Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 10-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում ոստիկանության երկու ծառայողներ իրեն քաշելով նստեցրել են ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան, որտեղ նրանցից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Tag Archives: ՀՔԾ
Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Կամիսար Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ: Նշված իրերն ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը
Քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կամիսար Պողոսյանը ձերբակալվել է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթներն իրականացնելիս` ՀՀ ոստիկանության Անիի բաժնում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ նշված բաժնում 2013թ. սեպտեմբերից հրամանագրված ՊՊԾ ջոկի ոստիկան Վ. Ս.-ն աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է վերոնշյալ բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում` որպես մենեջեր:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
ՀՔԾ-ում մշակվել և հրատարակվել է «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերտառությամբ վերլուծական ձեռնարկը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայերենով և անգլերենով հրատարակել է վերլուծական ձեռնարկ` «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերտառությամբ:
Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Կարեն Կարապետյանը, բաժնի աշխատակիցներ Գրիգոր Ամիրյանը և Տիգրան Խաչիկյանը:
Ուղեցույցը վերաբերում է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի քննության կազմակերպմանը և իրականացմանը, խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների վերլուծությանը, խոշտանգման գործերով նախաքննություն իրականացնելիս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ներկայացվող պահանջների էության բացահայտմանը:
Ուղեցույցի գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը ձեռնարկի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորում է քննչական պրակտիկայում խոշտանգման հետ կապված քրեական գործերի քննության ընթացքում հաճախակի առաջացող փակուղային իրավիճակների կամ օբյեկտիվորեն ծագող առանձին հարցադրումների շուրջ անհրաժեշտ գիտագործնական մեկնաբանություններ տալու հրամայականով:
– Ուղեցույցում արվել են նաև որոշակի առաջարկներ, որոնց պահպանումը քննարկվող հանցատեսակին վերաբերող քրեական գործերի քննության ընթացքում, մեր համոզմամբ, մի նոր իրավական խարիսխ կլինի որակյալ քննչական աշխատանք ապահովելու գործում,- ասում է Վահրամ Շահինյանը և շարունակելով` նշում,- և այն, որ ուղեցույցը կարող է լինել արդյունավետ կողմնորոշիչ ծագող առանձին խնդիրների պարզաբանման, տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապի ապահովման և հնարավորության սահմաններում քննչական պրակտիկայի միասնականացման համար, կարծում ենք, ակնհայտ է:
Ձեռնարկի գիտական խմբագիրը լիահույս է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նման բնույթի աշխատանքների հրատարակումը կդառնա բնականոն գործելաոճ:
Ասենք, որ ուղեցույցը նախատեսված է ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար:
«Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» խորագրով վերլուծական ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև դատական-դատախազական աշխատողների, քրեական և քրեադատավարական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:
Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացի Արման Մնացականովի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Մնացականովի հաղորդման` 2014թ. մարտի 24-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու անձ բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ դատապարտյալի` ոստիկաններն իրեն խոշտանգել են
Դատապարտյալ Ավետիս Գասպարյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալի հաղորդման` թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով 2012 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության մարզային վարչություն բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցների կողմից ինքը ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի ու բռնության ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման մեջ իր ընկեր Ա. Մ.-ին մերկացնող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ավարտվել է խարդախության և յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանի կողմից խարդախության և յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2009-2012թթ. Ա. Ղուկասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 28 քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամ, յուրացման եղանակով` 9 քաղաքացուց հափշտակել է խոշոր չափերի` 1 մլն 372 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Ղուկասյանը օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մինչդատական վարույթում Արտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ:
ՀՔԾ-ից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:
ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՔԻ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,
Արդարադատության 1-ին դասի խորհրդական
Ծնվել է 1975թ նոյեմբերի 22-ին Երևանում: Գերազանցության կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993-ից Ոստիկանությունում:
1997-2000թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ:
2000-2005թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ:
2005-2007թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ:
2007-2011թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների քննության բաժանմունքի պետ, այնուհետև` ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ:
2011թ. հոկտեմբեր- նոյեմբեր – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության պետ:
2011-2013թ.թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
2013-2014թ.թ.- ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
1999թ. – Վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:
2003թ.- Ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում:
2008թ.- Ուսումնառություն է անցել մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) դեմ պայքարում իրավապահ մարմինների որակավորման բարձրացման Բելոռուսիայի հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջազգային ուսումնական կենտրոնում:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգևատրվել է
«Մխիթար Գոշ» մեդալով:
Ավարտվել է ոստիկանի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութ փոխադրելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) բջջային հեռախոսներ և լիցքավորող սարքեր փոխադրելու ժամանակ դրանց միջից հայտնաբերված «Բուպրենորֆին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հաստատվել է, որ 2013թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Ա.-ն, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Ա. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի խորտկարաններից մեկի հարևանությամբ գործող մթերային խանութի մոտ, քաղաքացու կողմից իրեն հանձնված երկու բջջային հեռախոսը և մեկ լիցքավորիչ սարքը նույն հիմնարկի կրտսեր մասնագետ Ա.Կ.-ին գաղտնի փոխանցելու համար ստացել է կանխիկ գումար:
Նույն օրը Տ. Ա.-ն, հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը հագուստի գրպաններում, մուտք է գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել են հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հատուկ քննչական ծառայությունում մոտ 20%-ով աճել է քրեական գործերի թիվը
Օրերս Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն և ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
Նա դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ, որոշակի աշխատանքներ է կատարել իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ»:
Անցած տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերի ընդհանուր պատկերը հետևյալն է. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ:
«Եղել են նաև խախտումներ՝ ուղղված մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ»,- իր ելույթում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:
Նա տեղեկացրեց, որ ավարտված քրեական գործերով ձերբակալվել է 38 անձ, ձերբակալումից ազատվել են երկուսը: Նրանցից մեկը ձերբակալումից ազատվել է արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
«Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ տվյալ քրեական գործը հարուցվել է ոստիկանության տարածքային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Կարեն Հարությունյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Բակուր Ավետիկյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Նշված արարքը կատարելու կասկածանքով Կարեն Հարությունյանը ձերբակալվել է, և նկատի ունենալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր ընդունվելիս վերջինիս մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն,- ասաց Ա. Նադիրյանը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ իրականում Կարեն Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, ընդհակառակը` Բ. Ավետիկյանը նրանից կաշառք է վերցրել նրա հարևանի օգտին ակնհայտ անգործության համար, իսկ այնուհետև պահանջել է ավելացնել կաշառքի գումարը, և նրանց միջև առաջացած վիճաբանության ժամանակ Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ ու բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարությանը, թե Կ. Հարությունյանը չի ենթարկվել իր օրինական պահանջին և բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Կարեն Հարությունյանն ազատվել է ձերբակալումից, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց քննված քրեական գործերի վիճակագրությունը. «ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերի քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, փաստորեն քննված քրեական գործերի թիվը 2012-ի համեմատ աճել է 17 տոկոսով»:
ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է, և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաև հետագայում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանն էլ արձանագրեց ՀՔԾ-ում
ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Ըստ Հովհաննիսյանի` պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, իրավաբանական անձանցը՝ 154 մլն դրամ և ֆիզիկական անձանցը՝ մոտ 300 մլն դրամ: «Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 95,9 տոկոսը, իրավաբանական անձանց պատճառված վնասի` 100 տոկոսը, ֆիզիկական անձանց վնասի` 40,5 տոկոսը»,- նշեց Ա. Նադիրյանը:
Հատուկ քննչական ծառայության պետն արձանագրեց, որ իրենց վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ` կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են: 2012-ին ՀՔԾ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, հետևաբար 2013-ին նման դեպքերի բացահայտումներն ավելացել են 31-ով: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից 15-ը եղել են ոստիկանության, 5-ը` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից, 2-ը` մարզպետարանի վարչության պետ, 2-ը` ՀՀ ԱԻՆ աշխատակից` փրկարարական ծառայության վարչության բաժնի պետ և հրշեջ-հրահանգիչ, ինչպես նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայազորային քննչական բաժնի բաժանմունքի պետը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը:
Շահինյանը հատուկ ընդգծեց, որ հաշվետու տարում ՀՔԾ-ում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի աճը պայմանավորված է ոչ թե այդ բնույթի հանցագործությունների, այլ դրանց բացահայտման աճով, ինչը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքով և վերջիններիս ու հատուկ քննչական ծառայության համագործակցության ամրապնդմամբ:
Դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձ եղավ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի թերություններին ու չլուծված խնդիրներին: Ա. Նադիրյանը չլուծված խնդիրների շարքում ընդգծեց ծառայությունը փորձառու և որակյալ կադրերով համալրելու խնդիրը: «Դեռևս չի լուծվել ՀՔԾ ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին` 2013-ին, չունենալով վարչական շենք, գործել ենք անբարենպաստ պայմաններում, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ քննության որակի վրա»,- ասաց Նադիրյանը՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ գոհունակությամբ պետք է նշել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է խնդրին և ջանքեր է գործադրում հարցը լուծելու ուղղությամբ:
Արման ԲԱԲԱՅԱՆ
Ըստ հաղորդման` Ոստիկանության բաժնի նախկին պետը կատարել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու Վ. Ղ.-ին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն, ապակին կոտրելով, մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Ք. Բ.-ն ու Վ. Ղ.-ն ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու` մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները:
Այնուհետև Ք. Բ.-ն, Վ. Ղ.-ն, ինչպես նաև քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը գնացել են դեպքի վայր, անձամբ տեսել պատուհանի և տան 2-րդ հարկի ննջարանի պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որից Մ. Ս.-ն հանել և ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրազենային գնդակը, որը վերցնելով` առանց կատարված հանցագործության մասին Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու կամ որևէ այլ փաստաթուղթ կազմելու վերադարձել են ոստիկանության բաժին և բաժնի պետին զեկուցել իրենց պարզած հանգամանքները:
Բաժնի պետը, վերցնելով և իր մոտ պահելով հրազենային գնդակը, դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի ցուցում է տվել` Մ. Ս.-ից հաղորդում չընդունել:
ՀՔԾ-ից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ըստ դատապարտյալի հաղորդման` քրեակատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են ստացել
ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մ. Ղ.-ն 2010 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:
Նույն ժամանակահատվածում արտասահմանում մշտապես բնակվող մայրը` Ն. Ղ.-ն, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին է ուղարկել խոշոր չափի գումար` իրեն դատապարտյալների հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ուղարկելու համար:
Բացի այդ, Ն. Ղ.-ն «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին փուլ-փուլ գումար է ուղարկել, իսկ քրոջ ամուսինը 2010 թվականին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով իր պատիժը կրելու ընթացքում, «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալին է տվել որոշակի գումար` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու համար:
Բացի դրանից, քույրը` Ռ. Ա.-ն, իր համար «Վանաձոր» ՔԿՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հիշյալ ՔԿՀ պետի տեղակալին տվել է գումար, և այլ ապրանքներ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հարուցվել է քրեական գործ ոստիկանական մեքենան վնասած քաղացու և նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Վ. Մ.-ի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Վ. Մ.-ի զեկուցագրի` 2013 թվականի նոյեմբերի 12-ին իրենց դասակի ոստիկան Ս. Ա.-ի հետ Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս` ժամը 01.05-ի սահմաններում, «Լյուքս» հյուրանոցի մոտ կանգնեցրել են «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենա, որի միջից երաժշտության բարձր ձայն է լսվել, իսկ վարորդ Արտակ Ո.-ն գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: Փաստաթղթեր պահանջելուց հետո Արտակ Ո.-ն սկսել է բղավել և հայհոյել ոստիկաններին, այնուհետև բացելով մեքենայի դուռը` դանակը ձեռքին իջել է և ասել, որ ճանապարհային ոստիկան չկանչեն: Կիրառելով ձեռնամարտի հնարքներ` Վ. Մ.-ն և Ս. Ա.-ն վարորդին գցել են գետնին և ձեռքից վերցրել դանակը, որից հետո ձեռնաշղթա են հագցրել, սակայն վերջինս չի հանգստացել ու սկսել է ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողական մեքենային` վնասելով այն: Քիչ անց Արտակ Ո.-ն ուշագնաց է եղել, ու ոստիկանները նրան տեղափոխել են «Երևան» ԲԿ, որտեղ գիտակցության գալուց հետո դարձյալ իրեն ագրեսիվ է պահել, վնասել է բժշկական կենտրոնի գույքը, իսկ այնտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ուր շարունակելով ագրեսիվ վարքը` կոտրել է հերթապահ մասի ապակին:
Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ Արտակ Ո.-ին պատկանող վերոհիշյալ դանակը գտնվում է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ ոստիկանության աշխատակիցներ Վ. Մ.-ն և Ս.Ա.-ն միջադեպի ընթացքում բռնություն են գործադրել Արտակ Ո.-ի և դեպքի վայր ժամանած նրա եղբոր` Արման Ո.-ի նկատմամբ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Այսօր Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձն է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր նիստ:
Բացման խոսքում Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վ. Գ. Շահինյանը շնորհավորեց Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: Նա իր ելույթում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը, և այսօր մեր որդեգրած որակների գուցե ավելի դժվար, ավելի պատասխանատու, ավելի խոչընդատներով լի ճանապարհը պետք է անցնենք մեր շարքերում համալրվող երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերով:
Վահրամ Շահինյանն ասաց. «Մենք պետք է որպես սկզբունք` ընդունենք, որ Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայողի գերխնդիրն անկաշառ, անաչառ և սկզբունքային լինելն է, հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, օրինական շահերի պաշտպանությունը»:
Ելույթով հանդես եկավ նաև Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, ով անդրադարձավ ծառայության կատարած աշխատանքների մասին:
Ա. Նադիրյանը խոսելով Հատուկ քննչական ծառայության գործունեության արդյունավետության մասին, հատկապես նշեց. «Ծառայությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է դառնալ ուղենշային քննչական մարմին` նախաքննություն իրականացնող մարմինների համակարգում: Դրա հետ մեկտեղ, ծառայությունն իր առջև նպատակ է դրել բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը, ապահովել ծառայության ծառայողի գործու¬նեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչա¬կան աշխատանքներում ապահովել նախադեպային իրավունքի անմիջական կիրա¬ռումը, ինչպես նաև` տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը»:
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն էլ, իր հերթին, անդրադարձավ ծառայության ձեռքբերումներին և ապագա անելիքներին:
– Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրագործումը հնարավոր կլինի ապահովել միայն բարեխիղճ ու հետևողական աշխատանքի, մասնագիտական գիտելիքների մշտական վերանայման և կատարելագործման, Մարդու իրավունքների Եվրոպական և ՀՀ վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներին իրազեկվածության, գործնականում դրանց տեղին կիրառումն ապահովելու պայմաններում,- իր ելույթում ասաց Վ. Հովհաննիսյանը:
Ելույթներով հանդես եկան նաև Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչները: Վերջիններս, ի սրտե բարձր գնահատելով ծառայության ղեկավարների խստապահանջությունը, սակայն դրա հետ մեկտեղ` քննիչների նկատմամբ խիստ մտահոգ և աշխատանքի գնահատման անաչառ վերաբերմունքը, շնորհակալական խոսք հղեցին երկրի ղեկավարությանը իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին` իրենց ուսերին վերցնել ծառայության առջև դրված բարդ ու դժվարին խնդիրների լավագույնս կատարելու պատվավոր պարտականությունը:
Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին և ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Մուշեղ Բաբայանին:
Հատուկ քննչական ծառայության պետ Վ.Գ. Շահինյանը հանդիսավոր նիստի ժամանակ խրախուսեց Հատուկ քննչական ծառայության քննիչներին մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով:
Նախկին պատգամավորին պատկանող ընկերության վարչական շենքում 6 անձի ազատությունից ապօրինի զրկել են
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը հասցված գույքային վնասի վերաբերյալ հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում, որտեղ գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր:
Վասպուրակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ըստ մեղադրյալի հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն անցել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 138-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դանակի և ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի և նրա 13-ամյա դստեր` անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցն առևանգել է նրանց, ավտոմեքենայով տեղափոխել ամայի տարածք, որտեղ բռնաբարել է Ք.Բ.-ին:
Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով ու 138-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Առաջադրված մեղադրանքում Էդգար Վարագյաննն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո` 2013 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաև ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, որի ազդեցության տակ, վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում, նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք. Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան` առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետևանքները:
Էդգար Վարագյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմում են ներկայացրել նաև վերջինիս ծնողները:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին: Անձամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Աժ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով:
Իսկ Վ.Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:
Դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ նորգործություն կիրառվելու հանգամանքը:
Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել:
Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ:
Այսպիսով` ՀՀ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 05-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ կայացված որոշման օրինակներն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին և գործով վարույթի ելքով շահագրգիռ մյուս անձանց:
Շիրակի մարզի դատախազին մեղադրանք չի առաջադրվել
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որևէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: Վերն հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Դատախազի գործը` ՀՔԾ-ում» վերնագրով հոդվածում ապատեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ դատախազի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
«Անկախ»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը նշեց, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նա որպես մեղադրյալ չի ներգրավվել: