Հնդկաստանում Նելսոն Մանդելային շփոթել են Մորգան Ֆրիմանի հետ

pic_238088153339d11b2dcd1a214bc041dfՀնդկաստանի Կոիմբատուր քաղաքում, փողոցում Նելսոն Մանդելայի հիշատակին մի պաստառ է հայտնվել, սակայն լուսանկարում  Մանդելայի փոխարեն Մորգան Ֆրիմանն է:

Սգո ոճով պատրաստված պաստառում ասվում է, որ Մանդելան սիրո մասին , բռնության դեմ  գաղափարներ էր տարածում և մտածում սերունդների բարեկեցության մասին: “Ֆերմերը կարող է քնել, սակայն նրա ցանած սերմերը երբեք չեն քնի”,-ասվում է հարավաֆրիկյան քաղաքական գործչին նվիրված ուղերձում:

Իսկ ներքևում տեղադրված են Մայր Թերեզայի, Մարտին Լյութեր Քինգի ու Մահաթմա Գանդիի նկարները: Բոլոր այդ լուսանկարները ճիշտ են ընտրվել:

Պաստառի պատասխանատուները խոստացել են այն շատ արագ փոխարինել:

Մորգան Ֆրիմանը, որ 2009-ին խաղացել է Մանդելայի դերը “Չհնազանդեցվածը” ֆիլմում, դեռևս չի մեկնաբանել այս իրավիճակը: Սակայն սա միակ դեպքը չէ, որ Մանդելային շփոթում են Մորգան Ֆրիմանի հետ: Սոցիալական ցանցերում ևս Մանդելայի մահից հետո հայտնվեցին ցավակցական մեկնաբանություններ` դերասանի լուսանկարով:

Աֆրիկյան Կունու գյուղում տեղի է ունեցել Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը

Նելսոն ՄանդելաՀարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը այսօր առավոտյան տեղի է ունեցել նրա հարազատ Կունու գյուղում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում: Արարողությանը մասնակցել են մի քանի հազար հարազատներ և ցեղակիցներ: «Ազգի հոր» գերեզմանի մոտ տեղադրված մի քանի տասնյակ թնդանոթներ կրակել են ի հիշատակ Մանդելայի:

Լեգենդար առաջնորդի հարազատների խնդրանքով արգելվել է արարողության ֆոտո և վիդեո նկարահանումները, քանի որ թաղումը իրականացվել է ցեղային ավանդույթներով: Այնուհանդերձ տեղական հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակել է արարողությունը:
Նելսոն Մանդելան մահացավ դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգի իր տանը 95 տարեկանում: Նա Հարավային Աֆրիկայի պատմության մեջ դարձավ առաջին սևամորթը նախագահը, որը այդ պաշտոնը զբաղեցրեց 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսը: Մանդելան, պայքարելով խտրականության ռեժիմի դեմ, բանտում անցկացրել է 27 տարի: 1993 թվականին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի:

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՀ նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան:

Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության մեջ՝ նա չդադարեց հավատալ և պայքարել այլոց ազատության համար: Հենց այդ անսահման հավատն էր, որ առաջնորդեց նրա քաղաքական ու մարդասիրական գործունեությունը՝ հանուն ազատության և հավասարության գաղափարների կյանքի կոչման և արմատավորման:

Մանդելայի ժառանգությունը սփռվում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության սահմաններից անդին՝ մարդկությանը պատգամելով սիրո և հանդուրժողականության, ներողամտության և հաշտեցման զորությունը: Նելսոն Մանդելայի գաղափարներն ու անցած ճանապարհը, անշուշտ, ոգեշնչելու և ուղենիշ են լինելու բազմաթիվ սերունդների համար, քանզի նրա որդեգրած արժեքներն ու կենսափիլիսոփայությունը անսպառ են ու մշտակայուն:

Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին: Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է: Նա ինքն էր այս ճակատագիրը կանխորոշել իր համար»,-ցավակցական հեռագրում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեջբերելով Նելսոն Մանդելայի խոսքերը. «Մահն անխուսափելի է: Սակայն երբ մարդն արել է այն, ինչ համարում է իր պարտքը սեփական ժողովրդի և երկրի առջև, կարող է հանգչել խաղաղությամբ: Հավատում եմ, որ ես դա արել եմ, ուստի ես կննջեմ հավերժության մեջ»: