Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

11308_am_1ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել են վարչապետին, որ ընդհանուր առմամբ գոհ են բուհի աշխատանքից, սակայն ընտրության կարգի հետ կապված որոշակի առարկություններ ունեն: Մասնավորապես, դժգոհությունը պայմանավորված է մասնաճյուղի տնօրինության կողմից կանոնադրությունում ընտրության ընթացակարգի փոփոխությամբ, ինչի արդյունքում ուսխորհրդի նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է պրոֆեսորադասախոսական կազմին, այլ ոչ թե ուսանողներին (ինչպես նախկինում է եղել): Այդ պատճառով ուսանողները երկու օր առաջ բոյկոտել են ուսխորհրդի նախագահի ընտրությունը, և տնօրինությունը համաձայնվել է այն կազմակերպել ուսանողների նախընտրած կարգին համապատասխան: Լսելով ուսանողներին՝ վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից նման մոտեցման համար և անհրաժեշտ համարել ուսխորհրդի նախագահի ընտրության անցկացումն ուսանողների նախընտրած կարգով:
Ուսանողական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրենց ընդունելու, բուհի բոլոր խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց արձագանքելու համար: Վարչապետը խոստացել է ուսանողներին առաջիկայում այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ և տեղում մանրամասն ծանոթանալ նրանց հուզող հարցերին:

 

ԵՊՀ ռադիոֆիզիկոս ուսանողները կստանան լեյտենանտի կոչում

ԵՊՀ15 անվճար տեղ կհատկացվի ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության համար:

ՀՀ Կառավարության 2014 թ-ի ապրիլի 30-ի թիվ 449/Ն որոշման համաձայն` 2014-2015 ուստարվա դիմորդները կարող են դիմել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ (011200)՝ օգտվելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից:

«Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ  ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, որի համար դիմորդները ընդհանուր փաստաթղթերի հետ ԵՊՀ ընդունող հանձնաժողով են ներկայացնում նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված՝ նախարարության կենտրոնական պոլիկլինիկայում անցած բուժզննման արդյունքների մասին համապատասխան տեղեկանքը:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ընդունված դիմորդները տվյալ մասնագիտության համար նախատեսված դասընթացներից բացի, III կուրսի առաջին և երկրորդ կիսամյակներում և IV կուրսի առաջին  կիսամյակում միայն (ավարտական աշխատանքներին չխանգարելու պատճառով) լրացուցիչ անցնելու են զինվորական պատրաստականություն, և բուհն ավարտելիս ստանալու են լեյտենանտի կոչում:

Բուհ ընդունվելուց հետո ուսանողի և ՊՆ-ի միջև կկնքվի համապատասխան  պայմանագիր, որի համաձայն՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո շրջանավարտները որպես լեյտենանտներ անցնում են պայմանագրային զինվորական ծառայության (հինգ տարի ժամկետով) զինված ուժերի կապի միջոցների վերանորոգման ստորաբաժանումներում, ստանալով համապատասխան աշխատավարձ:

Պայմանագրային ժամկետն ավարտվելուց հետո նրանք կարող են իրենց հետագա աշխատանքը շարունակել ինչպես զինված ուժերում, այնպես էլ քաղաքացիական այլ ոլորտներում: «Ի դեմս Պաշպանության նախարարության՝ ԵՊՀ-ն շատ լավ բարեկամ ունի, քանի որ տարվա ընթացքում նախարարը կամ այլ բարձրաստիճան զինվորականներ հանդիպումներ են ունենում համալսարանականների հետ, զրուցում, խոսում բանակում առկա խնդիրներից, դրանց լուծումներից ու հետագա ծրագրերից: Այդ հանդիպումների ընթացքում գրեթե միշտ խոսվում է բուհ-բանակ համագործակցության ամրապնդման մասին, և այօսր արդեն քայլեր են արվում այդ ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը զինված է նորագույն էլեկտրոնային և ռադիոսարքավորումներով ու բարդ տեխնոլոգիաներով: Դրանց համար լուրջ մասնագետներ են հարկավոր, որոնց պատրաստման գործում ԵՊՀ-ն  կարող է իր ներդրումն ունենալ»,- ասում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը:

Եվ չնայած «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությունը նորույթ չէ, այնուամենայնիվ ԵՊՀ դասախոսները կրթական ծրագրերը նախարարության պահանջներին համապատասխանեցնելու  համար կհամագործակցեն ՊՆ մասնագետների հետ:

Վերոնշյալ մասնագիտությամբ դիմորդները պետք է դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատ, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և կրթության վարչություն, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր (նաև պատճեն), կցագրման վկայական (նաև պատճեն), տեղեկանքներ նարկոդիսպանսերից և հոգեբուժարանից (նաև պատճեններ):

Ռադիոֆիզիկայի դեկանը նաև հավելեց, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ ծրագիր սկսել ՊՆ-ի հետ, որի շրջանակներում իրենց ֆակուլտետը կկրթի արդեն իսկ ծառայությունն ավարտած դիմորդներին, ովքեր նույնպես անվճար հիմունքներով կընդունվեն միանգամից 2-րդ կուրս: Բուհն ավարտելուց հետո վերջիններս պետք է աշխատեն ՊՆ-ի արտադրական ոլորտում:

 

 

 

Guardian.Կաթոլիկ քոլեջի ուսանողը դասի ժամանակ սպանել է դասատուին

Anne Maguire, Teacher stabbed in LeedsԲրիտանական Լիդսում Corpus Christi կաթոլիկ քոլեջի 15-ամյա ուսանողն իր դասատուին դասարանում դանակահարել է:  Վերջին 18 տարում Էնն Մագուայրը երկրում առաջին ուսուցիչն է, որին սպանել են աշխատանքի վայրում: Վարչապետ Դևիդ Քեմերոնը կատարվածը «խորապես ցնցող է» անվանել:

Լիդսի ոստիկանությունը վստահեցնում է, թե խոսքը եզակի դեպքի մասին է, ու իրավապահ մարմիններն աշխատում են դպրոցներում անվտանգություն ապահովելու համար: Իր հերթին, պրոֆիլային արհմիությունները հայտարարում են, որ դասատուներին առաջվա պես աշխատավայրում վտանգ է  սպառնում:

«Աշակերտը դպրոցի շենքում դանակահարել է իր 63-ամյա դասատուին: Կատարվածի ականատեսն են դարձել մյուս ուսանողները, որոնք տագնապ են բարձրացրել: Կասկածյալին  բռնել են դպրոցի աշխատակիցները` մինչ ոստիկանությունն ու շտապօգնությունը տեղ կհասներ: Տուժածին հոսպիտալացրել են, սակայն, նա ստացած վնասվածքներից մահացել է»,-տեղեկացրել են ոստիկանությունից:

 Անկախ

Մայիսի 16-ը` ուսանողության օր

ԵՊՀԱյսօր տեղի ունեցած նիստում  Գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:

Անկախ

Ուսանողը թմրանյութի ազդեցությամբ կտրել է առնանդամը

meow meow  credit AlamyԱհավոր դեպք է տեղի ունեցել Ամանորի նախօրեին բրիտանական Հեյվորդս Հիթ քաղաքում: 19-ամյա ուսանողը, որ արձակուրդներին տուն էր եկել, թմրանյութի ազդեցությամբ հարձակվել է մոր վրա, ապա կտրել իր առնանդամը: Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել:

Երիտասարդը, ում անունը հասկանալի պատճառներով չի նշվում, մեֆեդրոն է ընդունել.դեղամիջոց, որը ողջ երկրում 2010-ից արգելվել է: Դրանից հետո նա հավասարակշռությունից ելել է: Հարևաններն են գտել արնաթաթախ երիտասարդին, որն իրենց լուսամուտից էր կախվել: Նրա ահաբեկված մայրն էլ փրկարարներ է կանչել:

Խեղճ կինը նույնքան օգնության կարիք է ունեցել, որքան որդին: Տղան դանակով վիրավորել էր մորը, ապա կտրել իր սեռական օրգանը:

Երկուսն էլ կյանքի համար վտանգավոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է առնանդամը կարել, իսկ մոր վիճակը կայուն է գնահատվում: Երիտասարդի ընկերը պատմել է, որ նա շատ բարի ու պայծառ մարդ է, սակայն վերջին շրջանում սկսել է տարվել թմրանյութերով: Ոստիկանությունը պատրաստվում է նրա դեմ գործ հարուցել, սեփական մոր վրա հարձակվելու փաստով: