Tag Archives: ձկնորսություն
Այս տարօրինակ արարածները հարստացնում են կանադացի ձկնորսներին (լուսանկարներ)
Կանադացի ձկնորսները հարստանալու լավ միջոց են գտել: Այս տարօրինակ արարածների շնորհիվ նրանք տարեկան 4,5 մլն դոլար են աշխատում: Գեոդաք կոչվող այս հետաքրքիր ջրային կենդանիները մատուցվում են Ասիայի բարձրակարգ ռեստորաններում բավական թանկ գնով: Միդիայի մի տարատեսակ հանդիսացող գեոդաքները ապրում են ծովի հատակում:
Մինչև 20 սմ երկարություն ունեցող այս ծովային բնակիչները համարվում են աշխարհի ամենատարօրինակ տեսքն ունեցող արարածներից մեկը: Ամեն տարի կանադացի ձկնորսները տոննաներով գեոդաք են որսում և ուղարկում Հոնկոնգ, Պեկին և Տոկիո: Այս քաղաքների ռեստորաններում նման ծովային խորտիկը մեծ պահանջարկ ունի: Այնտեղ գեոդաքի մեկ կիլոգրամը վաճառվում է մոտ 30 դոլարով:
Տավուշի ջրամբարում ակտիվ ձկնորսության սեզոն է
Տավուշում ձկնորսության սեզոնը բացվել է: Շաբաթ-կիրակի Տավուշի ջրամբարը, որը գտնվում է մարզի Թովուզ և սահմանամերձ Այգեպար համայնքների միջև, ձկնորսների պակաս չուներ: Կարասից բացի, ձկնորսները նաև սազան տեսակի ձուկ են բացահայտել:
<<Վախտ ա ըլըմ, մի ժամում վեդրոն լցնում ենք: Չէի ասի` ձուկ շատ ենք սիրում, բայց դե գալիս ենք, էլի, և սպորտ ա, և հաճելի ժամանց: Տանըմ եմ տուն, տիկինս ժարիտ ա անում, տնական օղիով լավ էլ ստացվում է, էլի>>,-Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է բերդցի Սևան Աբգարյանը:
Իսկ, ընդհանրապես, Տավուշի ջրամբարը սովետի տարիներին շամշադինցիների համար կարևոր նշանակություն է ունեցել, ջրարբիացրել է տարածաշրջանի բազմաթիվ գյուղերի այգիները:
Հիմա ջրամբարն ինքնահոս ոռոգում է միայն Ներքին և Վերին կարմիրաղբյուր գյուղերը, որոշ չափով էլ` Այգեպարը: Թովուզին կպած ջրամբարը, սակայն, ծարավ ու անջրդի է թողնում այս գյուղին պատկանող այգիները:
Ժամանակին Թովուզի հողատարածքները հնարավոր է եղել ոռոգել պոմպակայաններով, որոնք այսօր չեն աշխատում:
Ներքին կարմիրցիների խոսքով, այս ջրագծի տակ է 192 հեկտար այգի, սակայն, այգիների որոշ մասը կրակի տակ է, չի մշակվում, մի մասն էլ խոպանի է վերածվել, ուստի ոռոգման ենթակա է 60 հեկտարը:
Տավուշի ջրամբարից սնվող Վերին կարմիրաղբյուրի այգիներն էլ 80 հեկտար են կազմում:
Ապրիլի 5-ին աշխատանքային այցով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան մեկնած Հանրապետության նախագահին թովուզցիները դիմել են այդ խնդրով: Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այժմ Հայջրպետ նախագիծ ինստիտուտը աշխատում է ծրագրի վրա, ըստ որի նախատեսվում է գետի վրա փոքր պոմպակայան տեղադրել, որպեսզի ամռան երաշտին հնարավոր լինի ոռոգել նաև Թովուզ գյուղի այգիները:
ՄԱԿ-ի դատական մարմինը կարգադրել է Ճապոնիային դադարեցնել շնաձկների որսը
Միջազգային դատարանը երկուշաբթի օրը որոշում է կայացրել, որ Ճապոնիան չի կարող շարունակել իր շնաձկների ամենամյա որսը՝ մերժելով երկրի փաստարկները, որ որսը իրականացվում է գիտական նպատակներով:
Միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է:
Ճապոնիայի նավատորմը շնաձկների ամենամյա որս է իրականացնում՝ օգտվելով գիտական նպատակներով կաթնասունների սպանությունները թույլատրող օրենքից: Ճապոնիայում շնաձկան միսը լայն կիրառություն ունի:
Յուրաքանչյուր տարի բնապահպանական խմբերը հետապնդում են Ճապոնիայի որսորդներին: Արդյունքում տեղի են ունենում նավերի բախումներ, ինչպես նաև ակտիվիստներ են ձերբակալվում:
Ավստրալիայի կառավարությունը միջազգային դատարանում բողոքարկել էր Ճապոնիայի շնաձկների որսի դեմ, ինչը հանգեցրել էր երկուշաբթի օրվա որոշման ընդունմանը:
Թուրքիայում ձկնորսները 4 մետրանոց և 500 կիլոգրամանոց շնաձուկ են որսացել
Թուրքիայի Մերսինի նահանգի Էրդեմլի շրջանի ձկնորսները Միջերկրական ծովից 4 մետրանոց շնաձուկ են բռնել, որը 500 կգ է կշռում: 50-ամյա Մեհմեդ Քերթմենը, որն արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է ձկնորսությամբ, իր երեք ընկերների հետ մեկնել է ձուկ որսալու, որի ժամանակ էլ նրանց ցանցն է ընկել հսկայական շնաձուկը: «Երբ սկսեցինք ցանցը բարձրացնել, տեսանք, որ մեր որսը 500 կիլոգրամանոց շնաձուկ է: Մեծ դժվարությամբ կարողացանք ձկանը հանել նավակի վրա: Հույս ունենք, որ ձկան վաճառքից լավ գումար կաշխատենք»,-նշել է ձկնորս Մեհմեդը:
Քերթմենը պատմել է, որ իր ձկնորսական պրակտիկայի ընթացքում շատ շնաձկներ է որսացել, բայց այս մեկը աչքի է ընկնում իր մեծությամբ: Ձկնորսական տնտեսության ներկայացուցիչ Յալչըն Սաքընը նշել է, որ նման որս վաղուց չէր հանդիպել: Հսկայական շնաձուկը ուրախացրել է քաղաքի բնակիրներին, նրանք հետաքրքրությամբ լուսանկարել են ձկանը: Այնուհետև շնաձուկը ուղարկվել է Անկարայի ձկան շուկա:
