Բեզոարյան այծերի թիվն աճել է. որսորդ

DSC00286«Ենթադրվում է, որ որսի սեզոնը  կբացվի օգոստոսի 23-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը` նշելով, որ  սեզոնի բացման ամսաթիվը կախված է Բնապահպանության նախարարի հրամանագրից, որը  կսահմանի թույլատրված որսատեսակները և քվոտաները:

Ըստ նախաձեռնության անդամի` որսի նկատմամբ ձևավորված կաղապարային կարծիքներ կան, սակայն այն  մի քանի խնդիր լուծելու միտում ունի.  «Դա զենքին պատանեկան տարիներից  տիրապետելու միջոց է: Մեր երկիրը այնպիսի պայմաններում է գտնվում, որ չենք կարող թույլ տալ, որ պատանիները զենքը տիրապետել սկսեն միայն դպրոցում կամ բանակում: Դա մի շռայլություն է, որ մեզ թույլ տալ չենք կարող», – գտնում է Սարիբեկյանը: Մյուս կողմից, որսը թույլ է տալիս մարդուն մոտենալ բնությանը` կենդանիների հետ մրցակցության մեջ մտնելով. «Սովորաբար որսում են կենդանատեսակի պոպուլացիայի թույլ առանձնյակների` ծերերին կամ հիվանդներին: Առողջ կենդանուն հնարավոր չէ որսալ. բնության մեջ կենդանին ավելի ուժեղ է», – նշեց որսորդը:

Հայաստանում արգելվում է վայրի խոզի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի և կատվազգիների որսը: Ըստ Սարիբեկյանի` այս կենդանիներից շատերի որսի արգելքը պատճառաբանված է, սակայն մյուսների դեպքում դա կարելի է մեղմացնել. «Վերջերս լսեցի, որ վայրի խոզերը ոչնչացնում են գյուղատնտեսական հանդակները, այսինքն՝ վայրի խոզի որոշակի գլխաքանակ կա, և դրա որսը կարելի է կազմակերպել՝ մեծացնելով եղած քվոտաները: Դա ոչ միայն որսորդին է ձեռնտու, այլև տնտեսությանը: Այս առումով, կարծում եմ,  որոշակի  բաներ կարելի է վերանայել», – ասաց Էդուարդ Սարիբեկյանը` ընդգծելով, որ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ, երբ շատ կենդանատեսակներ ոչնչացման եզրին են լինում, օրինական որս կազմակերպելու դեպքում ոչ միայն այդ կենդանիների քանակն է շատանում, այլև օգուտներ են լինում տնտեսության համար:

Սարիբեկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շատացել է բեզոարյան այծերի քանակը. եթե նախկինում այդ կենդանուն տեսնելու համար հատուկ տարածքներ պետք էր այցելել և անհրաժեշտ էին ուղեկցորդներ, ապա այժմ նրանց կարելի է տեսնել անզեն աչքով, օրինակ, Նորավանքի ժայռերի մերձակայքում: Նվազել է որոշ թռչնատեսակների քանակը, ավելացել են ագռավները և կաչաղակները:

Հայաստանում կան հազարավոր գրանցված որսորդներ: «Գրանցվածների 50 տոկոսը պարզապես զենք ձեռքբերելու նպատակով է դառնում կազմակերպությունների անդամ և  չի զբաղվում ակտիվ որսով»,- նկատեց Էդուարդ Սարիբեկյանը:

 

 Անկախ

Բնապահպանության նախարարը 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին հրաման է ստորագրել

A_GrigoryanՀրաման՝ 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները հաստատելու մասին

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին:

Վերոհիշյալ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի հետևյալ չափաքանակները.

1.Կարաս՝ մինչև 100 տոննա, 2.Ծածան՝ մինչև 50 տոննա, 3.Խեցգետին՝ մինչև 2500 տոննա:

Հրամանով ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:

ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով:

 

Անկախ

Բեզոարյան այծի որսի մասնակիցների մեջ է նաեւ Արտաշատի զինկոմը. Նոր մանրամասներ

Բեզոարյան այծԲեզոարյան այծի ապօրինի որսի գործի շրջանակներում դեռեւս մեղադրյալներ չկան, անց են կացվում քննչական գործողություններ, հարցաքննվում են մի շարք անձինք: Այս մասին հայտնել են NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Ըստ տեղեկությունների՝ մինչեւ տարեվերջ գործով փոփոխություններ կլինեն, մեղադրանքներ կառաջադրվեն: Իսկ մինչ այդ նոր մանրամասներ են հայտնի դարձել որսի գնացած անձանց մասին: Մասնավորապես,  Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանի եւ Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանի հետ որսի գնացած Արայիկ Մուրադյանը եւս պատահական անձնավորություն չէ, նա նախկինում Վայքի զորամասի հրամանատար էր, այժմ Արտաշատի զինկոմն է, մականունն է՝ «Մախնո»:

Մյուս անձնավորությունը՝ Վահան Սաղաթելյանը, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, գողական աշխարհի ներկայացուցիչ է, հայտնի է «Երվանդի Ռուբո» անվամբ, քանի որ հոր անվանումը Երվանդ է, իսկ իրեն Ռուբո են ասում: Հատկանշական է, որ այս երեւելի «որսորդներից» ոչ մեկ արարքը չի վերցրել իր վրա, փոխարենը դա արել է Վաչագան Ղարախանյանը, ում տարել էին ուղղակի որպես որսորդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: Ի դեպ, ոստիկանությունը ավելի ուշ հաստատել էր մեր հաղորդած տեղեկությունները:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: