Քառյակը ներկայացրեց իր 12 պահանջները և ստորագրեց փաստաթուղթը

unnamed

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, Հայ Ազգային Կոնգրես և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:

Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:

Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:

Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ:

Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ  պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը.

  1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
  2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի  գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն  75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
  3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
  4.  Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
  5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
  6. Հաստատել ¦Նաիրիտ գործարան§ ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել ¦Նաիրիտի§ անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
  7. Բացառել ¦Որոտան ՀԷԿ-երի համալիր§ ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
  8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
  9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
  10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից  անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ, տեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
  11. Ապահովել ընդդիմության  մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
  12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը Ազատության հրապարակում  կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը, և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:

Ներկայացնելով այս պահանջները՝ խորհրդարանական չորս ուժերը հանդիսավոր ձևով ստորագրեցին փաստաթուղթը, ապա պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

 

 

Անկախ

Ոչ իշխանական 4 ուժերը «հրաշալի քառյակը» պահպանելու ճիգեր են գործադրում

քառյակ2Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը կամ այսպես կոչված «հրաշալի քառյակը» քաղաքական նոր իրավիճակում նոր մարտավարություն և նոր համաձայնություն ձևավորելու փնտրտուքների մեջ են:

Վարչապետի հրաժարականը խառնեց առաջին հերթին նրանց խաղաքարտերը, և արդեն ակնհայտ է, որ ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքները կարող են տեղի չունենալ:

Մինչև նոր կառավարության ձևավորումը, քառյակն էլ իր օրակարգը ձևավորած չի լինի` սպասելով կառավարության վերադասավարումներին: Այսօրվա դրությամբ ՀՅԴ-ն բանակցում է իշխանությունների հետ իր 7 կետերի շուրջ, ԲՀԿ-ն հայտնում է, որ կոալիցիա չի մտնի, բայց դեռ մտածում է, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ամբողջական իշխանափոխություն են պահանջում:

Պատահական չէ, որ ապրիլի 14-ին քառյակի երեք անդամներին ուղղված ՀԱԿ-ի հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, առայժմ դրական արձագանք է հնչեցրել միայն «Ժառանգությունը»: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենք հենց սկզբից էլ համակարգային փոփոխությունների կողմնակից են եղել, ուստի լիովին աջակցում են Կոնգրեսի դիրքորոշումը:

big_516456a7fc5f2c19a777133908dec364Ապրիլի 16-ին քառյակի հերթական նիստից հետո ակնկալվում էր, որ ՀԱԿ-ի հայտարարության վերաբերյալ կողմերը դիրքորոշում կհայտնեն: Սակայն պարզվեց, որ նրանք հանրությանն ասելու ոչինչ չունեն` չնայած որ քննարկել են հարցը:

«Մամուլին ավելին չեմ կարող հայտնել, քան ձեռք բերված պայմանավորվածությունն է»,-շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հայտնեց միայն, որ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց նա:

Դաշնակցականներն այսօր տեսնում են, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

Ուստի, եթե իրենց առաջարկները մասնակիորեն էլ ընդունվեն, միևնույն է` իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք չընդունվեն. «Կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Ի դեպ, քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը՝ ելնելով արդեն ՍԴ որոշումից: Փորձելու են հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները: Հնարավոր է, որ այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջեն արտահերթ նիստ հրավիրել:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, իսկ այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Այնուամենայնիվ, Ռուստամյանը, ի հեճուկս բոլոր «չար գուշակողների», հայտարարում է. «Քառյակը շարունակում է աշխատել արդյունավետ»:

203542ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ այդ կարծիքին: Նախ նա արձանագրում է, որ քառյակը` որպես քաղաքական միավոր, չի ձևավորվել: «Այն ձևավորվել է ընդամենը կառավարության հրաժարականի պահանջի շուրջ` ի դեմս Տիգրան Սարգսյանի: Հիմա նոր իրավիճակ է, և նմանատիպ խնդիր այս պահին չկա: Սահմանադրությունն էլ հուշում է, որ մինչև ապրիլի 28-ը կառավարության ծրագիրն էլ պարզ չի լինի, և ոչ իշխանական ուժերը քննարկելու ու քննադատելու բան էլ պետք է որ չունենան: Հետևաբար, քառյակի գործունեությունը, որոշումները, հավաքները, «աժիոտաժ սարքելը»  ընդամենը իրենց գործունեությունը թեժ պահելու միջոց է, մինչև հետագայում կողմնորոշվեն ինչ որ հարցեր լուծելու կամ չլուծելու առումով»:

Սահակյանը նշում է, որ եթե պետք է դեռ բան չարած սկսեն նոր կառավարությանը քննադատել, ժողովուրդն էլ կհասկանա, որ ուրեմն այն ժամանակ էլ ընդամենը հավաքվել էին ինչ որ ներքին խնդիրներ լուծելու համար: Իսկ եթե պետք է այսօրվանից իշխանությանն ընդդիմանան` պատրաստվելով 2017-18 թվականներին, ապա դա էլ մի փոքր շուտ են սկսել:

Ինչ վերաբերում է քառյակին ուղղված ՀԱԿ-ի կոչին` պահանջել Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հրաժարականը, ապա Հովհաննես Սահակյանը կարծում է, որ դրանով ՀԱԿ-ն ուզում է ղեկավարել «հրաշալի քառյակը», և պատահական չէ, որ նմանատիպ հայտարարություն արեց այն ժամանակ, երբ պայմանները հնարավորինս բարենպաստ էին: «Եթե մի քիչ էլ էսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը դառնալու է «հրաշալի քառյակի» լոկոմոտիվը և ինքն է որոշելու ձևաչափը»,-ենթադրում է Սահակյանը:

Այնուամենայնիվ, նա պնդում է, որ իշխանությունները ռեալ պատկերացում ունեն իրականության մասին, և գիտեն, որ ընդդիմության օրակարգում այսօր որևէ լուրջ գործընթաց չկա: Երբ ինչ որ լուրջ, առանցքային շեշտադրումներ լինեն, այդ ժամանակ էլ իրենք հետևություններ և համապատասխան քայլեր կիրականացնեն:

Անի Գասպարյան

 

Անկախ

 

 

 

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար». քաղտեխնոլոգ

ԱԺ-չորս-ոչ-իշխանական-ուժերՔաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նկատեց, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար: Փոխարենը իշխանական և ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:

<<Այնպես չէ, որ չորս ոչ իշխանական ուժերը միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Նրանք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց գործընթաց կա>>,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ բոլոր ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը դառնա ԲՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ բավական ժամանակ կա, կարող է մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվել:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ չորս քաղաքական ուժերը չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ հանուն լավի, թե հանուն իշխանության գալու:

«Նրանք հիմնվում են սոցիալական խնդիրների վրա, բայց պարզ չէ, թե ինչպե՞ս են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանության հետ գալու են փոխհամաձայնության վարչապետ ընտրելու հարցում, ինչո՞ւ չի երևում Հանրապետական կուսակցության փոխզիջման պատրաստակամությունը: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է <<ԴԵՄ ԵՄ>> քաղաքացիական նախաձեռնությունը, որին չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ չորս ոչ իշխանական ուժերից  որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, քաղտեխնոլոգը պատասխանեց. « Ինձ համար լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է, որն ապացուցել է իր աշխատանքը բոլոր իրավիճակներում: Այսօր, իհարկե, թույլ է, քան 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս. ԲՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են: Նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է, այն օրը, երբ իշխանություն չեղավ, կուսակցությունում մի բուռ մարդիկ են մնալու»:

 Անկախ