«Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել, տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել…». այգեպարցի բնակիչ (բացառիկ լուսանկարներ)


10406401_783913391631252_6853065256775602955_n
Տավուշում գիշերը չափազանց լարված է եղել: Հակառակորդն ամբողջ գիշեր խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի գյուղերը, կրակել նաև հայկական հենակետերի ուղղությամբ:

Գնդակոծությունը սկսվել է գիշերը 1:30 և շարունակվել մինչև լուսաբաց: Կրակահերթերն ուժգին են եղել հատկապես Այգեպար և Ներքին կարմիրաղբյուր գյուղերում:

Անկախ-ի տեղեկություններով, Այգեպարում երկու տուն է այրվել: Մեկը պատկանում է այգեպարցի Արարատ Վարդազարյանին, որոնց տանն այս պահին, բարեբախտաբար, բնակիչներ չեն ապրում, մյուսը` Արշալույս Գևորգյանին, որը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: <<Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել: Տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել, ինչ ասեմ>>,-ասաց Արշալույս Գևորգյանը:

Դեպքը պատահել է գիշերը՝ ժամը երեքին: Հրշեջ մեքենան Բերդից եկել, մոտեցել է մինչև Տավուշի ջրամբարին, բայց ուժգին կրակոցների պատճառով չի կարողացել մոտենալ այրվող տանը:

Արշալույս Գևորգյանի խոսքով՝ ոչինչ չի փրկվել: <<Տասնյակ լիտրեր օղին, գինին, մի քանի պարկ ալյուրը, ցորենը, ամեն ինչ, ամեն ինչ, փաստաթղթերս, անձնագիրս, ամեն ինչ վառվեց, երկու հեռուստացույց, սառնարան, հագուստը, բազմոցը, չկարացինք հանգցնենք>>:

Հարևանները փորձել են օգնել Գևորգյանների ընտանիքին, սակայն ուժգին կրակոցների ներքո տան հրդեհը մարել չեն կարողացել: Այս պահին գրեթե ամբողջ գյուղը, բարեկամները Գևորգյանների ընտանիքի կողքին են, փորձում են սփոփել գրեթե անսփոփելին:

Նշենք նաև, որ սահմանային լարվածության պատճառով բնակիչները պատսպարվել և լուսացրել են թաքստոցներում և տան նկուղներում: <<Չինարիում էդքան ուժեղ չէր, հատուկենտ կրակոց ա եղել: Հիմնականում Այգեպարի ու Ներքին կարմիրաղբյուրի վրա են կրակել>>,-Անկախ-ի հետ զրույցում ասաց չինարեցի Վանիկ Ոսկանյանը` նշելով նաև, որ Ադրբեջանում սպանված համագյուղացու` Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին փոխանցելու մասին դեռևս որևէ լուր չունեն:

Անկախ

Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են գնդակոծվել

ՉինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են կրակի տակ լինել: Ադրբեջանական զինուժն արդեն մի քանի ժամ է` նախ մերթընդմերթ, ապա ինտենսիվ սկսել է գնդակոծել այս գյուղերի ուղղությամբ:

Չինարի-3

Չինարիի գյուղապետն Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղն ուժգին գնդակոծվում է, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, բարեբախտաբար, տուժածներ չկան: Սամվել Սաղոյանն ասել է նաև, որ նոր է հացահատիկի դաշտից դուրս եկել, հենց սկսել են հնձել, հակառակորդը կրակահերթ է բացել: <<Հազիվ մեկ հեկտար հնձեցինք, սկսեցին կրակել: Տենում ես` ինչ են անում>>,-ասել է Չինարի գյուղապետը, որի հետ հեռախոսազրույցում պարզ լսելի են եղել գնդակոծության ձայները:

Մեր տեղեկություններով` գնդակոծվել են նաև Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Այգեպարից մեզ փոխանցել են, որ այնքան ինտենսիվ են կրակում, որ գյուղի լույսերն անջատել են, և մարդիկ չեն համարձակվում տներից դուրս գալ:

10588921_778252668863991_909348174_nՄովսես գյուղի բնակիչների խոսքով` վերջին շրջանում հակառակորդը նման զինատեսակներից դեռ չէր կրակել: <<Նոր ենք ապաստարաններից դուրս եկել, մոտ տասը րոպե կլինի` հարաբերական անդորր է: Ասում են` ադրբեջանցիք պոստերը փոխել են, այդ պատճառով կրակի տակ է հայտնվել հենց գյուղամեջը: Առավոտյան պարզ կլինի` վնասները որքան են>>,-ասել են մովսեսցիները:

Չինարի-1Ըստ նրանց` հակառակորդը կրակել է գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որտեղ նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

 

Անկախ

Հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղությամբ (լրացված)

загруженноеԼարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Մովսեսի բնակիչները ևս Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ այս պահին ադրբեջանական զինուժը կրակում է սահմանապահ գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ. “Դրա վախտը չի, գյուղս քանդեցին”,-հուզված ասել է գյուղապետն ու անջատել հեռախոսը:

10357592_776848232337768_4203251466397025938_nԱդրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Գյուղի բնակիչերը չեն կարողանում դուրս գալ տներից: Ներքին կարմիրաղբյուրի բնակչուհի Ռիտա Գալստյանը և նրա ամուսինը` Նելսոն Գալստյանը, ասել են, որ այնքան ուժգին են կրակոցները, որ վախենում են անասնագոմից դուրս գալ և տուն գնալ: Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը ևս հաստատել է տեղեկությունը, որ հակառակորդը գնդակոծում է գյուղը, կրակահերթերը ուղղված են բնակելի տների, գյուղի փողոցների վրա, և ինքն այս պահին աշխատանքի վայրում է, և մի քանի ժամ տևող կրակոցների պատճառով չի կարողանում տուն գնալ:

 Լրացված

65983_776848112337780_6522325107036315614_nՄովսեսի ուղղությամբ հակառակորդը կրակում է նռնականետերով: Գյուղացիների խոսքով, ադրբեջանական դիպուկահարների անկանոն կրակահերթերն ուղղված են կոնկրետ նպատակի` տների ուղղությամբ: <<Ուղղությունը փոխել են, մի ժամանակ շփման գծին ավելի մոտ <<Հոնուտ>> կոչվող թաղամասի վրա էին կրակում, հիմա փոխել են ուղղությունը, կրակում են գյուղի կենտրոնական հատվածի վրա: Հիմնական նպատակներից մեկն էլ ցորենի բերքահավաքին խոչընդոտելն է, երևի չեն էլ թողնի հնձենք արտերը>>,-նշել է Մովսես գյուղի բնակիչներից Անուշ Անոնյանը: Նա ասել է, որ կրակահերթերից մեկը դիպել է իրենց հարևանությամբ տներից մեկին, վնասել պատերը, դարպասները:

1908377_776848265671098_4728771033523872518_nԻ դեպ, հուլիսի 25-ին սահմանամերձ գյուղերում պետք է իրականացվեր հացահատիկի բերքահավաքը, որի անվտանգության ապահովման համար Մովսեսն ու Չինարին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` պահանջելով ներկա գտնվել տարածաշրջանում և ապահովել անվտանգության երաշխիքներ: Մինչդեռ ադրբեջանական կողմը այդ նույն ժամանակահատվածում սկսել է գնդակոծել գյուղերը:

 

Անկախ

Ներքին կարմիրաղբյուրում գիշերվա կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը

Ներքին ԿարմիրաղբյուրԵրեկ գիշեր մի քանի ժամ հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը , Չորաթանի Ներքին շեն հանդամասը, որտեղ այդ պահին աշխատելիս են եղել գյուղացիները:

Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Անկախի թղթակցին ասել է, որ հակառակորդի անընդմեջ կրակահերթի պատճառով գյուղացիները չեն կարողացել այգիներից երկար ժամանակ դուրս գալ:ՙՙՀակառակորդը խփել է չորաթանցի Լեռնիկ Քալանթարյանի նաև Լևոն Քալանթարյանի ավտոմեքենաներին, գնդակներից մեկը պայթել է շարժիչի մեջ, մյուսը ջարդուխուրդ արել մեքենայի դիմապակին: Բարեբախտաբար, մեքենայի վարորդները չեն տուժել:ՙՙԱյնքան ինտենսիվ են դարձել կրակոցները, որ երևի մեր գյուղացիները չկարողանան այլևս մշակել այգիները: Ներքին շենը ադրբեջանական գյուղից հեռու է մի քանի հարյուր մետր, որտեղ Չորաթան գյուղի 30-40հա խաղողի այգիներն են՚՚,-ասել է Վարուժան Բաղմանյանը:

Նա ասաց, որ ինքն այդ պահին գտնվել է սահմանամերձ Չինարի գյուղում, որը ևս գիշերը գնդակոծվել է, կրակել են գյուղի կենտրոնական փողոցների, տների տանիքների, դարպասների ուղղությամբ: Ներքին կարմիրաղբյուրում կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը:

Երեկ ուշ երեկոյան Անկախը գրել էր, որ ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում են Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղերը:

 

Անկախ

Սահմանամերձ Չինարիի, Մովսեսի ու Ներքին կարմիրի լավագույն շրջանավարտները պայքարում են` բուհեր ընդունվելու համար

10174997_754055811283677_7288535766876554702_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ավարտեց 12 աշակերտ` 5 տղա, 7 աղջիկ: Նրանցից երեքը դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Անահիտ Պետրոսյանը դիմել է ԵՊՀ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ, հայոց լեզվից միասնական քննությունն արդեն հանձնել է, ստացել` 18,75 միավոր: Չինարիի միջնակարգ դպրոցի շրջանավարտներ Հերիքնազ Աղասյանն ու Մարիամ Մակարյանը ևս դիմել են բուհ` մեկը ԵՊՀ, մյուսը Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համասարանի աշխարհագրական ֆակուլտետներ:

10336628_754055857950339_2023909814870326887_nՉինարիի դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երկու տղա դիմել է ԴՈՍԱՖ` ձեռք բերելու վարորդական իրավունք: Նրանք կզորակոչվեն բանակ: Դպրոցի երեք շրջանավարտ տղաները որոշակի առողջական խնդիրներ ունեն: <<Ես կարծում եմ` այդ խնդիրները պատերազմի, անընդհատ կրակոցների, վախերի, սթրեսների հետևանքով են: Խնդիրները սրտի, գլխի հետ են կապված, բայց բուժման և որոշակի ժամանակից հետո հնարավոր է մեր այդ երեք տղաները ևս բանակ գնան>>:

Սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղի դպրոցին այս տարի հրաժեշտ տվեց 11 աշակերտ: Նրանցից 9-ը հայտագրվել է բուհ ընդունվելու համար: Նրանք դիմել են ՀՊՏՀ, ԵՊՀ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Ներքին կարմիրցի դիմորդներն արդեն հանձնել են հայոց լեզվի միասնական քննությունը: <<Մենք երեխաների գրավորները ստուգել, համեմատել ենք, կարծում ենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն: Ավագյան Անին հավաքել է 19 միավոր, Միրզոյան Էմման 18,75, Իսրայելյան Մարիամը` 18,25>>:

Ներքին կարմիրի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նառա Պապյանը Անկախ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մասնագիտության ընտրության հարցում իրենք երեխաներին որոշակի ուղություն տվել են: <<Ես անգլերենի մասնագետ եմ: Շատ կցանկանայինք, որ կարիերայի մասնագետ ունենայինք, նա մեր շրջանավարտների հետ որոշակի աշխատանք իրականացներ: Ամեն դեպքում, մենք խորհուրդներով փորձում ենք օգնել: Երեխաները որոշ ծրագրային հարցեր կրկնուսույցի մոտ են սովորում, Բերդում: Դա շատ լավ է, նախ երեխաները շրջկենտրոն են գնում, միջավայր են փոխում, դա նաև միասնական քննությունների ժամանակ իրենց ուժերի հանդեպ վստահություն է ապահովում>>,-ասաց Նառա Պապյանը:

10405687_754055737950351_62594759753306948_nՀայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի լավագույն շրջանավարտները ևս դիմել են բուհեր: Նրանք դիմել են ԵՊՀ, Երևանի պետական մանկավարժական համալսարան, Ագրարային համալսարան, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համլսարան: Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը նշել է, որ դիմել է ՀՕՖ երեխաների ուսման վարձերի զեղչերի համար Մովսեսը ևս բարեսիրական այդ կառույցի նախագծած քարտեզի մեջ ընդգրկելու նպատակով: <<Մեր երեխաները միշտ օգտվել են բուհական զեղչերի համակարգերից: Ոչ միայն այն պատճառով, որ սահմանամերձ բնակավայրերից են, այլև ուսման առաջադիմության համար, զոհված ազատամարտիկի երեխա լինելու հանգամանքը ևս հաշվի է առնվում>>:

 

Անկախ

Հակառակորդը կրակահերթ է բացել Ներքին Կարմրաղբյուր գյուղի ուղղությամբ. տուժածներ չկան

ՊԲ,պնՀակառակորդը  հերթական անգամ հրադադարը խախտել է  Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր եւ Այգեպար  գյուղերի ուղղությամբ, բարեբախտաբար տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ներքին Կարմաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: «Կրակոցները սկսեցին հունվարի 10 երեկոյան: Հիմնականում Ներքին Կարմրաղբյուր  եւ Այգեպար  գյուղերի հենակետերի ուղղությամբ էին կրակում: Դպրոցների, մանկապարտեզի եւ բնակելի տների վրա էլ են կրակել, սակայն փառք Աստծո զոհեր եւ վիրավորներ չունենք: Բարեբախտաբար նաեւ աշակերտները արձակուրդի մեջ են»,- պատմեց գյուղապետը: Նա նաեւ ավելացրեց, որ այսօր կրակոցներ չեն հնչել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ հունվարի 10-ին երեկոյան հրադադարի խախտման ռեժիմի խախտում է արձանագրվել: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, մի քանի րոպե շարունակ վարել է հրաձգային կրակ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ:

Անկախ