Կադաստրային չարաշահումներ Արմավիրի մարզում

կադաստրԵրբեմն լրագրողական հետաքննության ընթացքում փաստը բոլոր կողմերի տեսանկյունից ճշտելու ճանապարհին, անաչառության նկատառումներից ելնելով, չես ցանկանում մտածել` ով է մեղավոր, ով` անմեղ, սակայն կողմերից մեկը սովորաբար իր վարքագծով մատնում է իրեն:

Նման դեպք  եղավ օրերս, երբ  Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Արտուրիկ Գասպարյանից ստացանք ահազանգ այն մասին, որ տեղի է ունեցել կադաստրային չարաշահում, և ինքը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել որևէ պետական մարմնում: Գործն այս պահին դատարանում է, սակայն բազմաթիվ մերժումներից հետո Արտուրիկ Գասպարյանը հույս չունի, թե իր հայցը կբավարարեն:

Խոսքը Փարաքար գյուղում գտնվող երկու տների` Արտուրիկ Սարգսյանի` Վազգեն Սարգսյան առաջին փողոցի տուն 6-ի և Ասյա Աբասյանի` Վազգեն Սարգսյան առաջին փողոցի տուն 5-ի միջև ընկած 56,4 ք. մ տարածքի մասին է: Արտուրիկ Գասպարյանի հավաստմամբ` երկու հարևանների տարածքների միջև ընկած այդ հատվածը գյուղապետարանինն է: «Այդ տարածքը մտցվել է քարտեզի մեջ, տրամադրվել գյուղապետին: Կադաստրը վերցրել է այն ու տվել իմ հարևանին` Ասյա Աբասյանին: Տանս պատից սկսած` այդ հատվածը տրամադրել են, բայց ես այդ կողմից մուտք ունեմ, ուստի ինձ օրենքով երեք մետր հող է հասնում, բայց հիմա ստացվում է, որ  հարևանս կարող է, մուտքս փակելով, այնտեղ ինչ-որ բան կառուցել», – մեզ հետ զրույցում նշեց Արտուրիկ Գասպարյանը:  Նա ասաց, որ  կադաստրում հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ  գյուղապետարանը ևս բողոքում է, քանի որ գյուղապետարանին պատկանող տարածքը, առանց  նրա համաձայնության ու գծագրի,  կադաստրը տվել է գյուղացիներից մեկին:  Գյուղապետարանի տեսակետը  ճշտելու համար զանգահարեցինք Փարաքար գյուղի գյուղապետ Սամվել Վարդանյանին: Նա հայտնեց, որ վիճահարույց տարածքը, փաստորեն, ինքնակամ զբաղեցրած տարածք է, կադաստրում հաշվի չեն առել որոշ հանգամանքներ ու կատարել են ոչ ճիշտ գրանցում:

Սկզբում թվում էր, թե ինչ-որ խնդիր կա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԿԱԱԳԿՊԿ) աշխատակազմի  «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակում, սակայն  դրա պետ Զորիկ  Կոստանյանը բացատրեց, որ իրենց  գրասենյակն ընդամենը հաստատում է այն որոշումներն ու գծագրերը, որոնք կայացվում են մարզային ստորաբաժանումում: Նա խորհուրդ տվեց հարցի մանրամասների մասին տեղեկանալ ՀՀ ԿԱԱԳԿՊԿ աշխատակազմի  Արմավիրի  մարզային ստորաբաժանման ղեկավար Կարեն  Մանուկյանից:  Հենց այստեղ էլ պարզվեց,  թե որտեղ է թաղված շան գլուխը:

Կարեն Մանուկյանի աշխատակազմի ներկայացուցիչները նախ ասացին, որ նա արձակուրդում է, բայց երբ տեղեկացրեցինք, որ խոսքը վերաբերում է կադաստրային չարաշահումների մեղադրանքին, պարզվեց, որ նա բնավ էլ արձակուրդում չէ: Կարեն Մանուկյանը ասաց. «Ես որևէ պարզաբանելու բան չունեմ: Գործը դատարանում է, և այնտեղ էլ կպարզվի` ով է ճիշտ, ով` սխալ»: Այն պնդմանը, թե, փաստորեն, ինքը հրաժարվում է պարզաբանումներ տալուց, ասաց` «Գրեք ինչ ուզում եք, եղա՞վ: Եվ ընդհանրապես էլ ինձ չանհանգստացնեք»: Այնուհետև Կարեն  Մանուկյանը կախեց խոսափողն ու այլևս չպատասխանեց զանգերին:

Իմանալով նրա նման պահվածքի մասին` Արտուրիկ Գասպարյանը չզարմացավ. «Ի՞նչ պիտի ասեր: Ասելու բան չունի»:

Լարա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Անկախ

Նոր դրվագներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունից

ոստիկանությունՀՀ ոստիկանության քննչական գլխավոր  վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող  քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հրանտ Մ.-ն,  2009 թ. հունվարից մինչև 2010 թ. մայիսն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության Երևան քաղաքի «Խորհրդային-2» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում, պարզել է ՀՀ-ից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և օգտվելով այդ հանգամանքներից, 2009 թ. ընթացքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում կեղծելով 6 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և պետությունից յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 1.073.332 դրամ կենսաթոշակի գումարները:
Նշված գումարներից 70.088 դրամ կենսաթոշակի գումարը Հրանտ Մ.-ի կողմից կեղծիք կատարելու միջոցով յուրացնելուն օժանդակել է նույն բաժանմունքի տեսուչ-վճարող, 1963 թ. ծնված  Սեյրան Փ.-ն:
Քրեական գործով որոշումներ են կայացվել Հրանտ Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, իսկ Սեյրան Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 38-325 հոդվածի 1-ին մասով և 38-179 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չիրականացնելու մասին` քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Հրանտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ