Գազան եւ իբրեւ ցեղասպան փոխամբաստանությունները

շահանԳազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը զինվորական գործողությունների հունավորումը ուղղում է դեպի բնակչությունը: Ի վերջո, պատերազմը եւս ունի իր օրինաչափությունները, երբ հասկացությունը վերաբերում է զինյալ ուժերի միջեւ արձանագրվող բախումներին: Այս դեպքում այդպես չէ։ Երեխա զոհերն ու վիրավորները ցնցել են աշխարհն ու հանրային կարծիքը: Այդ ցնցումը սակայն չի առարկայանում` վայրագությունները սանձելու առումով միջազգային համապատասխան կառույցների կողմից սպասվող միջոցառումներով: Հրադադարը ուշանում է, սպառնալիքները շարունակվում են, հեռակա եւ օդային ռմբակոծումները վերածվում են ցամաքային ներխուժումների եւ զոհերի թիվը բազմապատկվում է:

Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:

Այս բոլորի մեջ հերթական անգամ իրադրությունները վերլուծելու պահին, ազգային ոսպնյակները լարելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Նախ իհարկե, տարածաշրջանի բռնկվածության նոր տարողության ի տես, եւ ապա նկատելու, որ միեւնույն տարածաշրջանում խալիֆայություն հաստատողները, որոնք անհանդուրժող են այլադավանության նկատմամբ նույն կատաղությունը չունեն իսլամ բնակչություն ոչնչացնող Իսրայելի նկատմամբ: Եւ հիշել պարզապես, որ Մուսուլի քրիստոնյա ազգաբնակչության հեռացման հետ հեռանում էին նաեւ այնտեղ մնացած վերջին մի քանի հայերը:

Դիտակետերի այս արագ անցումի ընթացքում կենտրոնանանք Ցեղասպանության խաղաթղթի հանգամանքի վրա: Առաջին անգամ չէ, որ Թուրքիայի վարչապետը Իսրայելին ամբաստանում է Գազայում ցեղասպանություն իրագործելու հանցանքով: Առաջին անգամ էլ չէ, որ Թել Ավիւից իրեն հիշեցնում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այս խաղաթուղթը Անկարայի կողմից շահարկվում է վարչապետի մակարդակով, մինչ Թել Ավիվի կողմից` նախարարի։ Առաջին հայացքից նախարարով հիշեցում կատարելը դիվանագիտական ոճով սպառնալ է Անկարային, որ եթե շարունակի նման բնութագրումներ տալ Գազայի պատահարներին, ապա իրենք եւս կբնութագրեն 1915-ի դեպքերը: Իրատեսական չէ ակնկալելը, որ նման պաշտոնական եւ իրավական բնութագրումներ կատարվեն. այսուհանդերձ իբրեւ ցեղասպան այս փոխամբաստանությունները կարող են որոշ ժամանակի համար շարունակվել, ընդհատվել եւ վերստին բարձրաձայնվել: Չմոռանանք, որ էրդողանը նախընտրական փուլում է եւ հայտարարությունները ինչպես արտաքին, այնպես ներքին սպառման համար իսլամական կարեւոր շրջանակներ կարող են  ներգրավել: Ի վերջո, Անկարա-Թել Ավիվ պատերազմը հայտարարողական մակարդակի վրա է, մինչեւ այն պահը, որ  ուժի մեջ է մնում երկու երկրների միջեւ կնքված ռազմավարական դաշինքը:

Իհարկե այս բոլորը հայկական կողմի համար խանդավառիչ տվյալներ ունենալու պատճառ չունեն: Վերընդգծելը կարեւոր է սակայն, որ շուրջ 100 տարի առաջ գործադրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հետեւանքների վերացումը անհրաժեշտություն է` կանխարգելելու համար այսօր Գազայում եւ այլուր արձանագրվող զանգվածային ջարդերն ու պատերազմական ոճիրները: Կրկնակիորեն անհրաժեշտ` երբ ցեղասպանը ի՛նքն է ցեղասպանությամբ ամբաստանում զանգվածային սպանդների պատասխանատուներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

«2-րդ ժեստը»

Շահան ԳանտահարյանԹուրքիայի գործող վարչապետ, նախագահության թեկնածու եւ գեթ այժմյան տվյալներով  առաջիկա հավանական նախագահ Էրդողանին վերագրվող քարոզչական գործողությունները հայկական հարցերի նկատմամբ թվում է, որ աշխուժ ընթացքի մեջ են լինելու: Թեկուզ ապատեղեկատվության կարգով:

Պարզ էր, որ «ցավակցական» գործողությանը պիտի հետեւեին այլ «ժեստեր»: ժեստային այս քաղաքականությունը կարող է  տարբեր շարժառիթներ ունենալ:

Իր այսօրվա կարգավիճակի նկատառումով Էրդողանը, բնականաբար շատ կարեւոր պիտի նկատի ներքին սպառման շուկան: Ամբոխային տրամադրությունների վրա ազդելու միջոցների լիարժեք օգտագործման դեպքերը պիտի շարունակեն հաջորդել միմյանց: Խնդիրը այս դեպքում սերտորեն փոխառնչված է: Արտաքին քաղաքականության մեջ նոր հորիզոններ բացելու հնարավորություն ցույց տալը ներքին անդրադարձ կունենա, իհարկե նաեւ իր ազդեցությունն անպայման կթողի քվեահավաքի աշխատանքի վրա։

Նախ եւ առաջ քրդական հանգույցի լուծման համար առնված քայլերը ներթուրքական հասարակության վրա այս կամ այն ձեւով ազդեցիկ դեր կունենան: Չենք խոսում դեռեվս ուղղակի քուրդ ազգաբնակչության կատարելիք ընտրանքի, իր գերխնդրի լուծման ուղղությամբ առնվող քայլերին համապատասխան գնահատական տալու եւ այդ գնահատականի քվեական դրսեւորումը կատարելու մասին: Եւ բնական է, որ միանշանակ դրսեւորումներ չեն արձանագրվի այս դեպքում:

Արտաքին-ներքին շարժառիթներ ունեցող նման հարցերի շարքին կարող է դասվել նաեւ հայկականը: Արտաքին հարց լուծելու տպավորություն թողելով, ներհասարակական շրջանակների վրա որոշակի ազդեցություն բանեցնելու քաղաքականությունը գուցե: Այստեղ ոչ միայն դասական կամ թաքուն համայնքի մասին է խոսքը, այլ նաեւ այն շրջանակների, որոնք նման հարցերի հարթման համար այլընտրանքային մտածողությամբ են հանդես գալիս:

Կարող է ամբողջովին համոզիչ չթվալ այս տեսակետը: Հայերին ուղղված ցավակցությունը կամ սահման բացելու դեռեվս թեական խոստումը որքանո՞վ կարող է  բարձրացնել Էրդողանի արժեքը ներքին շուկայում: Շարժառիթների փոխառնչության վարկածը այստեղ ինքն իրեն ավելի զգալի է դարձնում իբրեւ ներկայություն, եթե հիշենք ցավակցական նշանավոր ուղերձի միջազգային ընտանիքին ուղղված լինելը: Աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջ էր սահմանի բացումը: Նույն այդ կենտրոնները շատ անգամ հիշեցրեցին էրդողանական վարչակարգին, որ թելեր ունեն իրենց ձեռքին` շարժելու քաղաքացիական եւ հասարակական շարժումները Թուրքիայի տարածքում: Չմոռանանք, որ ներհասարակական այդ շարժումները գաղափարական ուղղվածություններով, կենսոլորտի, բնապահպանության եւ քաղաքացիական տարբեր առաջադրանքներ արծարծելով, չհատեցին ազգային խնդիրների սահմանը: Ինքնության հարցերի բարձրացումը արդեն նոր տարողություն կապահովեր շարժմանը: Այդ պահը չի հասել ըստ երեւույթին:

Սահմանի բացման ուղղությամբ անպաշտոն տեղեկատվությունը կարող է հակավարկանշային մտադրություն ունեցած լինել` նկատի ունենալով նախագահական ընտրության մոտալուտ լինելը: Հիմա ուշադիր կարդանք լրատվությունը:

«Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված եւ տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Թուրքական լրատվամիջոցները, «Թարաֆ» պարբերականին հղում անելով, գրում են, որ դա պիտի լինի  նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Թարաֆը» ճանաչված է իբրեւ հակակառավարական դիրքորոշում ունեցող թերթ: Թուրքիայի արտգործնախարարության հերքումը (ըստ Ադրբեջանական լրատվության) նախ եւ առաջ մտածել է տալիս, որ «Թարաֆը» նման ապատեղեկատվություն կատարել է ընտրություններին Էրդողանի վարկանիշը նվազեցնելու համար: Անկախ դրանից, որ սահմանի բացումը կկայանա, թե ոչ, այս «անպաշտոն» տեղեկատվությունը իբրեւ «ցավակցության» շարունակություն է ընկալվում: Ինչ էլ եղած լինեն շարժառիթները, սահմանի բացման հավանականությունը արդեն իբրեւ  լրատվություն թուրքական լրատվադաշտում աշխուժորեն շրջանառության մեջ է դրվել: Թուրքական կողմը առաջադրում է այն ընկալել  իբրեւ ժեստ հայկական կողմից աւելի, միջազգային ընտանիքից: Փաստորեն, այդպես էլ բնութագրված է` 2-րդ ժեստ:

Հայկական լրատվադաշտը, եթե այս հայտարարությունը ներկայացնի իբրեւ 2-րդ ժեստ, ոչ միայն պատճենահանած կլինի թուրքական տեղեկատվական մեքենայի արտադրությունը, այլ ավելի՛ն: Ընդունած կլինի ցավակցության առաջին ժեստ լինելը:

Բաքուն անպայման կարձագանգի այս լրատվությանը: Ամենայն հավանականությամբ թուրքական տարբերակով` «անպաշտոն» ձեւով: Դա արդեն արել է, հերքելով լուրը։

Մեր անմիջական խնդիրը այս տեղեկատվական գործողությունը իբրեւ ժեստ չընկալելն է.  աշխատելը, որ իբրեւ այդպիսին չընկալի նաեւ միջազգային կարծիքը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Իրողական եւ վիրտուալ պետությունների ստեղծման առնչությունները

շահանՏարածաշրջանի իրադարձային թեժ կետը թվում է, թե Սիրիայից արագ անցում կատարել է դեպի Իրաք: Իսլամականության անվան տակ բազմազգ մահիկակիրների արշավանքը հետզհետե ձեւ է ստանում, հայտարարելու համար իսլամական խալիֆայության կազմությունը, նրա աշխարհագրական սահմանների գծումը եւ նույնիսկ խալիֆաների եւ իշխանների նշանակման հրամանագրերը: Մեծ խալիֆայից մինչեւ մահիկակիր զինվորները ամեն առիթով խոսում են կրոնական գաղափարախոսության եւ դրա ներշնչման տակ արձանագրվող եւ տեղի ունենալիք գործընթացների մասին:

Սակայն, իրադրությունները այնպես են ընթանում, որ ներկա թեժ կետում արձանագրվող զարգացումները, եթե մի կողմից խոսում են դեռեվս վիրտուալ իսլամական խալիֆայական պետության մասին, մյուս կողմից արագացնում են այս անգամ իրողական Քուրդիստանի իրավականացման քայլերը: Արդեն խոսվում է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի ճշտված թվականի մասին: Խոսքը վերաբերում է Իրաքի տարածքային ամբողջականության վերաձեւավորման  գործընթացի մեկնարկին:

Իսլամական պետության ջատագովները զգուշավոր մոտեցում ունեն անկախացող Քուրդիստանի նկատմամբ: Թվում է, որ փոխադարձ է այս վերաբերմունքը, հայտնապես եթե նկատի ունենանք սուննի-շիի դեպի հայտարարված պատերազմի վերածվող դեպքերը: Այս փաստը միայն ավելի  է համոզում, որ կրոնականության անվան տակ կատարվող նոր քարտեզագծումը խորքում այլ էություն ունի: Այլադավանությունը չէ այստեղ բաժանարար գիծը, այլ դա պարզապես օգտագործելի եւ հրահրիչ հանգամանք ունի:

Այս փոխադարձ զգուշավորությունը երեւաց նաեւ Սիրիայում. այլադավանություն չհանդուրժող ծայրահեղականները զսպված էին սիրիական ինքնավար քրդական շրջանների նկատմամբ: Առայսօր արձանագրված դեպքերը միայն մանրապատկերներ կարելի է նկատել համեմատաբար այն տարողության, որը կիրառվեց Սիրիայում այս տարրերի եւ կառավարական ուժերի միջեւ:

Հալեպից մինչեւ արեւելյան Իրաքի Տիյալա նահանգ հռչակված իսլամական խալիֆայության ճարտարապետները նոր կացություն են հրամցնում ամբողջ տարածաշրջանին: Դեռեվս վիրտուալ այս պետության ձեւավորման համար մղվող պայքարը կատաղի է սակայն: Տրամադրված միջոցները հուշում են աշխարհաքաղաքական կենտրոնների ներշնչումները, հովանավորչությունը, ֆինանսավորումն ու զինումը:

Այստեղ իրադրությունների մեկնաբանության համար պետք է գերլարել ազգային ոսպնյակը: Նախ անշուշտ այն, որ հայտարարվող պետության սահմաններին կամ առնվազն սահմանամերձ շրջաններին հայ ավանդական համայնքների գոյությունը պարտավորեցնում է հեռանկարի ճիշտ ուրվագծման հնարավոր ձեւավորումները տեսնել. երկրորդ այն, որ մեր գլխավոր հակառակորդը որքանով է շահագրգռված աշխարհաքաղաքական այս փոփոխություններով, արձանագրվող զարգացումներով եւ իր գործոնի ազդեցության խնդրով:

Դեռեվս շատ թանաք կհոսի այս ուղղությամբ: Համացանցային մեծածավալ տարածքներ կգրավվեն լուսաբանելու եւ մեկնաբանելու այս խնդիրները:

Նկատենք առայժմ, որ իրավականացման ճանապարհը բռնած իրաքյան Քուրդիստանը , համաքրդական հայեցակետով վաղվա մեծ Քուրդիստանի մի մասն է միայն: Ու թեեւ այսօրվա անկախացողը այս պահի դրությամբ բնականոն հարաբերություններ ունի Անկարայի հետ, այսուհանդերձ վաղվանի առաջին քայլն է, իսկ վաղվանը Թուրքիայի մասնատումն է: Մինչ, չմոռանանք, որ իրաքյան պաշտոնական Քուրդիստանի հետ հատկապես առեւտրական ոլորտի համագործակցության նախադրյալներ ստեղծվել էին նաեւ Երեւանի նախաձեռնությամբ:

Բաժանարար ծրագրեր, հանրաքվեների կազմակերպումներ, իրողական անկախությունների ճանաչման մեկնարկներ, տարածաշրջանի իսլամացման սպառնալիքներ, Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման տանող գործնթացներ, այս բոլորը հուշում են տարածաշրջանում նոր իրավիճակների ստեղծման մասին: Այս հեռանկարները անուղղակի վերաբերում են նաեւ տեղի հայ համայնքներին:

Հեռանկարային հարցերի քննարկումը Երեւանի եւ միջինարեւելյան հայ համայնքների համար հրամայական է: Մեզանից անկախ ծավալվող իրադարձությունների ընդհանուր ուղղվածությունները նկատելը առնվազն կօգնի հետագայում առնվելիք քայլերի ճշտման աշխատանքներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

«Ընդհանուր ապագա» եւ միակողմանի հատուցում

շահանԹուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից  ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է  բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:

Մինչեւ այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձեւի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:

Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր եւ ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները եւ քաղաքագետները կողմերի միջեւ հոգեբանական պատվարները հաղթահարելու եւ արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:

Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. եւ եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին,  մտավորականներից եւ քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջեւ գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միեւնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը  սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է  պատմագետներ եւ գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է  պատմաբանների միացյալ հանձնաժողովի միեւնույն ծուղակը: Նույն Դավութողլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:

Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն  կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաեւ թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:

Հիմնավորումները զարգանում են. եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը եւ երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստ թուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում է ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաեւ գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:

 

Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, եւ հիմա ընդհանուր ապագա:  Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:

Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու  թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ հատուցման բանաձեւը  4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով  Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:

Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եւ այստեղ հոգեբաններից եւ մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. եւ արդեն կատարում են։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Անկախ

Մուսուլում եւ Քեսաբում կայծակնային արագությամբ արձանագրվող գործընթացներ

Շահան ԳանտահարյանՔեսաբի շրջանի նկատմամբ իրականացված գործողությունների ընթացքը, կշռույթն ու ձեռք բերված արդյունքների անմիջականությունը մի քանի երեւույթների մասին մտածել է տալիս։

Նախ, իհարկե այն, որ ներխուժման արագությամբ տեղի ունեցավ նաեւ գրավող տարրերի նահանջը կամ փախուստը: Եթե ժամանակին  բանակային ուժերի դիմադրություն չարձանագրվեց, այս դեպքում էլ միեւնույն պատկերը կրկնվեց հակառակ կողմի համար:

Տարբեր խնդիր, որ մարտի 21-ից հետո ստեղծված կացության մեջ բազմաթիվ անգամ սիրիական պետական լրատվամիջոցները այն տպավորությունը թողեցին, որ սիրիական բանակը որոշ հենակետեր գրավելով նախապատրաստվում է հարձակման մեծ գործողության՝ Քեսաբին վերատիրանալու համար: Սակայն, նկատելի տեղաշարժեր չէին արձանագրվում, փոխանցելով այն համոզումը, որ Քեսաբի ուղղությամբ ռազմական հիմնական գործողությունը հետաձգվում էր:

Ռազմական գործողությունների հետաձգումը կարող է ոչ միայն ռազմագիտական եւ ռազմավարական պատճառներ ունենալ: Խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների այս կամ այն պահի ընտրության հրամայականին:

Մինչ այդ, պարզ դարձավ, որ Քեսաբի ժողովրդի տարհանումը Մոսկվայի համար առավելագույն լուսարձակներ բացելու առիթ էր  եւ այն լիարժեք օգտագործելը բխում էր տվյալ պետության կողմից տեղեկատվական պատերազմի  ամրագրած օրինաչափություններից: Ավելի ճիշտ, ապատեղեկատվության լայնածիր դրսեւորումներից: Եւ ինչպես որ Քեսաբ ներխուժման գործողությունը 0 ժամի ճշտման քաղաքական բացատրությունն ուներ, այս դեպքում՝ վերատիրացումը եւս: Ժամանակ էր պետք, որպեսզի Ուկրաինա-Ղրիմից միջազգային ուշադրությունը անցներ դեպի Քեսաբ, իբրեւ հակակշիռ երեւույթ-գործողություն: Միջազգային ընտանիքի եւ հանրության դիտարկման տրամաբանությամբ՝ ռուսական տարածքից Ղրիմ հասած ուժերի դիմաց, թուրքական տարածքներից Սիրիա ներխուժած ահաբեկիչներ:

Սակայն, Քեսաբի վերատիրացման մեծ գործողությունը ուներ այլ շարժառիթ եւս: Նույն տարրերի Իրաքում հանկարծակի աշխուժացումը եւ Իրաքի երկրորդ քաղաքի կայծակնային արագությամբ գրավումը, նախ՝ իբրեւ ձեւ եւ իրականացվող եղանակ զուգահեռներ է ուրվագծում տարածաշրջանային երկու հրատապ շրջաններում արձանագրվող գործընթացների միջեւ:

Նավթային  պաշարների տարողությունը, շրջանի քարտեզի վերագծման օրակարգի քաղաքական ուրվականը եւ քրդական գործոնի անմիջականությունը տարբեր տարողություն են ապահովում Մուսուլի դեպքերին: Սակայն, խնդիրն այս բոլորի համար օգտագործված գործիքն է, որը օգտագործողի եւ գործիքի նույնություն  է ստեղծում թե՜ Մուսուլի եւ թե՜ Քեսապի դեպքերում:

Հիմա արդեն խոսում ենք թուրքական տարածքներում արմատավորվող, այնտեղից  ֆինանսավորվող, զինվող եւ գործուղվող միջազգային ահաբեկչության այն բաղադրիչի մասին, որը  քաղաքական ժամացույցների սլաքների պահ ճշտող ժամերին աշխատում է Քեսաբում թե Մուսուլում իրականացնելու համար աշխարհաքաղաքական ուժերի գուցե ժամանակավոր ծրագրերը:

Անկարային անհրաժեշտ էր քարոզչական իմաստով Քեսաբից դեպի Թուրքիա փախուստ տվող ծայրահեղականների դիմաց կարճատեւ դրվածքով սահմանը փակել: Խաբկանքի այդ գործողությունը լուրջ կընկալվեր, եթե ծայրահեղականները շրջափակելու եւ չեզոքացնելու չհայտարարված  համակողմանի ինչ որ համաձայնություն լիներ: Այդ շրջափակումը չի եղել եւ զինյալները շուտով հասել են Ալեքսանդրետ:

Դժվար է կանխատեսել, թե նույն արագությամբ, ճշտված պահին իրաքյան իշխանությունները Մուսուլին կվերատիրանա՞ն, թե՞ ոչ: Հայկական ոսպնյակից չի վրիպում սակայն թուրքական տարածքներից ներխուժող եւ դեպի թուրքական տարածք վերաապաստանող միջազգային ահաբեկչության բաղադրատարրերի անարգել ելքն ու մուտքը Թուրքիա: Նույն տարրերն են, որոնք շատ արագ հասան Մուսուլ: Եւ եթե նույն տարրերն են, նույնն են նաեւ իրենց զինողներն ու ֆինանսավորողները:

Միջազգային ընտանիքը անզիջում պատերազմ է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ: Սկզբունքով՝ նաեւ դրա հովանավորողների դեմ: Հատկապես՝ ներխուժման տարածքներ եւ փախուստի անցքեր տրամադրողներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Աստանայի խոսափողն ու ռուսական ուղերձները

նազարբաևԱստանայում  մայիսի 29-ին Եւրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի քննարկման պահին Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի հղած նամակի ընթերցումը  հիշեցնում է նախնական քննարկմանը նույն նախագահի` Հայաստանի Հանրապետության հավանական անդամակցության գծով արտահայտած վերապահությունը:

Պարզ է, որ Ղազախստանի նախագահը նման ընթերցում եւ ապա վերապահություն կամ հստակացումներ կատարելու համար ամեն տեսակի շեշտադրում համաձայնեցրել էր նոր ստեղծվող միության առաջատար ուժի հետ: Սա ուղերձ էր ուրեմն Մոսկվայից հղված Բաքվին. գուցե նաեւ ոչ միայն Բաքվին: Թեկուզ Ղազախստանի նախագահի միջոցով:

Կվերադառնանք ուղերձին եւ ղազախական կամուրջին: Նշենք միայն, որ բուռն բանավեճերի դուռ բացած այս խնդիրը  ունի դիտարժան մի քանի կետ:

Նախ այն, որ ՀՀ-ը միջպետական կամ միջազգային համաձայնագրերին կմիանա իր ճանաչված սահմաններով: Դրանցից գլխավորը եթե նկատի ունենանք` ՄԱԿ-ը, այս դեպքում թե՛ Ադրբեջանը եւ թե՛ ՀՀ-ը դրան անդամակցել են իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Խնդիրը այն է, որ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը եւ տնտեսական միության անդամակցությունը հստակ տարբերություն ունեն: Այս դեպքում, մաքսային անցակետերի տեղադրման իրականությունն է, որ Բաքուն շահարկել է եւ Աստանայի միջոցով վերապահություն եւ պայմաններ է արծարծում:

Եթե մի կողմից նախագահ Սարգսյանի լուռ մնալը այդ ժողովին սուր քննադատության  է ենթարկվում, մյուս կողմից նաեւ հարցի բարձրաձայնումը կարող էր հանգեցնել Բաքվի պայմանի որդեգրման` համաձայնագրի բնագիրը ստորագրող պետությունների ներկայացուցիչների կողմից:

Այս հարցի բանավիճումը կարող է շարունակվել: Կանխատեսումները կզարգանան հասնելու համար այնտեղ, ուր սա պատեհ առիթ է պաշտոնական Երեւանին հրաժարվելու եւրասիական կառույցներին անդամակցելուց:

Չմոռանանք, որ Արցախը միջազգային ընտանիքին ներկայանում է որպես ինքնորոշված տարածք, հետևաբար այն չի կարող նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաս նկատվել: Տարբեր է անշուշտ իրողական բաժինը: Եւ այս բոլորի պատասխանը կլինի ՀՀ -ԼՂՀ առանց մաքսային կետի, ներկա անցակետային սահմանի դրվածքի պահպանումը:

Մտահոգիչը անշուշտ ռուսական գործոնի թույլտվությամբ կարդացվող նամակն է եւ նրա ներկայության արծարծվող նախապայմանային տրամադրությունները: Առանց Պուտինի համաձայնության ոչ մի Նազարբաեւ նման հանդիպումների ընթացքում նախապայմանային հռետորաբանություն չէր կարող օգտագործել:

Նազարբաեւը այստեղ ռուսական խոսափողի դեր է կատարել պարզապես: Ռուսական ուղերձը այլ տեղ եւս առարկայացավ, երբ զենքի նոր քանակի տրամադրում արձանագրվեց Մոսկվայից Բաքու: Ասացինք արդեն, որ ուղերձները հատում էին Բաքվի սահմանը: Նույն Նազարբաեւը, այս անգամ Թուրքիայում, մի քանի  օր առաջ թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ վեհաժողովի ավարտին տրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան ապագայում կարող է  դառնալ Եւրասիական տնտեսական միության ընկերակցող անդամ:

Նազարբաեւ նաեւ ընդգծել է թուրքական խորհրդի եւ Եւրասիական տնտեսական միության միջեւ որեւէ տարակարծության բացակայությունը: «Եւրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների անդամակցության համար: Թուրքիան եւ այլ երկրներ կարող են ապագայում դառնալ նշյալ միության ընկերակցված անդամ»:

Մայիսի 25-ին Եւրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռարձակված բանավեճի ընթացքում հայտարարել էր, որ ներկա դրությամբ Թուրքիան չի կարող անդամակցել Եւրամիությանը: ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից անցքերի փակումը Անկարայի առաջ, Եւրասիական միության ճարտարապետներին  մղել է «էստի համեցեք» ասելու Թուրքիային:

Այս բոլորը իրենց հերթին: Ալիեւի նամակը, Նազարբաեւի խոսափողի դերը, ռուսական ուղերձը, հայկական լռությունը կամ Անկարային ուղղված հրավերը երկրորդական նշանակություն կունենան: Կարեւորը Հայաստանի Հանրապետության  եւ Արցախի միջեւ մաքսային կետի բացառումն է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերէի գլխավոր խմբագիր

 

Փոխառաջարկ եւ առերեսվելու հրաւեր

Շահան ԳանտահարյանՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին Հայաստանի Հանրապետության նախագահի բացման խոսքի մեջ համեմատաբար աւելի ուշագրաւ է հետեւեալ բաժինը.

«Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

Բնականաբար այստեղ, իր հերթին լուսարձակ գրաւողը Թուրքիայի նախագահին ուղղված հրավերն է Սերժ Սարգսյանի կողմից։ Բայց նախքան այդ, կենտրոնանանք պատմաբանների միացյալ հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկի` նախագահ Սարգսյանի կողմից մերժմանը եւ դրա փոխառաջարկին։ Սա հիշեցնում է արդեն նախորդ նախագահին Էրդողանի նշանաւոր նամակի դիմաց կատարած փոխառաջարկը. ու թեեւ բովանդակությունը  տարբեր է այն առումով, որ նախագահ Քոչարյանը առաջարկում էր պատմաբանների փոխարեն ստեղծել միջկառավարական հանձնաժողով, նախագահ Սարգսյանը ասում է, որ արխիվային հետազոտության կարիք չկա, այսուհանդերձ թուրքերը կարող են գալ եւ ուսումնասիրել մեր արխիւները։ Իհարկե ոչ համատեղ հանձնաժողովի տեսքով։

Այստեղ, իհարկե, երկու կարեւոր իրողություն պետք է վերհիշել. նախ այն, որ ֆուտբոլային դիւանագիտության մոսկովյան հայտարարությունը պայմանական համաձայնություն էր տվել պատմաբանների միացյալ հանձնաժողովին։ Պայմանը այն էր, որ հայկական կողմը կհամաձայնի ստեղծել այն միայն Անկարայի կողմից սահմանի բացման դեպքում։ Ինչ որ մերժումի դիւանագիտական ձեւին համահունչ արտահայտչաձեւ էր։ Իսկ երկորդը, որը աւելի վաւերականություն է հուշում, վերաբերում է Երեւան-Անկարա արձանագրություններին, որտեղ կա կողմերի համաձայնություն երկու ժողովրդների դարաւոր վեճերը համատեղ պատմագիտական քննարկման ենթարկելու։

Այժմ նախագահի հայտարարածը համազոր է սրա հերքմանը. եւ դա  կարեւոր է, որովհետեւ ասվում է մի միջավայրում, որտեղ համախմբվել է համայն հայության ներկայացուցչությունը։ Գուցե իր նախադեպը չունեցող ներկայացուցչական տարողությամբ եւ համընդգրկվածությամբ։

Այսքանը պատմաբանների միացյալ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկի հրապարակային պաշտոնական մերժման վերաբերյալ։ Այս փոխառաջարկը ծառայեցվել է իբրեւ հիմնաւորում հրաւերի ուղղմանը։ Այսինքն թուրքական առաջարկի դիմաց մերժողական դիրք որոշելու փոխարեն, արխիւները բաց հայտատարելով, եւ հրաւեր հղելով թուրք հետազոտողներին գալու եւ արխիւները ուսումնասիրելու,  նախագահը շրջել է թուրքական առաջարկը։ Եւ աւելին, պատմության հետ առերեսվելու, այդ արխիւների ուսումնասիրությանը կարիքը չզգալու համար հրաւիրել է Թուրքիայի ներկայիս նախագահին ապրիլի 24-ին գալու Երեւան։

Թվում է, թե քաղաքական տրամաբանության աշխատելը ունի որոշակի հետեւողականություն։ Միացյալ հանձնաժողովի դիմաց փոխառաջարկ, հետո նաեւ Էրդողանի «ցաւակցության» դիմաց Երեւան գալու հրաւեր։ Փոխառաջարկն ու հրաւերը իրենց հիմնաւորումներով խելամիտ քայլեր են եւ փորձում են շրջել Անկարայի ճշտած խաղի կանոնները։ Երկու դիտարկում այսուհանդերձ կարող է նկատի ունենալ որոշ կետեր։

Նախ այն, որ երկու դեպքերում առաջին քայլը թուրքական կողմն է առնում եւ տպավորություն է ստեղծում որ մենք հակազդողի դիրքում ենք։ Խորքում սակայն հայկական կողմի հակակառաջարկները, կամ գուցե միջազգային ընտանիքի նկատառումով կատարվող փոխառաջարկները հայկական կողմի համար առավելություններ կապահովեն։ Եթե…

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը միայն ներքին սպառման համար չէ  եւ ոչ էլ զուտ Անկարային ուղղված, ինչպէս որ Էրդողանի կամ Դաւութօղլուի բարձրաձայնումները։ Միջազգային ընտանիքն ու միջազգային հանրային կարծիքը պիտի ընկալեն պաշտոնական Երեւանի կողմից առնվող կարեւոր քայլերը։ Դրա համար էլ հայտարարությունների եւ հրաւերի լուսաբանումն ու մեկնաբանությունները  շատ կարեւոր են։ Տեղեկատվական ոլորտի մեջ հայկական կողմը աշխույժ նախաձեռնողականությամբ հանդես գալու բոլոր պատճառներն ունի։ Մեր արխիւները բաց են, եւ Թուրքիայի նախագահը հրաւիրվել է Երեւան 100-ամյակին։ Կգա՞ն արխիւներ հետազոտելու, թե կուղարկե՞ն իրենց նախագահին 2015-ի ապրիլին, դա իրենց գործն է։ Իրենց գործն է միաժամանակ միջազգային ընտանիքին բացատրելը թե ինչու չեն գալիս։

Իսկ մեր գործը մինչեւ այդ, միջազգային հանրային կարծիքը տեղեկացված պահելն է հայկական կողմի նախաձեռնությունների մասին, կամ թե ո՞վ եւ ինչո՞ւ է մերժում կառուցողական առաջարկները։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Որոշակի հերթականությամբ վեցերորդ կետը պետք է նկատել առաջինը

Շահան ԳանտահարյանԱմերիկացի համանախագահ Ուորլիքի հրապարակումները հասկանալիորեն մեծ արձագանգ գտան: Ամենայն հավանականությամբ, Ուորլիքի կամ ավելի ճիշտ պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքն էլ մադրիդյան սկզբունքները վերստին քաղաքական շրջանակների կողմից շրջանառության մեջ դնելն է եւ բանակցային գործընթացին իբրեւ առանցքային նախագիծ վերադարձի ապահովումը: Թվում է, թե այստեղ էական չէ նաեւ սկզբունքների առաջին կամ նորացված տարբերակի տարբերությունը: Հիմնականում մադրիդյան սկզբունքների վերաբանեցման միտումն է, որ հայտարարում է ամերիկացի համանախագահը:

Հայկական բազմակողմանի արձագանգները պետք է նկատել տեղին, հիմնավորյալ եւ իրար լրացնող, եթե նկատի ունենանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ Հայ դատի գրասենյակների հայտարարությունները:

Ամերիկացի պաշտոնատարի կամ պաշտոնական Վաշինգտոնի (թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ թե՛  ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեցին ամերիկացի համանախագահի հայտարարությունը)  վեց կետերը մեկ առ մեկ լույսի են բերում եւ վերստին ընդգծում մադրիդյան սկզբունքների վերաշրջանառության մոտեցումը: Կետերի  հաջորդականությունը որոշ տրամաբանություն է հուշում. ինչ էլ լինի, համաձայնելիների առաջնահերթության կարգի գաղափարը ուրվագծվում է քաղաքական վերլուծումներում: Միշտ չէ սակայն, որ առաջնային նշանակություն ունեցող հարցը, ներկայացնողի համար  անպայման իբրեւ առաջին կետ է գրառվում:

Ուորլիքի բառերով`

«Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.
Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:
Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:
Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

 

Առանց «որոշակի հերթականության» ասելաձեւը իր վրա  է հրավիրում որոշակի խորհրդածություն: Հերթականությունը նման դեպքերում շատ կարեւոր է. Ուորլիքը տեղում հանկարծակի պատասխան տալու կացության մեջ չէ, ոչ էլ ընդհանուր անպաշտոն զրույցի ընթացքում, որպեսզի հարցերի առաջնահերթության հերթականությունը խախտի: Պատրաստված, գրավոր զեկուցումը որոշակի հերթականության օրինաչափությունը պահած կլինի անպայման: Իսկ այստեղ, նախապես պատրաստված զեկուցումում, երբ ի սկզբանե հայտարարվում է «առանց որոշակի հերթականություն»-ը, դա նշանակում է, որ հերթականությունը շատ ուսումնասիրված գրառված է: Այս ինքնամատնումը ինքնին մտածել է տալիս, որ հերթականությունը պետք է փորձենք դիտարկել շրջված կարգով:

«Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

 

Ճիշտ այստեղ, թվում է  թե կենտրոնացել է  Ուորլիքի պետության շահագրգռվածությունը: Անվտանգության միջազգային երաշխիքներն ու խաղաղապահ գործողությունը Ուորլիքի ներկայացրած քաղաքական շրջանակների համար կիրականանա միջազգային խաղաղապահ ուժերի, գուցե նաեւ ՆԱՏՕ-ի զորամիավորումների տարածաշրջան տեղակայումով: Այստեղ է աշխարհաքաղաքական թեժ օրակարգի վերածված Արեւմուտք-ռուսական ազդեցության գոտիների պահպանման կամ գրավման պայքարի մադրիդյան բանաձեւը:

Ադրբեջանի արտգործնախարարը անորոշ հերթականությունը ճիշտ էր ընկալել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանգերգից հետո հատուկ ձեւով ընդգծել է. «Հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարների տեղակայում»:

Վերադառնանք «վերջապես վեցերորդ կետ»-ին` վերահամոզվելու համար, որ Ուորլիքի ներկայացրած պետության համար Արցախի հակամարտությունը շահարկման նյութ է տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Որոշակի առաջնահերթ հերթականությամբ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկարայի բեմականացումները 100-ամյակի հետհաշվարկին առընթեր

Շահան ԳանտահարյանՊոլսահայ համայնքի հոգեւոր թե աշխարհիկ ներկայացուցիչների հետ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ունեցած հանդիպումը արտակարգ երեւույթ չէ, չասելու համար, որ  օրինաչափ է նույնիսկ: Բնական էր, որ համայնքի  դասական իշխանության ներկայացուցիչների հանդիպումը հետեւեց Էրդողանի  ցավակցական գործողությանը: Հայկական կողմը համազարկ բացելու կարիք չունի Պոլիսի հայ ներկայացուցիչների կողմից կատարված գերխանդավառ հայտարարությունների եւ մանավանդ Անկարայից պահանջված պատվերային արձագանգումների վրա: Առաջին հայկական արձագանքը իր ժամանակով, ձեւաչափով եւ բովանդակությամբ սպասելի էր ըստ ամենայնի: Անտեղի պիտի լիներ ներհայկական որեւէ բանավեճ ծավալելը այս ուղղությամբ: Բավարարվել ուրեմն, այս դեպքում արձանագրելով, որ Պատրիարքի ձիթենու ճյուղի համեմատումը արդեն քաղաքական պատվեր է` նույն մոտեցումը հրապարակող Անկարայի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու համար խաղաղասիրական բնույթի այն ժեստը, որին դիմեց վարչապետ Էրդողանը: Այդպես էլ պիտի լիներ: Հակառակն ակնկալելը քաղաքականորեն իրատեսական պիտի չնկատվեր:

Հայկական առաջին արձագանգը այսպիսով հստականում էր: Ուղերձի հասցեատերերի կարգը ճշտել էր փոխվարչապետը: Այսպես, Վաշինգտոն կատարած իր այցելության ընթացքում Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է. «Էրդողանը շատ կարեւոր հայտարարություն է կատարել, եւ խոսել 1915-ի դեպքերի 100-ամյակի նախօրյակին Թուրքիայի կատարած քայլերի մասին: Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Հայաստանի Հանրապետությունից եւ թե՛ հայկական սփյուռքից ակնկալում ենք այդ ուղերձի պատասխանը : Այդ հարցերի լուծման համար մենք հայտարարության եւ քայլերի ենք սպասում»:

Նախքան փոխվարչապետի սպասողական վիճակին անդրադառնալը, արագորեն հիշենք  եւ որոշ տարբերություն նկատենք փոխվարչապետի եւ արտգործնախարարի այս մասին կատարած հայտարարությունների միջեւ։ Դիվանագիտական ասելաձեւային խաղերի մասնագետ նախարար Դավութողլուն ուղերձի հասցեատերերի մասին բավարարվել էր «բոլոր հայերը» ասելով: Հստակացնելով, որ ուղերձը ուղղված չէ Հայաստանի Հանրապետությանը, այլ բոլոր հայերին: Այս ձեւով առաջնային հասցեատերը մնացել էր մշուշի մեջ:

Հիմա, փոխվարչապետը ճշտել է ուղերձի հասցեատերերի կարգը. նախ ԱՄՆ-ը, ապա միջազգային ընտանիքը, ապա Հայաստանի Հանրապետությունը եւ ապա սփյուռքը:

ԱՄՆ պետքարտուղարության բանբերը ողջունել էր Էրդողանի ցավակցությունը, մինչ Ֆրանսիայի նախագահը այն նկատել էր անբավարար. այստեղ պետք է նկատի ունենալ, իհարկե, հայտարարության ժամանակի ընտրությունն  ու մանավանդ միջավայրը: Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի ունեցած հակազդեցությունների մեջ որեւէ էական տարբերություն չկար, եւ այդ առումով Անկարան հակասություններ գտնելու խաղի մեջ մեծ առավելություններ չունեցավ: Ուրեմն, պոլսահայ համայնքն այս հասցեատերերի շարքում տեղ չուներ, թեեւ հանդիպման գործողությունը կազմակերպվել էր եւ դրա նախաբանը կատարվել էր, երբ նույն պատվիրակության անդամը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանի նկատել էր Թուրքիայի վարչապետին իր կատարած քայլի համար:

ԱՄՆ-ի եւ միջազգային ընտանիքի անդրադարձները չեն բավարարել Անկարային: Ցավակցությունը հայտնաբար չի աշխատել, այնպես ինչպես պատկերացնում էին Անկարայի ղեկավարները: Հայկական կողմը միանշանակ է արձագանգել, մինչ ԱՄՆ-ը ու միջազգային ընտանիքը, դեռեվս չեն բավարարել Անկարային:

Ցավակցելու, անցագրեր տրամադրելու, «հրամեցեք»-ի եւ «խաղաղասիրական» դրսեւորումների այս շարքը թվում է, թե պիտի շարունակվի: 100-ամյակի հետհաշվարկը (քաունթդաուն) սկսել է արդեն եւ այս օրակարգը տեղ է գտել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում: Անկարան հետեւողականորեն պիտի փորձի գնդակը տեսնել տալ հայկական դաշտում: Թվում է թե մրցավարը՝ միջազգային ընտանիքը, դեռեվս գնդակը տեսնում է թուրքական կիսադաշտում։ Ֆուտբոլային ռազմավարությունը հուշում է, որ գնդակը հակառակորդի կիսադաշտում պահելու լավագույն միջոցը հարձակողական խաղաոճն է։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Առաջնային եւ երկրորդական հասցեատերերը

Շահան ԳանտահարյանԹուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանգներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսեւորումը, ապրիլյան օրերին իբրեւ ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը եւ ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված հետ քայլը:

Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության շրջանակներում եւ այդ պատճառով տարբաղադրական վերլուծումները  մի պահ շրջանցելով, կենտրոնանանք այն բաժնի վրա, որը ի վերջո բարձրագույն մակարդակից թուրքական պետության ներկայացուցիչը հայտարարում է, որ Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ աշխարհի տարածքում ապրող հայերի համար կարեւոր նշանակություն ունի: Մնացյալը, ցավակցություն, հոգիների խաղաղություն, ընդհանուր զոհեր եւ ցավեր շարունակվում են տեղավորվել ժխտողականության մարտավարական խաղերի մեջ։ Ապրիլ 24-ի բաժինը եւս որոշակիորեն համահունչ կարող է  նկատվել այդ բոլորին: Չպետք է մոռանալ միաժամանակ, որ նախ՝ Թուրքիայի հայ քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ներկայացնող թվական լինելու իր հաստատումով Էրդողանը կանաչ լույս էր վառում  Ստամբուլի, Անկարայի եւ տարբեր շրջաններում ծայր առած եւ հետզհետե զարգացող ապրիլյան յուրահատուկ ոգեկոչման միջոցառումներին։

Բայց կարեւոր է Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ ընդհանրապես բոլոր հայերին  Էրդողանի ակնարկը, որովհետեւ ծխածածկույթի եւ մշուշապատման ընդհանուր փորձի մեջ հատուկ տեղ ունի ուղերձի հասցեատերը:

Մշուշապատման այս պետական փորձը մատնում է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքական «Թե.Ռե.Թե. Հաբեր» հեռուստակայանի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ցավակցությունները հասցեագրված են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` հայերին: Դավութողլուն վարչապետ Էրդողանի ցավակցական այդ ուղերձը որակել է իբրեւ Թուրքիայի կողմից հայերին հասցեագրված «պատմական քայլ»: Դավութողլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Այստեղ եւս հայ-թուրքական հարաբերությունները պետք է հասկանալ ընդհանրապես երկու ժողովրդների միջեւ ընթացող հարաբերությունները եւ ոչ թե Անկարա-Երեւան միջպետական մակարդակի վրա ընթացած կամ չընթացող հարաբերությունները:

Ավելի մոտենանք ուղերձի բուն հասցեատիրոջը: Ուղերձը հավանաբար ունի առաջնային եւ երկրորդական հասցեատերեր: Ամբողջ բովանդակությունը, բնականորեն ո՛չ հայության ցավակից լինելն է, ո՛չ  Թուրքիայում զուտ հայկական շրջանակների ապրիլյան միջոցառումներ կազմակերպելու թույլտվություն տալը, ո՛չ էլ ընդհանուր զոհերի հոգիներին խաղաղություն ցանկանալը: Այս բոլորի նպատակը բացառապես Անկարայի արտաքին քաղաքականության կարեւոր դրույթներին համահունչ  կարեւոր առավելություններ ձեռք բերելն է միջազգային ընտանիքի առաջ: Եւ ահա այն առաջնային հասցեատերը, որին ուղղված է Էրդողանի պատգամը:

Անկարան միայն երկիր շրջափակող պետություն չէ, այլ նաեւ ապրիլյան միջոցառումներ իր քաղաքներում արտոնողը: Անկարան միայն միջազգային ահաբեկչության սատարող պետությունը չէ, այլ նաեւ Ա. աշխարհամարտի ընթացքում ընկած զոհերի ժառանգորդներին ցավակցողը: Անկարան միայն Քեսաբի ազգաբնակչության տեղահանության պատճառ հանդիսացող պետությունը չէ, այլ նաեւ ցեղասպանությունից վերապրածների ցավը կիսողը, քաղաքացիություն շնորհողը: Եւ նման շատ  ու շատ օրինակներ, հասնելու համար նույնիսկ պատմության մեջ արձանագրված «անմարդկային տեղահանություններ»-ի  տեսությունը ընդունողին:

Ուրեմն նման փորձերով միջազգային ընտանիքը դրվում է Անկարայի կողմից ձեռնարկված «մեծ զիջումներ»-ի իրականության առջեւ:

Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն Սփյուռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաեւ Անկարան եւ իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման բառախաղ : Թիրախային հասցեատերը այս դեպքում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք եւս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

Արդյունքներ եւ պատասխանի հստակեցումներ

Շահան ԳանտահարյանՀայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:

Այս վերջին կետն է, որը դրսեւորման նորագույն օրինակներով դիտարժան հանգամանք է ստանում եւ առնվազն նախապատրաստվելու առումով հիշելի նախադրյալներ  է փոխանցում:

Նախ հիշենք Դավութօղլուի տեսությունը: Հայկական սփյուռքը «մե՛ր Սփյուռք»-ն է: Բոլորը հրավիրվում են վերադառնալու իրենց պապերի երկիրը, վերատիրանալու օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդ քեմալական հանրապետության քաղաքացիությանը եւ համապատասխան դիմումներ լրացնելով վերստին ձեռք բերելու անհատական ունեցվածքները` իբրեւ ժառանգորդները նախ ցավալի պատահարների պատճառով հեռացածների, հետո Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահով վայրեր փոխադրվողների եւ վերջապես անմարդկային տեղահանության ենթարկվածների: Այստեղ անշուշտ ավարտվում է թուրքական «հյուրընկալության» եւ «բարյացակամության» սահմանափակ գործողությունը:

Մինչ, թուրքական սպառնալիքները ամեն անգամ, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մեկ հասատատության հանձնախումբն ու ենթահանձնախումբը ցեղասպանության ճանաչման բանաձեւ են որդեգրում` հղելու համար իրենց գերադաս ժողովին, թվում է, որ զուտ հայտարարողական մակարդակի վրա են. խորքում ցեղասպանության ճանաչման ուղիների մեջ մնալու այս ընթացքը քաղաքականապես առնվազն չի անհանգստացնում Անկարային, որը բողոքի այսպիսի բեմադրություններ է ցուցադրում նման առիթներով:

Միջանկյալ այս կարծրացումը սակայն չի խանգարում, որ սփյուռքահայության նկատմամբ պաշտոնական Անկարան շարունակի ցուցադրել խաղաղասիրական իր դեմքը: Դավութօղլուի տեսաբանության մանրանկարը կրկնվեց Քեսաբի դեպքում, երբ տասնյակ  տարեցներ Քեսաբի դատարկվելու ընթացքում ապաստան գտան Կիլիկիայի Վաքըֆ գյուղում: Թուրքական խոշորացույցների եւ լուսարձակների առատությունը ակներեւ էր` անօթեւան մնացած տարեց քեսաբցիների երեւույթը քարոզչական պետական շահարկումների ենթարկելու իմաստով: «Հրամմեցեք»-ի այս գործողությունը միայն քեսաբահայությանը չէր վերաբերվում անշուշտ: Սիրիայի տագնապի ընթացքում թուրքական լրատվամիջոցներն անպաշտոն ձեւով տարածեցին պաշտոնական լրահոս այն մասին, որ Անկարան քննարկում է Հայաստանի Հանրապետության հետ իր փակած սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը Սիրիայից խույս տված հայերին Թուրքիայի վրայով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ համապատասխան դյուրություններ ընծայելու համար: Մարդասիրական նպատակների համար այս չկայացած զիջումները դարձյալ ընդհանուր մեծ ծրագրի մաս են կազմում:

Բայց տեսնենք, թե միաժամանակ գետնի վրա ի՞նչ է տեղի ունենում իբրեւ թե սփյուռքահայության կարեւոր կառույցների պատասխանատուների հետ երկխոսության մտած Անկարայի կողմից:

Բոլոր նախադրյալները հուշում էին, որ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները կարեւոր տեղ էին վերապահել  Դեր Զորին միջազգային հնչեղություն ապահովելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Դեր Զորում հայտարարելուց հետո, որ հայությունը դեռեվս սպասում է իր Նյուրենբերգին, Օսվենցիմը համեմատեց Դեր Զորի հետ` Օսվենցիմի նման Դեր Զորին միջազգային ընկալում ապահովելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության որոշ կետեր փոխանցելով հանրությանը: Այս բոլորը, երբ դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման աննախադեպ հանգրվաններ էին արձանագրվում: Դեր Զորը կարեւոր կետ էր Թուրքիայից օժանդակություն ստացած զինյալների համար: Դեր Զորի հայկական կառույցների քանդումը այս պահի առաջնահերթ խնդիրը չէր խաղաղասիրական դիմակ հագած Թուրքիայի համար. բավական էր դրա քաղաքական գործոն դառնալու ընթացքի կասեցումը:

Հայկական Սփյուռքի ժամանակակից պատմության կարեւոր միջավայրեր են նաեւ Քեսաբն ու Հալեպը: Անկարան, ֆինասավորելով զինյալ ծայրահեղականներին եւ տարանցիկ ճամփա տրամադրելով դրանց, մի կողմից պատճառ կդառնա հազարավոր հայերի իրենց բնօրրանից հեռացման, մյուս կողմից` թուրքական իշխանություններին հանձնված  տասնյակ  տարեցների հոգատարության արարներ է բեմադրում միջազգային հանրային կարծիքին: Մինչ կառավարական ուժերի հակադարձ գործողությունների բացակայությունը հուշում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա տարածաշրջանային նոր սահմանագծումների փուլ առ փուլ իրականացման գործընթացի մասին:

Այդ օրակարգը կարող է վերաբերվել նաեւ Հալեպին: Դեպքերի թեժացման կշռույթը մտածել է տալիս, որ Անկարայից ներշնչում ստացող զինյալները նմանատիպ պատկերացումներ ունեին նաեւ հայաշատ Հալեպի մասին` վերասահմանագծումներ իրականացնելու նպատակով:

Փաստը այն է, որ Դեր Զորից Հալեպ, անցնելով Քեսաբից ստացված արդյունքները կարող են տեղավորվել Անկարայի ծրագրած 100-ամյակի նախապատրաստության պարունակում: Թեկուզ որ դեպքերի բուն շարժառիթները աշխարհաքաղաքական տարողություն ունեն եւ ուղղակի հայկական գործոնի նկատմամբ ծրագրեր չեն ընդգծում: Արդյունքն է, որ շատ հանգիստ տեղավորվում է հյուրընկալ հռետորաբանությամբ Դեր Զոր, Քեսաբ եւ Հալեպ ստացող Անկարայի ծրագրերի շրջանակներում:

100-ամյակի շեմին սփյուռքյան հայաթափվող շրջանների ազդեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետության հզորացումը կարող է լինել միայն։ 100-ամյակի, եւ դրանից այն կողմ, բովանդակային եւ գաղափարական օրակարգ է սա հայկական կողմի համար:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Թիրախավորել զգայուն կետը

շահանՔեսաբահայության զորակցության եւ միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ եւ տարողություն:

Միջազգային հանրության եւ պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը եւս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսաբի գրավման եւ քեսաբահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երեւույթը ռուսական կողմը դեռեւս պիտի օգտագործի իբրեւ Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:

Աննկատ չէ նաեւ այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը եւ դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետեւի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն:

Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրեւ փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետեւում կանգնած քաղաքական ուժի կողմից:

Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված քեսաբցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով:

Քեսաբը իբրեւ մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:

Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի եւ նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ:

Ժողովրդային դրսեւորումների եւ պաշտոնական հայտարարությունների միջեւ տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային եւ մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետեւանքների հաշվարկն են անում եւ ըստ այնմ քաղաքական բառապաշար եւ ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:

Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսաբի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որեւէ ձեւով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլեւ ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետեւողները գիտեն, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարեւոր են այս դեպքում:

Քեսաբի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջեւ է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը  բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսեւորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երեւույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:

Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման եւ տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է եւ անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Քայիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսաբի վրա հարձակումը կազմակերպելու համար:

Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրեւ նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:

 

Շահան Գանտահարյան

«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

 

Քեսապը` թուրքական ահաբեկչության եւ ռուսական ապատեղեկատվության միջեւ

Շահան ԳանտահարյանՔեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների  շղթային:

Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ  է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը ՙՙհյուրընկալ՚՚ Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիրների կողմից Քեսապի գրավմանը Թուրքիայի ուղղված ամբաստանությունները անհիմն են:
Անկարայի այս դիրքորոշումը հերքելու համար հենց Թուրքիայում յութուբյան բացահայտումներ արձանագրվեցին, թե ինչպես թուրքական սահմանապահ զորքերը հանգիստ անցք էին տրամադրում զինյալ խմբավորումներին` անցնելու սիրիական սահմանը: Ավելի՛ն. արտգործնախարարի, բանակի հրամանատարի եւ ծառայության պետի միջեւ հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումը պարզ դարձրեց, որ դեպի Սիրիա ներխուժման գործողությունները ծրագրավորված էին: Յութուբյան այս բացահայտումները գուցե ներթուրքական հարթության վրա կարելի է դիտարկել վերջին շրջանում գործող վարչակարգի հեղինակազրկման միտող բացահայտումների ընդհանուր պարունակում: Ինքնակառավարման ընտրությունները եկան ընդգծելու, որ այդ բացահայտումները վճռորոշ ազդեցություն չեն գործել ընտրազանգվածի դիրքորոշման վրա:
Անկարայի յուրահատուկ այս «հյուրընկալության» հայտարարությունը նոր չէ. Սիրիայի պատերազմի առաջին օրերից սկսած նման խաղաղասիրական «բարի կամեցողության» դրսեւորումներ ունեցան Անկարայի բարձրաստիճան դեմքերը հատկապես սիրիահայության ուղղությամբ: Պատրանքային տպավորություն ստեղծող քարոզչաքաղաքական այս գործողություններին համընթաց զարգանում է նաեւ թուրքական տեղեկատվական համակարգը, որ քաղաքական անհեթեթության նշանավոր օրինակներ է տրամադրում դիպաշարին հետեւողներին:
Սակայն տեղեկատվական պատերազմը միակողմանի չէ: Նույն ուժգնությամբ համարժեք գործողությունների ծավալ կա նաեւ ռուսական կողմից: Հատկապես Քեսապի դեպքերի առաջին օրվանից ապատեղեկատվության ալիք բարձրացավ, որի տեղաշարժի աղբյուրները այս դեպքում ռուսական ներշնչումներ ունեին: Հայ տեղեկագիտությունը վերջերս համացանցի վրա բացահայտեց, իբրեւ թե քեսապահայության դեմ գործադրվող ջարդերի, հավաքական սպանությունների, գնդակահարումների տեսաերիզների մի շարք: Առաջադրանքը այս դեպքում, ոչ անպայման հայկական գործոնը ներքաշելուն էր վերաբերում, որքան հանրային կարծիքը ցնցելու, թե Արեւմուտքի օժանդակությամբ եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղակի նախաձեռնությամբ միջազգային ահաբեկչությունը ի՛նչ ավերներ  է գործում Սիրիայում:
Տեղեկատվական պատերազմի ալիքի մակընթացության այս մակարդակի նվաճումը բացատրվում է այն իրականությամբ, որ Քեսապը նախադուռն է ծովեզերյա Սիրիայի, որ գործող իշխանության գլխավոր հենակետն է եւ ռուսական ռազմանավերի ռազմակայանը: Ուրեմն ռազմավարական կարեւորագույն այս հենակետի պահպանման կամ կորստի նախապատերազմն է, որ առայժմ կիրառվում է տեղեկատվական հարթության վրա: Բայց տեղեկատվականը նախապատրաստությունն է այլ գործողությունների: Չի ուշանա հստակացումը, թե սիրիական զորքերի շրջանում կուտակումը նախանշում է ծայրահեղականների մաքրագործման ընդհանուր արշավը: Բայց առաջադրվածը հայտնապես ավելին է: Պաշտոնական Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու առաջարկը ավելի պարզ է դարձնում Մոսկվայի վճռականությունը միջինարեւելյան իր կարեւորագույն հենակետը չզիջելու:
Աշխարհաքաղաքական այս մեծ օրակարգի տակ հայտնված Քեսապի ուղղությամբ արձանագրվող զարգացումներին առընթեր հայկական գործոնը նվազագույն վնասով դուրս գալու առաջնային խնդիրն է դիմագրավում: Անկարան մի կողմից ծայրահեղականների ձեռքով սանձազերծում է հարձակում Քեսապի դեմ եւ ապա տարհանված քեսապահայությանը Թուրքիա է հրավիրում, մինչ Մոսկվան տեղեկատվական պատերազմի թեժացում է կազմակերպում աշխարհին ցույց տալու համար, որ քրիստոնյա հայերը Քեսապում ջարդի եւ բռնության  են ենթարկվում եւ որի համար ՄԱԿ-ի արտակարգ նիստ է անհրաժեշտ։
Քեսապը այսօր ներկայացնում է աշխարհաքաղաքական տարողություն: Հայտնված իբրեւ կարեւոր հանգույց` տարածաշրջանային մակարդակի վրա արձանագրվող գործընթացների: Առանց ներքաշվելու ռուսական ապատեղեկատվության դաշտ, հայկական կողմը բոլոր պատճառներն ունի Անկարայի դերակատարության բացահայտման քարոզչաքաղաքական աշխատանքները ծավալելու:

 

Շահան Գանտահարյան

«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

 

Ճգնաժամային տեղեկատվություն

Շահան ԳանտահարյանՀալեպից  ու Դամասկոսից մինչեւ Ղրիմ, անցնելով Իրաքից եւ Եգիպտոսից վերադառնալու համար Քեսապ, ապահովական ցնցումներն ու նրանց զուգակցված քաղաքական իրադարձությունները մեկնաբանելը հայկական լրատվական ոսպնյակների համար հավելյալ ճիգ, կենտրոնացում, մաքրազտման մեքենականություն եւ արհեստավարժ համապատասխան աշխատանք է պահանջում:

Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս թեժ կետերը առնչված են նաեւ հայկական գործոնի հետ. կամ էլ այն բնական մղման բացատրությամբ, որ այնտեղ կան հայկական համայնքներ:

Քաղաքագիտական  անառարկելի տեսություն է, որ պատերազմներին ընկերակցում է  տեղեկատվականը եւ հատուկ ծառայությունները լրատվականների հետևում կանգնած ղեկավարում են այդ ոլորտի պատերազմը:  Այս տեսությունը միայն պատերազմների դեպքում չէ, ընդհանուր հասկացություն է. պարզապես թեժացումը բնականաբար արձանագրվում է լարված իրավիճակների կամ ռազմական ընդհարումների ընթացքում:

Հայկական կողմի համար ճգնաժամային տեղեկատվությունը անպայման նկատի պիտի ունենա բազմագործոնային հանգամանքներ: Նախ այն իհարկե, որ պիտի սահմանազատի քարոզչականը լրատվականից: Անկախ մամուլ հասկացությունը այսօր հեքիաթային բնութագիր ունի, եւ որեւէ լրատվամիջոց իր առջեւ գերխնդիր չի դրել միայն ճշմարիտը, զուտ առարկայականը ընթերցող լսարանին հասանելի դարձնելու հրամայականը: Սա բացառապես տեսություն է, որը որեւէ առարկայացում չի գտնում որեւէ միջավայրում: Խնդիրը ուրեմն հնարավոր առարկայականությունը պահելու հմտությունում է կայանում: Քարոզչական հզոր մեքենաների արտադրանքների ուղղվածությունը հասկանալու, քարոզչական թիրախն ըմբռնելու եւ ըստ այդմ լուրի վերարտադրման չափը ճշտելու եւ տալու: Հաճախ այնքան համատարած տարողություն է ստանում այդ արտադրանքի լրագրական շուկայացումը, որ դժվար է թվում շուկայի ճշտած օրինաչափությունից հեռու մնալու փորձությունը հաղթահարելը: Այսպես է, որ Սիրիայի դեպքերի լուսաբանման խաղի կանոնները, հաճախ ճշտված Արեւմուտքից, երբեմն Ռուսաստանից, գրավում են տեղեկատվական տարածքները:

Այս թոհուբոհում պատահում է, որ լրատվական կողմնակի թիրախի է վերածվում հայությունը: Ընդհանրապես խուճապային իրավիճակների մատնելու նպատակ հետապնդող ապատեղեկատվությունները տարբեր աղբյուրներ ունեն: Երբեմն անորոշ կայքեր  են մեջբերվում, այլ դեպքերում հղում է կատարվում տվյալ լրատվամիջոցին, որի սկզբնաղբյուրն ու պատկանելիությունը անհստակ լինելով ոլորապտույտի մեջ են թողնում լուրի վավերականությունը ստուգել փորձող մամուլի որեւէ ներկայացուցչին: Մինչ այդ, սակայն, լուրը կրկնօրինակվում է, պատճենահանվում է, երբեմն  համեմվում ցանկալի մեկնաբանություններով եւ  շրջանառությունը բազմապատկվում: Բացառված չէ այս դեպքերում, որ շրջանառության մեջ դնող ու անմիջապես անհայտացող լրատվամիջոցը մեր հակառակորդների ուղղակի կամ անուղղակի ներշնչումը ունեցած լինի:

Նման օրինակները բազմաթիվ են: Ճգնաժամային տեղեկատվությունը հատկապես հայկական լրատվամիջոցների համար արագ ու զգայացունց լինելու մղումներով պետք չէ հատկանշվի: Այստեղ կա իրավիճակին տեր կանգնելու, խուճապային տրամադրությունների ստեղծման առաջն առնելու, զուսպ ու հավասարակշիռ մոտեցման վարքագիծը որդեգրելու եւ մանավանդ արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անվտանգությունը գերադասելու անհրաժեշտությունը:

Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը  երկար ժամանակ: Մինչ այդ հայության հետ կապված որեւէ լուրի վավերականությունն ու ճշմարտացիությունը ստուգելու համար բացառապես պետք է հենվել տեղի հայկական պաշտոնական լրահոսի փոխանցած տեղեկատվության վրա` այնտեղ նկատելու համար ճշտված շեշտադրումները, տարողություններն ու չափերը: Ամպագոռգոռությունից, զգացականությունից եւ մանավանդ քարոզչական առավելություններ շահելու փորձություններից հեռու մնալը այս դեպքում ոչ միայն լրագրական օրինաչափություն է, այլ նաեւ անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Քեսապ. 0 Ժամ. տարհանում, ապաստանի եւ օժանդակության տրամադրում, բայց նաեւ քարոզչաքաղաքական աշխատանք

քեսաբ,Քեսապի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ  հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետեւանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:

Պետք է արձանագրել, որ դեպի Քեսապ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հաւանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ հայկական կողմի համար: Երբ Թուրքիան բացահայտ զինում և ֆինանսավորում է զինյալ խմբաւորումներին, ապա այս դեպքում Քեսապի շրջանը պոտենցիալ կարեւոր միջավայրերից էր նկատվում եւ շարունակում է նկատվել թափանցման, բայց մանաւանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար: Զինվորական այս ծրագրի պահն էր պարզապես, որ չէր ճշտվել: Թուրքական տարածքներից Սիրիա հարձակման 0 ժամը:

Այս մտահոգությունը, աւելի ճիշտ պիտի լիներ ասել վտանգը, առկա էր Քեսապի համար. հայտնաբար մնայուն այս սթափ եւ համապատասխան պատրաստվածության իրականությունն էր, որ դեպքերի սկսմանը զուգահեռ շատ արագ կազմակերպվեցին տարհանման գործողությունները: Պաշարված շրջանները եւս, երբ բանակի մարտերի թեժացման եւ որոշ դիրքերի վերագրաւման հետ նկատելի դարձաւ պայմանների համեմատական փոփոխությունը, ճեղքվեցին եւ այդ տեղերը եւս ապաստանած  հայրենակիցները տեղափոխվեցին համեմատաբար աւելի ապահով վայրեր:

Պետք է աւելացնել, որ տարհանման նման տարողության ընկալման պատրաստ էր նաեւ Լաթաքիայի շրջանի հայկական շտաբը, որ անմիջապես տարհանված հայրենակիցներին ընդունելու միջոցառումների դիմեց: Փաստորեն, մի քանի  հանգրվանով իրականացած տարհանման գործողություններըը, հակառակ ծանր բախումներին, ռմբակոծումներին, հրացանաձգություններին եւ բնակավայրերի ուղղությամբ արձակազենների արձակած կրակահերթերին, անցան առանց մարդկային վնասների:

Մյուս կողմից սակայն, ամբողջ մի հայկական գյուղի ամայացումը մռայլ հուսահատական գույներով պարուրեց ոչ միայն շրջանի հայությանը, այլ նաեւ հայկական աշխարհը: Քեսապահայության արմատները ձգվում են մինչեւ 10-րդ դար: Երկու օրվա ընթացքում արագ ամայացումը եւ մինչ այժմ նաեւ գյուղի եւ հայկական կառույցների ճակատագրի անորոշությունը, մեղմ ասած, մխիթարական հեռանկարներ չեն ուրվագծում հայրենիքի սահմանամերձ գաղթօջախների հեռանկարին:

Հրատապ աշխատանքների հրամայականը աւելի քան գերակա օրակարգ է Հայաստանի Հանրապետության եւ սփիւռքահայ հոգեւոր եւ քաղաքական կենտրոնների համար: Քաղաքական-հարաբերական աշխատանքներ, զինյալ խմբաւորումների չեզոքացման եւ գյուղի անդորրի վերահաստատման նպատակով օպերատիւ հանդիպումներ, կոչեր: Բայց մանաւանդ Լաթաքիայում ժամանակաւոր հաստատված քեսապահայության օժանդակության աշխատանքների արտակարգ թափ:

Քաղաքական տրամաբանությունը եւ նրան ուղեկցող Սիրիայի տարածքում ծաւալվող զինվորական գործողությունների հաջորդականությունն ու ընդհանրապես երեւացող ռազմավարությունը կարող են հուշել, որ թեկուզ Թուրքիայից սանձազերծված լինելուն այս գործողությունները քեսապահայությունը չունեն իբրեւ առաջնային թիրախ: Որ քեսապահայության տարհանումը (այս դեպքում` տեղահանությունը), գյուղի ամայացումը, հաւանական թալանն ու հայ կազմակերպված համայնքի չեզոքացումը եւս բխում են սահմանից այն կողմ գործող պետության շահերից, վիճարկման խնդիր չէ անշուշտ: Ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերի գրաւումն ու հայության հասանելիք վնասները իբրեւ թուրքական տարածքներից կառավարվող ծրագրերի հետապնդած համատեղելի շահեր աւելի համոզիչ կարող է  դարձնել գործողությունների պատճառահետեւանքային մղումները:

Հայկական կողմին վերապահված նշված աշխատանքներից  բացի, քարոզչաքաղաքական աշխատանքները բոլորից աշխույժ ձեւով կարող են կենտրոնանալ միջազգային ահաբեկչության դեմ միջոցառումներ որդեգրած, դրա դեմ աննահանջ պայքար հայտարարած միջազգային ընտանիքի առնչված կառույցների վրա` Թուրքիայի այս առումով ունեցած փաստացի դերակատարությունը լույսի բերելու նպատակով եւ համարժեք հակազդեցություն ակնկալելով։ Դժվար չէ ենթադրել, թե Անկարայի ի՜նչ տեսակ ծառայությունների համապատասխան լայնածիր օժանդակություններ է ստացել  Թուրքիայում գործող, ֆինանսաւորվող, ռազմափորձերի մասնակցող աշխարհաքաղաքացիական ահաբեկչությունը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Ինքնորոշման իրավաչափությունը

Շահան ԳանտահարյանԲավական բարդ եւ միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական եւ հեռակա հետեւանքների մասին: Գերտերությունների ազդեցության գոտիների ընդլայնման եւ փոքրացման միտումներ, սառը պատերազմի 21-րդ դարի տարբերակ, սահմանների վերաքարտեզագրումներ եւ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումներ` գետնի վրա:

Այս բոլոր գործընթացները խորապես փոխկապակցված են իրար իբրեւ քաղաքական տրամաբանություն ու մեկնաբանություն եւ իբրեւ աշխարհաքաղաքական ուժերի կողմից իրականացվող քաղաքականության տարբեր շղթաներ, երբեմն շաղկապված, երբեմն հակոտնյա կարգով իրար հակակշռող:

Մարտի 16-ը սարերի հետևում չէ: Աշխարհը ականատես պիտի դառնա ինքնորոշվող Ղրիմի, որ իր խորհրդարանի միաձայն որոշմանն ընդառաջ պիտի քվեարկի Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշմանը: Այստեղ է ճիշտ, որ աշխարհի ուշադրության կիզակետին հայտնված Ղրիմը պիտի շարունակի իր վրա պահված պահել հայկական լուսարձակները ակնդետ հետեւելու ինքնորոշվող տարածքի առաջադրած կարգավիճակին միջազգային ընտանիքի կողմից  (ան)ընդունելիության տարբեր հակազդեցությունների եւ հանգրվանների վրա:

Միջազգային ընտանիքի ընկալելիության նախադեպայնությունը՝ Արեւելյան  Թիմորի, Հարավային Սուդանի, Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ դեպի այդ առաջադրանքին ընդառաջ Շոտլանդիայի պարագաներին, էլ ավելի են համոզում ոչ թե միջազգային սկզբունքի համատարած եւ պարտադիր կիրառելիության մասին, այլ շահերի համընկման եւ բախման կետերին, ճիշտ պահին տրված եւ ընդունված որոշումների մասին: Ճանաչում ճանաչման դիմաց  քայլը լավագույնս բնորոշում է Աբխազիան եւ Հարավային Օսիան ընդդեմ Կոսովոյի քաղաքական մրցախաղը:

Ինքնորոշման իրավունքն այժմ ազգերի իրավունքի տեսքով խորքում քաղաքական տվյալ պահի օգտագործվող խաղաթուղթ է: Ղրիմի  խորհրդարանը Գորբաչովից մինչեւ Պուտինի երկրորդ պաշտոնավարություն պիտի չսպասեր ինքնորոշվելու համար: Այստեղ անշուշտ հարցը ոչ թե անկախացման կամ միացման առաջադրանքին է վերաբերում, այլ  ուղղակի ինքնորոշման սկզբունքի կիրառմանը:

Եւ, որովհետեւ քաղաքական պահը օգտագործելու միջազգային փորձի եւ օրինաչափության մասին է խոսքը, փորձենք կենտրոնանալ հայկական կողմի համար օգտագործելի թեմայի վրա:

Փորձ կկատարվի արցախյան հիմնախնդրի ուղղությամբ անվերջ բանակցային գործընթացի միջազգային երկու սկզբունք` տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը համատեղելու: Արցախյան հակամարտության միջնորդական առաքելությունը ստանձնած համանախագահներից եւ ոչ մեկը մինչեւ հիմա մի սկզբունքը մյուսից չի փորձել գերադասել:

Այս զգուշավորությունը միայն համանախագահների մոտ չէր նկատվել: Ղրիմի հարցով շահագրգռված եւ տեղի թաթար ազգաբնակչությանը տիրություն անելու կարգախոսով ազդեցության գոտի գրավելու հստակ քաղաքականությամբ հանդես եկող Անկարան նույնիսկ Բաքվի հաշվարկը կատարելով չի բարձրաձայնում Ղրիմի  ինքնորոշման մասին:

Ճիշտ է, որ համաարեւմտյան համազարկ է տրված Մոսկվան մեկուսացնելու նպատակով: Նույնքան ճիշտ է, որ Մոսկվայի (եւ ոչ միայն Մոսկվայի) համար միջազգային որեւէ սկզբունք նպատակահարմար պահի օգտագործելի խաղաթուղթ է: Միաժամանակ ճիշտ է նաեւ այն, որ առաջին անգամ լինելով արցախյան հակամարտության միջնորդությունը ստանձնած համանախագահող մի երկրի  բարձրագույն ղեկավարը ինքնորոշման իրավունքը նկատում է  համահունչ եւ իրավաչափ միջազգային օրենքի նկատմամբ:

Եռանախագահող երկրներից մյուս երկուսը իրենց մոտեցումները համապատասխանեցնելու խնդիր ունեն այս ձեւով: Թեեւ յուրաքանչյուր պարագա անշուշտ ունի իր առանձնահատկությունները: Նախ այն առումով, որ իսկապես արցախյան ինքնորոշումը անխոցելի է թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից եւ թե՛ ժամանակին  Խորհրդային Միության օրենքների առումով: Ղրիմը այս դեպքում ունի իր խոցելի կողմերը նախապես կնքված համաձայնագրերի եւ Ուկրաինայի սահմանադրության պահանջների տեսանկյունից:

Այս բոլորով հանդերձ, թե՛ Ղրիմի եւ Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության հարցը եւ թե՛ ընդհանրապես Արեւմուտք-Ռուսաստան բախումներին չներքաշվելու մոտեցումը հանգեցրել են պաշտոնական Երեւանի զգուշավոր կեցվածքին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Ղրիմի հանգույցը հայկական գործոնի հարաբերակցությամբ

Շահան1Ռուս-ուկրաինական հարաբերությունների խորապատկերի վրա լուսարձակները  տեղաշարժեր են արձանագրում եւ կենտրոնացման արագ փոփոխություններ են կատարում, իրադարձությունների միջավայրային տեղափոխումների անմիջական զուգահեռականությամբ։ Մայդանը համեմատաբար ստվերում է մնացել այս օրերին Ղրիմի վրա աշխարհաքաղաքական ուշադրության շատ արագ սեւեռման պատճառով։

Փորձենք հեռու մնալ աշխարհաքաղական մեծ օրակարգերի հետ կապված հայտարարողական թե գետնի վրա երեւացող ոլորապտույտներից, ամփոփվելու համար հայկական գործոնի հարաբերակցությամբ իրադրային նշանակություն ունեցող գործընթացները։

Ղրիմում տեսանելի դարձող քաղաքական շարժերը հայկական գործոնի հարաբերակցությամբ երկու ուղղությամբ մեկնաբանությունների դուռ են բացում։ Եթե մի պահ շատ արագ մտաբերենք Ղրիմի հայ համայնքի պաշտոնական մարմինների հրապարակումները, որ հայությունը այնտեղ ներքաշված չէ լարված իրավիճակի մեջ, անմիջապես  իբրեւ թեժ առաջնային կետ տեսանելի է դառնում արցախյան հիմնահարցը, դիպաշարի զարգացման առընթեր անպայման նկատի ունենալով Ղրիմի նկատմամբ Մոսկվայի որդեգրելիք զինվորաքաղաքական քայլերը, Արեւմուտքի պատժամիջոցային ճնշման հակազդեցությունը, ՀԱՊԿ-ի (չ)աշխատելը եւ Հայաստանի Հանրապետության, այս առումով դեպքերից զերծ մնալու փաստը կամ ՎՈՒԱՄ-ի վերաշխուժացման հավանականության (ան)իրատեսությունը։ Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու պահանջների կողքին իբրեւ հնարավորություն կքննարկվի նաեւ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի կարգավիճակի շնորհման հարցը։ Այս ենթադրյալ տեսությունն է, որը առաջնորդում է նույն կարգավիճակի մասին մտածելու նաեւ Արցախի դեպքում։

Արցախը կարող է դուրս մնալ քաղաքական այս առեւտրից, նկատի ունենալով արդեն իսկ ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական ոչ բնականոն  հարաբերությունների վրա նաեւ չաւելացնելու ռուս-ադրբեջանականը։ Որոշակի ուղղվածություն կա սակայն, որ իրեն զգալի է դարձնում։ Այն էլ ռուս եւ տվյալ կողմի հետ պատերազմների իբրեւ անմիջական հետեւանք տարածքային ամբողջականությունների վերաքարտեզագծումն է, որ եթե ոչ այս հանգրվանին, գուցե այլ հանգամանքներում վերաբերի նաեւ Արցախին։ Իրողական անկախութիւնների  ռուսական միակողմանի ճանաչման մասին է խոսքը առաւելաբար։

Հայաստանի Հանրապետության հետ կապված, փորձ պետք է կատարել դիտարկելու համար կազմաւորման ընթացքում եղող Մաքսային միության ճակատագիրը, տրված լինելով, որ մեծ հանգույցը այս գործընթացում Կիեւն էր. իշխանափոխված Կիեւը արդեն իսկ խանդավառ պատրաստակամություն է հայտնում դեպի Եվրամիություն սուրալու։

Ուղղակի անուղղակի յուրաքանչուր աղերս իր հերթին քաղաքական վերլուծումների կարիքն ունի, միշտ նկատի ունենալով աշխարհաքաղաքական գերտերությունների շահագրգռվածության չափն ու կշիռը այս բոլորում։

Վերջապես, թուրքական գործոնի աշխուժացումը Ղրիմի աշխարհաքաղաքական օրակարգ հայտնվելու առիթով։ Ղրիմում ստեղծված անկայունության առաջին օրերից իսկ Անկարան սկսել  էր ներգրավվել այս հարցում, իր աշխույժ հետաքրքրությունը  պայմանաւորելով այն բնորոշումով, որ Ղրիմի թաթարները իրենց հայրենակիցներն ու ցեղակիցներն են։ Անկախ այն իրողությունից, որ Անկարան Ղրիմի նկատմամբ լուրջ հաւակնություններ մատնող քայլեր է կատարում, աւելորդ չի լինի ենթադրել, որ ներքին բարդ մարտահրաւերներ եւ ճգնաժամներ ունեցող Թուրքիան այսպիսով իր տագնապը արտահանում է դեպի արտաքին օրակարգ համաթուրքական առաջադրանքներ ձեւակերպելով`  ցեղակիցներին, հայրենակիցներին տիրություն անելու կարգախոսներով։ Հետաքրքրական է մեջբերել նաեւ Դավութօղլուի հայտարարության այս բաժինը.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, դիմելով Ղրիմի բնակիչներին, ասել է. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք։ Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության, որոնք դժվարության մեջ են հայտնվել», – «Մենք առաջինը կշտապենք Ղրիմին օգնության. մասունքներ, որոնք թողել են մեր նախնիները»:

Դավութօղլուի պաշտոնավարած երկրում այլ մասունքներ թողած այլ ժողովրդներ էլ կան, որոնք երբ պահը գա դեպի այնտեղ շտապելու պատճառներ ունեն։ Այս մասին էլ Դավութօղլուի ներկայացրած պետության համար «անգամ հարց չպետք է առաջանա»։

Հայկական ոսպնյակը բազմաթիւ ուղղություններով իր կենտրոնացումը Ղրիմի վրայից չհեռացնելու պատճառներ ունի։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 Անկախ

ՙՙԱզատությունը՚՚ կանխել է ՙՙՄայդանը՚՚ 26 տարով

Շահան ԳանտահարյանՈւկրաինայի  քաղաքական դաշտում  արձանագրվող դիպաշարը ընդհանուր առումով կարող է բնութագրվել ռուսամետ եւ արեւմտամետ կողմնորոշումների բախումներով: Սա, իհարկե, շատ ընդհանուր բնութագրում է. միջանկյալ պետք է նկատի ունենալ ժողովրդի երկու հատվածնեի բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական, դավանական բաժնից, լեզվական տարբերությունից, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայացքների: Այստեղ համաուկրաինական հղացքը արդեն մշուշապատված է եւ տարանջատումը հետզհետե խորանում է:

Ուկրաինական պատկերների մեկնաբանությունը ենթադրում է բազմագործոնային բացատրություններ եւ հիմնավորումներ։ Այս գործընթացները դեռեվս երկար ժամանակ պիտի զբաղեցնեն միջազգային, տարածաշրջանային իրադրությունները մեկնաբանողների ուշադրությունը: Անիրատեսական չէ արձանագրելը, որ մինչեւ իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա է, չասելու համար երկրի բաժանումը:

Այս արագակշռույթ զարգացումներում փորձենք կենտրոնանալ «Մայդանի» հայկական տարբերակի առաջացման հավանականության շուրջ մեր հայրենիքում ծավալվող քննարկումների վրա:

Անշուշտ «Մայդանի» աշխուժացումը հետեւեց Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը Կիեւի կողմից չնախաստորագրելու հանկարծակի որոշմանը: Պարզ էր ռուսական գործոնի ուղղակի միջամտությունը եւ ճնշումը: Զուգահեռը այստեղ Երեւանի կեցվածքի շարժառիթը լուսաբանելու առումով հստակ գծվում է: Մոսկվան, ավելի վաղ, Երեւանից պահանջելով Մաքսային միության անդամակցության մասին որոշման հրապարակումը, նախաբանը կատարեց Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը առկախելու:

Ուկրաինական եւ հայկական ներքաղաքական դաշտերի կառուցվածքը եւ մանավանդ ժողովրդների այս հարցերը ընկալելու եւ հակազդեցություն ունենալու մոտեցումները բավականաչափ տարբերվում են իրարից: Եւ ճիշտ պիտի չլիներ հայկական դաշտի վրա ուկրաինական տարբերակի պատճենահանումը ակնկալելը  Երեւանում: ՙՙԱզատության՚՚ հրապարակի մայդանացման առաջադրանքի իրականացման հավանականության քննարկումը, ամենայն հավանականությամբ, պիտի հայտնվեր հայ քաղաքական մտքի այսօրվա վերլուծությունների մեջ։

Բայց. պետք չէ մոռանալ, որ Մայդանի վրա հսկայական լուսարձակներ բացողը Արեւմուտքն է, որն ի վերջո ռուսական ազդեցության գոտու փոքրացման նպատակն է հետապնդում: Ռուսական գաղութարարության դեմ բացված համաարեւմտյան այս համազարկը ճշտում է նաեւ քարոզչաքաղաքական ալիքի բարձրացման եւ տարածաշրջանի վրա տարածման կշռույթներն ու տարողությունները:

Այս ալիքից անմասն չի մնում մեր երկիրը: Ուր, անշուշտ, կա հարստապետության եւ ժողովրդի միջեւ խորացած վիհ, ուր կա նաեւ ռուսական գաղութարարության դեմ արտահայտվելու նկատառելի տրամադրություն, ուր կա, իհարկե, համակարգային փոփոխության պահանջ:

Միաժամանակ, սակայն մեր երկիրն ու ժողովուրդը փաստել են, որ համազգային ռազմավարական եւ անվտանգության էական նշանակություն ունեցող հիմնահարցերն են, որոնք կարող են մի մարդու նման ոտքի հանել հայ ժողովուրդը թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` ՙՙԱզատության՚՚ հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռեվս հյուսիսի բեւեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով: Հիշելը օգտակար է նաեւ, որ երբ մեր երկիրը ներքաշվեց ուկրաինական օրինակով ստեղծված իրավիճակի մեջ, մեր սահմանների ուղղությամբ շատ արագ զարգացան ոտնձգության գործողությունները հակառակորդի կողմից:

Արցախի ինքնորոշման թե երկրի անկախացման պահանջներով, ժամանակին, հզոր Հյուսիսի դեմ դուրս եկած մեր ժողովուրդը դասեր տվել է այլոց: Մեր երկիրն ու ժողովուրդը գիտեն ճշտել պահը փողոց դուրս գալու իրողապես համաժողովրդային տարողությամբ: Արեւմտամետ թե ռուսամետ կողմնորոշումների խնդիրը կամ Վիլնյուսը ընդդեմ Մաքսային միության երկվությունները արեւմտյան աշխարհի ճշտած օրենքներով ընթացող գործընթացներն են, որոնց ներքաշվելու  կամ (չ)մասնակցելու որոշումը կարող է կայացնել մեր ժողովուրդը, որը փաստել է, թե ազգային հիմնախնդիրների նկատմամբ ինչ տեսակ պահվածք է որդեգրում:

ՙՙԱզատությունը՚՚ կանխել է ՙՙՄայդանը՚՚ 26 տարով: Ռուսամետ-արեւմտամետ բախումը  պատճենահանելը անպայման չի բխում մեր երկրի ու պետության շահերից: Մենք դասեր առնելուց ավելի, դասեր ունենք տալիք այս իմաստով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բուդապեշտի մարդասպանը եւ Բաքվի «հերոսը»

Շահան ԳանտահարյանՏասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների եւ լուռ համաձայնությունների իբրեւ արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ եւ արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչման:

Ադրբեջանական կողմի մեջ արձանագրված վերաբերմունքները, արարքները, ճնշումները, գործարքներն ու ատելության դրսեւորումների գագաթ նվաճած օրինակները պարզ են եւ գուցե նաեւ ակնկալելի Բաքվի իշխանություններից:

Խնդրի դիտարկումը փորձենք հայկական եւ ադրբեջանական դաշտերից տեղափոխել միջազգային հարթություն, նկատելու համար մի քանի կետեր:

Սաֆարովի անասնային հարձակումը գործվել էր ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի դիմաց ՆԱՏՕ-ի  պարզ տրամաբանությամբ հստակ պատասխանատվություն է ստանձնում, որ նման զինվորական պաշտոնատար է ուղարկել միջազգային մակարդակում իրականացվող  վարժողական ծրագրին: Եթե դեռեվս չենք ուզում խոսել սաֆարովների գազանային դրսեւորումների պատճառ հանդիսացած հայատյաց քաղաքականության մասին եւ մի պահ ուզում ենք կենտրոնանալ ադրբեջանցի սպայի հոգեկան անհավասարակշռվածության վրա, նույնիսկ այս դեպքում Բաքվի համապատասխան բաժանմունքները պատասխանատու են դիտվում նման փորձարկումների ինքնատիրապետումից հեռու սպա ուղարկած լինելով: ՆԱՏՕ-ն այս առումով չունեցավ համարժեք արձագանգ:

Հունգարական դատաիրավական հաստատությունները առաջին փուլին արտառոց որեւէ որոշում չեն կայացրել: Պարզ էր. կատարվածը մարդասպանություն էր, այն էլ ամենաքստմնելի եւ դատապարտելի բնույթով, որի համար էլ դատական ընթացակարգից հետո կար վճիռ: Առավելագույն պատժաչափ: Խնդիրը հետագային էր: Լուռ, լուսարձակներից հեռու, կարելի է բնորոշել նույնիսկ թաքուն բանակցություններ Բաքվի եւ Բուդապեշտի միջեւ հանգեցրին գործարքի: Բուդապեշտը արտահանձնեց մարդասպանին, մարդասպանությունը  քաջալերած պետությանը: Բուդապեշտը կարող էր հենվել անշուշտ միջպետական հարաբերություններով սահմանված արտահանձնման օրենքի վրա, նման գործողություն կատարելու համար: Արտահանձնելու վերաբերյալ դիմումը գաղտնի պահելու, բանակցությունները թաքուն ձեւով կատարելու եւ արտահանձնումը հանկարծակի բացահայտելու հունգարական կողմի պահվածքը շեշտում է գործարքային ուղղությունը այս բոլորի մեջ: Հունգարական քաղաքական դաշտը նույնիսկ չէր իմացել այս մութ համաձայնության ծալքերի մասին: Հայկական կողմին մնում էր առկախել դիւանագիտական կապերը Բուդապեշտի հետ:

Շարունակենք Բուդապեշտի լուռ մեղսակցության փաստի համոզման տրամաբանությունը: Հունգարական իշխանություններն անպայման համոզված էին, որ իրենց արձակած դատավճիռը՝ ցմահ բանտարկությունը, վերջ պիտի գտներ արտահանձնման թույլտվության օրը: Որեւէ երաշխիք  չկար հակառակը փաստելու: Արտահանձնելու օրենքը բնականբար միջպետական հարաբերություններ հարգող կողմերին է վերաբերում. դրա իմաստը այն է, որ դատավճռի գործադրության աշխարհագրական միջավայրն է, որ կփոխվի եւ ոչ թե դատավճիռը: Ադրբեջանի նման երկրներն են, որոնք ոչ միայն խախտում են եւ ոտնկակոխում օրենքը, այլ միջազգային օրենքի շահագործումով մարդասպանին վերածում են հերոսի: Բուդապեշտը բոլոր պատճառներն ուներ բողոքի նոտաներ ուղարկելու Բաքվին, իր կայացրած որոշմանն կայծակնային բեկանման մասին բացատրություն պահանջելու, անգամ դիվանագիտական կապերը առկախելու Բաքվի հետ…. եթե նախապես կայացրած չլիներ գործարքը:

ՆԱՏՕ-ի իրավական բաժանմունքներից անկախ լուռ մնաց նաեւ միջազգային ընտանիքը. ի վերջո միջազգային հարաբերությունների ընդհանուր շրջագծում կայացած օրենքի կոպիտ խախտում էր կատարվածը:

Այստեղ է, բուն խնդիրը: Արտահանձնման օրենքի շահարկումով մարդասպանը վերածվում է հերոսի: Ադրբեջանին հարազատ է այս վարքագիծը: Բայց երբ Բաքուն գտնում է իր հետ գործարքի գնացող Բուդապեշտի նման կողմեր, երբ ՆԱՏՕ-ն չի առկախում Ադրբեջանի մասնակցությունն իր կազմակերպած զորավարժություններին եւ երբ միջազգային ընտանիքը հաշիվ չի պահանջում արձանագրված կոպիտ խախտման համար, Բաքուն վերստին կփորձի սրել իր կացինը:

Հայկական կողմը այս բոլորի նկատառման հարկադրանքի առջեւ է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հավասարեցման վտանգավոր խաղը

շահանԱրցախի եւ Ադրբեջանի շփման գծի վրա եւ վերջերս նաեւ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  նկատմամբ ադրբեջանական հարձակողապաշտության դիմաց պատասխանատվության առումով համահավասարեցման միջազգային խաղը նոր երեւույթ չէ:

Քաղաքականորեն ակնկալել, որ արդար գնահատականներ տրվեն եւ միջնորդական խաղաղարար առաքելություն ստանձնած տարբեր կառույցները ճիշտ եզրակացություններ հայտարարեն, թվում է, որ իրատեսական չէ: Ի վերջո, այս կառույցները քաղաքական էություն ունեն, ոչ իրավական եւ բնականաբար դատաստանական վճիռներ չպիտի արձակեն մատնացույց անելով հրադադար խախտող կողմը:

Բայց այս կառույցները իրականացնում են մշտադիտարկումներ, աշխատանքային եւ բանակցային այցեր: Կառույցները օժտված են անշուշտ ֆինանսական լայն հնարավորություններով, փորձագետներով, վերլուծաբաններով, զինվորական մասնագետներով  եւ առհասարակ բանակցային յուրաքանչյուր հանգրվանի համար թղթածրար պատրաստող արհեստավարժ մարդուժով:

ԵԱՀԿ-ի առաքելությունը ուրեմն միայն բանակցային գործընթացի ապահովումը չէ կամ միջնախագահական ու միջնախարարական ձեւաչափերով հանդիպումների կայացումը: Գործընթացն իր ամբողջական հասկացողության մեջ նաեւ զինվորական է եւ հատկապես` հրադադարի պահպանման բազմակողմանի պարտավորություն:

Հրադադարի պայմանավորվածությունը իհարկե տարբեր է խաղաղության համաձայնագրից: Հրադադարը ինքնին հուշում է պատերազմական իրավիճակի առկախում կամ  լավագույն դեպքում դեպի համաձայնագրի կնքման փուլ: Եւ եթե մի կողմից զինվորական սահմանափակ գործողությունների երեւույթը կարող է օրինաչափությամբ մեկնաբանվել` տրված լինելով, որ խաղաղության համաձայնագիր կնքված չէ, մյուս կողմից սակայն նման քայլերը մեկնաբանվում են իբրեւ որոշակի պայմանավորվածության խախտում:

Այս խախտումների հաճախակիացումը կարող է կապված լինել  սպառման շարժառիթների: Այլ դեպքերի պարագայում` քաղաքական ուղերձներ փոխանցելու: Ներքին սպառման կարգով պարզ է, որ կորցրած կողմը Բաքուն է, եւ հետեւաբար իրեն է վերագրվում հարձակողապաշտությամբ բնութագրվող նման որեւե քայլ: Արտաքին ճակատում դարձյալ Բաքուն է, որ չի թաքցնում իր անհանգստությունը, հաճախ բարձրաձայնում է ուժի կիրառման անհրաժեշտության մասին եւ մանավանդ կրկնում իր ակնկալությունը ԵԱՀԿ-ից հատկապես ՄԱԿ տեղափոխելու միջնորդական պարտականությունը:

Քաղաքական այս հիմնավորումների կարիքը չունեն ԵԱՀԿ-ի փորձագետներն ու մշտադիտարկողները` համոզվելու համար, թե ո՛վ է նախաձեռնողը դիվերսիոն գործողությունների, ո՛վ է հրադադար խախտողը, ո՛վ է դիպուկահարներ գործի լծողը, ո՛վ է կացինահարողը, ո՛վ է մարդասպան հերոսացնողը եւ տակավին նմանատիպ գործողությունների հեղինակը:

Եւ եթե այսքան պարզ է նման քայլերի հետևում կանգնող կողմը, ինչո՞ւ հայկական կողմը ադրբեջանականի հետ հրավիրվում է զգաստության, պայմանավորվածությունը հարգելու եւ խաղաղության պահպանման նախանձախնդիր մնալու: Այնքան որքան Բաքուն:

Անկողմնակալ միջնորդի հռչակը պահպանելու համար կողմնակալ համահավասարեցում կատարելը ինքնին կողմնակալություն է դիտվում: Իրերը իրենց անուններով չկոչելու միջնորդական այս պահվածքն էր, որ Բաքվին արտոնեց հարձակման միջավայրը Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից տեղափոխելու նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ: Այս եւս բավարարար չէր, որ խախտեին հավասարեցման խաղի կանոնները:

Ադրբեջանական այս սադրանքները պատերազմական գործողությունների վերսկսում չեն. քնած ժամանակ գործածված կացինը, թաքուն դիպուկահարը կամ գիշերվա ընթացքում փորձված դիվերսիան ճակատային պատերազմից խուսափելու փորձեր են: Ներքին սպառման եւ արտաքին ուղերձների հղման սատարող միջոցներ պարզապես:

Միջնորդը պիտի գիտակցի, որ սադրանքի հեղինակը մատնացույց չանելն ու նման երեւույթների հեղինակին առանձնապես չդատապարտելը սպառնում է նույնինքն այն առաքելության, որը ստանձնել է ինքը: Կոչերն ու պահանջները պետք է ուղղել Բաքվին: Միայն:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ