Ոչ իշխանական 4 ուժերը «հրաշալի քառյակը» պահպանելու ճիգեր են գործադրում

քառյակ2Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը կամ այսպես կոչված «հրաշալի քառյակը» քաղաքական նոր իրավիճակում նոր մարտավարություն և նոր համաձայնություն ձևավորելու փնտրտուքների մեջ են:

Վարչապետի հրաժարականը խառնեց առաջին հերթին նրանց խաղաքարտերը, և արդեն ակնհայտ է, որ ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքները կարող են տեղի չունենալ:

Մինչև նոր կառավարության ձևավորումը, քառյակն էլ իր օրակարգը ձևավորած չի լինի` սպասելով կառավարության վերադասավարումներին: Այսօրվա դրությամբ ՀՅԴ-ն բանակցում է իշխանությունների հետ իր 7 կետերի շուրջ, ԲՀԿ-ն հայտնում է, որ կոալիցիա չի մտնի, բայց դեռ մտածում է, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ամբողջական իշխանափոխություն են պահանջում:

Պատահական չէ, որ ապրիլի 14-ին քառյակի երեք անդամներին ուղղված ՀԱԿ-ի հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, առայժմ դրական արձագանք է հնչեցրել միայն «Ժառանգությունը»: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենք հենց սկզբից էլ համակարգային փոփոխությունների կողմնակից են եղել, ուստի լիովին աջակցում են Կոնգրեսի դիրքորոշումը:

big_516456a7fc5f2c19a777133908dec364Ապրիլի 16-ին քառյակի հերթական նիստից հետո ակնկալվում էր, որ ՀԱԿ-ի հայտարարության վերաբերյալ կողմերը դիրքորոշում կհայտնեն: Սակայն պարզվեց, որ նրանք հանրությանն ասելու ոչինչ չունեն` չնայած որ քննարկել են հարցը:

«Մամուլին ավելին չեմ կարող հայտնել, քան ձեռք բերված պայմանավորվածությունն է»,-շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հայտնեց միայն, որ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց նա:

Դաշնակցականներն այսօր տեսնում են, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

Ուստի, եթե իրենց առաջարկները մասնակիորեն էլ ընդունվեն, միևնույն է` իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք չընդունվեն. «Կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Ի դեպ, քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը՝ ելնելով արդեն ՍԴ որոշումից: Փորձելու են հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները: Հնարավոր է, որ այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջեն արտահերթ նիստ հրավիրել:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, իսկ այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Այնուամենայնիվ, Ռուստամյանը, ի հեճուկս բոլոր «չար գուշակողների», հայտարարում է. «Քառյակը շարունակում է աշխատել արդյունավետ»:

203542ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ այդ կարծիքին: Նախ նա արձանագրում է, որ քառյակը` որպես քաղաքական միավոր, չի ձևավորվել: «Այն ձևավորվել է ընդամենը կառավարության հրաժարականի պահանջի շուրջ` ի դեմս Տիգրան Սարգսյանի: Հիմա նոր իրավիճակ է, և նմանատիպ խնդիր այս պահին չկա: Սահմանադրությունն էլ հուշում է, որ մինչև ապրիլի 28-ը կառավարության ծրագիրն էլ պարզ չի լինի, և ոչ իշխանական ուժերը քննարկելու ու քննադատելու բան էլ պետք է որ չունենան: Հետևաբար, քառյակի գործունեությունը, որոշումները, հավաքները, «աժիոտաժ սարքելը»  ընդամենը իրենց գործունեությունը թեժ պահելու միջոց է, մինչև հետագայում կողմնորոշվեն ինչ որ հարցեր լուծելու կամ չլուծելու առումով»:

Սահակյանը նշում է, որ եթե պետք է դեռ բան չարած սկսեն նոր կառավարությանը քննադատել, ժողովուրդն էլ կհասկանա, որ ուրեմն այն ժամանակ էլ ընդամենը հավաքվել էին ինչ որ ներքին խնդիրներ լուծելու համար: Իսկ եթե պետք է այսօրվանից իշխանությանն ընդդիմանան` պատրաստվելով 2017-18 թվականներին, ապա դա էլ մի փոքր շուտ են սկսել:

Ինչ վերաբերում է քառյակին ուղղված ՀԱԿ-ի կոչին` պահանջել Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հրաժարականը, ապա Հովհաննես Սահակյանը կարծում է, որ դրանով ՀԱԿ-ն ուզում է ղեկավարել «հրաշալի քառյակը», և պատահական չէ, որ նմանատիպ հայտարարություն արեց այն ժամանակ, երբ պայմանները հնարավորինս բարենպաստ էին: «Եթե մի քիչ էլ էսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը դառնալու է «հրաշալի քառյակի» լոկոմոտիվը և ինքն է որոշելու ձևաչափը»,-ենթադրում է Սահակյանը:

Այնուամենայնիվ, նա պնդում է, որ իշխանությունները ռեալ պատկերացում ունեն իրականության մասին, և գիտեն, որ ընդդիմության օրակարգում այսօր որևէ լուրջ գործընթաց չկա: Երբ ինչ որ լուրջ, առանցքային շեշտադրումներ լինեն, այդ ժամանակ էլ իրենք հետևություններ և համապատասխան քայլեր կիրականացնեն:

Անի Գասպարյան

 

Անկախ

 

 

 

Tags: , , ,