Օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:
Նիստին երլույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով գոհունակություն հայտնեց բաց քննարկման նախաձեռնման համար՝ կարևորելով հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԻ գերագույն հանձնակատարի դերակատարությունը:
Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը վեճերի կանխարգելման գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Սակայն, նշված ջանքերը կարող են ապարդյուն լինել այն դեպքերում, երբ պետության ղեկավարությունը չի կարողանում ապահովել երկրում մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:
«Հայաստանը խորապես հետաքրքրված է կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով: Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլև իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», – նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
Զոհրաբ Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի էթնիկ փոքրամասնություններից մեկի` եզդիների զանգվածային սպանությունների հիմնախնդրի վրա: Նա նշեց, որ հարյուր հազարավոր մարդիկ` այդ թվում, եզդիներ, ասորիներ և հայեր ծայրահեղականների գործողությունների հետևանքով ստիպված են լքել իրենց բնակավայրերը` տեղեկացնելով, որ Հայաստանը որոշում է կայացրել` ՄԱԿ-ի միջոցով օգնություն առաքել եզդի համայնքին:
«Մենք ականատես ենք լինում սոսկալի մի իրավիճակի, որը պետք է կարգավորվի զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերով: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, և այն պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների անմիջական ներգրավմամբ: Այս համատեքստում գլխավոր քարտուղարի Ցեղասպանության հարցով հատուկ խորհրդականի դերն անգնահատելի է: Հայաստանը կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ արձագանքել եզդի ազգաբնակչության ողբերգական իրավիճակին», – եզրափակեց իր խոսքը ՀՀ դեսպանը:
Tag Archives: ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Միավորված ազգերի կազմակերպության նոր հրատարակություններից մեկի համաձայն՝ աշխարհի երիտասարդ բնակչության 20 տոկոսն ամեն տարի հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունենում: Ռիսկերը հատկապես մեծ են, երբ նրանք մանկությունից չափահաս տարիքի անցման փուլում են: Խարանը եւ ամոթը հաճախ ավելի են խտացնում խնդիրը՝ թույլ չտալով, որ նրանք գտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունը: Երիտասարդության այս տարվա միջազգային օրը նշելիս Միավորված ազգերի կազմակերպությունը ցանկանում է օգնել այն վարագույրի հեռացմանը, որը երիտասարդներին պարփակում է մեկուսացման եւ լռության խոռոչում:
Խոչընդոտները կարող են չափազանց բարդ լինել՝ մասնավորապես այն երկրներում, որտեղ հոգեկան առողջության խնդիրը անտեսվում է, եւ հոգեկան առողջության ծառայություններում ներդրումները խիստ սահամանփակ են: Շատ հաճախ անտեսման եւ իռացիոնալ վախի պատճառով հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձինք մեկուսացվում են ոչ միայն զարգացման քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման ու իրականացման հարցում որեւէ դերակատարումից, այլեւ նույնիսկ հիմնական խնամքից: Սա նրանց ավելի խոցելի է դարձնում աղքատության, բռնության եւ սոցիալական մեկուսացման նկատմամբ եւ բացասական ազդեցություն է ունենում հասարակության՝ որպես ամբողջության վրա:
Այն երիտասարդները, որոնք արդեն իսկ համարվում են խոցելի, ինչպիսիք են անտուն երիտասարդները, անչափահասների արդարադատության համակարգում ընդգրկված երիտասարդները, մանկատներում գտնվող եւ կոնֆլիկտային իրավիճակներով անցած երիտասարդները, հաճախ ավելի ենթակա են խարանի եւ այլ խոչընդոտների, որոնք նրանց ավելի անպաշտպան են դարձնում հենց այն ժամանակ, երբ նրանք ամենից ավելի ունեն աջակցության կարիք: Եկեք հիշենք, որ հասկացվելու եւ աջակցության պայմաններում այս երիտասարդները կարող են ծաղկել՝ արժեքավոր ներդրումներ կատարելով մեր ընդհանուր ապագայի կառուցման գործում:
Ընդամենը 500 օր է մնացել մինչեւ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու վերջնաժամկետը: Մենք պետք է աջակցենք բոլոր երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր խոցելի են, որ հաջողության հասնեն այս պատմական արշավում:
Անհրաժեշտ են լայնածավալ ջանքեր բոլոր մակարդակներում՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը հոգեկան առողջության խանգարումներով երիտասարդներին աջակցելու եւ նրանց ուղղված ներդրումների կարեւորության մասին: Կրթական մակարդակի բարձրացումը վճռորոշ նշանակություն ունի խարանի վերացման եւ առողջության մեր ընկալումն ու դրա մասին արտահայտվելու մեր կերպը փոխելու հարցում:
Հոգեկան առողջությունն այն է, թե ինչպես ենք մենք զգում. դա մեր հույզերն է ու մեր ինքնազգացողությունը: Բոլորս պետք է հոգ տանենք մեր հոգեկան առողջության մասին, որպեսզի բավարարություն պարգեւող կյանքով ապրենք: Եկեք սկսենք խոսել մեր հոգեկան առողջության մասին նույնկերպ, ինչպես որ խոսում ենք մեր ընդհանուր առողջության մասին:
2014 թ. Երիտասարդության միջազգային օրը նշելով՝ եկեք երիտասարդերի համար ստեղծենք հոգեկան առողջության պայմաններ, որպեսզի նրանք գիտակցեն իրենց ողջ ներուժը, եւ եկեք ցույց տանք, որ հոգեկան առողջությունը կարեւոր է բոլորիս համար:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. Պան գի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Իսրայելին դադարեցնելու Գազայում սկսած ռազմական գործողություններն ու քաղաքացիների մահերը: «Ես ցավում եմ, որ չնայած կրակը դադարեցնելու բազմաթիվ կոչերին և տարածաշրջանային ու համաշխարհային առաջնորդների ջանքերին, առանց այն էլ վտանգավոր հակամարտությունը ավելի շատ սրվեց: Ես Իսրայելին կոչ եմ անում ավելի շատ բան անել քաղաքացիական զոհերից խուսափելու համար: Այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, ինչպես և Սիրիայի պարագայում»,-նշել է Մունը ՄԱԿ-ի շտաբ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Իսկ զոհերի թիվը Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում հասել է 260-ի, 1980 հոգի վիրավորվել է: Միջազգային հանրությունը պահանջում է Իսրայելից դադարեցնել ռազմական հարձակումը Գազայի հատվածի վրա:
ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել հրադադար հաստատել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտում:
Շաբաթ օրը 15 անդամների հաստատած հայտարարությունը կոչ է անում դադարեցնել բռնությունները, վերահաստատել շրջանի խաղաղությունը և վերսկսել Իսրայել-Պաղեստին ուղիղ բանակցությունները խաղաղ համաձայնության հասնելու նապատակով:
Հայատարարության մեջ խորհրդի անդամները լուրջ մտահոգություն են արտահայտում Գազայի ճգնաժամի կապակցությամբ: Այն կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական օրենքները՝ ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը:
Այս հայտարարությունը պարտադիր կիրառման ուժ չունի, սակայն արտահայտում է միջազգային հանրության կարծիքը:
Իրաքն ահազանգում է ՄԱԿ-ին
ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ Հաքիմը նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` ահազանգելով, որ «Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Բաղդադի մոտակայքում գտնվող Մութհանա ռազմաբազան և այնտեղ առկա քիմիական պաշարները: Նամակում ասված է, որ տարածաշրջանում ստեղծված անապահով մթնոլորտի պատճառով Իրաքը չի կարող իրականացնել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:
Հայտնի է, որ դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակ հիմնված բազայում առկա են քիմիական տարբեր թունավոր նյութեր և թափոններ:
Նշենք, որ 29-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել էր Իրաքում խալիֆայության ստեղծման մասին` Աբու Բաքր Բաղդադիի գլխավորությամբ:
Իսրայելցի զինվորականների կողմից Կարմիր ծովում առգրավված նավում եղած զենքը պատկանել է Իրանին
Իրանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի փորձագիտական խմբին հաջողվել է պարզել, որ մարտին իսրայելցի զինվորականների կողմից Կարմիր ծովում առգրավված նավում եղած զենքը պատկանել է Իրանին:
«Արկղների վրա իրանական մաքսայինի պաշտոնական կնիքների առկայությունը, իրանական տրանսպորտային փաստաթղթերը և բեռների ցուցակը վկայում են այդ մասին»,- նշել են ՄԱԿ-ի փորձագետները:
Տեղեկացնենք, որ 2014-ի մարտի սկզբին Իսրայելի ռազմածովային ուժերի զինվորները Կարմիր ծովում զենքով բեռնված նավ էին առգրավել, որտեղ եղել էր 40 հրթիռ։
Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքել է իր մասնակցությունն այս ամենին։
Մահացել է ՄԱԿ-ի` Հայոց ցեղասպանությունը հաստատող զեկույցի հեղինակը
Այս ամսվա սկզբին Լոնդոնում կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն է կնքել Բենջամին Ուիտակերը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում հայկական զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակող զեկույցի հեղինակը: Աշխարհը կորցրեց մեծ մարդասերի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ջատագովի:
Ինձ բախտ է վիճակվել մի քանի տարի շարունակ սերտորեն գործակցել պարոն Ուիտակերի հետ Ժնևում, որտեղ նա որպես բրիտանացի փորձագետ ծառայում էր ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում, իսկ ես ներկայացնում էի Բնիկ ժողովուրդների միջազգային ասոցիացիան` կարմրամորթների մի հասարակական կազմակերպություն:
Պարոն Ուիտակերը ակտիվիստ իրավաբան էր, որը 1966 թվականին բրիտանական պառլամենտում ընտրվել էր Լոնդոնի հյուսիսից: 1971 թվականին նա դարձել էր Ազգային փոքրամասնությունների խմբի գործադիր տնօրեն, հրատարակել տասնյակ ուսումնասիրություններ համաշխարհային փոքրամասնությունների մասին, այդ թվում՝ հայերի:
1975 թվականին պարոն Ուիտակերը որպես բրիտանական փորձագետ նշանակվեց ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում` ՄԱԿ-ի մի ուսումնասիրության մեջ Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ սաստիկ վեճերի բուռն շրջանում: Նախնական ուսումնասիրության հեղինակը` Ռուանդայի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշիանկիկոն, ճնշման էր ենթարկվել Թուրքիայի կողմից, որպեսզի ջնջի Հայոց ցեղասպանության հիշատակումը:
Թուրքական ճնշումներին հակազդելու համար մի խումբ հայեր, որոնց թվում էր նաև տողերիս հեղինակը, 1978 թվականին հաջողեցին խափանել զեկույցը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովում, այն բանից հետո, երբ հանվել էր Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Այն ժամանակ ես հարցրեցի պարոն Ուիտակերին, արդյոք նա կցանկանա դառնալ հատուկ զեկուցող` Ռուհաշիանկիկոյի ընդհատված զեկույցը շարունակելու համար: Պարոն Ուիտակերը տվեց իր համաձայնությունը պայմանով, որ ինքը չի փորձելու որևէ քվե հավաքել իր նշանակման համար:
Հաշվի առնելով նրա անբասիր համբավը որպես մարդու իրավունքների պաշտպանի, Ենթահանձնաժողովի անդամների ջախջախիչ մեծամասնությունը պարոն Ուիտակերին կողմ քվեարկեց որպես նոր հատուկ զեկուցողի, օժտելով նրան` «ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժի մասին հարցի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույց» նախապատրաստելու մանդատով: Միակ դժգոհողը Թուրքիայի պատվիրակն էր, որը գիտեր, որ Ռուհաշիանկիկոյի հանդեպ իր կառավարության կիրառած ահաբեկման մարտավարությունը չի գործելու պարոն Ուիտակերի դեպքում:
1985 թվականի օգոստոսին պարոն Ուիտակերը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովին ներկայացրեց վերանայված և թարմացված զեկույցը՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես ցեղասպանության օրինակ 20-րդ դարում: Երկար քննարկումներից հետո Թուրքիային չհաջողվեց ճնշում գործադրել Ենթահանձնաժողովի վրա՝ ջնջելու Հայոց ցեղասպանության հիշատակումը: Տասնչորս կողմ, մեկ դեմ և չորս ձեռնպահ քվեարկությամբ Ենթահանձնաժողովը ընդունեց զեկույցը, դրանով իսկ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության չափանիշներին:
Այդ ժամանակից ի վեր թուրք ժխտողականները հաճախ փորձել են ակնհայտ կեղծիք տարածել, թե իբր ոչ նման քվեարկություն է եղել, ոչ էլ ՄԱԿ-ի զեկույց… Նրանք նույնիսկ պնդում են, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը 2000 թվականին ասել է թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ը «երբեք չի վավերացրել և չի պաշտպանել մի զեկույց, որով հայկական իրադարձությունը ներկայացվում է որպես «ցեղասպանություն»»: Ես ինքս դիմեցի պարոն Հաքին, և նա ասաց, որ տեղյակ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի կողմից ընդունված զեկույցի մասին, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը: Նա պարզապես ասել էր թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով:
Ցավոք, հայերի կողմից շատ քիչ բան է արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ՄԱԿ-ի այս խիստ կարևոր զեկույցի բացահայտման համար: Շատ զարմանալի է, որ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Քոչարյանը կոչ արեց ՄԱԿ-ին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահի օգնականները չէին տեղեկացրել նրան ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի զեկույցի մասին…
ՄԱԿ-ում միասին աշխատած տարիներից հետո մի քանի անգամ մեծ հաճույքով հանդիպել եմ պարոն Ուիտակերի հետ: 1980-ականների վերջերին մենք միասին հրավիրված էինք Արգենտինա, տեղի Հայ դատի հանձնախմբի կողմից` ՄԱԿ-ի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք դասախոսություններ կարդալու համար: 2009 թվականին պարոն Ուիտակերը սիրով մասնակցեց Հայոց ցեղասպանության մասին իմ ելույթին բրիտանական պառլամենտում և շատ ջերմ արտահայտվեց ՄԱԿ-ում մեր նախկին համագործակցության մասին:
Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հարգանքի տուրք մատուցեն պարոն Ուիտակերին, քանի որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, այլև ՄԱԿ-ի ցեղասպանության զեկույցի ընդունման 30-րդ տարելիցը:
ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի երեք այլ անդամներ, որոնք չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեցին ցեղասպանության զեկույցի ընդունման ժամանակ, դեռ ողջ են. Արգենտինայից Լեանդրո Դեսփույը, Ֆրանսիայից Լուի Ժուանեն և տիկին Էրիկա Դայեսը Հունաստանից: Դեսփույն արդեն պարգևատրվել է Հայաստանի նախագահի կողմից: Ժուանեն և Դայեսը ևս արժանի են նման գնահատականի Հայաստանի և Սփյուռքի կողմից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՄԱԿ. հունիս ամսվա ընթացքում Իրաքում 1,075 մարդ է զոհվել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտնել է, որ Իրաքում հունիս ամսվա ընթացքում զոհվել է 1,075 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ:
ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով՝ հունիսի 5-22-ը Նինվեյա, Դիյալա, Սալահ ալ-Դին նահանգներում զոհվել է առնվազն 757 և վիրավորվել 599-ը խաղաղ բնակիչ:
Խմբի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը երեքշաբթի օրը Ժնևում լրագրողներին հայտնել է, որ այդ թվերը պետք է դիտարկվեն որպես մինիմում ցուցանիշներ:
Նրա տեղեկություններով վերոնշյալ նույն ժամանակահատվածում Բաղդադում և Իրաքի հարավային շրջաններում զոհվել է 318 և վիրավորվել 590 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում 50 միլիոն փախստական կա
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ հայտարարել է, որ իրենց հայրենիքը լքած մարդկանց թիվը անցնում է 50 միլիոնից:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցած տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ աշխարհում գրանցվել է իրենց տները լքած մարդկանց թվի ամենամեծ ցուցանիշը՝ 51,2 միլիոն:
Սա վեց միլիոնով ավել է քան անցած տարվա ցուցանիշը:
Այս ցուցանիշները չեն ընդգրկում անցած շաբաթվա ընթացքում Իրաքից կես միլիոն արտագաղթածներին:
Այս ցուցանիշի մեջ մտնում են իրենց երկիրը լքած, ինչպես նաև իրենց երկրի սահմաններում տեղափոխված մարդկանց թիվը: Այս թվերը հիմնված են կառավարության, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի սեփական տվյալների վրա:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միասնության կոչ է արել Իրաքին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հանդես գալով կազմակերպության ժնևյան գրասենյակում անցկացված համաժողովի ժամանակ, խոսել է վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող անընդունելի գործողությունների մասին: Քարտուղարը Իրաքի վարչապետ Նուր ալ Մալիքին կոչ է արել ավելի գործնական քայլերի դիմել երկրում միջէթնիկ հողի վրա բռնության աճի դեմ պայքարելու համար: Գի Մունը ընդգծել է Իրաքում մեկ միասնական պետության մեջ սունիների, շիաների և քրդերի խաղաղ գոյակցության անհրաժեշտության մասին:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Պան Գի Մունը, դատապարտելով Իրաքում քաղաքացիների սպանությունն ու թուրք դիվանագետների առևանգումը, նշել է, որ բանակցություններ է վարել Իրանի և Թուրքիայի առաջնորդների հետ՝ հույս հայտնելով, որ նրանք կարող են համապատասխան աջակցություն ցուցաբերել իրաքյան կառավարությանը երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:
Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)
Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակության տարբեր ծրագրերը և կարևորել երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հանդիպման համար և ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը կառավարության առաջնահերթությունների թվում ներառելու փաստը:
Վարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարևորել են սահմանների կառավարման և սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում (այդ թվում համայնքների խոշորացման գործընթացում) համատեղ բարեփոխումների իրականացումը, անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը և նշել, որ այժմ քննարկումներ են անցկացվում առկա խնդիրների վերացման ու նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի կողմից փախստականներին ցուցաբերվող աջակցությանը և այլ հարցերի:
ՄԱԿ. Դեպրեսիան սպանում է երեխաներին
Դեպրեսիան աշխարհում մանկական ու պատանեկան մահացության գլխավոր պատճառն է , ասվում է ՄԱԿ-ի մայիսի 14-ին հրատարակված հաշվետվության մեջ հաղորդում է .isra.com-ը:
Մասնագետները վերլուծել են 10-19 տարեկանների մահացության գործոններրը մոլորակի տասնյակ երկրներում: Պարզվել է, որ ինքնասպանությունը մոլորակի երիտասարդ բնակչության մահացության պատճառներից նշանակությամբ երրորդն է: Ինչպես նշել է Ֆլավիա Բուստերոն, ԱՀԿ-ի Ընտանիքի, կնոջ ու երեխայի առողջության բաժնի վարիչը «պետությունների մեծ մասում երիտասարդության ֆիզիկական ու հոգևոր վիճակին բավարար ուշադրություն չի հատկացվում:
Եթե հոգեկան խնդիրներով պատանի քաղաքացիները ստանան համապատասխան բուժում, ապա մեծ թվով ողբերգություններ կկանխվեն»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը ընտանիքի միջազգային օրվա առթիվ
Տոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում:
Ապահովելով իր անդամներին տնտեսական և զգացմունքային աջակցությամբ ընտանիքները կարող են մեծացնել գործուն, հոգատար քաղաքացիներ՝ ովքեր կապրեն ընդհանուր շահի համար: Ամուր, բարգավաճ ընտանիքները, անկախ ձևաչափից, կարող են օգնել՝ նվազեցնելու աղքատությունը, ապահովելու մայրերի բարեկեցությունը, խթանելու գենդերային հավասարությունը և պաշտպանելու մարդու իրավունքները:
Աջակցությունը ընտանիքներին շատ կարևոր է նրանց ամբողջ ներուժն իրականացնելու համար: Սա նշանակում է նրանց վերածել զարգացման քաղաքականությունների, հաշվի առնել նրանց պայմանները հակամարտություններին անդրադառնալիս և խթանել բոլոր ընտանիքների հանդեպ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց կառուցվածքից: Քանի որ մենք ձգտում ենք ունենալ ավելի կայուն ապագա, հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին, ձևավորել զարգացման նոր օրակարգ և պայքարել կլիմայի փոփոխության դեմ, եկեք համախմբենք աշխարհի բոլոր ընտանիքները:
Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակները, որոնք կան յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք:
***
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թ․-ը Հայաստանում հռչակել է Ընտանիքի տարի՝ մեկ անգամ ևս շեշտելով կառավարության հանձնառությունը ընտանիքների նկատմամբ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վստահ է, որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար և որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր և ապահով:
Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ՄԱԿ-ին խնդրում են ճանաչել իրենց անկախությունը
Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների կողմից ապրիլին ստեղծված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն իրենք իրենց սուվերեն պետություններ են հռչակել տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով, հաղորդում է vesti.ru-ն:
Անկախության օգտին է քվեարկել ընտրատեղամաս ներկայացածների գերազանցող մեծամասնությունը: Հիմա Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարները մտադիր են զբաղվել իշխանական մարմինների ձևավորմամբ ու սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ, մասնավորապես` թոշակների ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարմամբ: Սակայն, առաջնահերթ անհրաժեշտ է դադարեցնել բախումները տարածաշրջանի տարածքում: Մարզում փաստացի քաղաքացիական կռիվ է, կարծում է ԴԺՀ-ի համանախագահ Դենիս Պուշիլին: Նրա կարծիքով, զինվորները կամ պետք է անցնեն հանրապետության կողմը, կամ էլ լքեն Դոնբասը: Նա հայտնել է նաև, որ ԴԺՀ-ի իշխանությունները մտադիր են դիմել ՄԱԿ-ին` հանրապետությունը ճանաչելու խնդրանքով: Սակայն, դրական պատասխանի հույս այնքան էլ չունեն, Արևմուտքի` հանրաքվեի վերաբերյալ միանշամակ բացասական վերաբերմունքի պատճառով:
Լուգանսկում անկախության համար քվեարկածների թիվն ավելի շատ է եղել, քան Դոնբասում.քվեարկության եկածների 96,2 %-ը պաշտպանել է պետական սուվերենության որոշումը: Լուգանսկի ղեկավարությունը նույնպես մտադիր է դիմել ՄԱԿ-ին` հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով: Բացի այդ, Լուգանսկի մարզային խորհուրդը Կիևից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերն ու պաշտոններում վերականգնել շրջանային ադմինիստրացիայի պաշտոնյաներին` որոնց ազատել են քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, պահանջել են անհապաղ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, որոնք կապահովեն դաշնայնացման գործընթացը:
Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով ՄԱԿ-ում
ՄԱԿ-ի կենտրոնատեղիի Դաք Համարսգյոլդի անվան դահլիճում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որի բանախոսներն էին թուրք մտավորականներ Հալիլ Բերքթայը (Սաբանջը համալսարան), Ֆիլիզ Չելիքը (Լոնդոնի համալսարան) և լրագրող Հայկո Բաղդաթը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ամենամյա այս սեմինարին մշտապես վեր է հանում ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը, անդրադառնում կրթության ու կրթական ծրագրերի առաձնահատուկ դերին:
Օրվա բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներին և ընդգծել այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Բանախոսները նաև անդրադարձել են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ հնարավոր քայլերին՝ ներառյալ հայերի գույքի ու կարողությունների, ժառանգների փոխհատուցման հետ կապված հարցերին։
Գիտաժողովին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:
ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը ազատվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ի պաշտպանություն քեսաբահայության տեղի ունեցած հանրահավաքի մասին
Այսօր՝ չորեքշաբթի, ապրիլի 16-ի առավոտյան թեհրանահայ համայնքը ի պաշտպանություն սիրիահայերի Թեհրանի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ դուրս էր եկել բողոքի ցույցի, որով կրկին եկավ իր ձայնը միացնելու աշխարհասփյուռ հայության ցասումի ձայնին:
Պաստառներով եւ բարձրակոչ լոզունգներով ցուցարարների շարքում էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Նշան արքեպիսկոպոս Գարաքեհեյանը, Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչյանը, թեմի օրենսդիր եւ գործադիր մարմինների, ազգային իշխանությունների ու միությունների ներկայացուցիչներ:
Հանրահավաքը սկսվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնով, ապա իրավաբան Թալին Բանդարին պարսկերեն լեզվով ընթերցեց Քեսաբի հարձակման եւ դրան հաջորդող զարգացումների մասին պատմող հակիրճ հաղորդագրություն, որտեղ կոչ էր ուղղվում նաեւ դատապարտելու իրողությունը:
Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն էլ իր ելույթ-կոչում շեշտադրեց. «Թուրքիան սրանից 99 տարիներ առաջ նույն անմարդկային ոճրագործությունը իրագործեց երբ ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանդի պատճառ եղավ:Եւ տակավին շարունակում է իր ցեղասպան կեցվածքը ցեղասպանության ուրացումով:Բայց թող ինքը եւ իր ժառանգորդները ու աշխարհի անարդար մարդիկ իմանան,որ հայ ժողովուրդը չէր ծնվել մեռնելու համար այլ ծնվել էր ապրելու համար եւ այսօր 99 տարին էր հետո Դեր Զորի անապատից ծնունդ առած մեր ժողովուրդը մեկ մարդու պես շարունակում է իր պայքարը:
Եւ այսօրվա մեր այս հավաքը սիրելիներ ուրիշ բան չէ եթե ոչ վկայությունը այն ճշմարտության,որ մենք իբրեւ քաղաքացիները Իրանի Իսլամական հանրապետության ամենինչ անում ենք,որպեսզի արդարությունը իր տեղը գտնի:Եւ այսօրվա այս հավաքը միջազգային հանգամանք ունեցող այս գրասենյակի դիմաց կոչ է նաեւ միջազգային կազմակերպությանը՝ՄԱԿ-ին,որպեսզի ինքը եւս հետամուտ լինի արդարության եւ ոչ թէ խամաճիկը դառնա Ամերիկայի եւ եւրոպական պետությունների:Մեր ակնկալիքն է, որ միջազգային ընտանիքը սթափվի եւ տեսնի պատմական ճշմարտությունները եւ ըստ այնմ կողմնորոշվի,որովհետեւ ժողովուրդների պատմությունը չի լինի կեղծիքի վրա հիմնել»:
Դոկտ. Կարեն Խանլարյանն էլ, որը ցուցարարների շարքում էր, իր խոսքում նշեց, որ.«Այսպիսով մենք ցանկանում ենք մեր բողոքը հայտնելՄԱԿ-ին եւ միջազգային ատյաններին այս ահաբեկչական խմբերի վայրագությունների հետ կապված:Միաժամանակ ցանկանում ենք մեր ժողովրդի,մեր համայնքի զորակցությունը հայտնել մեր սիրիահայ համայնքին եւ մեկ անգամ եւս հաստատագրել,որ եթե որեւէ մի վտանգ է սպառնում մեր ազգի որեւէ մի հատվածին, համայն հայությունը որպես մեկ ազգ,որպես մեկ կենդանի օրգանիզմ այս հարցերում լինում ենք պահանջատեր եւ միմիանց զորակցում ենք» :
Միանշանակորեն բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքում դատապարտում էին Սիրիայում ծավալվող իրադարձությունները՝ հատկապես, երբ այն ուղղվում է հայ համայնքին
Քաղաքական փորձագետ Իսիկ Յունանեսյանը ընթերցեց վերջնագիրը եւ համահաւաքի ավարտին ցուցարարների անունից վերջնագիրը փոխանցվեց ՄԱԿ-ի ներկայացուցչություն:
Թեհրան՝«Ալիք»օրաթերթի լրագրող Արմինե Էլիազյան
Ուկրաինան ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել երկրի արևելյան շրջաններ
Երկուշաբթի օրը Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երկուշաբթի օրը ՄԱԿ-ին կոչ է արել խաղապահ զորքեր ուղարկել երկրի արևելյան հատվածներ, որտեղ ռուսամետ ապստամբները գրավել են գրեթե 10 քաղաքների ադմինիստրատիվ շենքերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցի ժամանակ Տուրչինովը հայտնել է, որ «հակաահաբեկչական» պայքարը կիրականացվի Ուկրաինայի անվտանգության ուժերի և ՄԱԿ-ի խաղաղապահների հետ համատեղ:
Խաղաղապահների ուղարկելու վերաբերյալ թույլտվությունը պետք է տրամադրի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի:
Երկրի կառավարությունը անզոր է գտնվել երկրի արևելյան ռուսախոս շրջաններում ադմինիստրատիվ շենքերը գրավող ռուսամետ անջատողականներին վերահսկելու համար: Զենքերը վայր դնելու վերաբերյալ ապստամբների համար Տուրչինովի սահմանած ժամկետը անցել է երկուշաբթի առավոտյան առանց որևէ տեսանելի արդյունքի:
Դեսպան Նազարյանի նամակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
1992թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին:
Մարաղայի ջարդերին զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ու անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղապաշտական, ռասիզմի և այլատյացության քաղաքականության վրա, ինչը հանդիսանում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը:

Մեր զատությունն այն ազատությունը չէ, որ թույլ տա ՄԱԿ-ում կամ որևէ նման տեղ ինքնուրույն որոշումներ կայացնել. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը մեծապես կախված էր ռուս-հայկական հարաբերություններից:
ՙՙՀայաստանը գրեթե միայն այդպես կարող էր քվեարկել: Ես հիմքեր ունեմ կարծելու, որ վերջին պահին մեր հայտարարության տեքստը փոխվեց, բայց այլ կերպ չէր էլ կարող լինել: Սեպտեմբերի երեքից հետո Հայաստանը զրկվել է ինքնուրույն նման որոշումներ կայացնելու հնարավորությունից` արտաքին հարցերում կախված դառնալով գերտերութունների կամքից: Այսօր մեզ մեր տեղն են ցույց տալիս՝ ասելով, որ մեր զատությունն այն ազատությունը չէ, որ թույլ տա ՄԱԿ-ում կամ որևէ նման տեղ ինքնուրույն որոշումներ կայացնել՚՚, – այսօր լրագրողներին նման կարծիք հայտնեց քաղաքագետը:

