ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից: «Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, և ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան: Պայմանավորվեցինք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա կայցելի մեր երկիր», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», – հավելել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մեդվեդևի հետ քննարկել են նաև առաջիկայում երկկողմ պաշտոնական փոխայցերի կազմակերպման հարցը: «Կցանկանայի ասել, որ մենք շփումներ ենք ունեցել դեռ իմ և պարոն Մեդվեդևի փոխվարչապետ եղած ժամանակ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները հնարավորություն կտան, որպեսզի մեր երկրների կառավարություններն արդյունավետ աշխատեն», – եզրափակել է Հայաստանի վարչապետը:
Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:
Tag Archives: Մինսկ
Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:
ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումով ավարտվել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև ընդլայնված կազմով նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման, տրանսպորտային անվտանգության ապահովման, զինված ուժերի տեղագրա-երկրաբաշխական, նավիգացիոն ապահովման և հումանիտար ականազերծման ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաև որոշ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Հավանության են արժանացել մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ազգային մարզաձևերի աջակցման ու զարգացման ծրագիրը` 2015-2017 թթ. միջոցառումների ծրագրով, հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության իրականացման, մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում դաբաղ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համալիր միջոցառումների ծրագրերը:
Ի գիտություն է ընդունվել ԱՊՀ մասնակից պետությունների` մինչև 2020 թ. ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի և 2012-2014 թթ. ծրագրի միջոցառումների համալիրի իրականացման ընթացքի, Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի, մշակութային համագործակցության խորհրդի գործունեության, ինչպես նաև ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թ. և 2013 թ. փաստաթղթային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:
Նիստի ավարտից հետո ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվին կազմակերպված աշխատանքային ճաշին:
Հայաստանի շախմատիստները Մինսկում ոչնչով աչքի չընկան
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Դավիթ Բրոնշտեյնի շախմատի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն ամասն մնացին խաղարկված պարգևներից:
Կայացած 9 տուրում մերոնցից լավագույն ցուցանիշն ունի Գաբրիել Սարգսյանը` 6,5-ի: Նա գրավեց 7-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող` Վլադիմիր Հակոբյանը, 6 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում:
7 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Բաադուր Ջոբավան: Նա գործակիցներով առաջ անցավ նույնպես 7 միավոր վաստակած ուկրաինացիներ Սերգեյ Ֆեդորչուկից և Միխայլո Օլեկսիենկոյից:
Մինսկում մեր շախմատիստներն առայժմ ետ են մնում մրցակիցներից
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող շախմատի Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի 6-րդ տու8ն ընդհանուր առմամբ հաջող էր հայ շախմատիստների համար: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին՝ Վլադիրմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, Մհեր Հովհաննիսյանը, Դավիթ Կարթորոսյանը, Դավիթ Գևորգյանը, Նորայր Թորոսյանը: Պարտվեցին` Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ռոման Հովհաննիսյանը: Մեր մյուս մասնակիցները ոչ-ոքի խաղացին:
4-ական միավորով Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը,Կարեն Գրիգորյանը և Մհեր Հովհաննիսյանը 13-33-րդ տեղերը բաժանողների խմբում են:
5,5 միավորով աղյուսակը գլխավորում է ռուսաsտանցի 17-ամյա գրոսմայստեր Դանիել Դուբովը:
Հայկական շախամատային դեսանտ` Մինսկում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կմեկնարկի ճանաչված գրոսմայստեր Դավիթ Բրոնշտեյնի ծննդյան 90-ին նվիրված շախմատի միջազգային հուշամրցաշարը: Ստուգատեսի գլխավոր մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 148 շախմատիստներ:
Մեր երկրից կարողությունները կփորձեն 16 շախմատիստներ, այդ թվում` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, երիտասարդ գրոսամյստերներ Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և ուրիշներ:
Շվեյցարական մրցակարգով կխաղացվի 9 տուր: Հաղթողը որպես պարգև կստանա 10 հազար դոլար: 2-րդ մրցանակակիրը կհարստանա 6 հազար 500, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատիստը՝ 4 հազար դոլարով:
ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին մասնակցեց Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։
Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին ԱՊՀ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:
ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացան 2015 թվականը ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելու և 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:
Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին: Մասնավորապես քննարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաև մարդկանց առևտրի, հանցավորության, թմրամիջոցների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համատեղ միջոցառումների միջպետական ծրագրերի նախագծերը:
Արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց մինչև 2020 թվականը զբոսաշրջության բնագավառում համագործակցության Ռազմավարության նախագծին, որտեղ ամփոփված են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակները, Համագործակցության միասնական տարածք ձևավորելու մեխանիզմները:
Նիստի ընթացքում քննարկվեցին «2014 թվականին Ղազախստանի Հանրապետությունում (Ալմաթի) և Ղրղզական Հանրապետությունում (Օշ) քաղաքները «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման մասին» որոշումների նախագծերը: