Ավարտվել է ոստիկանի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութ փոխադրելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

հքծՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) բջջային հեռախոսներ և լիցքավորող սարքեր փոխադրելու ժամանակ դրանց միջից հայտնաբերված «Բուպրենորֆին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հաստատվել է, որ 2013թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Ա.-ն, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Ա. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի խորտկարաններից մեկի հարևանությամբ գործող մթերային խանութի մոտ, քաղաքացու կողմից իրեն հանձնված երկու բջջային հեռախոսը և մեկ լիցքավորիչ սարքը նույն հիմնարկի կրտսեր մասնագետ Ա.Կ.-ին գաղտնի փոխանցելու համար ստացել է կանխիկ գումար:
Նույն օրը Տ. Ա.-ն, հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը հագուստի գրպաններում, մուտք է գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել են հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

«Թովմաս Վարդանյանի գործում կան փաստեր, որոնք կարող են ապացուցել նրա անմեղությունը». փաստաբան

Թովմաս Վարդանյան«Զվարթնոց» օդանավակայանի Էսպերանտո սրճարանի խոհարարի օգնական Թովմաս Վարդանյանին առաջադրված քրեական գործում շատ մութ կողմեր կան: Ամբաստանյալի պաշտպան Արմեն Մկրտչյանի խոսքով` գործի դատաքննության վերսկսման ընթացքում կատարվել են մի շարք ստուգողական գործողություններ և ի հայտ են եկել այնպիսի փաստեր, որոնք հակասական են և վկայում են իր պաշտպանյալի անմեղության մասին:

«Քրեական գործի հիմքը հանդիսացող իրեղեն ապացույցը` ուրագը, որով ըստ նախաքննության` ամբաստանյալը հարվածներ է հասցրել նույն սրճարանում աշխատող Հայկանուշ Ներսիսյանի գլխին, չի ուղարկվել ոչ դատաբժշկական փորձաքննության, ոչ մատնադրոշմային, ոչ էլ արյունաբանական փորձաքննության: Տուժողի վրա եղել են մարմնական վնասվածքի հետքեր, որոնք առաջացել են բութ գործիքի միջոցով: Մութ կողմեր են մնացել, ամբաստանյալը տուժողին վնասվածքներ է հասցրել ուրագո՞վ, բութ գործիքո՞վ, քարո՞վ, թե՞ բռունցքով»,- այսօր լրագրողների հետա հանդիպման ժամանակ Արմեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Թովմաս Վարդանյանն աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի Էսպերանտո սրճարանում որպես խոհարարի օգնական, վերոնշյալ սրճարանի աման լվացող Հայկանուշ Ներսիսյանից պարտքով գումար է վերցրել հագուստի վաճառքով զբաղվելու համար, ապա վերադարձրել ինչպես տոկոսագումարը, այնպես էլ մայր գումարը: Տուժողը դատարանում հայտնել է, որ Թովմաս Վարդանյանին տվել է 500 ԱՄՆ  դոլար և 100 հազար դրամ և, քանի որ վերջինս չի կարողացել գումարը վերադարձնել, իրեն տարել է Արբատ գյուղ, դաշտամիջյան հատվածում ձեռքերով փակել է բերանը և ուրագով հարվածներ հասցրել գլխին:

Թովմաս Վարդանյանը կալանավորված է 2013-ի փետրվարի 21-ից և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104-ի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով՝ սպանության փորձ շահադիտական դրդումներով:

 Անկախ