Անկախ