“Ղրիմում հանրաքվեն կկայանա և, դժվար թե, ինչ-որ բան խանգարի դրա իրականացմանը”. Գագիկ Հարությունյան

Գագիկ Հարությունյան“Նորավանք” գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ղրիմում հանրաքվե անցկացնելու հարցին` նշեց, որ կարծում եմ՝ Ղրիմում հանրաքվեն կկայանա և, դժվար թե, ինչ-որ բան խանգարի դրա իրականացմանը:

Անդրադառնալով Արցախի և Ղրիմի միջև անցկացվող համեմատություններին` Գագիկ Հարությունյանը նշեց, որ, թեև աշխարհի բոլոր տաք կետերը ընդհանրություներ ունեն, բայց նրանց մեջ կան նաև կարևոր տարբերություններ:

“Ղարաբաղի խնդիրն էապես տարբերվում է Ղրիմի խնդրից: Հիշում եմ, թե մեզ մոտ ինչ ոգևորություն կար Կոսովոյի դեպքի հետ կապված, բայց տեսանք` ինչ եղավ”,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Ղրիմում կատարվող իրադարձությունների ֆոնին Մաքսային միությանն անդամակցությանը, օգուտներին ու վնասներին անդրադառնալով`Գագիկ Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով` Մաքսային Միությանն անդամակցության հարցում Հայաստանն ամենևին էլ շտապողականություն չի դրսևորել, ամեն ինչ գնում է ըստ պլանի:

“Մաքսային Միությունը մեզ շատ ձեռնտու միություն է, որովհետև դժվար է պատկերացնել տնտեսական և ռազմական ոլորտներն իրարից անջատ: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն էլ մեզ համար կարևոր գործընկեր են և, կարծես թե, մեր իշխանությունները կարողանում են դեռ համատեղման քաղաքականություն վարել: Միևնույն ժամանակ, ադրբեջանական և թուրքական փորձագետներն են ասում, որ Մաքսային Միություն մտնելով` Հայաստանը անհնար դարձրեց ռազմական ճանապարհով Արցախի հարցի լուծումը”,-ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է անի այն, ինչ հիմա անում է` լինի բավական զգուշավոր:

Անկախ

 

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն». Գագիկ Հարությունյան

Գագիկ ՀարությունյանԱրտաքին ճակատում Թուրքիան ներկայումս բավական բարդ իրավիճակի մեջ է հայտնվել: Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ի դերև հանեցին Թուրքիայի հույսերը: Այս ամենին գումարվում են ներքին խնդիրները՝ Գեզիի դեպքերը, կոռուպցիոն հայտնի սկանդալը և այլն: Շատերն ասում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շուտով հրաժեշտ կտա քաղաքականությանը, սակայն ճիշտ կլինի սպասել այդ երկրում մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար, փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` փորձագետը նկատեց, որ առնվազն միամտություն է պնդել, որ այդ քայլից հետո Հայաստանին որևէ վտանգ չի սպառնա:

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Պետք է գիտակցել այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ սահմանի բացումից հետո»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գագիկ Հարությունյանը հնացած է համարեց միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական կողմի ռազմավարությունը: Նրա խոսքով` խնդիրը բարձրաձայնելուց բաից այլ բան գրեթե չի արվում:

«Իսկ ահա Թուրքիան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր վարած մեղմ քաղաքականությամբ փորձում է անգամ կապեր հաստատել սփյուռքահայ կազմակերպությունների հետ»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն խնդրին դրական լուծում տալու համար:

Անկախ