Շուրջ 200 ժամկետային զինծառայողներ և նրանց ծնողները հանդիպել են Երևանում

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երևանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Երևանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև ԼՂՀ զորամասերում ծառայող երևանաբնակ զինվորների ծնողների զորամասեր այցերի կազմակերպման ծրագրի: Կարևորելով նմանատիպ ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ նախաձեռնությունը լինելու է շարունակական. «Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է:

001 (1)

Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ևս լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մասնակցությամբ զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու «Բանակը մեր տունն է» ֆիլմը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի:

Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ:  Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:

Բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի ներդրումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում՝ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության համար, Տարոն Մարգարյանին, ի նշան երախտագիտության, պարգևատրել է Պաշտպանության բանակի հուշամեդալով:  

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Տ.Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է բանակի, զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին և իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նրանց: 

Միջոցառման ավարտին Տարոն Մարգարյանը շփվել և զրուցել է զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Օգտվելով առիթից՝ վերջինները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև ծառայության ընթացքում ծնողների հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Պաշտպանության նախարարն Արցախը Ռուսաստանին միացնելու մասին

մովսես հակոբյանԾառայողական այցով Գյումրիում գտնվող ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր խոսեց սահմանում տիրող վիճակի ու բանակի մասին.

“Կարծում եմ Արցախի բանակը բազմիցս ապացուցել է` սկսած 88 թվականից, որ ինքն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել և որևէ մի անգամ կասկած չի հարուցել իր ժողովրդի առաջ: Մեր բանակն այսօր ավելի քան հզոր է և պատրաստակամ` ցանկացած խնդիր, ցանկացած վայրում իրականացնելու համար”:
Անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկու վերջերս արած հայտարարությանը` թե Արցախը պետք է կազմի Ռուսաստանի մաս, ԼՂՀ պաշտպանության նախարարը Գյումրիում հայտարարեց. “Կարծում եմ որևէ մեկին իրավունք վերապահված չէ Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել, որովհետև Ղարաբաղն ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը: Ես չեմ պատասխանի ռուս գործչին. ամեն մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն մի արտահայտվածի պատասխան չեն տալիս: Ինչ պիտի անենք` Ժիրինովսկին ու իր նմանները հայտարարություններ պիտի կատարեն, թող անեն` դա իրենց գործն է, դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում”:

Անկախ

Նախարարը տուն էր բերել ԼՂՀ-ում ծառայող գյումրեցի զինվորներին

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԱյսօր Գյումրի էր ժամանել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախարարը Հայաստանի մշակութային մայրաքաղաք էր եկել 123 զինվորների և բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի, ԼՂՀ զորամասերում ծառայող շիրակցի զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպումը:

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԻր ելույթում նախարար Մովսես Հակոբյանը նշեց, թե ինչպիսի խիզախ տղաներ են Շիրակի մարզի զավակները, ինչ օրինակելի զինվորներ են. “Մենք փորձում ենք մեր պետության ամենափոքր բջիջը` դա ընտանիքն է, հզորացնել: Եվ նման լավ ծառայող զինվորների ծնողներին այստեղ բերել մեծարելը հենց այդ նպատակն է հետապնդում: Իսկ ինչու առաջին անգամ ու Գյումրին` որոշել եմ այդպես, որովհետև մեր բոլոր կարևոր միջոցառումները պիտի սկսենք այստեղից. Առաջինը, որ հայ ժողովրդի մշակութային կենտրոնն է և սա հենց մշակութային միջոցառում կարելի է համարել: Երկրորդ` Գյումրին սահմանակից է Թուրքիային և այստեղ ժողովրդին ևս պետք էպատրաստել, որպեսզի հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդն էլ կարողանա այստեղ ներկա գտնվել և իրաջակցության ձեռքը մեկնել, և երրորդը` Շիրակն ամենամեծ մարզն է ու ամենաշատ զորակոչն այստեղից է: Անպայման կպլանավորենք և բոլոր մարզերում էլ սա կիրականացնենք”:
Օգտվելով առիթից ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահ Յուրա Ալեքսանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախարարից խնդրեցի` զինվորներին թույլ տալ մի հինգ օր վայելել ընտանեկան ջերմությունը:
Սակայն քաղաքապետն ու ազատամարտիկը բնավ էլ անակնկալ հարց չէին բարձրացրել, որի մասին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. “Այդ հինգ օրվա մասին որ խոսում էիք` նախարարն ասաց, որ ինքն այդ տրամադրությամբ էլ եկել է”, – ապա անդրադառնալով օրվա յուրօրինակությանը շարունակեց. –“Սա մի նոր ու բովանդակալից միջոցառում է, որի բոլոր մասնակիցների գլխավոր նպատակը մեր երկրի հուսալի պաշտպանությունն է: Վստահ եմ, որ բանակ և ընտանիք կապի ամրապնդումը զինվորների և նրանց ծնողների համար դառնալու է ոգևորության, կարոտի ու սպասման պահեր: Հերթական անգամ հպարտությամբ են լցվելու այն ծնողների սրտերը, որոնց զավակները զինվորներ են, աչքի են ընկել ծառայության մեջ այնքան, որ հրամանատարը որոշել է բերել ծնողներին տեսության: Որքան պիտի սիրի ու հարգի հրամանատարն իր զինվորներին, որ հոգսաշատ, լարված առօրյայից ժամանակ գտնի նման այցելություն կազմակրպելու համար”:
Հանդիպմանն իր օրհնությունը բերեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: “Ես շատ հպարտ եմ, որ Շիրակի մարզի զինվորները լավ են ծառայում, խիզախ են: Եվ անշուշտ, իմ շնորհակալությունը գնում է դեպի մեր մայրերը, որ առյուծ են դաստիարակել, ոչ թե աղվես: Ես շնորհակալություն եմ հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին, որ մեր երիտասարդներին այդպես հայրական հոգացություն են ցուցաբերումում, տղամարդ են դաստիարակում, զինվոր են դաստիարակում”, – իր խոսքում նշեց սրբազանը:
Մովսես Հակոբյանն անձամբ բոլոր 123 զինվորների ծնողներին հանձնեց շնորհակալագրեր, իսկ Շիրակի մարզպետի կողմից նախարարը նվեր ստացավ Աստվածաշունչ, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր զինվորներին նվիրեց վերջերս լույս տեսած “Գյումրի” գիրքը, զորամասերից մեկը նվեր ստացավ ձայնասյուներ, իսկ պաշտպանության նախարարը` Գյումրվա մուշուրբա: ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով մարզի մի շարք արցախյան ազատամարտիկներ պարգևատրվեցին պաշտպանության բանակի հուշամեդալով, իսկ ովքեր հաշմանդամության պատճառով ներկա չէին հանդիպմանը, նախարարն անձամբ գնաց նրանց տները` մեդալները հանձնելու: