Նախիջևանի սահմանին տեղի ուենցած միջադեպում կա Թուրքիայի գործոնը. Վարդան Դևրիկյան

DSC09039«Որքան Ցեղասպանության հարյուրամյակը մոտենա, այնքան Թուրքիան Ադրբեջանին օգտագործելու է որպես երկրորդ ճակատ՝ ուշադրությունը շեղելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց  ազատամարտիկ, գրականագետ Վարդան Դևրիկյանը` անդրադառնալով Հայաստան-Նախիջևան սահմանագոտում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, ինչի արդյունքում 2 պայմանագրային զինծառայող է զոհվել:

Ըստ նրա` դեպքում կա Թուրքիայի գործոնը. «Նախիջևանի սահմանի վրա տեղակայված ադրբեջանական համազորային կայազորը խառնված է թուրքական բանակի հետ»,- ասաց Դևրիկյանը:

Ըստ Դևրիկյանի` սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել, որ ինքը բանակցային գործընթացում հանդես է գալիս ուժի դիրքերից և Մինսկի խմբի երկրների մոտ ցույց է տալիս, որ դժգոհը, անզուսպը ինքն է:

Նրա բնութագրմամբ՝ այս անգամ իրավիճակի տարբերությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ Նախիջևանում, քանի որ այդտեղ միշտ հարաբերական անդորր է եղել, ինչն էլ գուցե դարձավ այս կորուստների պատճառը. «Սրանով կարծես հենց ադրբեջանցիները մեզ սթափեցրին»:

«Երևանը պատերազմի շունչը զգաց, որովհետև կրակոցները շատ մոտ էին»,- նկատեց գրականագետը:

Նրա կարծիքով`  զոհերը բանակում կնվազեն երեք դեպքում: Առաջին` եթե վերանան միջանձնային հարաբերությունները, որոնք հասարակությունից գնում են բանակ, երկրորդ` եթե հերթապահության ժամանակ քնելու դեպքերը վերանան, և երրորդ` եթե անվտանգության տեխնիկայի կանոնները պահպանվեն:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, թե մենք սովորույթի պես ընդունել ենք, որ ադրբեջանցին կարող է Տավուշում սահմանը խախտել. «Մենք փաստորեն սովորութային իրավունքի նման ընդունել ենք, որ Տավուշի, Շամշադինի և  Նոյեմբերյանի սահմանների անդորրը պետք է  խախտվի: Դա առօրյա ենք ընկալում, որովհետև իշխանությունը իրավական կամ քաղաքական դիրքորոշումով չի դրել այդ հարցը: ԵԱՀԿ և ԵԽ հարթակներում դա չի դարձել օրակարգային հարց, ինչպես անում է Ադրբեջանը»,- ասաց նա:

Նրա խոսքով` այն հանգամանքը, որ  Հայաստանը չի պատասխանում ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությանը, տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն իրեն մեղավոր է զգում, որ կարողացել է դիմադրել և թույլ չտալ խաղաղ բնակչությանը սեփական տներից դուրս հանելը:

«Մենք իրավունք ունենք ԼՂՀ-ի մասին խոսել միջազգային իրավունքի տերմիններով: Չպետք է գլուխներս կախ գցենք, երբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ անգրագետ քաղաքական գործիչ նամակ է ուղարկում, և նույնքան անգրագետ մեկ այլ քաղաքական գործիչ ընթերցում է այն»,- ասաց նախկին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, թե այնպես, ինչպես Ուկրաինայում և Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել և մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից. «Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների օրինակով»,- ասաց նա:

 Անկախ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

timthumbՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, հակառակորդը ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում,  հակառակորդը տվել է 3  զոհ (որից մեկը` սպա)  և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Տավուշցիները մտադիր են ստեղծել սահմանապահ բրիգադ

110878Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանի և նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակրպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

Ինչպես «Անկախին» տեղեկացնում է կամակերպությունը, վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք  սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը և անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը,  իսկ սահմանապահ սպաներին և զինվորներին կոչ են անում լինել զգոն:

Պատերազմի հավանական սկսվելու պարագայում Միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ  հիմնադրել  «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ, որը անմիջական աջակցություն կցուցաբերի սահմանապահներին:

Անկախ

 

 

7 օր առաջնագծում

դիվերսիաՇաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփմանգծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել է իր ելման դիրքերը:

Ինչպես տեղեկացրեց «Անկախին» ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է նկատել, որ այդ դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական ռազմական քարոզչության մեքենան սկսեց հաղորդագրություններ տարածել առաջնագծում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետևանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին: Բայց այդ դեպքերը երկու օրվա համար այնքան շատ էին (2 զոհ և 6 վիրավոր), որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված հանդես եկավ տեղեկատվությամբ, թե իբր ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայերի ներթափանցման փորձը և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ էր արվում արդարացնել սեփական զինուժի կորուստները, որոնց իրական պատճառները, սակայն, պետք է փնտրել ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ծավալված իրադարձություններում:

Այսքանից կատարվելիք հետևությունը մեկն է՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները… Իսկ թե ինչ կլինի դրանք շարունակելու դեպքում, դժվար չէ կռահել…

Ինչ վերաբերում է դիվերսիային, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ,  առհասարակ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ: Դա վերջինիս ապակառուցողական դիրքորոշման ցուցադրումն է դիվանագիտական կարևոր միջոցառումներից առաջ: Այդպիսի պահվածք Ադրբեջանը դրսևորել է Կազանում նախագահների հանդիպման և ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին, իսկ այս վերջինն էլ հավանաբար պայմանավորված էր ս.թ. հունվարի 24-ին Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994թ. մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրները ամենատարբեր մակարդակով հայտարարեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ:

Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ