Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրազեկման ակցիաների շարք է կազմակերպում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ

haykakan-karmir-xach-n37513-1Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները, ուսանողական խորհրդի անդամների հետ, շրջելու են համալսարանի լսարաններով (Տիգրան Մեծի պող. 17 շենք) և տարածելու են տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ` հորդորելով ուսանողներին ու դասախոսական անձնակազմին միանալ պայքարին և կրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած կարմիր ժապավենը: Միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները:

Նույն օրը, ժամը 11:00-12:00-ը իրազեկման ակցիա կանցկացվի նաև թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում (Կորյունի փող. 10): ՀԿԽԸ կամավորները ուսանողներին կլուսաբանեն օրվա խորհուրդը, կբաժանեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը լուսաբանող տպագիր նյութեր և կպատասխանեն նրանց հարցերին:

Հայկական պետական մանկավարժական համալսարանում ակցիայի կոնտակտային անձ` Նազելի Կիրակոսյան, (հեռ. 055534302)

Թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում ակցիայի կոնտակտային անձ` Զառա Խուդոյան, (հեռ. 095278443)

1988-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում դեկտեմբերի  1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն 2011 թ. տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 34 մլն է, արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2.5 մլն նոր դեպք, որոնցից 330 000-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: 2011թ. ընթացքում գրանցվել է ՁԻԱՀ-ից 1.7 մլն մահացության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում` հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ_ի կանխարգելման ոլորտում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ ընկերության պաշտոնական www.redcross.am կայքից:

 

Եղի′ր իրազեկ ու մի′ վախեցիր ՄԻԱՎ-ից

DSC_0320Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ։

«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել ՄԻԱՎ-ի մասին, հնարավորինս մեծ թվով երիտասարդների հետազոտել, որպեսզի իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։ «Հուսով ենք, որ ծրագրի արդյունքով կունենանք ավելի իրազեկ, հետևաբար՝ պաշտպանված ու առողջ երիտասարդներ։ Ծրագիրը կնպաստի, որպեսզի երիտասարդները հետազոտվեն, և ունենանք իրենց կարգավիճակն իմացող երիտասարդներ։ Իսկ դա շատ կարևոր է, քանի որ իմանալով ՄԻԱՎ կարգավիճակը՝ կարելի է ժամանակին դիմել բժշկի, ստանալ դեղահաբեր և առօրյան կազմակերպել այնպես, որ ապրես երկար տարիների լիարժեք կյանքով։ Միևնույն ժամանակ, իմանալով քո կարգավիճակը՝ չես փոխանցի ՄԻԱՎ վարակը հարազատներիդ, ինչու չէ, նաև քո ապագա զավակին»,- ասում է Նարինե Մեժլումյանը՝ նշելով, որ ՄԻԱՎ հետազոտությունը Հայաստանում անվճար է, այն իրականացվում է շատ հեշտ ու անանուն։

Ծրագրի համակարգողը նաև ընդգծում է, որ երիտասարդությունն այսօր լայնորեն ներգրավված է զբոսաշրջության մեջ, արտագնա աշխատանքներում, տարբեր միջազգային փոխանակման ծրագրերում, ինչը նրանց ՄԻԱՎ-ի նկատմամբ դարձնում է խոցելի։

Ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արթուր Միքայելյանն Արթիկից է և դեռևս դպրոցական տարիներից տեղեկացված է ՄԻԱՎ վարակի մասին, գիտի փոխանցման ճանապարհները, կանխարգելման ուղիները։ Համարում է, որ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, և ՄԻԱՎ-ով կարելի է լիարժեք ապրել։

Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի դեպքերը կարծես թե նվազում են, սակայն  ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ դեռևս նվազման միտում չի նկատվում Ուկրաինայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որոնց հետ Հայաստանի բնակչությունն առավել շատ շփումներ ունի։

Աշխարհում, ըստ հաշվարկային տվյալների, կա 34 միլիոն ՄԻԱՎ վարակակիր, որից 3,3 միլիոնը մինչև 15 տարեկան երեխաներ են։ 2011թ. տվյալներով՝ նոր ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասնում է 2,5 միլիոնի։

Նշենք, որ «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում։

Նման քննարկումներ ու միջոցառումներ մինչև նոյեմբերի 29-ը տեղի կունենան ևս 4 բուհերում։ Տեղեկատվական ակցիաներ են իրականացվում նաև ՀՀ մարզերում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

vichՀունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների եւ քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ներկայացվեց 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստին ելույթներով հանդես եկան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում` ԵՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացրեցին հռչակագրում տեղ գտած ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչեւ 2015թ. հիմնական թիրախային տաս նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի եւ իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ, չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետեւանքով մահացության դեպքերի նվազման հանգամանքին, Արեւելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ: Նա նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում եւ հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաեւ լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայնման, խորհրդատվական եւ ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերջին տարիներին ԶԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրանացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է՝ հավելելով, որ ՀՀ ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը՝ դեսպանը Նազարյանը նշեց, որ անհրաժեշտ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաեւ 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում եւ ծրագրերում: