ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Բան կի Մուն

Միավորված ազգերի կազմակերպության նոր հրատարակություններից մեկի համաձայն՝ աշխարհի երիտասարդ  բնակչության 20 տոկոսն ամեն տարի հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունենում: Ռիսկերը հատկապես մեծ են, երբ նրանք մանկությունից չափահաս տարիքի անցման փուլում են: Խարանը եւ ամոթը հաճախ ավելի են խտացնում խնդիրը՝ թույլ չտալով, որ նրանք գտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունը: Երիտասարդության այս տարվա միջազգային օրը նշելիս Միավորված ազգերի կազմակերպությունը ցանկանում է օգնել այն վարագույրի հեռացմանը, որը երիտասարդներին պարփակում է մեկուսացման եւ լռության խոռոչում:

Խոչընդոտները կարող են չափազանց բարդ լինել՝ մասնավորապես այն երկրներում, որտեղ հոգեկան առողջության խնդիրը անտեսվում է, եւ հոգեկան առողջության ծառայություններում ներդրումները խիստ սահամանփակ են: Շատ հաճախ անտեսման եւ իռացիոնալ վախի պատճառով հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձինք մեկուսացվում են ոչ միայն զարգացման քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման ու իրականացման հարցում որեւէ դերակատարումից, այլեւ նույնիսկ հիմնական խնամքից: Սա նրանց ավելի խոցելի է դարձնում աղքատության, բռնության եւ սոցիալական մեկուսացման նկատմամբ եւ բացասական ազդեցություն է ունենում հասարակության՝ որպես ամբողջության վրա:

Այն երիտասարդները, որոնք արդեն իսկ համարվում են խոցելի, ինչպիսիք են անտուն երիտասարդները, անչափահասների արդարադատության համակարգում ընդգրկված երիտասարդները, մանկատներում գտնվող եւ կոնֆլիկտային իրավիճակներով անցած երիտասարդները, հաճախ ավելի ենթակա են խարանի եւ այլ խոչընդոտների, որոնք նրանց ավելի անպաշտպան են դարձնում հենց այն ժամանակ, երբ նրանք ամենից ավելի ունեն աջակցության կարիք: Եկեք հիշենք, որ հասկացվելու եւ աջակցության պայմաններում այս երիտասարդները կարող են ծաղկել՝ արժեքավոր ներդրումներ կատարելով մեր ընդհանուր ապագայի կառուցման գործում:

Ընդամենը 500 օր է մնացել մինչեւ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու վերջնաժամկետը: Մենք պետք է աջակցենք բոլոր երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր խոցելի են, որ հաջողության հասնեն այս պատմական արշավում:

Անհրաժեշտ են լայնածավալ ջանքեր բոլոր մակարդակներում՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը հոգեկան առողջության խանգարումներով երիտասարդներին աջակցելու եւ նրանց ուղղված ներդրումների կարեւորության մասին: Կրթական մակարդակի բարձրացումը վճռորոշ նշանակություն ունի խարանի վերացման եւ առողջության մեր ընկալումն ու դրա մասին արտահայտվելու մեր կերպը փոխելու հարցում:

Հոգեկան առողջությունն այն է, թե ինչպես ենք մենք զգում. դա մեր հույզերն է ու մեր ինքնազգացողությունը: Բոլորս պետք է հոգ տանենք մեր հոգեկան առողջության մասին, որպեսզի բավարարություն պարգեւող կյանքով ապրենք: Եկեք սկսենք խոսել մեր հոգեկան առողջության մասին նույնկերպ, ինչպես որ խոսում ենք մեր ընդհանուր առողջության մասին:

2014 թ. Երիտասարդության միջազգային օրը նշելով՝ եկեք երիտասարդերի համար ստեղծենք հոգեկան առողջության պայմաններ, որպեսզի նրանք գիտակցեն իրենց ողջ ներուժը, եւ եկեք ցույց տանք, որ հոգեկան առողջությունը կարեւոր է բոլորիս համար:

Ուղերձ մարդկային թրաֆիքինգի դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ

պանգի մունՄարդկային թրաֆիքինգը համաշխարհային անզգա արդյունաբերություն է, որը մերժում է զոհերի իրավունքներն ու արժանապատվությունը և միլիարդավոր դոլարներ ստեղծում կազմակերպված հանցավոր ցանցերի համար։ Թրաֆիքինգի ենթարկված անձանց մեծ մասը խոցելի կանայք ու երեխաներ են, ովքեր խաբեությամբ ներքաշվել են տառապանքով լի կյանք։

 

Մարդկային թրաֆիքինգի դեմ համաշխարհային այս առաջին օրը գործողությունների կոչ է՝ վերջ տալու այս հանցագործությանը և հույս ներշնչելու զոհերին, ովքեր հաճախ աննկատ ապրում են մեր շարքերում։ Թրաֆիքինգի հեղինակներին կանգնեցնելու համար մենք պետք է փակենք ֆինանսավորման խողովակները և կալանք դնենք ակտիվների վրա։ Հորդորում եմ բոլոր երկրներին՝ վավերացնել և լիարժեքորեն իրականացնել «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան և դրա արձանագրությունը «Մարդկային թրաֆիքինգի մասին»։

 

Պարտավորությունների իրականացման ապահովում, սահմանակից պետությունների համագործակցություն և տեղեկությունների փոխանակում՝ այս ամենը կարող է արդյունավետ լինել, սակայն մարդկային թրաֆիքինգի դադարեցումը նաև նշանակում է խորքային պատճառների կարգավորում։ Ծայրահեղ աղքատությունը, արմատացած անհավասարությունը և կրթության ու հնարավորության պակասը մարդկանց դարձնում են խոցելի, ինչն էլ շահագործում են թրաֆիքինգի հեղինակները։ Վերջիվերջո, լավագույն պաշտպանությունը բոլորի համար զարգացման խթանումն է։

 

Թրաֆիքինգի այն զոհերը, որոնք բավարար հաջողակ են եղել ազատություն ստանալու, օգնության կարիք ունեն՝ վերստանալու իրենց իրավունքները և վերաինտեգրվելու հասարակությունում։ Մարդկանց թրաֆիքինգի զոհերի ՄԱԿ-ի կամավոր հավատարմագրային հիմնադրամը գործում է նրանց համար, սակայն հավելյալ միջոցների կարիք ունի։ Դիմում եմ բոլորիդ՝ աջակցելու «Կարեկից եղեք մարդկային թրաֆիքինգի զոհերին» ՄԱԿ-ի արշավին։

 

Եկեք բաց աչքերով նայենք այս հանցանքին և բաց սրտով վերաբերվենք զոհերին։ Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։

Բան Կի-Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

 

 

Թայիփ Էրդողանի ուղերձը ցույց է տալիս թուրքական քաղաքականության «ինքնավստահությունը». ՆԳ նախարար

Էֆքան Ալի  Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալին «Անադոլու» գործակալության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանի երեկվա ուղերձը ցույց է տալիս թուրքական քաղաքականության «ինքնավստահությունը»: «Նախկինում Թուրքիան նման դեպքերում արձագանքում էր միայն այն բանից հետո, երբ մյուս պետությունները հնչեցնում էին իրենց հայտարարությունները: Սակայն այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության կիրառած մեթոդներն ու նորարությունները ցույց են տալիս մեր երկրի կայունությունն ու Անկարայի և գլխավորապես Էրդողանի կառուցողական մոտեցումը»,-նշել է Ալին:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՈստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած և ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:

Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որևէ երկրում և մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, և ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տևական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաև արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մեր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով և արձանագրում ձեռքբերումներ:

Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի և հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսևորումների հանդեպ և բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ:

Անկախ

Գլխավոր Քարտուղարի ուղերձը՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան

պանգի մունԱմեն տարի Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձին մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը: Մենք հիշում ենք միլիոնավոր անմեղ մարդկանց զրկանքները եւ ուշադրություն հրավիրում հակասեմիտականության ու ատելության ցանկացած դրսեւորման վտանգի վրա:

Այս տարի մենք ուշադրությունը սեւեռում ենք Հոլոքոստի պատմության քառուղիներով ճամփորդություններին եւ վկայակոչում մեր իսկ վերջերս կայացած ուղեւորությունը:

Անցյալ նոյեմբերին անցա Աուշվից-Բիրկենաուի Arbeit Macht Frei («աշխատանքն ազատություն է շնորհում») գրությամբ տխրահռչակ դարպասով: Երբեք չեմ մոռանա իմ այցելությունը:

Ես տեսա ցեղասպանության մեքենայի սարսափազդու մնացուկները, ինչպես նաեւ 1930-ականների եվրոպացի հրեաների կյանքը պատկերող շարժանկարներ՝ ամուսնություններ, ընտանեկան ճաշկերույթներ, ծեսեր, պարզ առօրյա կյանքի այլ տեսարաններ. այս ամենը ոչնչացվեց մարդկային պատմության մեջ եզակի համակարգված սպանդի միջոցով:

Ես տեսա այն բարաքները, որտեղ հրեաները, գնչուները, սինտիները, հոմոսեքսուալները, այլախոհները, ռազմագերիները եւ հաշմանդամություն ունեցող անձինք ամենավայրագ պայմաններում անցկացրել են իրենց վերջին օրերը:

Միավորված ազգերի կազմակերպությունն ստեղծվել է այսօրինակ որեւէ սարսափի կրկնությունը կանխարգելելու նպատակով: Այդուհանդերձ, ողբերգությունները, որոնք տեղի են ունենում Կամբոջայից մինչեւ Ռուանդա եւ Սրեբրենիցա, ցույց են տալիս, որ ցեղասպանության թույնը շարունակում է իր գործունեությունը:

Մենք պետք է առավել, քան երբեւէ աչալուրջ լինենք մոլեռանդ, ծայրահեղական գաղափարախոսությունների, հասարակական լարումների եւ փոքրամասնությունների հանդեպ խտրականությունների հարցում: Եվ պետք է լավ ուսուցանենք մեր երեխաներին: «Հոլոքոստը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը» հանրային իրազեկման ծրագիրը մշակել է կրթական արդյունավետ նյութեր եւ ստեղծել գործընկերային ամուր կապեր, որոնք նպաստում են այս դասերը ողջ աշխարհի սովորողներին փոխանցելուն:

Աուշվիցի դիակիազարանի մոտ կանգնած՝ ես լի էի խոր տխրությամբ այն ամենի պատճառով, ինչ տեղի էր ունեցել այնտեղ: Բայց միաժամանակ՝ ինձ ոգեշնչում էին բոլոր նրանք, ովքեր ազատագրեցին մահվան ճամբարները ողջ մարդկության համար: Եկեք մեկտեղենք ուժերն այսօր՝ հանուն համատեղ ճամփորդության դեպի հավասարության եւ արժանապատվության աշխարհ՝ բոլորի համար:

Անկախ

Պապը ուղերձ է հղել համաշխարհային էլիտային

պապ ֆրացիսկԱռաջին անգամ 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդի ուղերձը կընթերցվի երեքշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակից քաղաքական և բիզնես էլիտայի համար:

Այս միջոցառման ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են աշխարհին անհանգստացնող հարցեր քննարկելու համար:

2013թ-ի մարտին պապ դառնալուց հետո Ֆրանցիսկոսը բարձրաձայնել է եկամուտի հավասարության խնդրի մասին, ինչը հանդիսանում է նաև այս տարվա ֆորումի կենտրոնական հարցերից մեկը:

Պապի ուղերձը հրապարկվել է Օքսֆամի զեկույցից հետո, ըստ որի՝ աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այժմ տիրապետում են աշխարհի ամբողջ հարստության գրեթե կեսին:

Պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերին հանրային նամակ էր հղել նաև G20-ին՝ կոչ անելով նրանց ձևավորել արդար և պարզ կանոններով համաշխարհային ֆինանսական շրջանակ՝ ավելի անաչառ և եղբայրական աշխարհ ունենալու համար:

 Անկախ

Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ

պանգի մունՄարդու իրավունքների օրով նշվում է Ընդհանուր վեհաժողովի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման տարելիցը: Այս տարի լրանում է նաև 20 տարին, ինչ շրջադարձային քայլ է ձեռնարկվել մարդու իրավունքները բոլորին հասանելի դարձնելու համար. դա Մարդու իրավունքների համաշխարհային խորհրդաժողովի կողմից Վիեննայի հռչակագրի և գործողությունների ծրագրի ընդունումն էր: Հիմնվելով ավելի քան 800 հասարակական կազմակերպությունների, ազգային ինստիտուտների, պայմանագրային մարմինների և գիտնականների մասնակցության վրա՝ անդամ երկրներն ընդունեցին հեռանկարային մի տեսլական և ստեղծեցին Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ)՝ դրանով իսկ իրականացնելով միջազգային հանրության վաղեմի երազանքը:

 

ՄԻԳՀԳ-ի 20-ամյա գործունեության ընթացքում՝ հինգ նվիրյալ Գերագույն հանձնակատարներ գլխավորել են Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը՝ մարդու իրավունքները գործն առաջ տանելով ողջ աշխարհում: Օգտագործելով մի շարք չափորոշիչներ և մեխանիզմներ՝ ՄԻԳՀԳ-ն պաշտպանում է զոհերին, ստիպում պետություններին կատարել իրենց խոստումները, աջակցում մարդու իրավունքների փորձագետներին և կառույցներին, և, աշխատելով 61 երկրներում, օգնում է պետություններին զարգացնել իրենց մարդու իրավունքների կարողությունները:

 

Մարդու իրավունքներին աջակցելը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է, որին այն հետամուտ է լինում իր ստեղծման օրվանից իսկ: Այդժամ, ինչպես և հիմա, հաջողության գաղտնիքը անդամ երկրների քաղաքական կամքի մեջ է: Նախևառաջ, պետություններն են, որ պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները և կանխել խախտումներն ազգային մակարդակով, ինչպես նաև ոտքի կանգնել, երբ որևէ այլ պետություն ձախողում է կատարել իր հանձնառությունները: Միշտ չէ, որ սա հեշտ է, և անցած 20 տարիների ընթացքում մենք տեսել ենք ցեղասպանություն և միջազգային մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի սարսափելի և մեծամասշտաբ խախտումներ:

 

Նոր նախաձեռնության՝ «Իրավունքներն առաջնային ճակատում» գործողությունների ծրագրի կիզակետում է ՄԱԿ-ի համակարգի՝ վերահաս աղետների նկատմամբ կանխարգելման և արձագանքման բարելավումը: Ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի ՄԱԿ-ի համակարգը և ողջ անձնակազմը ճանաչեն մարդու իրավունքների կենտրոնական դերը կազմակերպության ընդհանուր պատասխանատվության մեջ: Նախ և առաջ, դրա նպատակն է ուժեղացնել մեր արձագանքներն այնպիսի համատարած ոտնահարումների նկատմամբ և ավելին՝ հենվելով իրավունքահեն նախազգուշացումների և գործողությունների վրա կանխել նմանատիպ իրավիճակների ի հայտ գալն ընդհանրապես:

 

Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ, ցանկանում եմ կոչ անել պետություններին կատարել Վիեննայի խորհրդաժողովի ժամանակ իրենց տված խոստումները: Ես վերահաստատում եմ, որ ՄԱԿ-ի Քարտուղարությունը, Հիմնադրամներն ու Ծրագրերը պարտավոր են զգոնություն ու քաջություն ցուցաբերել մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Վերջապես, խոնարհվում եմ  մարդու իրավունքների մերօրյա կարկառուն խորհրդանիշներից մեկի՝ Նելսոն Մանդելայի առջև, ում մահը սգի մատնեց ողջ աշխարհը: Նրա ցմահ հանձնառությունը մարդկային արժանապատվության, հավասարության, արդարության և կարեկցանքի նկատմամբ  հավերժ կոգեշնչեն մեզ այնպիսի աշխարհ կառուցելու ճանապարհին, որտեղ բոլոր մարդու իրավունքները բոլորի համար են:

 Անկախ